«Խաղաղության պայմանագիրը պետք է իրական օգուտ բերի Երեւանին եւ Բաքվին»

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւն այսօր հայտարարել է, որ «խաղաղության պայմանագիրը պետք է իրական օգուտ բերի Հայաստանին եւ Ադրբեջանին, այլ ոչ թե մնա թղթի վրա»:

Ինչպես հաղորդում է Trend-ը, ելույթ ունենալով Բաքվի մշակութային եւ մեդիա երկխոսության հարթակի «Խաղաղության լեզուն եւ պայքարը ապատեղեկատվության դեմ» նստաշրջանում՝ նա նշել է, որ առաջնահերթ ուշադրություն պետք է դարձվի ժողովուրդների միջեւ վստահության վերականգնման եւ հաշտեցման հարցերին:

 

«Եկեք նայենք Բալկաններին։ 1990-ականների կեսերին այնտեղ բոլոր հակամարտությունները կարգավորվեցին, սակայն տարածաշրջանի երկրների միջեւ մինչ օրս անվստահություն գոյություն ունի», – նշել է նա:

 

Հիքմեթ Հաջիեւն ընդգծել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում «անհրաժեշտ է անկեղծորեն մոտենալ անցյալին»։

 

«Մենք չենք ջնջում այդ անցյալը, բայց նայում ենք դեպի ապագա՝ խաղաղությամբ», – հավելել է նա:

 

Trend-ը նշում է, որ այսօր Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նշել է.

 

«Մենք հետեւում ենք Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին։ Խաղաղությունը պետք է կարեւոր լինի հայկական հասարակության համար։ Ադրբեջանը պատրաստ է վերջակետ դնել այս հարցում»։ 

 

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *