Դեպի Գորիս՝ անվճար․ ի՞նչ կապ ունի ուղևորափոխադրողը «Համերաշխություն» դաշինքի հետ

Written by

in

Հոկտեմբերի 25-ին «Ականատես» դիտորդական առաքելությունը ահազանգել էր, որ Գորիսի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ Երևան-Գորիս №607 երթուղով Գորիսի բնակիչների համար անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում։

Ահազանգի համաձայն՝ ուղևորներին նաև տրամադրվել են «Համերաշխություն» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Առուշ Առուշանյանի պատկերով և դաշինքի համարը պարունակող քարոզչական բուկլետներ։

Դիտորդական առաքելությունը հրապարակել էր նաև հեռախոսային ձայնագրություն, որտեղ Գորիս մեկնել ցանկացող ուղևորի հետ զրուցող տղամարդը նրան հայտնում է, որ հոկտեմբերի 25-ին տեղափոխումը լինելու է անվճար։

«Փաստերի ստուգման հարթակը» զրուցել է հեռախոսային ձայնագրության հեղինակի հետ, ինչպես նաև ուսումնասիրել, թե որ տնտեսվարողն է իրականացնում №607 Երևան-Գորիս երթուղով ուղևորափոխադրումները, և արդյոք այդ տնտեսվարողը կապ ունի Առուշ Առուշանյանի գլխավորած դաշինքի հետ։

№607 երթուղին և «Էլիտ Տուր Սյունիք»-ը

Ըստ մեր զրուցակցի՝ ձայնագրված և հրապարակված հեռախոսազրույցի հասցեատերը 077 99 06 69 հեռախոսահամարն է։

Արտապատկերումը՝ դիտորդական առաքելության էջից

Բաց աղբյուրների ուսումնասիրությամբ պարզեցինք, որ նույն հեռախոսահամարը նշված է «Էլիտ Տուր Սյունիք»-ի ֆեյսբուքյան էջի կոնտակտային տվյալներում։

«Էլիտ Տուր Սյունիք»-ի էջը 2025 թվականի նոյեմբերի 10-ին տարածել է Goris Today-ի հրապարակումը, որտեղ նշվում է, որ «Գորիս-Երևան-Գորիս 607 համարի երթուղին» սկսել է աշխատել նոր գրաֆիկով։ Նույն հրապարակման ներքևում ամրագրման համար նշված են նույն երկու հեռախոսահամարները։

«Հայաստան տեղեկատու»-ում «Էլիտ Տուր Սյունիք» ուղևորափոխադրողը ներկայացված է որպես «Վարդգես Պետրոսյան» ԱՁ։

Պետական ռեգիստրի տվյալներով որպես ԱՁ գրանցված Վարդգես Վահանի Պետրոսյանի իրավաբանական հասցեն Գորիսում է՝ ՍԱԼ ՔԱՐ Փ. 3, ՇԵՆՔ 15, հասցեով։

Վարդգես Պետրոսյանն ու «Համերաշխություն» դաշինքի ցուցակը

Վարդգես Վահանի Պետրոսյանն ընդգրկված է Գորիսի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Համերաշխություն» դաշինքի նախընտրական ցուցակում՝ №37 համարով։ Ցուցակում նրա գրանցման հասցեն ևս նույնն է՝ ՍԱԼ ՔԱՐ Փ., 3, ՇԵՆՔ, 15, ԳՈՐԻՍ։ 

 

Ցուցակում Վարդգես Վահանի Պետրոսյանն զբաղեցնում է №37 համարը։ Աշխատանքի վայրը նշված է «ԱՁ Վարդգես Պետրոսյան, տնօրեն»։

Թեկնածուի հայտարարագրում որպես գույք նշված է 10 տրանսպորտային միջոց, որոնցից 9-ը՝ միկրոավտոբուս։

Այսպիսով, FIP-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ №607 Գորիս-Երևան-Գորիս երթուղով ուղևորափոխադրումներ իրականացնում է «Էլիտ Տուր Սյունիք»-ը, որը գործում է Վարդգես Պետրոսյան ԱՁ-ով։ Վարդգես Պետրոսյանը Գորիսի ավագանու ընտրություններին մասնակցում է «Համերաշխություն» դաշինքի ցուցակով՝ №37 համարով։

Հ․Գ․ «Ականատես» դիտորդական առաքելությունը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազությանը, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին և ՀՀ ՆԳՆ ոստիկանությանը՝ կոչ անելով անհապաղ ստուգել ներկայացված տեղեկությունները, տալ համապատասխան իրավական գնահատական և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ հնարավոր ընտրախախտումները կանխելու և դրանց շարունակությունը բացառելու ուղղությամբ։

FIP-ի հարցին ի պատասխան «Ականատեսից» հայտնել են, որ իրավապահ մարմիններից դեռ արձագանք չեն ստացել։

Գայանե Մարկոսյան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *