ՔՊ-ի համար Սրբուհին Ժաննա դը Արկն է, մենք էլ՝ խարույկ վառողները…

Written by

in

Երեկ մի հոդված էի գրել՝ «ՔՊ-ն անցել է Սրբուհի Գալյանի փրկության օպերացիայի» վերնագրով։ Իրոք, ծիծաղելի էր. ՔՊ-ն ողջ կազմով, երևի հրաման էր ստացել, ստատուսներ էր գրում՝ «Ես աջակցում եմ Սրբուհի Գալյանին»։ Իրենք գրում, իրենք լայքում, իրենք էլ հոդվածի տակ հուզախառն կենացներ էին ասում։

Հոդվածիս տակ մի գրառում ինձ գրավեց. «Այսօր ամբողջ օրը աջակցում էին էս տիկնոջը, ասես Ժաննա դը Արկն ա, պատրաստվում են խարույկի վրա այրել»։

Իրոք, նման տպավորություն էր․ ՔՊ-ի համար Սրբուհին Ժաննա դը Արկն է, մենք էլ՝ խարույկ վառողները… Պաշտոնյաները գովերգում էին նրան՝ ուժեղ է, հայրենասեր է, կամքը չեն կարող կոտրել… Բանը հասավ այնտեղ, որ երբ մի անտեղյակ Ֆեյսբուքում հարցրեց՝ ժողովուրդ, ի՞նչ է եղել, մյուսը պատասխանեց՝ զոհվել է։
Առանց չափազանցության՝ միայն հայրենիքի համար զոհվածի մասին կարելի էր հայրենասիրական նման կենացներ ասել։ Այնպիսի մի համընդհանուր սգո-հերոսական մթնոլորտ էին ստեղծել, որ քիչ էր մնում՝ մարդ ակամա խաչակնքվեր։ Տպավորությունն այնպիսին է՝ ասես իրեն է ինչ որ բան եղել ու ՔՊ-ն պիտի մեծարի նրան, ստվերելով մահացածին։

Մտածում էի՝ սա նո՞ւյն Սրբուհի Գալյանը չէ, որ չի հիշում՝ պարգևավճարի չափը 6, թե՞ 7 միլիոն է։ Նույն Սրբուհին չէ՞, որ գլուխ էր պատով տալիս… Նույն Սրբուհին չէ՞, որի ղեկավարած կառույցում մահվան դեպքեր են արձանագրվում՝ մեկը մյուսի հետևից։

Բայց հիմա հանկարծ պարզվում է, որ ՔՊ-ի համար նա ոչ թե պաշտոնյա է, որի գործունեության մասին հարցեր կան, այլ մի կին, որին պետք է փրկել, պաշտպանել, գովերգել ու հերոսացնել։ Եվ այնքան ջանասիրաբար են դա անում, որ կարծես մոռացել են՝ ինչի առիթով է այս ամբողջ աղմուկը բարձրացել։

Ամենացավալին այն է, որ այս աղմուկի մեջ իրական ողբերգությունը երկրորդ պլան է մղվում։ Մահացած մարդու ճակատագիրը, նրա ընտանիքի ցավը, հարազատների վիշտը կարծես դառնում են ընդամենը մի անհարմար հանգամանք, որը խանգարում է Սրբուհի Գալյանի փրկության օպերացիային։

ՔՊ-ն չի ուզում, որ մարդիկ հասկանան կատարվածի լրջությունը, ցավակցել, պատասխաններ պահանջել։ Ամեն ինչ գլխիվայր են շրջում. զոհի փոխարեն՝ պաշտպանվող պաշտոնյա, ցավի փոխարեն՝ գովերգանք, պատասխանատվության փոխարեն՝ հավատարմության երդում։

Ու ստացվում է՝ ՔՊ-ն այնքան է զբաղված Սրբուհի Գալյանին խարույկից փրկելով, որ մոռացել է՝ ողբերգության մեջ ամենակարևորը ոչ թե նրան այրելն է, ոչ էլ փրկելը, այլ հասկանալը՝ ինչ է տեղի ունեցել և ով է պատասխան տալու։ Գուցե արժե հիշեցնել ՔՊ-ին, որ Սրբուհին բարեբախտաբար ողջ և առողջ է, շարունակելու է չհիշել միլիոնների չափը ու ՔՊ-ին ընդդիմացողների գլուխը պատով է տալու։ Նրան պետք է հերոսացնել։ Իսկ հերոսացման այս արշավը պատահական չէ։ Նա այս պահին ՔՊ-ի համար պարզապես նախարար չէ, այլ քաղաքական կարևոր գործիք՝ նոր Սահմանադրության գործընթացում։

Հասմիկ Բաբաջանյան

 «Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 8 անգամ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *