Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի ներկայացուցիչները Եվրասիական միջկառավարական խորհրդում ներկայացրել են զեկույց Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամակցության կասեցման հնարավոր հետեւանքների վերաբերյալ։
Զեկույցը ներառում է տեղեկություններ Հայաստանի կողմից Եվրամիությանն անդամակցելուն ուղղված ձեռնարկված քայլերի, ինչպես նաեւ ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի իրավական կարգավորումների համատեղելիության վերլուծության վերաբերյալ։ Մասնավորապես, ուսումնասիրվել են ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից բխող պարտավորությունները եւ Եվրամիությանն անդամակցելու հետ կապված պարտավորությունները։
Զեկույցում ներկայացված են նաեւ իրավական մեխանիզմներ, որոնք կոչված են կանխելու ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի որոշման հետեւանքով առաջացող ռիսկերը, ինչպես նաեւ գնահատականներ են տրված ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հնարավոր հետեւանքներին։ Զեկույցը կփոխանցվի ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարներին։
Զեկույցում նշվում է, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին հետագա անդամակցության կարգավիճակը հարցեր է առաջացնում կազմակերպության շրջանակում՝ հաշվի առնելով Եվրամիությանն անդամակցելուն ուղղված Երեւանի քայլերը։
«Գործնական տեսանկյունից՝ ազգային իրավական ակտերով «եվրոպական չափանիշների» ներդրումը մաքսային ոլորտում ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունը պահպանելու պայմաններում պարունակում է ԵԱՏՄ միասնական մաքսային տարածքի ամբողջականության խախտման ռիսկեր»,- նշվում է զեկույցում։
Leave a Reply