Աստծուն տված հրամանատարի խոստումը. Խաչիկ Ասրյան

Written by

in

Հայրենիքիս, Եկեղեցուս և ժողովրդիս դեմ արտաքին թշնամու կողմից սանձազերծված բոլոր՝ 44-օրյա, Ապրիլյան և Արցախյան պատերազմներում, բոլոր մարտերում ես իմ կամավորական ջոկատների տղաներին միշտ վերաբերվել եմ ոչ թե պարզապես որպես զինվորների, այլ որպես իմ սեփական զավակների։

Ես նրանց երբեք չեմ դիտել որպես մարդկանց, որոնց պետք է միայն հրամաններ տալ։ Ես նրանց ցավը համարել եմ իմ ցավը, նրանց ճակատագիրը՝ իմ պատասխանատվությունը, նրանց կյանքը՝ ինձ վստահված սրբություն։

Ես նրանցից երբեք չեմ պահանջել այն, ինչի համար ինքս պատրաստ չեմ եղել կանգնել նրանց կողքին։ Ավելին, ես միշտ գնացել եմ նրանց առջևից։

Եվ նրանք ինձ պատասխանել են անսահման հավատարմությամբ։ Նրանք միշտ եղել են կողքիս՝ ամենածանր փորձությունների, ամենադժվար մարտերի և նույնիսկ դժոխքի միջով անցնելիս։

Հիշում եմ 44-օրյա պատերազմի առաջին օրը։

Երբ իմ հարյուր հայորդիներից բաղկացած կամավորական ջոկատով ոտք դրեցի Արցախի առաջնագիծ՝ Մարտունի 2, բոլորի ներկայությամբ իմ խոսքն ուղղեցի ԱՍՏԾՈՒՆ։

Ես բարձրաձայն ասացի.

«ՏԵ՛Ր ԱՍՏՎԱԾ, այսօր ես կրկին եկել եմ առաջնագիծ՝ Հայրենիքս, Եկեղեցիս և ժողովրդիս թշնամիներից պաշտպանելու։

Կյանքս ու մահս միշտ պատկանում են ՁԵԶ։

Ես պատրաստ եմ և՛ ապրելու, և՛ զոհվելու։ ԴՈ՛ՒՔ որոշեք։

Եվ այս պահից սկսած, եթե իմ ջոկատում պետք է զոհ լինի, խնդրում և աղաչում եմ ՁԵԶ, ՏԵ՛Ր ԱՍՏՎԱԾ, թող այդ զոհը ես լինեմ…»։

Սա իմ գիտակցված ընտրությունն էր, իմ խոստումն ու իմ աղոթքը ԱՍՏԾՈՒՆ։

Ես չէի խնդրում, որ ինձ համար հեշտ ճանապարհ բացվի։ Ես միայն աղաչում էի, որ մեզ վստահված առաջնագիծն անառիկ պահենք, և իմ ջոկատի բոլոր տղաները վերադառնան իրենց մայրերի, հայրերի, կանանց ու երեխաների մոտ։

Եվ ԱՍՏԾՈՒ կամքով մենք ողջ մնացինք…

Այսօր, երբ հետ եմ նայում անցած ճանապարհին, մի բան հաստատ գիտեմ. Հրամանատար լինելը նաև պատասխանատվություն կրելն է յուրաքանչյուր զինվորի կյանքի համար, նրա կողքին կանգնելը, նրա պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելը, նրա ցավը զգալն ու անհրաժեշտության դեպքում սեփական կյանքը վտանգի ենթարկելը։

Ես երբեք չեմ ցանկացել, որ իմ ջոկատի տղաներն ինձ հետևեն վախից։ Ես ցանկացել եմ, որ նրանք վստահեն ինձ այնպես, ինչպես վստահում են իրենց հորը։

Եվ հենց այդ վստահությունն է մեզ պահել միասին։

Սա է իմ պատասխանատվությունը՝ իմ զինակիցների, իմ Հայրենիքի, իմ Եկեղեցու, իմ ժողովրդի և գալիք սերունդների առաջ։

Սա է իմ խոստումը ԱՍՏԾՈՒՆ։

ԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *