Category: Ambion.news

  • Ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը մեկնարկել է․ վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 30

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունում՝ մինչև 2026 թվականի սեպտեմբերի 30-ը:

     

    Գործընթացն իրականացվում է՝ համաձայն Հայաuտանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի 596-Ն որոշման դրույթների:

     

    Անկախ դասավանդած առարկաների քանակից՝ ուսուցիչը կարող է կամավոր ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ առարկայից՝ իր ընտրությամբ։

     

    Կամավոր ատեստավորման հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է գրանցված լինել և ունենալ հաշիվ my.emis.am հարթակում:

     

    Եթե դիմողը դեռևս չունի հաշիվ, ապա գրանցվելու համար կարող է օգտվել ուղեցույցից, որից հետո անհրաժեշտ է մուտք գործել my.emis.am համակարգ այն մուտքային տվյալներով, որով անձը գրանցվել է։

     

    Դպրոցներում արդեն իսկ աշխատող ուսուցիչներն ունեն իրենց հաշիվները կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (my.emis.am)։

     

    Ուսուցիչների օգտանունը նույնն է, ինչ իրենց կողմից օգտագործվող էլեկտրոնային մատյանի օգտանունը, այսինքն՝ նույն էլեկտրոնային հասցեն, որն ուսուցիչը օգտագործում է էլեկտրոնային մատյան մուտք գործելիս։

     

    Հայտերի լրացման մանրամասները՝ կից ուղեցույցներում․

     

    https://support.emis.am/article/945

     

    https://support.emis.am/article/956

     

    Նշված ժամկետի ավարտից հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում:

     

    Կամավոր ատեստավորումը, ըստ առարկաների, իրականացվում է էլեկտրոնային թեստավորման եղանակով՝ 1-12-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչների համար:

     

    Ավելին՝ https://escs.gov.am/articles/news/121

  • Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ – ԱՄԲԻՈՆ NEWS

    Երևանում հուլիսի 27-ի ցերեկը, 28-ին, 30-31-ին, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 29-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 27-31-ին, օգոստոսի 1-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ։ Այս մասին տեղեկանում ենք «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

    Հանրապետության տարածքում հուլիսի 27-ի ցերեկը, 28-ին, 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 29-ի և օգոստոսի 1-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրպոպ։ Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ։ Հուլիսի 27-31-ին, օգոստոսի 1-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 27-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը էապես չի փոխվի։

  • Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված, ինչպես նաև առանձնապես ծանր և ծանր հանցագործությունները․ ՆԳ

    Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված, ինչպես նաև առանձնապես ծանր և ծանր հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է Կոտայքի մարզում ՆԳՆ ոստիկանության առաջին կիսամյակի աշխատանքը

     

    https://police.mia.gov.am/articles/news/police-78

     

    Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված, ինչպես նաև առանձնապես ծանր և ծանր հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է Կոտայքի մարզում ՆԳՆ ոստիկանության առաջին կիսամյակի աշխատանքը

     

    Հուլիսի 20-ին Կոտայքի մարզում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ամփոփվել է ՆԳՆ ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Ներկա էին ՆԳ նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։

     

    Զեկույցներով հանդես են եկել Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Հրազդանի, Կոտայքի, Չարենցավանի, Նաիրիի և Գառնիի տարածքային ստորաբաժանումների, Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի, ինչպես նաև Ոստիկանության գվարդիայի Կոտայքի և Հրազդանի պետական պահպանության բաժինների ղեկավարները՝ ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքներն ու օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները։

     

    2026 թվականի առաջին կիսամյակում Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության կողմից գրանցվել է հանցագործության 240 դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 8 տոկոսով պակաս։

    Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված, ինչպես նաև առանձնապես ծանր և ծանր հանցագործությունները: Աճել են պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները։ Հաշվետու ժամանակահատվածում արձանագրված սպանության և սպանության փորձի բոլոր դեպքերը բացահայտվել են։

     

    Օպերատիվ միջոցառումների արդյունքում մարզի քրեական ոստիկանները բացահայտել են նաև սպանության նախապատրաստության մեկ դեպք։

    Հայտնաբերվել է դատական ակտերով սահմանված այլընտրանքային պատիժների չկատարման 3 դեպք։ Դրանց առնչությամբ ներկայացվել են հաղորդումներ, Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել՝ քրեական վարույթներ։

    Ընդհանուր առմամբ մարզում աճել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները, որոնք հիմնականում պայմանավորված են Պարեկային ծառայողների կողմից առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի հայտնաբերմամբ։

     

    Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի սպասարկման տարածքում գրանցվել է հանցագործության 363 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 19 տոկոսով ավելի։ Բացահայտման արդյունավետությունը կազմել է 87,1 տոկոս։ Միաժամանակ ավելացել են զենք-զինամթերքի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հայտնաբերման, ինչպես նաև ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերը։

     

    Նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ 20,1 տոկոսով պակաս հանցագործության դեպք է գրանցվել Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնում։ 437 դեպքից բացահայտվել է 362-ը։ Բացահայտման արդյունավետությունը նվազել է՝ կազմելով 82,8 տոկոս։ 65,2 տոկոսով նվազել են նաև սեփականության դեմ ուղղված հանցագործությունները։

    Առաջին կիսամյակի արդյունքներով՝ Համայնքային ոստիկանության Գառնիի բաժնում տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններ չեն արձանագրվել։ Գրանցվել է հանցագործության 162 դեպք, ինչը 19,1 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։ Միաժամանակ նվազել են մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունները։ Բացահայտման արդյունավետությունը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը՝ կազմելով 93,2 տոկոս։

     

    Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի սպասարկման տարածքում գրանցվել է հանցագործության 258 դեպք, ինչը 16,2 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 73, իսկ տնտեսական գործունեության դեմ ուղղվածները՝ 77,8 տոկոսով։ Բացահայտման արդյունավետությունը զգալիորեն բարելավվել է՝ կազմելով 90,3 տոկոս՝ նախորդ տարվա 66,7 տոկոսի դիմաց։

     

    Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնում նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ արձանագրված հանցագործության դեպքերը 8,7 տոկոսով պակասել են։ 157 դեպքից բացահայտվել է 139-ը։ Բացահայտման արդյունավետությունը բարձրացել է կազմելով 88,5 տոկոս՝ նախորդ տարվա 76,2 տոկոսի դիմաց։ Նվազումը հիմնականում պայմանավորված է մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների նվազմամբ։

    Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ծառայողները բացահայտել են 153 հանցագործության դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է։ Տարբեր վարչական իրավախախտումներով կազմվել է 56139 արձանագրություն՝ նախորդ տարվա համեմատ 5896-ով ավելի։ Ավելացել են ճանապարհատրանսպորտային պատահարները, նվազել դրանց հետևանքով զոհերը։

    Ոստիկանության գվարդիայի պահպանության Կոտայքի և Հրազդանի բաժիններում իրականացվել են պահպանվող օբյեկտների անվտանգության պատշաճ ապահովման աշխատանքներ։ Գվարդիայի ծառայողները բացահայտել են մի շարք հանցագործություններ, իսկ շրջիկ ծառայության ընթացքում իրականացրել՝ հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման միջոցառումներ։

     

    Անդրադառնալով ներկայացված արդյունքներին՝ նախարար Սարգսյանը շնորհակալություն է հայտնել մարզային ստորաբաժանումների ծառայողներին կատարած աշխատանքի համար և անդրադարձել բացթողումներին։ Ընդգծվել է հանցագործությունների կանխարգելման և բացահայտման ցուցանիշների հետագա բարելավման ուղղությամբ առավել թիրախային և հետևողական մոտեցումների ակտիվացումը։

    Արփինե Սարգսյանը հանձնարարել է անզիջում պայքար մղել քրեական ենթամշակույթի դեմ՝ կանխելով քրեական տարրերի ազդեցությունն ու տարածումը։ Կարևորելով հատկապես գիշերային ժամերին բակային տարածքներում խմբերով հավաքվելու ուղղությամբ կանխարգելիչ և օպերատիվ աշխատանքը՝ ՆԳ նախարարը հանձնարարել է Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ներգրավմամբ պարբերաբար իրականացնել շրջիկ և ուժեղացված ծառայություններ՝ հատկապես այն հատվածներում, որտեղ առկա են հանցավորության կամ քրեածին միջավայրի ձևավորման ռիսկեր։

     

    Նախարար Սարգսյանն ընդգծել է նաև օպերատիվ տեղեկությունների պարբերական թարմացման և դրանց որակի բարձրացման անհրաժեշտությունը։ Կարևորվել է նաև կադրային համալրման և մասնագիտական կարողությունների զարգացման ուղղությամբ հետևողական աշխատանքը։

    Նախարարը խիստ հանձնարարել է տարածքներում ապահովել թիրախային և կանխարգելիչ աշխատանք՝ յուրաքանչյուր համայնքի ու բնակավայրի առանձնահատկություններին համապատասխան, արագ արձագանքել առկա խնդիրներին և հետևողականորեն իրականացնել միջոցառումներ, որոնք կկանխեն իրավախախտումները՝ բարձրացնելով քաղաքացիների անվտանգության մակարդակը։

    Որպես իրականացված օպերատիվ աշխատանքի շոշափելի արդյունք՝ նախարարն առանձնացրել է սպանության նախապատրաստության դեպքի բացահայտումը, ինչպես նաև բազմաթիվ խուզարկությունների արդյունքում մեծաքանակ ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերումն ու առգրավումը։ Արփինե Սարգսյանը հրահանգել է նշված ուղղությամբ էլ ավելի ակտիվացնել հետախուզական ու կանխարգելիչ միջոցառումները։

     

    Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում հանձնարարվել է բացահայտել և մշտադիտարկել իրացման ու օգտագործման հնարավոր վայրերը, կանխարգելել և նվազագույնի հասցնել համացանցի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքերը։

    Ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ դրանց կանխարգելման շղթան պետք է սկսվի վաղ հայտնաբերումից և շարունակվի մինչև յուրաքանչյուր դեպքի ամբողջական բացահայտում։ Հանձնարարվել է ապահովել պատշաճ վերահսկողություն և բռնության նոր դրսևորումները կանխելու նպատակով սերտորեն համագործակցել գործընկեր կառույցների հետ։

    Առանձին անդրադարձ է կատարվել անչափահասների մասնակցությամբ և նրանց նկատմամբ կատարվող հանցագործություններին։ Նախարարը շեշտել է, որ յուրաքանչյուր նման դեպքի անհրաժեշտ է արձագանքել անհապաղ և համակողմանիորեն՝ ապահովելով նաև ուսումնական հաստատությունների հետ ակտիվ համագործակցությունը։

     

    Արփինե Սարգսյանը հանձնարարել է քաղաքային հատվածներում առավել հետևողականորեն վերահսկել կվադրոցիկլների շահագործումը՝ բացառելու դրանց անօրինական օգտագործումն ու չթույլատրված հատվածներում երթևեկությունը՝ ապահովելով պատշաճ հանրային անվտանգություն։

     

    Նախարարը հետաքրքրվել է նաև Օպերատիվ կառավարման կենտրոնի գործունեության և իրականացված փոփոխությունների արդյունքներով՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է յուրաքանչյուր ահազանգի դեպքում գործել «Մեկ զանգ, արագ արձագանք» տրամաբանությամբ՝ ապահովելով քաղաքացիների պատշաճ, հարգալից և որակյալ սպասարկումը։

     

    Ամփոփելով՝ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանձնարարել է երկրորդ կիսամյակի ընթացքում հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման, հանրային անվտանգության ապահովման ուղղություններով առավել հասցեական պլանավորել անելիքներն, ինչը թույլ կտա արձանագրել դրական ցուցանիշների շարունակական աճ։

  • «Armat Media» լրատվական գործակալության խուզարկությունն ապօրինի է ճանաչվել

    «Armat Media» լրատվական գործակալության խուզարկությունն ապօրինի է ճանաչվել, հայտնում են լրատվականից։

    «Վերաքննիչ դատարանը խուզարկությունն ապօրինի է ճանաչել՝ արձանագրելով, որ խախտված են մեդիայի սեփականատեր Ալիկ Ալեքսանյանի իրավունքները»,-հայտնում են ԶԼՄ-ից:

     

    Հիշեցնենք՝ Ալիկ Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել հավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման հոդվածներով։

  • ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՌԵԿԵՏԻ ԳՈՐԾԸ ՀԱՍԱՎ ՇԻՐԱԿԻ ԴԱՏԱԽԱԶԻՆ. Մելադա և Ռաֆիկ Սարգսյանների ապօրինությունները՝ Արմեն Չիչոյանի սեղանին

    «Ամբիոն Նյուզ»-ի հետևողական հետաքննությունը և ՀՀ Գլխավոր դատախազություն ուղարկված դիմում-բողոքը տվեցին իրենց առաջին իրավական արդյունքը։ Գլխավոր դատախազությունից գործն ուղարկվել է Շիրակի մարզի դատախազություն և մակագրվել անձամբ մարզի դատախազ Արմեն Չիչոյանին։
    Սա այն նույն աղմկահարույց պատմությունն է, որի վերաբերյալ «Ամբիոն Նյուզ»-ի խմբագրությունն արդեն տևական ժամանակ է, ինչ ստանում է ահազանգեր Գյումրիից։ Քաղաքում ծավալված բացահայտ բնակարանային ռեկետի և ապօրինի վաշխառության կենտրոնում Գյումրիի բնակիչ Մելադա Անդրանիկի Սարգսյանն է ու նրա եղբայրը՝ Ռաֆիկ Սարգսյանը։
    Հիշեցնենք՝ մեր ձեռքի տակ են հայտնվել էքսկլյուզիվ ապացույցներ ու փաստաթղթեր, որոնք բացահայտում են քաղաքացիներին բարձր տոկոսներով գումարներ տալու, ապա տներ ներխուժելու, ֆիզիկական ու հոգեբանական ահաբեկման միջոցով սեփականությունները խլելու հանցավոր սխեման։ Ավելին՝ ՀՀ Կենտրոնական բանկն արդեն պաշտոնապես հաստատել է, որ Մելադա Սարգսյանը չունի որևէ լիցենզիա ֆինանսական գործունեություն ծավալելու համար, ինչը նշանակում է, որ նրա ամբողջ «բիզնեսը» բացարձակ անօրինական է։
    Չնայած լրատվամիջոցի դեմ կիրառված ճնշումներին, քննիչների ու իրավապահ լծակների միջոցով լռեցնելու փորձերին և հովանավորյալների մասին հոխորտանքներին՝ «Ամբիոն Նյուզ»-ի հրապարակումներից և դիմումից հետո գործն արդեն պաշտոնական ընթացք է ստացել։
    Այժմ գործը Շիրակի մարզի դատախազությունում է։ Հանրությունը սպասում է կոնկրետ գործողությունների․ արդյո՞ք Արմեն Չիչոյանի գլխավորած կառույցը կապահովի գործի լրիվ, օբյեկտիվ քննությունն ու կբացահայտի քաղաքացիներին տնանկ անողների իրական հովանավորներին, թե՞ ականատես կլինենք հերթական ապօրինության կոծկմանը։
    «Ամբիոն Նյուզ»-ը հետևողականորեն հետամուտ է լինելու գործի ընթացքին։

  • Ի՞նչ է տեղի ունեցել իշխանական պատգամավորի եղբոր հետ․ հարուցված վարույթում կա ձերբակալված

    Ամբիոն Նյուզ-ի տեղեկություններով, իշխանական պատգամավոր Ավետ Կոնջորյանի եղբայր Ավետ Կոնջորյանը իրավապահներին հաղորդում է ներկայացրել՝ հայտնելով, որ ենթարկվել է ծեծի։
    Մեր տեղեկություններով՝ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում արդեն իսկ մեկ անձ ձերբակալվել է։ Այս պահին իրավապահները շարունակում են քննչական գործողությունները՝ պարզելու միջադեպի բոլոր հանգամանքները։
    Թե իրականում ինչ է տեղի ունեցել, ինչ պայմաններում է ծագել միջադեպը և ինչն է եղել իշխանական պատգամավորի եղբոր նկատմամբ բռնության պատճառը, հայտնի կդառնա առաջիկայում։
    Ամբիոն Նյուզ-ը շարունակում է հետևել զարգացումներին և ընթերցողներին կներկայացնի դեպքի վերաբերյալ նոր մանրամասները՝ դրանց ճշտումից հետո։

  • Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը – ԱՄԲԻՈՆ NEWS

    Վարդան Ղուկասյանի ազատությունից զրկման օրինականությունը վիճարկելու նպատակով արդեն իսկ գործարկվել են օրենքով նախատեսված բոլոր ներպետական և միջազգային իրավական մեխանիզմները։ Մեր իրավական պահանջը հստակ է՝ անհապաղ վերականգնել նրա ապօրինաբար սահմանափակված ազատությունը, օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել բոլոր պատասխանատու անձանց և ամբողջությամբ հատուցել նրան պատճառված նյութական, բարոյական և ոչ գույքային վնասը։
    Մարդուն կարելի է ապօրինաբար զրկել ազատությունից, բայց անհնար է զրկել նրան իր անօտարելի իրավունքներից։ Բանտի դռները կառուցված են երկաթից, իսկ իրավունքը՝ բնական իրավունքի այն սկզբունքներից, որոնք գոյություն ունեն պետություններից, իշխանություններից և դատարաններից վեր։ Երկաթը ժամանակի ընթացքում ժանգոտում է, իսկ իրավունքը մնում է՝ որպես արդարության անանց օրենք և մարդու արժանապատվության հիմք։
    Որպես Վարդան Ղուկասյանի փաստաբան՝ հայտարարում եմ. մոտ է այն օրը, երբ դատարանի առաջ այլևս իր անմեղությունը չի ապացուցելու Վարդան Ղուկասյանը։

  • Օգոստոսի 12-ին սպասվում է Արեգակի լրիվ խավարում

    Երկնային երեք երևույթ մեկ օրում․ օգոստոսի 12-ին սպասվում է Արեգակի լրիվ խավարում:
  • Նյարդաբանության ամբիոնի պրոֆեսոր Լիդիա Գիմոյանին շնորհավորում ենք ծննդյան օրվա առթիվ

    Նյարդաբանության ամբիոնի պրոֆեսոր Լիդիա Գիմոյանին շնորհավորում ենք ծննդյան օրվա առթիվ։

     

    Երկար տարիներ նա իր մասնագիտական հմտությունները նվիրում է նյարդաբանության զարգացմանը՝ համադրելով կլինիկական, գիտական և մանկավարժական գործունեությունը։

     

    📙Շուրջ 20 տարի ղեկավարելով Երևանի թիվ 2 բուժմիավորման նյարդաբանության ծառայությունը՝ պրոֆեսոր Գիմոյանը ձևավորել է մասնագիտական բարձր չափանիշների վրա հիմնված աշխատանքային միջավայր, որտեղ առաջնայինը պացիենտի առողջությունն ու արժանապատիվ վերաբերմունքն են։

     

    🏥 Բժշկական համայնքում նա փորձառու և վստահելի մասնագետ է, որի խորհուրդն ու աջակցությունը գնահատում են թե՛ գործընկերները, թե՛ պացիենտները։

     

    ⚘️Ծննդյան օրվա առթիվ մաղթում ենք, որ ունենաք ուժ և եռանդ շարունակելու մարդկանց առողջության պահպանմանն ուղղված ծառայությունը։

     

    Թող Ձեր առօրյան միշտ ուղեկցվի շնորհակալ ժպիտներով, գործընկերների և ուսանողների հարգանքով։

  • Կասպից ծովում 3,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

    Ստորգետնյա ցնցումները գրանցվել են 03:04-ին։ Օջախը գտնվել է 20 կիլոմետր խորության վրա։