«Պրիմավերա ֆաունդեյշն» բարեգործական հիմնադրամի և Կապանի արվեստի պետական քոլեջի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում Կապանի արվեստի պետական քոլեջի երգեհոնային դահլիճում նոյեմբերի 23-ին դասական երաժշտության համերգ էր: Հանդիսականն այս անգամ վայելեց դաշնամուրային երաժշտություն: Մենահամերգով հանդես եկավ ռուսական դաշնամուրային դպրոցի ամենավառ ներկայացուցիչներից մեկը՝ Չայկովսկու անվան միջազգային մրցույթի հաղթող և «Գրան պրի» մրցանակի դափնեկիր Դմիտրի Մասլեևը:
Մինչ համերգը սկսվելը «Պրիմնավերա ֆաունդեյշն» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ելենա Յակովլևնան տեղեկացրեց, որ Կապանը Դմիտրի Մասլեևի համերգային շրջագայության վերջին հանգրվանն է, մինչ այդ նա հանդես էր եկել Վարդենիսում, Դիլիջանում, Երևանում:
Վիրտուոզ դաշնակահարը կատարեց ռուս կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովի դաշնամուրային ստեղծագործություններից՝ «Վարիացիաներ Կորելիի թեմայով»,«Պրելյուդներ», «Էտյուդ-պատկերներ» և այլն:
Վերջում դաշնակահարի նվագակցությամբ հանդես եկավ ջութակահարուհի Վիկտորյա Ուլիխանյանը, ով հնչեցրեց իր հեղինակային «Դեղձանիկի երգը» ստեղծագործությունը:
Համերգի ավարտին Կապանի արվեստի պետական քոլեջի տնօրեն Աշոտ Խաչատրյանը երախտագիտություն հայտնեց «Պրիմավերա ֆաունդեյշն» բարեգործական հիմնադրամի տնօրեն Ելենա Յակովլևնային՝ այն գեղագիտական հաճույքի համար, որ պատճառեց Դմիտրի Մասլեևի մենահամերգը: Նաև համոզմունք հայտնեց, որ քոլեջի և բարեգործական հիմնադրամի միջև համագործակցությունն առաջիկայում նոր դրսևորումներ կունենա:
Վահրամ Օրբելյան
Leave a Reply