Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, խոսելով պաշտոնյաների ու հանրային ծառայողների աշխատավարձերի փոփոխության նախապատմությունից, նշել է, որ վերջին շրջանում պետական աշխատողների աշխատավարձերը մասնավոր հատվածից զգալիորեն ցածր էին․
«Դա պահանջում էր պայմաններ ստեղծել ու պետական համակարգ ներգրավել որակյալ մասնագետների: Ուսումնասիրեցինք աշխարհի փորձը, որոշեցինք խրախուսման պիլոտային համակարգ ներդնել, որը թույլ կտար գնահատել աշխատողների անելիքն ու չափելի արդյունքները: Այս համակարգի հիմքում բուն աշխատավարձն է ու լրավճարը՝ ըստ գրանցած հաջողության»:
https://www.youtube.com/watch?v=c4sCg5vKH-0
Խոսելով համակարգի հահակոռուպցիոն նշանակությունից՝ վարչապետի տեղակալը հստակեցրել է, որ իր գործն ու պարտականությունն անելու համար պաշտոնյան պետք է ապավինի ոչ թե նվերների, այլ՝ պետական աշխատավարձի․
«Սա ժամանակի ընթացքում նաև մտածողության փոփոխություն է պահանջելու․ խոսքը 10-յակ հազարավոր մարդկանց մասին է»:
Խաչատրյանի պարզաբանմամբ՝ գումարային ֆոնդը հատկացվելու է տվյալ գերատեսչությանը, որն էլ այն կբաշխի աշխատողների միջև․ «Առաջ, գլխացավանքից հեռու, այդ գումարը հավասարաչափ էր բաշխվում աշխատակիցների միջև, ու լավ աշխատողի մոտ անարդարության զգացում ու մոտիվացիայի կորուստ էր առաջանում: Դրա համար ենք ներդնելու անհատական աշխատանքի կարգավորման մեխանիզմը: Գերատեսչության ղեկավարը պետք է ըստ այդմ պարզաբանի՝ ինչու է այս աշխատողին այսքան վարձատրել, մյուսին՝ այնքան»:
Հարցին՝ ինչպես է չափվելու պատգամավորի աշխատանքի արդյունավետությունը, փոխվարչապետն արձագանքել է․ «Դա չենք կարող անել․ ուրիշ կարգավորում ենք կիրառելու — գործադիրի հաջողությունները տարածվելու են նաև օրենսդրի վրա»:
Խաչատրյանը կարևորել է ընդդիմադիր պատգամավորների թիրախային հարցադրումները, առանց որոնց, ըստ նրա, անհնար կլինի Կառավարության աշխատանքի բարելավումը: Հարցին՝ վտանգ չկա՞, որ գերատեսչությունները, սովետական շրջանի «հնգամյակը 2 տարում» ֆորմատի կեղծ ցուցանիշներ կներկայացնեն, պաշտոնյան պատասխանել է․ «Կարող է նման գայթակղություն լինել, բայց չափելիության աստիճանի բարձր սահմանման դեպքում դա անհնար կդառնա»:
Leave a Reply