Blog

  • Էմանուել Մակրոնի այցի ժամանակ Դամասկոսում պայթյուններ են տեղի ունեցել

    Դամասկոսի կենտրոնում հուլիսի 7-ի առավոտյան տեղի ունեցած պայթյունների մասին հաղորդագրություններից հետո Ելիսեյան պալատը հայտարարել է, որ այնտեղ գտնվող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անվտանգ է։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

    Գործի է դրվել երկու պայթուցիկ սարք, մի քանի մարդ վիրավորվել է։

    Սիրիայից հետո Մակրոնը պատրաստվում է մեկնել Թուրքիա՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար։

    Մակրոնը ԵՄ առաջին ղեկավարն է, որ Սիրիա է այցելում 2024 թվականին Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից հետո։ Սա նաև Ֆրանսիայի նախագահի առաջին այցն է Սիրիա վերջին 17 տարվա ընթացքում։

  • «Ասում է՝ ինչո՞ւ ստեղծեմ, ԱԱԾ-ին կհանձնարարեմ կուլակաթափ կանի, ամեն ինչ կունենամ»․ Սոֆյա Հովսեփյան

    ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ասում է. «ինչո՞ւ չարչարվեմ, ստեղծեմ, էն է ԱԱԾ-ին կհանձնարարեմ կուլակաթափ կանի, ու ես ամեն ինչ կունենամ»: 

    Փաստորեն Սաշիկի 50-50-ը էլ մոդա չի, արդեն 100% զավթում ենք, ու կեցցե նիկոլը:

    Չէ, բայց հետաքրքիրն էն է, որ շատերն ուրախության մեջ են` մի ծափ ու ծիծաղ, մի քննադատություն, մի լպիրշություն, խի՞ պտի ունենա, խի՞ պտի պահի և այլն:

    Իսկ ինչո՞ւ չպիտի ունենա և կամ իմ կյանքում ի՞նչ բացասական դեր էր կատարում իր ունենալը: 

    ՈՉ մի: 

    Ասում են «գազանանոցում կենդանիներն ինչ օրի են, իսկ իր կենդանիները … բլա՜-բլա՜- բլա՜»։ Է հա՜, մարդը խնամում էր, հո պետության նման չի՞ վերաբերվում, ոսկորներն ու կաշիներն են մնացել սովագար, կեղտոտ կենդանիներից: Հիմա սրանք էլ են նույն օրի հասնելու, ձեզ թվում է ի՞նչ է լինելու, նույնը, ինչ մյուս կենդանիների հետ` հազիվ պոչը քարշ տալով: 

    Ի դեպ, ոնց կենդանիներին է տիրություն անում, այդպես էլ ժողովրդին, կիսասոված կամ օրերով սոված հազարավոր ընտանիքներ կան, ով է տերը: Կարևորը լիքը շոու եղավ, վայ-վա՜յ, վույ-վու՜յ, վաշ-վի՜շ, վաշ-վի՜շ…»։

  • Նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել

    Նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացելԱյս պահին ցավով կարող ենք հաստատել, որ նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն արձանագրված է հերձման ակտով) քնեցումից չի արթնացել, հայտնում են Կենդանաբանական այգուց։

    «Կենդանու օրգան համակարգերը եղել են ախտահարված` փայծախը, լյարդը, թոքերը, սիրտը, լեղապարկում խոլեցիստիտային փոփոխություններ, առկա է ճարպակալում, որովայնի խոռոչում առկա է ազատ հեղուկ` ինչը տարիքային փոփոխությունների հետևանք է»,-ասված է հայտարարության մեջ։

  • Իշխանությունն անցել է նախընտրական խոստումների կատարմանը, չի բացառվում հասնի կուսակցությունների գործունեության արգելմանը. Աբրահամյան

    Իշխանությունն անցել է նախընտրական շրջանում տված խոստումների կատարմանը, սակայն ոչ թե երկրի բարեկեցության և անվտանգության ապահովման, այլ իր տեսակետները չկիսող անձանց մեկուսացման ուղղությամբ։

  • ԵԱԶԲ–ն 120 մլն դոլար վարկ կտրամադրի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին








    Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին 120 մլն դոլար վարկ կտրամադրի։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։

    ԵԱԶԲ ֆինանսավորումը կուղղվի կոմբինատի արտադրական հզորությունների ընդլայնման նախագծի իրականացմանը:

     

    Բանկից նշում են, որ վարկային պայմանագիրը և համաձայնագիրը ԵԱԶԲ–ի տարեկան ժողովի և գործարար համաժողովի շրջանակում ստորագրել են ԵԱԶԲ–ի ավագ գործադիր տնօրեն Սերգեյ Իգնատովը և ԶՊՄԿ–ի ֆինանսական տնօրեն Նիկոլայ Վեդենինը:

     

    «Ֆինանսավորումը կօգտագործվի արտադրական ցիկլի արդյունավետությունը բարելավելու նախագծի իրականացման համար։ Սա արտացոլում է ԵԱԶԲ-ի հիմնական գործունեություններից մեկը՝ մասնակցությունը տարածաշրջանում արդյունաբերական արդիականացման երկարաժամկետ ֆինանսավորմանը՝ հիմնվելով առկա ենթակառուցվածքների վրա»,– ասել է Իգնատովը։

     

    Վեդենինն էլ նշել է, որ համաձայնագիրը կարևոր քայլ կլինի գործառնական արդյունավետության բարձրացման, տեխնիկական վերազինման և արտադրության երկարաժամկետ կայունության ուղղությամբ:

    Նշենք, որ Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) ներդրումային գործունեություն է իրականացնում եվրասիական տարածքում: Արդեն 20 տարի է` ԵԱԶԲ-ն աջակցում է անդամ երկրների տնտեսական կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը և համակողմանի զարգացմանը: 2025 թվականի դեկտեմբերի վերջին ԵԱԶԲ-ի կուտակված պորտֆելում կա 326 նախագիծ, որոնց ընդհանուր ներդրումը կազմում է 19,6 մլրդ դոլար։ ԵԱԶԲ-ի պորտֆելում հիմնական մասնաբաժինը զբաղեցնում են ինտեգրացիոն ազդեցություն ունեցող նախագծերը տրանսպորտային ենթակառուցվածքի, թվային համակարգերի, կանաչ էներգետիկայի, գյուղատնտեսության, արդյունաբերության և մեքենաշինության ոլորտներում: Բանկն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներով և սկզբունքներով:




  • Նարեկ Կարապետյանը վերցնելու է պատգամավորական մանդատը

    «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը, անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին և ընտրությունների արդյունքներին, հայտարարեց, որ իրենք չեն ընդունել ընտրությունների արդյունքները, սակայն պայքարը միայն փողոցային ձևաչափով չեն պատկերացնում։

    «Ընտրությունների արդյունքները չընդունելը միայն փողոցով չի լինում»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

    Միաժամանակ Կարապետյանը շեշտեց, որ փողոցային պայքար, այնուամենայնիվ, լինելու է։

    «Փողոցային պայքար անպայման լինելու է՝ մեկ անգամ և վերջնական»,- նշեց նա։

    Կարապետյանը նաև հաստատեց, որ Նարեկ Կարապետյանը անձամբ վերցնելու է պատգամավորական մանդատը։

  • Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվեն քննության առարկա. ՔԿ

    Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվեն քննության առարկա: Այս մասին 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:

    Երևանի կենդանաբանական այգին տեղեկացրել էր, որ նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը սատկել է։ Կենդանու մահը վրա է հասել քնեցման ընթացակարգից հետո։ Ըստ այգու՝ առյուծը ունեցել է մեծ տարիք և մի շարք ուղեկցող հիվանդություններ, որոնք հաստատվել են հերձման արդյունքում։

    Հերձման տվյալներով՝ կենդանու մոտ արձանագրվել են ներքին օրգանների ախտահարումներ՝ փայծաղի, լյարդի, թոքերի և սրտի հետ կապված խնդիրներ, ինչպես նաև լեղապարկի փոփոխություններ, ճարպակալում և որովայնի խոռոչում հեղուկի առկայություն։

    Նախօրեին տեղեկացրել էինք, որ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Կենդանաբանական այգի:

  • Ուկրաինայում կարգավորումը շատ ավելի մոտ է, քան մարդիկ պատկերացնում են. Թրամփ

    Սպիտակ տանը մամուլի ասուլիսում ԱՄՆ նախագահն անդրադարձել է Ուկրաինային: Նրա խոսքով՝ կարգավորումը շատ ավելի մոտ է, քան մարդիկ պատկերացնում են:

    «Նախագահ Պուտինը ցանկանում է, որ պատերազմն ավարտվի, վստահեցնում եմ։ Լավ զրույց ենք ունեցել նախագահ Զելենսկու հետ, նա նույնպես ցանկանում է, որ այս ամենն ավարտվի։ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում կքննարկենք այդ հարցը»,- հավելել է Դոնալդ Թրամփը:

    Նա հայտնել է, որ իր տեղեկությամբ՝ զոհերի թիվն աճում է, մեկ ամսում զոհվել է 36000 մարդ: ԱՄՆ նախագահի խոսքով՝ մարտի դաշտում այժմ վճռորոշ դեր ունեն ԱԹՍ-ները:

    Վոլոդիմիր Զելենսկին էլ հայտարարել է, որ պատերազմի ելքը որոշվելու է երկնքում:

    «Երբ ոչ թե հարյուրավոր, այլ հազարավոր անօդաչու թռչող սարքեր թռչեն դեպի Մոսկվա, Պուտինն ամեն ինչ կհասկանա»,- շեշտել է Ուկրաինայի նախագահը: Նրա խոսքով՝ ուկրաինական ուժերին հաջողվում է պահել ռազմաճակատը և ճնշել Ռուսաստանին ծովում, իսկ առաջնագիծը դարձել է երկինքը, և օդում Ուկրանան շատ ավելի մրցունակ է: Միևնույն ժամանակ, Զելենսկին մտահոգություն է հայտնել, որ հակաօդային պաշտպանության խնդիր ունեն:

    Ռուսաստանի նախագահի օգնականն էլ տեղեկացրել է, որ Սպիտակ տան բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները շուտով կմեկնեն Մոսկվա։ Ըստ Յուրի Ուշակովի՝ Թրամփը պատրաստ է ազդել Արևմուտքի և Կիևի վրա՝ հակամարտությունը լուծելու համար:

    Դիվանագիտական ջանքերին զուգահեռ շարունակվում են ռազմական գործողությունները: Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է գիշերը ուկրաինական 452 ԱԹՍ խոցելու մասին: Թիրախում են եղել Վորոնեժի, Վոլգոգրադի, Կալուգայի, Օրյոլի, Ռոստովի, Ռյազանի, Մոսկվայի և այլ մարզեր, Ղրիմը: Բելգորոդում հայտնի է տուժածների մասին: Նաև տեղեկություններ կան, որ հարված է հասցվել «Գազպրոմի» մասնաճյուղերից մեկին:

  • Գագիկ Ծառուկյանի՝ քնեցված առյուծներից մեկը չի արթնացել

    Գագիկ Ծառուկյանի՝ քնեցված առյուծներից մեկը չի արթնացել, գրում է «Փաստինֆոն»։

    «Ծառուկյանի ընդունելությունների տնից տեղափոխելու համար առյուծներին քնեցնելը վտանգավոր հետևանքներ է ունեցել։ Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ քնեցված առյուծներից մեկը չի արթնացել»,–գրում է կայքը։

    Երևանի քաղաքապետարանից @ArmeniaSputnik–ի հարցման ի պատասխան ասացին, որ նման ինֆորմացիայի չեն տիրապետում, և որ քննչական գործողություններ են կատարվում, ավել ինֆորմացիա չեն կարող տրամադրել։

     

    Կենդանաբանական այգու մամուլի խոսնակը «Փաստինֆոյի» հետ զրույցում հրաժարվել է հերքել կամ հաստատել տեղեկությունը՝ ուղղորդելով Երևանի քաղաքապետարան։

  • Կասեցվել է Վանաձորում գործող լցակայանի հեղուկ գազի վաճառքը – ԱՄԲԻՈՆ NEWS

    ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական գործողություններ է իրականացրել հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ԱՆՆԱ ՕՀԱՆՅԱՆ ԼՅՈՎԱՅԻ» Ա/Ձ-ին պատկանող լցակայանում (ՀՀ Լոռու մարզ, Վանաձոր, Դեմիրճյան 1)։

    Ստուգմամբ պարզվել է, որ շահագործվում են չստուգաչափված չափիչ միջոցներ, ինչի հետևանքով կասեցվել է հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքը մինչև խախտումների վերացումը։

    Ընկերության տնօրենին հանձնարարվել է սահմանված ժամկետում վերացնել խախտումը։ Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը Օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։