Գորիս խոշորացված համայնքի Քարաշեն և Խնձորեսկ բնակավայրերում իրականացվել է համայնքային ծառատունկի ծրագիր, որի շրջանակում բնակիչներին տրամադրվել է ավելի քան 4000 պտղատու ծառ։
Ծրագիրն իրականացվել է «Արմենիա Թրի Փրոջեքթ» (Armenia Tree Project) բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։ Բնակիչներին տրամադրված տնկիների թվում են տանձենիներ, խնձորենիներ, դեղձենիներ, նուշենիներ, ընկուզենիներ, սալորենիներ և ծիրանենիներ։
Ծրագրի նպատակն է նպաստել բնակավայրերի կանաչապատմանը, պտղատու այգիների հիմնմանը, շրջակա միջավայրի պահպանությանն ու բարելավմանը, ինչպես նաև խթանել գյուղատնտեսական ներուժի արդյունավետ օգտագործումն ու բնակիչների տնտեսական հնարավորությունների ընդլայնումը։
Նման նախաձեռնությունները կարևոր նշանակություն ունեն համայնքի կայուն զարգացման, բնության պահպանության և ապագա սերունդների համար ավելի կանաչ ու բարեկեցիկ միջավայր ձևավորելու գործում։
Ծառատունկի և կանաչապատման այս նախաձեռնությունը շարունակական բնույթ է կրելու՝ ընդգրկելով համայնքի այլ բնակավայրեր ևս։
Leave a Reply