Հունվարի 1-ից «Սոցիալական փաթեթ» ծրագիրը կդադարեցվի․ շահառուները կկարողանան տնօրինել կուտակված գումարներն իրենց հայեցողությամբ

Written by

in

 Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը, համաձայն որի՝ 2027 թ. հունվարի 1-ից սոցիալական փաթեթի ծրագիրը չի շարունակվի։

Սոցիալական փաթեթի շահառուները կկարողանան կուտակված միջոցները մինչև 2027 թ․ հուլիսի 1-ն օգտագործել գործող ուղղություններով, իսկ 2027 թվականի հուլիսի 1-ից հետո՝ տնօրինել սեփական հայեցողությամբ։

Նշենք, որ սոցիալական փաթեթը ներդրվել է 2012 թվականին՝ որպես պետական համակարգի աշխատողների որոշակի խմբերի վարձատրության համակարգի լրացուցիչ գործիք։ Այս համատեքստում ծրագրի ավարտը պայմանավորված է պետական ծառայողների վարձատրության համակարգում իրականացվող փոփոխություններով, ինչպես նաև սոցիալական երաշխիքների տրամադրման նոր մեխանիզմների, այդ թվում՝ առողջության համընդհանուր ապահովագրության, հանրային կառավարման ոլորտում փոխհատուցման նոր համակարգի, ատեստավորման մեխանիզմների և այլ կարգավորումների ներդրմամբ։

Նախագծերի փաթեթը սահմանված ընթացակարգով առաջիկայում կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *