Երեկ՝ նոյեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վաղարշապատ քաղաքում անչափահասը անչափահասին դանակահարել է, ինչի հետևանքով վիրավորը տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները՝ բաժնի պետ Շմավոնյանի գլխավորությամբ, պարզել են, որ Էջմիածին քաղաքի բնակիչ 15-ամյա Մարիա Յ.-ի և 15-ամյա Նարե Գ.-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում, որի ժամանակ էլ Նարե Գ.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Մարիա Յ.-ին, ինչի հետևանքով վերջինը «որովայնի 1-ին պատի ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, իսկ Նարե Գ.-ն դեպքի վայրից դիմել է փախուստի։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վաղարշապատի ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, բանակցություններ են վարել Նարե Գ.-ի հարազատների հետ, ովքեր հայտնել են, որ երեխային կներկայացնեն ոստիկանություն։ Մինչ այս պահը դեռևս նրան չեն ներկայացրել։
Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին՝ հետագա ընթացքը լուծելու համար։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մարիա Յ.-ն սովորում է Էջմիածնի թիվ 2-րդ ավագ դպրոցում, իսկ Նարե Գ.-ն՝ Երևանի պետական հումանիտար քոլեջի 1-ին կուրսում։
«Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։40-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ մի աղջիկ վնասվածք է ստացել։ Նախնական տեղեկություններով՝ երկու ընկերուհիների միջև անձնական հարցերի շուրջ վիճաբանության ընթացքում 15-ամյա աղջիկը կտրող-ծակող առարկայով քերծվածքի տեսքով վնասվածք է պատճառել ընկերուհուն։
Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները պարզել են վնասվածքը պատճառած աղջկա ինքնությունը։ Նա հայտնաբերվել է։ Վնասվածք ստացած աղջկա առողջական վիճակը գնահատվել է բավարար. ստացել է առաջնային բուժօգնություն։ Դեպքի հանգամանքները պարզվում են»,- հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը։
Leave a Reply