«Էրեբունի» արգելոց-թանգարանում բարելավվել են ենթակառուցվածքները, ինչպես նաև բարեկարգվել է տարածքը (վիդեո)

Written by

in

Վերջին մեկ տարվա ընթացքում «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում իրականացվել են ենթակառուցվածքների բարելավման, տարածքի բարեկարգման, պահպանության պայմաններն ապահովելու և անվտանգության բարձրացման մի շարք միջոցառումներ։

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ թանգարանի և հարակից տարածքների պատշաճ պահպանությունն ապահովելու նպատակով լայնածավալ սանիտարական մաքրման աշխատանքներ են կատարվել, որոնց շնորհիվ տարածքից հեռացվել է շուրջ 20 բեռնատար ծավալով կուտակված աղբ և թափոն։ Հիմնորոգվել է թանգարանի շենքի շուրջ 750 քմ մակերեսով տանիքը, վերանորոգվել է 150 քմ մակերեսով ներքին բակը։

Մաքրվել և մասնակի վերանորոգվել է կոյուղատար համակարգը, ինչպես նաև մասնակի վերականգնվել է ոռոգման համակարգը։ Թանգարանի երկրորդ հարկը հիմնանորոգվել է, կառուցվել են օդափոխության և հակահրդեհային ազդարարման համակարգեր՝ բարելավելով աշխատանքային, այցելուների սպասարկման և անվտանգության պայմանները։

Նորոգվել է նաև թանգարանի ետնամասում գտնվող արհեստական պեղավայրը, որն օգտագործվում է կրթական ծրագրեր և ամառային դպրոցներ կազմակերպելու համար։ Ամբողջությամբ նորոգվել են նաև թանգարանին պատկանող երկու անսարք փոխադրամիջոցները։ Բարեկարգման միջոցառումների ընթացքում ուշադրություն է դարձվել նաև կանաչ տարածքներին. թանգարանի տարածքում տնկվել է 100 իտալական նոճի։

Տարիներ շարունակ չգործած ոռոգման համակարգի հետևանքով չորացած և կենսունակությունը կորցրած ծառերը նախատեսվում է փոխարինել նոր ծառատեսակներով։ Վերը նշվածի նպատակն է բարելավել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի պահպանության պայմանները, բարեկարգել տարածքն ու այցելուների համար ստեղծել առավել հարմարավետ և անվտանգ միջավայր։

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *