Category: ArmPulse

  • 193 անշարժ գույք, միլիոնավոր դրամներ. ինչ է պահանջվում Գագիկ Խաչատրյանից | Հասարակություն

    2020 թվականից Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավասու մարմինների միջև սկսվել էր համագործակցություն՝ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և նրա ընտանիքին պատկանող, ԱՄՆ-ում գտնվող առանձնատան արգելադրման և հետագայում գույքի վաճառքից ստացված դրամական միջոցները ՀՀ-ին վերադարձնելու նպատակով։

    Համագործակցության արդյունքում 2022 թվականի մայիսին ամերիկյան կողմը առանձնատան բռնագանձման գործընթաց էր սկսել. քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան։ 2024 թվականի հունիսի 14-ին Գուրգեն Խաչատրյանը և Արտյոմ Խաչատրյանը ԱՄՆ շրջանային դատարան էին ներկայացրել հաշտություն կնքելու վերաբերյալ խնդրանք:

    Արդյունքում ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի և Գր. Խաչատրյանի ու Ա. Խաչատրյանի միջև կնքվել էր հաշտության մասին համաձայնություն, որը հաստատվել էր դատարանի 2024 թվականի հունիսի 25-ի որոշմամբ ու հրապարակվել հուլիսի 5-ին: Հաշտության համաձայնության հիման վրա 2025 թվականի հունվարի 7-ին առանձնատունն աճուրդով վաճառվել էր 36 միլիոն ԱՄՆ դոլարով, որի 85 տոկոսը փոխանցվել է ԱՄՆ կառավարությանը, 15 տոկոսը՝ վերոնշյալ ընտանիքին:

    Հաշտության համաձայնության տեքստում ամրագրված է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի մտադրությունը՝ առաջարկելու ԱՄՆ կառավարությանը 85 տոկոս գումարից իրենց կատարած ծախսերը հանելուց հետո մնացած գումարը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու վերաբերյալ։

    Հիշեցնենք նաև, որ Հակակոռուպցիոն քրեական դատարանում է քննվում Գ. Խ.-ի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու, փողերի լվացմանը հանցակցելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործը, իսկ Գ. Խ.-ի որդի Ա. Խ.-ի և եղբորորդի Ար. Խ.-ի, «Մուլտի գրուպ կոնցեռն»-ի գլխավոր տնօրեն Ս. Ա.-ի և բանկերից մեկի աշխատակից Ա.  Պ.-ի վերաբերյալ քրեական գործը քննվում է նույն դատարանում այլ դատավորի վարույթում:

    Դատարան հանձնված այս գործով վերոնշյալ անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ են հարուցված պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացմանն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու, ինչպես նաև փողերի լվացման համար:

    Այս գործով նաև 2026 թվականի հուլիսի 2-ին բավարարվել են դատախազի միջնորդությունները. Ա. Խ.-ի և Ար. Խ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Նրանց նկատմամբ կիրառված 200 միլիոն դրամ գրավը կդառնա պետության եկամուտ։

    Քրեական վարույթներից բացի՝ Հակակոռուպցիոն դատարանում քննվող, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերի շրջանակում ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գ. Խ.-ից և նրան փոխկապակցված անձանցից, այդ թվում՝ որդիներից, պահանջվում է բռնագանձել 193 անշարժ գույք, որը, ի թիվս այլնի, ներառում է 46 բնակարան Կենտրոն վարչական շրջանում, 89 անշարժ գույք Կոտայքի մարզում, 29 իրավաբանական անձում մասնակցություն, որոնց թվում են «ՄԵԳԱՍՊՈՐՏ» ՍՊԸ-ն, «ՄԵԳԱ ՖՈՒԴ» ՍՊԸ-ն, 14 շարժական գույք, շուրջ 1 միլիարդ 451 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ձեռք բերված պարտատոմսեր, շուրջ 147 հազար ԱՄՆ դոլար ավանդ, շուրջ 23 միլիոն 81 հազար ԱՄՆ դոլարի, 409 միլիոն 806 հազար ՀՀ դրամի և 9750 եվրոյի չափով փոխառության պահանջի իրավունք, շուրջ 17 միլիարդ 761,5 միլիոն դրամ:

    Ավելի վաղ տեղեկացվել էր,  որ ՊԵԿ նախկին նախագահը ձերբակալվել է:

  • Ղազախստան մուտք գործելու համար ՌԴ քաղաքացիներից էլեկտրոնային թույլտվություն կպահանջվի | Քաղաքականություն

    Ղազախստանը սկսել է փուլ առ փուլ ներդնել մուտքի վճարովի էլեկտրոնային թույլտվությունների (Electronic Travel Authorization — ETA) համակարգն այն պետությունների քաղաքացիների համար, որոնք օգտվում են անվիզա ռեժիմից։ Նոր կանոնների վերաբերյալ մանրամասներ է հայտնել ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻՆ։

    QazETA համակարգն ու դիմելու կարգը

    • Դիմումների ներկայացում․ Էլեկտրոնային թույլտվությունը (ETA) ձևակերպվելու է QazETA թվային հարթակի միջոցով։ Դիմումն անհրաժեշտ է ուղարկել ուղևորությունից առնվազն 72 ժամ առաջ։

    • Վավերականություն․ Թույլտվությունը տրվում է 180 օրացուցային օր ժամկետով և այդ ընթացքում ընձեռում է բազմակի մուտքի հնարավորություն։

    • Արժեքը․ QazETA հարթակով նախապես դիմելու դեպքում վճարը կազմելու է 3900 տենգե (մոտ 7 եվրո)։ Սահմանին ձևակերպելու պարագայում արժեքը կկրկնապատկվի՝ հասնելով 7800 տենգեի (մոտ 14 եվրո)։

    Ներդրման փուլերն ու ժամանակացույցը

    • Օգոստոսի 25 – Նոյեմբերի 1․ Համակարգն աշխատում է փորձնական ռեժիմով։ Օտարերկրացիների մուտքը թույլատրվում է առանց էլեկտրոնային թույլտվության, սակայն սահմանապահները տեղեկացնում են հաջորդ այցելության համար դրա պարտադիր լինելու մասին։

    • Նոյեմբերի 1-ից․ Էլեկտրոնային թույլտվությունը պարտադիր կդառնա օդանավով Ղազախստան ժամանողների համար։

    • Նոյեմբերի 15-ից․ Պահանջը կտարածվի ԵԱՏՄ արտաքին սահմանը (Չինաստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի հետ սահմանները) ավտոմեքենայով կամ ավտոբուսով հատողների վրա։

    • Նոյեմբերի 30-ից․ Կանոնը կգործի նաև ԵԱՏՄ ներքին ավտոմոբիլային սահմանակետերում (Ռուսաստանի և Ղրղզստանի հետ)։

    • Դեկտեմբերի 15-ից․ Թույլտվությունը պարտադիր կդառնա գնացքներով և ծովային ճանապարհով ժամանողների համար։

    Անվիզա երկրների քաղաքացիների համար վճարովի էլեկտրոնային թույլտվություններ ներդնելու նախագծի մասին Ղազախստանի ՆԳՆ-ն հայտնել էր օգոստոսի սկզբին։

    Ղազախստանը, որտեղ մի շարք երկրների (այդ թվում՝ ՌԴ) քաղաքացիներ կարող են մուտք գործել առանց վիզայի, վերջին տարիներին դարձել է մասսայական ներգաղթի հիմնական ուղղություններից մեկը։ Երկրում կես տարվա ընթացքում 90 օր գտնվելուց հետո օտարերկրացիներից պահանջվում է ստանալ ժամանակավոր կացության թույլտվություն (РВП)։

  • Պուտինը հանդիպել է Էրդողանի հետ | Քաղաքականություն

    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ,հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:

    Ռուսաստանի ղեկավարը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ վստահություն է հայտնել, որ «Ռոսատոմը» 2026 թվականին հանրապետությունում կգործարկի կայանի բլոկը: Նա նաև նշել է, որ երկու երկրների տնտեսական համագործակցության մակարդակը շարունակում է մնալ բարձր մակարդակի վրա: 

    Էրդողանը հայտարարել է  որ թուրք-ռուսական հարաբերություններն այսօր իսկապես շատ ավելի բարձր մակարդակի վրա են, քան երբևէ։

    Ռուսաստանի առաջնորդը երկուշաբթի օրը ժամանել է Ղրղզստան՝ մասնակցելու ՇՀԿ գագաթնաժողովին։ Նա միջոցառման շրջանակներում մի շարք երկկողմ հանդիպումներ է անցկացնում։
    Պուտինը հանդիպել է Էրդողանի հետ Ալա-Արչա պետական ​​նստավայրում։ Առաջնորդները, ի թիվս այլ հարցերի, կքննարկեն Սև ծովում, Ուկրաինայում տիրող իրավիճակը և երկկողմ առևտրատնտեսական գործընկերությունը։

  • ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են Իրանի և ՌԴ նախագահներ Մասուդ Փեզեշքիանն ու Վլադիմիր Պուտինը | Քաղաքականություն

    ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են Իրանի և ՌԴ նախագահներ Մասուդ Փեզեշքիանն ու Վլադիմիր Պուտինը: 

    Ընդգծելով Իրան-Ռուսաստան հարաբերությունների ռազմավարական բնույթը և նշելով Մոսկվայի աջակցությունը Թեհրանին միջազգային հարթակներում՝Իրանի  նախագահը հայտարարել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը կդիմադրի միակողմանի գործողություններին և ճնշման ու պատժամիջոցների վրա հիմնված քաղաքականությանը, և տարածաշրջանային համագործակցության ու բազմակողմանիության ամրապնդումը կարող է օգնել նվազեցնել նման քաղաքականության արդյունավետությունը»։

    Իրանական լրատվամիջոցների  փոխանցմամբ՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Մասուդ Փեզեշքիանը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի կառավարության և ժողովրդի կողմից Իրանի Իսլամական Հանրապետությանը տարբեր փուլերում, այդ թվում՝ պատերազմի ժամանակ և ԱՄՆ պատժամիջոցների ներքո ցուցաբերած աջակցության համար։ Նա նշել է երկու երկրների միջև հարաբերությունների գերազանց մակարդակը և ձեռք բերված համաձայնագրերի իրականացման բարենպաստ գործընթացը։

    Փեզեշքիանը դատապարտել է Իրանի դեմ ԱՄՆ գործողությունները՝ դրանք անվանելով անօրինական: Անդրադառնալով ԱՄՆ հետ կնքված հուշագրին՝ նա նշել է. «Եթե հակառակ կողմը ցանկանա շարունակել, մենք հավատարիմ ենք այն նույն հուշագրին, որը ստորագրել ենք։ Եթե ԱՄՆ-ն վերադառնա այդ հուշագրին, մենք նույնպես կկատարենք այն: Այդ հուշագրում մենք չենք պահանջել ոչինչ, բացի մեր երկրի իրավունքներից, և դա հենց այն է, ինչին ձգտում ենք։ Ըստ էության, ԱՄՆ-ն չի կարող ապօրինի պահանջներ պարտադրել մեր երկրին»։

  • Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ | Քաղաքականություն

    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Բանակցությունների ընթացքում Ռուսաստանի ղեկավարը ընդգծել է Մոսկվայի և Թեհրանի միջև երկկողմ հարաբերությունների կայուն զարգացումը բոլոր ոլորտներում։

    Ռուսական կողմից բանակցություններին մասնակցել են արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը, նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և մի շարք այլ պաշտոնյաներ: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները: 

  • Ռուսաստանը մշտական կապի մեջ է հայ գործընկերների հետ՝ երկաթուղիների հարցերով. Օլեգ Բելոզյորով | Տարածաշրջան

    «Ռուսական երկաթուղիներ»-ի  ղեկավար Օլեգ Բելոզյորովը հայտարարել է, որ Ռուսաստանը և Հայաստանը խստորեն կատարում են կողմերի միջև կնքված  պայմանագրերի պայմանները: Համագործակցության վերաբերյալ ծագող բոլոր հարցերը կապված են «նորմալ քննարկման ձևաչափի» հետ, ընդգծել է նա: Ավելին, եթե կառավարության մակարդակով որևէ լրացուցիչ որոշում կայացվի, «Ռուսական երկաթուղիները» կիրականացնեն դրանք, ասել է ընկերության ղեկավարը:

    «Պայմանագրում նշված են բոլոր պայմաններն ու դրույթները, այդ թվում՝ դադարեցումը, չեղարկումը, պարզաբանումը, մշակումը և երկարաձգումը: Այս բոլոր հարցերը մանրամասնորեն նշված են պայմանագրում, և մենք խստորեն կհետևենք այդ դրույթներին», – հայտարարել է Օլեգ Բելոզյորովը:

    Հայաստանի երկաթուղիները իրավաբանորեն հանրապետության կառավարության սեփականությունն են, սակայն դրանց կառավարումը փոխանցվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը (Ռուսական երկաթուղիների դուստր ձեռնարկություն): Կառավարումն իրականացվում է 2008 թվականին կնքված կոնցեսիոն պայմանագրով՝ 30 տարով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկիրը կարող է «սկսել պահանջել 2 միլիարդ դոլար» երկաթուղու օգտագործման համար, գրում է ռուսական լրատվամիջոցը:

  • Սեպտեմբերի 3-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում | Հասարակություն

    Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանում սեպտեմբերի 3-ից տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ապահովելու նպատակով երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում, մասնավորապես`

     

    Նալբանդյան 48 հասցեին հարակից ճանապարհահատվածից մինչև Սախարովի հրապարակ, Վարդանանց փողոց 5 հասցեին հարակից ճանապարհահատվածից մինչև Սախարովի հրապարակ և Նալբանդյան 50 հասցեին հարակից ճանապարհահատվածին հարակից հետիոտնային անցումից մինչև վճարովի ավտոկայանատեղին փոխադրամիջոցների կանգառը կարգելվի, իսկ Նալբանդյան 48 հասցեին հարակից ճանապարհահատվածի երթևեկելի ուղեմասի 1-ին գոտով Հանրապետության հրապարակի կողմից դեպի Սախարովի հրապարակ ընթացող տրանսպորտային միջոցների երթևեկությունը կկազմակերպվի միայն աջ ուղղությամբ:

     

    ՆԳՆ ոստիկանությունից հիշեցնում են նաև, որ խաչմերուկում և հարակից տարածքներում կատարվում է ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն տեսահսկման սարքերով:

     

  • «Արմավիր» ՔԿՀ-ի տարածքում դրոնով փոխանցված արգելված իրեր են հայտնաբերվել | Հասարակություն

    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 02:55-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակի ծառայողը նկատել է տարածք մուտք գործած անօդաչու թռչող սարք (դրոն)։ 

     

    Տարածքի զննության արդյունքում հիմնարկի երկու տեղամասերի միջնամասից հայտնաբերվել է պոլիէթիլենային փաթեթ, որում առկա են եղել 2 բջջային հեռախոս, 1 wi-fi սարք, 1 ականջակալ և 1 USB լար։

     

    Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
  • Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Վիետնամի փոխնախագահի հանդիպումը | Քաղաքականություն

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպման շրջանակում կարճատև հանդիպում է ունեցել Վիետնամի փոխնախագահ Վո Թի Ան Սուանի հետ:

    Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի ու Վիետնամի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները և կարևորել քաղաքական, տնտեսական ու մշակութային կապերի հետևողական զարգացումը:

    Վարչապետ Փաշինյանը հիշատակել է 2019 թվականի պաշտոնական այցը Վիետնամ և շեշտել բարձր մակարդակի շփումների ու փոխայցերի կազմակերպման անհրաժեշտությունը:

    Մտքեր են փոխանակվել երկկողմ օրակարգի հետագա առաջմղմանը միտված քայլերի շուրջ:

  • Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շավքաթ Միրզիյոևին Ուզբեկստանի Անկախության օրվա առթիվ | Քաղաքականություն

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ երկրի Անկախության օրվա առթիվ։

     

    Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել Միրզիյոևի ղեկավարությամբ Ուզբեկստանում իրականացվող լայնածավալ բարեփոխումները, որոնք նպաստում են երկրի կայուն զարգացմանը, քաղաքացիների բարեկեցության բարձրացմանն ու միջազգային հեղինակության ամրապնդմանը։

     

    Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջև ձևավորված բարեկամությունն ու փոխադարձ վստահությունը, ինչպես նաև համատեղ ջանքերը նոր խթան կհաղորդեն քաղաքական երկխոսությանն ու փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը։ Վարչապետը Ուզբեկստանի նախագահին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ուզբեկստանի ժողովրդին՝ բարեկեցություն ու կայուն առաջընթաց։