«Հայաստանը ԵԱՏՄ շրջանակում որեւէ պարտավորություն չի խախտել»

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարար Արարատ Միրզոյանն այսօր ասել է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում Հայաստանն իր պարտավորությունները բարեխղճորեն է կատարել եւ ակնկալում է, որ մյուս գործընկերները եւս կկատարեն «մեր նկատմամբ իրենց պարտավորությունները»:

«Ցավոք, հակառակ օրինակներ ենք տեսնում վերջին ամիսներին»,- Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է նա:
ՀՀ արտգործնախարարի խոսքով՝ ԵԱՏՄ զեկույցը ծավալուն փաստաթուղթ է եւ Վիեննայի կոնվենցիային հղում անելը տեղին չէ։
«ԵԱՏՄ փաստաթղթերում նախատեսված չէ, որ անդամները կարող են հեռացնել կամ սառեցնել մեկ այլ անդամի մասնակցությունը։ Նման ինչ-որ բան կա Վիեննայի փաստաթղթում, բայց ներկայացված է շատ սպեցիֆիկ անկյան տակ կամ հիմնավորմամբ: Ըստ Վիեննայի փաստաթղթի՝ որպեսզի երկրին հեռացնեն միջազգային կազմակերպությունից, անհրաժեշտ է, որ գործընկերը խախտի պայմանավորվածություններն ու պարտավորությունները։ ՀՀ-ն որեւէ պարտավորություն ԵԱՏՄ շրջանակում չի խախտել եւ չի պատրաստվում խախտել», – ասել է Արարատ Միրզոյանը:
Նա նշել է, որ Հայաստանը կփորձի կառուցողական ներգրավում եւ երկխոսություն ունենալ ԵԱՏՄ մյուս գործընկերների հետ, բայց «առանցքում ունենալու ենք մեր պետականությունը».
«Հայաստանի որոշումների եւ վարքագծի առանցքում, անկախ հանգամանքներից, լինելու են երկրի անկախությունը, ինքնիշխանությունը, պետականությունը եւ ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքը։ Մենք սա սակարկության առարկա չենք դարձնելու»:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *