Ծնունդով հողից․ ARARAT հայկական կոնյակի ակունքն ու ապագան

Written by

in

2026 թ. հոկտեմբերի 19-ից 30-ը Հայաստանը կհյուրընկալի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը` COP17: Երեւանում քննարկվելու են կենսաբազմազանության պահպանության եւ բնական էկոհամակարգերի վերականգնմանն ուղղված համատեղ գործողությունները։
Համաժողովին ընդառաջ Մեդիամաքսը ներկայացնում է  COP17 մասնակից Երեւանի կոնյակի գործարանի կայունության ու պատասխանատվության այն նախաձեռնությունները, որոնք նպաստում են բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը եւ կարող են օրինակելի լինել։ 
ARARAT հայկական կոնյակը ձեռակերտ ըմպելիք է, որի ստեղծումը տասնամյակներ եւ հարյուրավոր մասնագետների աշխատանք է պահանջում։ Մեր կյանքի լավագույն պահերն ուղեկցող այս խմիչքը սկիզբ է առնում հայկական խաղողի այգիներում, այն հողում, որի բնույթն ու առողջությունը կարեւոր նշանակություն ունեն խաղողի որակի համար։ Ուստի Երեւանի կոնյակի գործարանի կայունության եւ պատասխանատվության բազմաբովանդակ հայեցակարգի շրջանակում առանցքային կարեւորություն ունի Վերականգնողական խաղողագործության ծրագիրը։ 
Այսօր խաղողագործությունը բախվում է մի շարք մարտահրավերների հետ՝ կլիմայի փոփոխություն, ջրային ռեսուրսների սահմանափակում, եղանակային անկանխատեսելիություն, հողի առողջության պահպանման անհրաժեշտություն։ Միեւնույն ժամանակ, կարեւոր է պահպանել Հայաստանի խաղողի էնդեմիկ սորտերի բազմազանությունը՝ երաշխավորելով մեր ժառանգության փոխանցումը ապագա սերունդներին։ 
Այս համատեքստում վերականգնողական խաղողագործությունը դիտարկվում է որպես երկարաժամկետ լուծում, որը նպատակ ունի ոչ միայն պահպանել հողի բնական ներուժը, այլեւ աստիճանաբար վերականգնել այն՝ բարձրացնելով խաղողի այգիների դիմադրողականությունն ու էկոհամակարգի կայունությունը։
Հողի առողջությունը՝ որպես կենսական հիմք
Հողի առողջությունը միայն սննդանյութերի առկայությամբ չի որոշվում։ Ոչ պակաս կարեւոր է հողի կառուցվածքը, որը կարգավորում է ջրի ներթափանցումն ու պահպանումը՝ ագրեգատային վիճակը, օդի շրջանառությունը եւ կենդանի օրգանիզմների կենսագործունեությունը։ Լավ կառուցվածք ունեցող հողը հնարավորություն է տալիս բույսերի արմատներին ավելի արդյունավետ յուրացնել ջուրն ու սննդանյութերը, իսկ հողային միկրոֆլորային (բակտերիաներ, սնկեր) եւ մակրոֆաունային (անձրեւորդեր)՝ ակտիվորեն մասնակցել հողում կենսաբանական գործընթացներին։ 
Այս համակարգի կենսունակությունը մեծապես կախված է հողի կենսաբազմազանությունից։ Հողային օրգանիզմները (հողային ֆաունա) նպաստում են հողի կառուցվածքի ձեւավորմանը, սննդանյութերի շրջանառությանը եւ ջրային ռեժիմի բարելավմանը։ Հետեւաբար, առողջ հող ունենալու համար անհրաժեշտ է ոչ միայն ապահովել խաղողի վազերի սնուցումը, այլեւ ստեղծել պայմաններ, որպեսզի հողը շարունակի գործել որպես կենդանի, ինքնակարգավորվող համակարգ։
Դրան նպաստող մոտեցումներից են խաղողի այգիների միջշարային հատվածներում ցանքածածկ մշակաբույսերի աճեցումը, սիդերատային  մշակաբույսերի կիրառումը, հողի մակերեսի մուլչապատումը ՝ այն բուսական մնացորդներով ծածկելու միջոցով,  հողի հարստացումը օրգանական նյութերով եւ կենսաբազմազանության խթանումը։ Այս գործելակերպը կարող է նպաստել հողի խոնավության պահպանմանը, էրոզիայի կանխարգելմանը, օրգանական նյութերի կուտակմանը եւ հողային ֆաունայի համար բարենպաստ միջավայրի ձեւավորմանը։ Միեւնույն ժամանակ, յուրաքանչյուր լուծում պետք է հարմարեցվի տվյալ այգու պայմաններին՝ հաշվի առնելով ջրի հասանելիությունը, հողի առանձնահատկությունները, տեղական կլիման եւ խաղողի վազի կարիքները։ Առանձնապես կարեւոր է գնահատել նաեւ ցանքածածկ մշակաբույսերի եւ խաղողի վազերի միջեւ ջրի ու սննդանյութերի համար հնարավոր մրցակցությունը։
Փորձարկումներից՝ դեպի երկարաժամկետ փոփոխություն
Երեւանի կոնյակի գործարանը՝ Pernod Ricard-ի վերականգնողական գյուղատնտեսության տեսլականին համահունչ, 2024 թվականից համագործակցելով միջազգային փորձագետների հետ, իրականացնում է վերականգնողական խաղողագործության երկարաժամկետ ծրագիր։ 
Այն ներառում է վերապատրաստումներ, սեմինարներ, ինչպես նաեւ ընտրված փորձարարական խաղողի այգիներում իրականացվող հետազոտություններ եւ փորձարկումներ։
Ծրագիրը կենտրոնացած է երեք հիմնական ուղղության վրա՝ հողի վերականգնում, խաղողի վազի առողջություն եւ սնուցում, գործառութային կենսաբազմազանություն։ 
Աշխատանքների շրջանակներում նախ եւ առաջ ուսումնասիրվում են միջշարային հատվածներում լոբազգիների, հացազգիների, ինչպես նաեւ այլ ցանքածածկ մշակաբույսերի  կիրառման հնարավորությունները, կենսազանգվածի ավելացման եղանակները, իրականացվում են հողի եւ բույսերի վիճակի մշտադիտարկումներ ու տվյալների հավաքագրում։ 
Զուգահեռաբար դիտարկվում են ավանդական թունաքիմիկատներից կախվածությունը պատշաճ կերպով նվազեցնելու հնարավորությունները։
«Վերականգնողական խաղողագործությունը պատրաստի լուծումների պարզ կիրառություն չէ։ Այն շարունակական ուսումնասիրության եւ գիտելիքի կուտակման գործընթաց է։ Անհրաժեշտ է հասկանալ, թե որ մեթոդներն են արդյունավետ տարբեր պայմաններում, ինչ սահմանափակումներ կարող են առաջանալ եւ ինչպես դրանք հարմարեցնել Հայաստանի տարբեր տարածաշրջանների ու խաղողի այգիների առանձնահատկություններին», – ասում է Երեւանի կոնյակի գործարանի խաղողի գնումների բաժնի նախագծերի պատասխանատու Սիրուն Հայրապետյանը։ 
Նրա խոսքով, նման նախաձեռնությունները չեն կարող լինել այլ երկրների հաջողված փորձի մեխանիկական կրկնօրինակում։ Երեւանի կոնյակի գործարանի Վերականգնողական խաղողագործության ծրագիրը գիտահեն նախաձեռնություն է, որը չի կարող հաշվի չառնել տվյալ տարածաշրջանին հատուկ այնպիսի գործոններ, ինչպիսիք են սերմերի հասանելիությունը, մեխանիզացիայի հնարավորությունները, ոռոգման համակարգերը եւ բույսերի պաշտպանության միջոցների ընտրությունը եւ այլն։ 
Հետեւաբար, ծրագրի կարեւոր բաղադրիչը տվյալների հավաքագրումն ու արդյունքների երկարաժամկետ գնահատումն է։ 
«Առջեւում դեռ հսկայական աշխատանք կա անելու։ Ավելին՝ նման մեծամասշտաբ ծրագրերի համատեքստում մենք, կարելի է ասել, դեռ կատարողականի առաջնային փուլում ենք։ Չնայած դրան մեզ ոգեւորում է, որ մեր կողմից «ետնաբեմում» կատարված գիտահեն աշխատանքը խաղողի այգիներում արդեն տալիս է իր արդյունքները», – ամփոփում է Սիրուն Հայրապետյանը։  
Սիրուն Հայրապետյանը COP17 կանաչ գոտու խոսնակներից մեկն է։ Նա կմասնակցի Երեւանի կոնյակի գործարանին նվիրված պանելային քննարկմանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին, ժամը 12։00 Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Մուտքն ազատ է։ Գրանցման համար  անցեք հղումով.
https://www.cop17yerevangreenzone.com/register-now/public-attendee 
Շարունակելի:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *