«Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամի «Սերունդ» ծրագիրը հոկտեմբերի 17-ին Ստեփանավանում իր առաջին ծնողական համաժողովն է անցկացրել։ «Կրթական իրականություն. հնարավորություն, մարտահրավեր, հեռանկար» խորագրով համաժողովին մասնակցել են 10-ից ավելի համայնքների «Սերունդ» ծրագրի գործընկեր և ոչ գործընկեր դպրոցների 283 աշակերտների 113 ծնողներ։
Համաժողովը միտումնաբար իրականացվել է դպրոցական միջավայրում՝ նպատակ հետապնդելով դիրքավորել դպրոցը հիրավի որպես համայնքային կենտրոն և դպրոցում ծնողի ներգրավվածությունը տեղափոխել այլ հարթություն։
«10-ից ավելի քաղաքների՝ գործընկեր և ոչ գործընկեր դպրոցների ծնողների ներկայությունն ու պատրաստակամությունը՝ ստանալու նոր գիտելիքներ գիտակից ծնողավարության մասին չափազանց կարևոր ցուցիչ է և նախադեպ է ստեղծում թեմաների արդիականության մասին նրանց մոտեցումների արտահայտման հետ մեկտեղ։ Մարդիկ, այդ թվում նաև սակավաթիվ հայրիկ ծնողները, լսելու, խորհրդակցելու ու սովորելու անհագուրդ ցանությամբ էին եկել շաբաթ առավոտյան դպրոց։ Ծնողական համաժողովը ծրագրի տրամաբանական հաջորդ քայլն է. «Սերունդ»-ը ծնողներին դարձնում է կրթական փոխակերպումների կարևոր գործընկերներ-պահանջատեր»,– նշել է «Հայաստանի կրթական նախաձեռնության» համակարգային նորարարությունների գծով տնօրեն Ալեքսանդր Պլատո Հակոբյանը, որն իր ողջույնի խոսքով բացեց անդրանիկ ծնողական համաժողովը Լոռու մարզում։
Համաժողովի աշխատանքներն ընթացել են երկու թեմատիկ հոսքով. «Փոխհարաբերություններ և կրթություն» հոսքում «Սերունդ» ծրագրի ղեկավար Անի Մկրտչյանը ծնողների հետ քննարկել է ծնողավարման չորս ոճերը, առանց նախապայմանների սերն առ երեխաներ և հարգանքով սահմանված կանոնների հավասարակշռությունը, երեխայի ինքնավար մոտիվացիայի հիմքերը՝ կարողությունը, ինքնավարությունը և պատկանելությունը։
«Տեխնոլոգիաներ և կրթություն» հոսքում թվային գրագիտության և թվային ծնողավարության փորձագետ Արփինե Գրիգորյանն անդրադարձել է էկրանային ժամանակին և բովանդակության ընտրությանը տարբեր տարիքներում, երեխային տեխնոլոգիաները ներկայացնելուն, առողջ ու անվտանգ սովորություններ ձևավորելուն, տեխնոլոգիաների կրթական հնարավորություններին ու ռիսկերին, ծնող-դպրոց թվային հաղորդակցությանը:
«Սերունդ» ծրագիրը մեկնարկել է 2020-ին՝ մեկ փորձնական դպրոցով: 2025–2026թթ․ այն իրականացվել է Լոռիում, Վայոց ձորում և Երևանում՝ 1,810 աշակերտով ու 135 ուսուցչով: 2026 թվականի մայիսի ամփոփիչ գնահատմամբ Ծրագրի ներդրմամբ առաջին տարում դպրոցները 22% ընդհանուր ակադեմիական աճ են գրանցել, 30%՝ գրագիտության, 31%՝ թվաբանական հմտությունների աճ: Այժմ «Սերունդ» ծրագիրը գործում է 9 մարզերի 13 դպրոցներում։
«Հայաստանի կրթական նախաձեռնություն»-ը նպաստում է կրթության համակարգային փոփոխություններին։ Կազմակերպության հիմնական ծրագրերն են «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի», «Սերունդ», «Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական ծրագիրը, ուսուցիչների որակավորման 30 կրեդիտի ծրագիրը, «Կայծ» սոցիալական նորարարության ինկուբատորը և Հանրային քաղաքականության լաբորատորիան։
Leave a Reply