Ինչպես է դիաբետի ախտորոշումն ազդում մարդու հոգեբանական վիճակի վրա

Written by

in

Ինչպես է դիաբետի ախտորոշումն ազդում մարդու հոգեբանական վիճակի վրաՆոյեմբերի 14-ը Դիաբետի համաշխարհային օրն է։ Այն ևս մեկ առիթ է խոսելու դիաբետի ոչ միայն բժշկական, այլև հոգեբանական կողմի մասին։

Այս առիթով Hayacq.com-ը զրուցեց Ֆոտոթերապիայի ստուդիայի հիմնադիր, հ․գ․թ․, դոցենտ Սոնա Հարությունյանի հետ:

-Ինչպե՞ս է դիաբետի ախտորոշումն ազդում մարդու հոգեբանական վիճակի վրա։

-Դիաբետի ախտորոշումը մարդու կյանքում կարող է հոգեբանական վիճակի որոշակի փոփոխությունների պատճառ դառնալ։ Բնականաբար, յուրաքանչյուր մարդ յուրովի է արձագանքում այդ լուրին՝ կախված իր անձնային առանձնահատկություններից, կենսափորձից, տարիքից և սոցիալական միջավայրից։ Սկզբնական շրջանում կարող են առաջանալ անհանգստություն, անորոշություն, վախ ապագայի նկատմամբ կամ մտահոգություն՝ կապված կյանքի սովորական ռիթմի փոփոխության հետ։ Մարդը սկսում է մտածել, թե ինչպես է կազմակերպելու իր առօրյան։

-Ի՞նչ կապ կա սթրեսի և դիաբետի միջև։

-Ինչպես գիտենք, սթրեսը կարող է ազդել օրգանիզմի աշխատանքի վրա, այդ թվում՝ նպաստել դիաբետի զարգացմանը։ Մյուս կողմից՝ դիաբետով ապրելն ինքնին կարող է սթրեսի պատճառ դառնալ, քանի որ մարդը ստիպված է մշտապես հետևել իր առողջությանը, սննդակարգին և բուժման ռեժիմին։ Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ սթրեսն ու դիաբետը փոխադարձաբար ազդում են միմյանց վրա։

-Ի՞նչ հոգեբանական գործոնների է բախվում դիաբետով ապրող մարդը առօրյա կյանքում։

-Դիաբետով ապրող մարդը կարող է զգալ անհանգստություն, հոգնածություն, ունենալ սահմանափակվածության զգացում կամ մտահոգություն ապագայի վերաբերյալ։ Որոշ դեպքերում դժվար կարող է լինել նաև սոցիալական միջավայրում հարմարվելը, օրինակ՝ սննդի ընտրության, ճանապարհորդությունների կամ տարբեր միջոցառումների ժամանակ։ Այսպիսի իրավիճակներում շատ կարևոր են տեղեկացվածությունը, սեփական վիճակի  կառավարումը և շրջապատի աջակցությունը։

Ի՞նչ նշանակություն ունի մասնագետի՝  հոգեբանի աջակցությունը։

-Հոգեբանը կարող է օգնել մարդուն գտնել հոգեբանական անհարմարավետությունների  անհատական հաղթահարման ռազմավարություններ, պահպանել մոտիվացիան և չկենտրոնանալ միայն դիաբետի վրա։ Հոգեբանական աջակցության հիմնական նպատակն է նպաստել հոգեբանական բարեկեցությանն ու կյանքի որակի պահպանմանը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *