2025 թվականի վերջին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել էր, որ 2026 թվականի աշնանը ՏԻՄ ընտրություններ են նախատեսվում Հայաստանի 46 համայնքներում։
ԿԸՀ-ն ընտրությունների համար սահմանել էր երեք հիմնական օր՝ սեպտեմբերի, հոկտեմբերի և նոյեմբերի վերջին կիրակիները։
Արդեն 2026 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանում կմեկնարկի աշնանային ՏԻՄ ընտրությունների առաջին փուլը. ընտրությունները կանցկացվեն չորս համայնքներում՝ Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է 2026 թվականի ՏԻՄ ընտրությունների առաջին փուլի առանձնահատկությունները, ընտրական իրավունքի նոր կարգավորումները, ինչպես նաև համայնքային ընտրությունների մրցակցությունը:
Մասնակցություն և ընտրական կարգ
Ընտրական օրենսգիրքը ՏԻՄ ընտրությունների համար նախատեսում է երկու ընտրակարգ՝ մեծամասնական և համամասնական։
Մեծամասնական ընտրակարգի դեպքում ընտրություններին մասնակցում են անհատ թեկնածուները։ Համայնքի ղեկավարի ընտրության դեպքում ամբողջ համայնքը մեկ միամանդատ ընտրատարածք է, իսկ ավագանու ընտրության դեպքում՝ մեկ բազմամանդատ ընտրատարածք։
Պարզ ասած՝ ընտրողը քվեարկում է ոչ թե կուսակցության ցուցակի, այլ կոնկրետ թեկնածուի օգտին։ Մինչև 4000 ընտրող ունեցող համայնքներում, բացառությամբ բազմաբնակավայր համայնքների, համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով, իսկ 4000-ից ավելի ընտրող ունեցող, ինչպես նաև բազմաբնակավայր համայնքներում ավագանու ընտրությունները՝ համամասնական ընտրակարգով։
Համամասնական ընտրակարգի դեպքում ընտրություններին մասնակցում են կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները՝ իրենց թեկնածուների ընտրական ցուցակներով։ Ընտրողը քվեարկում է քաղաքական ուժի ցուցակի օգտին, իսկ ավագանու մանդատները բաշխվում են ընտրությունների արդյունքներով։
Ընտրական օրենսգրքով համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանու թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները։
Ըստ այդմ, վերևում հիշատակված չորս համայնքներում ընտրությունները նույն ընտրակարգով չեն անցկացվելու. Լոռու մարզի Թումանյան համայնքում ընտրությունները համամասնական են։
Լերմոնտովոյում, Արզնիում և Ֆերիկում ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով։
Թումանյան․ գրանցված է միայն ՔՊ-ի ընտրական ցուցակը
Թումանյան համայնքի ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ ընտրություններին մասնակցելու համար ցուցակ է ներկայացրել միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
ՔՊ-ի ընտրական ցուցակը գլխավորում է համայնքի գործող ղեկավար Սուրեն Թումանյանը։ Նա նախորդ՝ 2021 թվականի ՏԻՄ ընտրություններին մասնակցել էր ոչ թե ՔՊ-ի, այլ «Հանրապետություն» կուսակցության ցուցակով։
2026 թվականին իրավիճակը փոխվել է․ Սուրեն Թումանյանը գլխավորում է արդեն կառավարող ուժի ցուցակը, իսկ ընտրություններին այլ կուսակցական ցուցակ չի մասնակցում։
Նախորդ ընտրություններում՝ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին տվյալները եղել են այսպիսին.
- Ընտրողների ընդհանուր թիվը՝ 5041
- Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 3509
Այստեղ հայտնաբերեցինք մեկ ուշագրավ հանգամանք․ հաշվառված ձայների թիվը իրար գումարելիս քվեարկության մասնակիցների ընդհանուր թվից 1-ով պակաս թիվ ենք ստանում։ ԿԸՀ-ից հայտնեցին, որ այդ ժամանակ գործող ընտրական օրենսգրքի համաձայն՝ ավելորդ գրառում պարունակող քվեարկության ծրարի դեպքում քվեաթերթիկը ծրարից չի հանվում, քվեարկության ծրարը դրանում գտնվող քվեաթերթիկի հետ անհապաղ մարվում է: Ըստ ԿԸՀ-ի այդ մեկը հենց մարված քվեաթերթիկ է եղել։ Նույն անհամապատասխանությունը կտեսնենք Լերմոնտովոյի արդյունքներում ևս։
Լերմոնտովո․ գործող համայնքապետը շարունակում է ղեկավարել համայնքը
Լոռու մարզի Լերմոնտովոյում ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով։
Համայնքի գործող ղեկավարը Էդիկ Չախալյանն է։
Ըստ ԿԸՀ-ի՝ համայնքի ղեկավարի ընտրությունում Չախալյանը միակ առաջադրված թեկնածուն է, իսկ ավագանու հինգ տեղի համար առաջադրվել է վեց թեկնածու։
Նախորդ ընտրություններում՝ 2021 թվականի նոյեմբերի 14-ին տվյալները եղել են այսպիսին.
- Ընտրողների ընդհանուր թիվը՝ 679
- Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 196
Ֆերիկ․ վեց թեկնածու՝ ավագանու հինգ տեղի համար
Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում ևս ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով։
Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ ավագանու հինգ տեղի համար առաջադրվել է վեց թեկնածու։
Ֆերիկում համայնքի ղեկավարի հերթական ընտրություն անցկացվել էր 2024 թվականի հոկտեմբերի 20-ին։
Միակ ինքնառաջադրված թեկնածուն Ռուստամ Հասանյանն էր։
Ավագանու անդամի և համայնքի ղեկավարի ընտրությունների տարբեր տարիներին լինելը պայմանավորված է նրանով, որ մինչև 4000 ընտրող ունեցող համայնքներում համայնքի ղեկավարն ու ավագանին առանձին են ընտրվում, և նրանց լիազորությունների ավարտը կամ արտահերթ ընտրության անհրաժեշտությունը կարող են տարբեր ժամանակ առաջանալ։
Նախորդ ընտրություններում՝ 2021 թվականի հոկտեմբերի 17-ին տվյալները եղել են այսպիսիսն․
- Համայնքի ավագանու անդամի ընտրություններ՝
- Ընտրողների ընդհանուր թիվը՝ 269
- Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 77
Համայնքի ղեկավարի ընտրություններում՝ 2024 թվականի հոկտեմբերի 20-ին տվյալները եղել են այսպիսին.
- Համայնքի ղեկավարի ընտրություններ՝
- Ընտրողների ընդհանուր թիվը՝ 263
- Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 91
Արզնի․ 17 թեկնածու՝ ավագանու ինը տեղի համար
Կոտայքի մարզի Արզնի համայնքում ընտրություններն անցկացվելու են մեծամասնական ընտրակարգով։ Ըստ հրապարակված տվյալների՝ ավագանու ինը տեղի համար առաջադրվել է 17 թեկնածու։
Այսպիսով, եթե համեմատենք սեպտեմբերի 27-ի մեծամասնական ավագանու ընտրությունները, Արզնիում թեկնածուների թվով մրցակցությունն ավելի մեծ է՝ 17 թեկնածու ինը տեղի համար, մինչդեռ Ֆերիկում և Լերմոնտովոյում հրապարակված տվյալներով վեցական թեկնածու է պայքարում հինգական տեղի համար։
Համայնքի ավագանու ընտրություններում՝ 2021 թվականի նոյեմբերի 14-ին տվյալները եղել են այսպիսին.
- Համայնքի ավագանու անդամի ընտրություններ՝
- Ընտրողների ընդհանուր թիվը՝ 2 052
- Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը ՝ 521
Համայնքի ղեկավարի ընտրություններում՝ 2023 թվականի հոկտեմբերի 29-ին տվյալները եղել են այսպիսին.
- Համայնքի ղեկավարի ընտրություններ՝
- Ընտրողների ընդհանուր թիվը՝ 2 136
- Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 1 164
Քանի՞ ընտրող կա
Ընտրական գործընթացի սկզբնական փուլում հրապարակված՝ ԿԸՀ-ի սեպտեմբերի 21-ի տվյալներով՝
- Ֆերիկում՝ 250 ընտրող,
- Լերմոնտովոյում՝ 725,
- Թումանյանում՝ 4953,
- Արզնիում՝ 2344։
Փոխվել են ընտրելու իրավունքի պայմանները
Սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրությունները նաև առաջին ընտրական գործընթացներից են, որոնց ժամանակ գործում են 2026 թվականի ամռանը Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները։
Նոր կարգավորմամբ ՏԻՄ ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացին, որպես ընդհանուր կանոն, պետք է ոչ միայն առնվազն վեց ամիս հաշվառված լինի տվյալ համայնքի բնակչության ռեգիստրում, այլև քվեարկության օրվան նախորդող 48-րդ օրվա դրությամբ դրան նախորդող 730 օրվա ընթացքում առնվազն 366 օր փաստացի գտնված լինի Հայաստանում։ Օրենքը սահմանում է նաև առանձին բացառություններ և հատուկ դեպքեր։
ԱԺ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ փաստացի գտնվելու ժամկետի հաշվարկում նախատեսվել են նաև բացառություններ, օրինակ՝ հանրային ծառայության շրջանակում ծառայողական նպատակներով արտերկրում գտնվողների, դիվանագիտական ծառայություն իրականացնող անձանց ընտանիքի անդամների և արտերկրում բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների համար։
ՆԳՆ-ն սեպտեմբերի 18-ի հաղորդագրությամբ ևս հատուկ հիշեցրել է նոր պահանջի մասին։
Ավելին՝ նախարարությունը նշում է, որ ընտրական տեղամասի հասցեում հաշվառված, սակայն Հայաստանում փաստացի գտնվելու նոր պահանջը չբավարարելու պատճառով ընտրացուցակից դուրս մնացած անձանց համար օրենսգրքով նախատեսված է լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու համար դիմելու ընթացակարգ։
Սա նշանակում է, որ հուլիսին ընդունված փոփոխությունը սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ արդեն գործնական ազդեցություն ունի ընտրողների ցուցակների ձևավորման վրա։
Ընտրելու իրավունքի նոր պայմանը վիճարկվում է Սահմանադրական դատարանում
Ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի սահմանադրականության հարցը նաև հասել է Սահմանադրական դատարան։
ՍԴ պաշտոնական ժամանակացույցի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա քննվելու է Ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի և «Հանրաքվեի մասին» օրենքի 3-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։
Գործի քննությունը նշանակված է 2026 թվականի դեկտեմբերի 22-ին՝ գրավոր ընթացակարգով։
Այսինքն՝ սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրությունները կանցկացվեն նոր կանոնի կիրառմամբ՝ մինչև Սահմանադրական դատարանի կողմից դրա սահմանադրականության հարցի քննությունը։
Քարոզարշավը
Քարոզարշավի ժամկետները ևս տարբեր են՝ պայմանավորված ընտրակարգերով։
Թումանյան համայնքում համամասնական ընտրությունների քարոզարշավը սկսվել է սեպտեմբերի 2-ին, իսկ Լերմոնտովոյի, Արզնիի և Ֆերիկի մեծամասնական ընտրությունների քարոզարշավը՝ սեպտեմբերի 7-ին։
Բոլոր չորս համայնքներում քարոզարշավն ավարտվում է սեպտեմբերի 25-ին։
ԿԸՀ-ն նաև հիշեցրել է ընտրական օրենսդրությամբ սահմանված քարոզչական սահմանափակումների մասին։
Ամփոփում
Սեպտեմբերի 27-ին մեկնարկող ՏԻՄ ընտրությունների առաջին փուլը չորս համայնքներում տարբեր պատկեր ունի։
Թումանյանում ընտրությունները համամասնական են, սակայն գրանցված է միայն մեկ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը։
Լերմոնտովոյում, Ֆերիկում և Արզնիում ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով։ Հրապարակված տվյալներով՝ Լերմոնտովոյի համայնքապետի ընտրությունում կա մեկ թեկնածու։
Միաժամանակ այս ընտրությունները անցկացվելու են ընտրական իրավունքի վերաբերյալ նոր կարգավորման պայմաններում․ ընտրողների մի մասի համար կիրառվում է վերջին 730 օրվա ընթացքում Հայաստանում առնվազն 366 օր փաստացի գտնվելու պահանջը։
Թե նոր սահմանափակման պատճառով քանի մարդ է իրականում դուրս մնացել սեպտեմբերի 27-ի ընտրությունների հիմնական ընտրացուցակներից, հրապարակված պաշտոնական տվյալներից պարզ չէ։ Այդ ցուցանիշը կարող է դառնալ այս ընտրությունների վերաբերյալ առանձին ուսումնասիրության կարևոր թեմա։
Արեն Նահապետյան
Leave a Reply