Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2026 թվականի նոյեմբերի 5-ի որոշումը, որով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 3 ամսով, հերթական անգամ ի ցույց դրեց հայաստանյան իրավապահ ու դատական համակարգի խորքային խնդիրները:
Ինչպես դատական որոշման հրապարակումից առաջ լրագրողների հետ զրույցում ընդգծել էր փաստաբան Երեմ Սարգսյանը, մյուս մեղադրյալների վերաբերյալ նմանատիպ ակտերից հետո ակնհայտ էր, որ դատարանը կիրառելու է նույն ձևական ու կանխորոշված մոտեցումը: Չնայած պաշտպանական կողմի հիմնավոր պահանջին՝ կալանքի հարցը քննարկել բացառապես անհատական ու առարկայական հիմքերով, դատական ատյանը իսպառ անտեսեց իրավական այն հիմնարար սկզբունքը, ըստ որի՝ ազատության մեջ մնալու դեպքում քննությանը խոչընդոտելու վտանգի առկայությունը պարտավոր է հիմնավորել մեղադրանքի կողմը կամ մատնանշել դատարանը, այլ ոչ թե պաշտպանությունը ենթադրություններ անի գոյություն չունեցող հիմքերի շուրջ: Սա ոչ այլ ինչ է, քան արդարադատության համակարգի գործիքավորում՝ սեփական ընդդիմախոսներին լռեցնելու և քաղաքական դաշտը միանձնյա վերահսկելու նպատակով: Երբ իշխանության ղեկին գտնվող սուբյեկտի յուրաքանչյուր քմահաճույք վեր է ածվում չգրված օրենքի, իսկ դատական համակարգը վերածվում է սովորական կատարողական մարմնի, իրավունքի գերակայության մասին խոսակցություններն ստանում են զուտ ֆորմալ բնույթ: Այսօրինակ համակարգերում հակաիշխանական հայացքներ ունենալն ու սեփական դիրքորոշումն ապացուցելը բավարար պայման են դառնում, որպեսզի քաղաքական գործիչն ու նրա շուրջ ձևավորված թիմը հայտնվեն տեղեկատվական ու իրավական ճնշումների կենտրոնում:
Մեխանիզմն աշխատում է պարզունակ, բայց հաստատուն տեխնոլոգիայով. նախ՝ վերահսկելի մեդիառեսուրսների միջոցով գործի է դրվում հանրային վարկաբեկման մեքենան, իսկ այնուհետև՝ անհեթեթ ու շինծու մեղադրանքներով, առանց որևէ իրավական ու բարոյական նշույլի, մարդկանց ամիսներով կամ տարիներով պահում են անազատության մեջ: Կալանքը, որն, ըստ օրենքի տառի ու ոգու, պետք է լինի խիստ բացառիկ ու ծայրահեղ միջոց, վերածվել է պատժիչ գործիքի՝ փաստացի փոխարինելով դատավճռին: Երբ չկան հիմնավոր փաստեր, երբ պաշտպանական կողմը դատարանում հատ առ հատ ջախջախում է առաջադրված վարկածները, իսկ որոշումը միևնույն է մնում է անփոփոխ, դա այլևս իրավաբանություն չէ. դա մեկ անձի քաղաքական կամքի կատարում է:
Այնուամենայնիվ, քաղաքական պատմությունը ցույց է տալիս, որ ընտրովի արդարադատության վրա հենված համակարգերը չափազանց կարճակյաց են: Ճնշումներով ու ապօրինություններով հնարավոր է ժամանակավորապես սահմանափակել մարդու ֆիզիկական ազատությունը, բայց անհնար է լռեցնել քաղաքական գիտակցությունն ու արդարության պահանջը: Ցանկացած անօրինականություն վաղ թե ուշ բախվում է իրականության պատին, իսկ օրենքի գերակայությունը վերականգնվում է այն պահին, երբ քաղաքական պատվերը կորցնում է իր ազդեցությունը:
«Նիկոլ Փաշինյանի առաքելությունը, որը նա պետք է կատարի, հետևյալն է. պետք է հրաժարվենք պատմական կարծրատիպերից, ինչպես ժամանակին այստեղ ասում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը, այսինքն՝ պետք է հրաժարվենք Արցախն ընկալել որպես հայկական, պետք է հրաժարվենք Հայաստանի Հանրապետության հայկական բովանդակությունից, պետք է դադարենք Ռուսաստանի և Իրանի ռազմավարական դաշնակիցը լինել և Ադրբեջանի ու Թուրքիայի հետ մեկտեղ դառնանք թյուրքական աշխարհի մաս՝ առանց անվտանգային երաշխիքների»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը, երբ անդրադառնում ենք Հայաստանի գործող իշխանությունների համար սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությանը։ Իսկ հետո արձագանքում է դիտարկմանը, թե ինչո՞ւ են Նիկոլ Փաշինյանին պետք սահմանադրական այս փոփոխությունները, բացի այդ առաքելությունը կատարելուց։ «Գրեթե կասկած չունեմ, որ Ադրբեջանը նաև որոշակի առումով Նիկոլ Փաշինյանի վրա անձնական ճնշման մեթոդներ է բանեցնում՝ ստիպելով նրան արագացնել գործընթացը։ Մի փուլ եղավ, երբ հայկական կողմի հետ կրկին տարաձայնություններ կային, և ի հայտ եկավ Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսը, որտեղ Արցախի՝ Նիկոլ Փաշինյանի նշանակյալ նախկին նախագահն ինչ-որ բացահայտումներ պետք է աներ։ Իսկ ո՞վ է ասել, որ այդ հարցազրույցը չի կարող կրկին ի հայտ գալ։ Բացի այս լուրջ քաղաքական, աշխարհաքաղաքական առաքելությունից, որը Նիկոլ Փաշինյանը պետք է կյանքի կոչի, կա նաև իր դեմ կիրառվող անձնական որոշակի ճնշման մեխանիզմ»։ Այս համատեքստում մենք չդադարող ճնշումներ ենք տեսնում Ազգային ժողովում ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների և առաջնորդների նկատմամբ։ Բայց կա զսպանակի պարզ կանոնը, որը փաստում է՝ կարող ես զսպանակն անդադար ձգել, բայց մի պահի այն վերադառնալու է նախկին տեսքին։ «Պատկերացնենք մի իրավիճակ, երբ այս բոլոր քաղաքական առաջնորդներին միանում են նաև դեռևս ազատության մեջ մնացած առաջնորդները, իրենց ևս Նիկոլ Փաշինյանը ձերբակալում, այնուհետև կալանավորում է, հետևելով իր դուստր ձեռնարկության ղեկավար, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդի խորհրդին՝ սահմանափակում է ոչ միայն առաջատար քաղաքական ուժերի, այլ նաև դրանց առաջին համարների մասնակցությունը ընտրություններին։ Այդ պայմաններում կարող է գնալ և՛ արտահերթ ընտրությունների, և՛ սահմանադրական հանրաքվեի։ Բայց կա լեգիտիմության հարց։ Նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո ոմանք այն թեզն էին առաջ քաշել, թե Նիկոլ Փաշինյանին տարել, զենքը գլխին, նկուղում պահում էին։ Քաղաքական առումով դա նշանակում է, որ նա գնացել է մի քաղաքական քայլի, որին այլ հավասար պայմաններում չէր գնա, եթե ճնշում չլիներ, հետևաբար՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունն ի բնե լեգիտիմ չէ։ Հիմա նույնը նա կատարում է Սահմանադրության և այլնի հետ։ Փորձում է ոչ լեգիտիմ կերպով պարտադրել այդ Սահմանադրությունը։ Դա հանգեցնելու է նրան, որ եթե, այնուամենայնիվ, հայկական պետությունն իր հայկական բովանդակությամբ պահպանվի, ապագայում վարչապետ դարձած անձը հնարավորություն է ունենալու կասկածի տակ դնել այդ փաստաթղթի լեգիտիմությունը։ Դա արդեն շատ ավելի մեծ խնդիրների առջև է Հայաստանին կանգնեցնելու, քան կարող ենք պատկերացնել։ Բայց ամենամեծ խնդիրը մի փոքր այլ է։
Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա, դա ակնհայտ է, բայց իր համար ամենամեծ պրոբլեմն այն է, թե ինչ են անում ռուսները։ Հայաստանի Հանրապետությունը 2027 թվականը կարող է դիմավորել նորանկախ պատմության համար աննախադեպ իրավիճակում՝ դե ֆակտո ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄից դուրս, դա էլ նշանակում է, որ Ռուսաստանի հետ ռազմական, քաղաքական, աշխարհաքաղաքական, տնտեսական հարաբերությունների մակարդակը շրիշակից էլ ներքև է իջեցված լինելու։ Դա ուղիղ, լրջագույն ազդեցություն է ունենալու բոլորիս կյանքի որակի վրա։ Այս օրերին բոլորին մի պարզ խորհուրդ եմ տալիս։ Գիտեք, չէ՞, թե գազի համար սովորաբար որքան եք վճարում։ Մոտակա ամիսներն օգտագործեք գազի համար կրկնակի, եռակի շատ վճարելու համար, որպեսզի գազի գնի փոփոխության դեպքում դա հնարավորինս քիչ շոկային լինի ձեզ համար»,-նկատում է մեր զրուցակիցը։
Փորձագիտական հանրույթում (և ոչ միայն) կարծիք է ձևավորվել, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը շանտաժի է ենթարկում ընդդիմությանը։ «Կարծես ընդդիմությանն ասում է հետևյալը՝ կզրկվեք ձեր մանդատներից, լիազորություններից, հանրային աջակցությունից, եթե լինեն արտահերթ ընտրություններ։ Մեր ընդդիմությանը վերջին տարիներին ով ասես քննադատել է, շատ դեպքերում տեղին, որոշ դեպքերում՝ ոչ տեղին։ Հիմնական քննադատությունը եղել է այն, որ իրենք չեն կարողանում դիմադրել Նիկոլ Փաշինյանի ճնշումներին, չեն կարողանում իրենց օրակարգը առաջ տանել։ Տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։ Քաղաքացիների հավաքական 51 տոկոսը «ոչ» է ասել Նիկոլ Փաշինյանի մտադրությանը՝ ընդունելու ալիևյան Սահմանադրություն։ Այդ քաղաքացիներին դե ֆակտո այս պահի դրությամբ ԱԺ-ում ներկայացնում են «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները։ Իրենք դիմադրում են Նիկոլ Փաշինյանի այս ճնշումներին, փոքր հաղթանակ են գրանցում։ Զարմանալի չի լինի, որ այս մարդը կրկնի 2018 թվականի հոկտեմբերի 2-ը՝ շրջափակի Ազգային ժողովի շենքը, մարդկանց ֆիզիկապես վնաս հասցնելու սպառնալիքի ներքո փորձի ստիպել, որ նրանք կողմ քվեարկեն Սահմանադրության հանրաքվե նշանակելուն։ Բայց ներկայիս փուլում ակնհայտ է իշխանության և ընդդիմության ռադիկալ հակադրությունը։ Հասարակությունն, ի վերջո, իր համար կարձանագրի, որ նույնիսկ ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի ներքո ընդդիմությունը չի գնացել գործարքի Նիկոլ Փաշինյանի հետ։ Դա կարող է հիմք դառնալ իսկապես այլ քաղաքական պրոցեսների, այդ թվում՝ արտահերթ ընտրությունների, բայց արդեն այլ օրակարգով և այլ պահանջներ կատարելու համատեքստում։ Փաշինյանն իր մեթոդներով է ճնշում, ընդդիմությունը, լավ թե վատ, փորձում է համախմբման ֆորմատ ստեղծել, առանձնացնում են մի քանի կետ, որոնց շուրջ կարելի է համախմբվել և գործողություն իրականացնել։ Այդ կետերը պետք է հարստացնել թե՛ քաղաքական, թե՛ սոցիալ-տնտեսական ծրագրով, և եթե լինեն արտահերթ ընտրություններ, փորձ անել միասնական ճակատով կամ մի փոքր այլ ֆորմատով, քան նախկինում, մասնակցել դրանց։ Երբ արդեն դու ես որոշում օրակարգը, այլ պահանջներ կարող ես առաջ քաշել։ Եթե Նիկոլ Փաշինյանի հանրային ճնշումը չստացվի, ընդդիմությունն էլ իր հերթին հանրային պահանջ ձևավորի, ճնշում գործադրի, և, ի վերջո, հասնենք մի իրավիճակի, երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, ընդդիմությունը ևս մի քանի պահանջ պետք է առաջ քաշի, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը չպետք է լինի պաշտոնակատար, որպեսզի չկարողանա վերահսկողություն ունենալ հատուկ ծառայությունների նկատմամբ, ներքին գործերի նախարարը, ոստիկանապետը պետք է փոխվեն, պետք է փոխվի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, պետք է մաքրվեն ցուցակները։ Դրա համար մեզ պետք է մի շրջան, որ նախապատրաստվենք ընտրությունների։ Այս ծրագրով կարող ես առաջարկներ անել։ Այդ պայմաններում լրիվ ուրիշ ընտրությունների ենք մոտենալու։ Բայց եթե Փաշինյանը որոշեց բոլորին «ջարդել», ճնշել, ունեզրկել, «նստեցնել» և այլն, ու գնալ արտահերթ ընտրությունների, կարծում եմ, որ Ռուսաստանը միակ երկիրը չի լինելու, որ չի ճանաչի Նիկոլ Փաշինյանի լեգիտիմությունը»,-ասում է քաղաքագետը։
Հիշեցնում է Ադրբեջանի առաջ քաշած թեզերից մեկը՝ ուզում ենք խաղաղություն ոչ թե Փաշինյանի, այլ հայ ժողովրդի հետ։ «Եթե Փաշինյանը բոլորիս տանում է ԱԱԾ-ի «պադվալ» և սպառնում ընդունել Սահմանադրությունը, սա ապագայում նոր պատերազմի հրձիգ չէ՞, որովհետև երբ իշխանության գա այլ անձ, նա կասկածի տակ է դնելու այս ամենը։ Պարզ է, որ եթե Ադրբեջանն էլ տեսնի այս կամ այն մարդն է գալիս, փորձելու է նախահարձակ լինել, ու նոր արյունալի կոնֆլիկտի մեջ ենք մտնելու։ Այս իրավիճակում և՛ Հայաստանի, և՛ անգամ Ադրբեջանի իշխանությունները փակուղում են հայտնվել։ Սրան գումարենք այն պատժամիջոցները, որոնք Ռուսաստանն է կիրառելու, և կտեսնենք, թե որքան բարդ է իրավիճակը, և ինչ կարող ես ստանալ դրանից։ Չգիտեմ՝ այս անգամ մեր ընդդիմությունը կկարողանա՞ անցյալի դառը փորձից հետևություններ անել, բայց ակնհայտ է, որ 2021 ու 2026 թվականների քաղաքական կորուստները շատ մոտ ապագայում կարելի կլինի վերականգնել»,-եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը։
Հայաստանյան քաղաքական դաշտում ընդդիմադիր ուժերն արդեն իսկ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ձևավորելով համազգային համախմբման օրակարգ։ Այն ստորագրել են «Ազատություն», «Ապրելու երկիր», «Բարգավաճ Հայաստան», «Դեմոկրատական այլընտրանք», «Հայ Ազգային Կոնգրես», «Հայ Հեղափոխական Դաշնակցություն», «Հայաքվե», «Հայաստան դաշինք», «Հայաստանի Հանրապետական», «Հայաստանը ես եմ», «Ժառանգություն», «Նոր դարաշրջան» և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունները։
Այս կարևոր հանգրվանից հետո գործընթացը թևակոխում է նոր փուլ. գիտակցելով պետականության առջև ծառացած ճակատագրական մարտահրավերների ողջ լրջությունը՝ քաղաքական ուժերը շարունակում են միավորել ջանքերը։ Չնայած առանձին հարցերում մոտեցումների տարբերություններին՝ նախաձեռնությունը սահմանել է հիմնարար նպատակներ՝ մերժել Ալիևյան սահմանադրության պարտադրանքը, հասնել խաղաղության՝ առանց միակողմանի զիջումների ու տարածքային կորուստների, պաշտպանել ազգային ինքնությունն ու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, ինչպես նաև վերականգնել ժողովրդավարական ազատություններն ու իրավունքները։ Ստորագրած ուժերը կոչ են անում բոլոր հասարակական ու քաղաքական գործիչներին միանալ այս համախմբմանը։
Այս օրակարգի շուրջ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքների ներկայացուցիչները հանդիպել են մտավորականների հետ, ովքեր լիակատար աջակցություն են հայտնել միասնական դիրքորոշմանը։ Հավաքի մասնակիցները շեշտել են, որ այս քայլը վաղուց սպասված էր։ Երգիչ Արսեն Գրիգորյանն ընդգծել է, որ միասնականությունն այլընտրանք չունի երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու և Եկեղեցու դեմ հալածանքները կանխելու համար։
Բանաստեղծ Հուսիկ Արան էլ հավելել է, որ Անկախության հռչակագիրը պետականության «ծննդյան վկայականն» է, և դրանից հրաժարվելը նշանակում է հրաժարվել պետականությունից։ Քննարկման ժամանակ արձանագրվել է, որ ընդդիմադիր այս հայտարարությունը դուրս է գալիս նեղ կուսակցական շրջանակներից՝ վերածվելով հանրային լայն դիմադրության խորհրդանիշի։
Համախմբման ալիքի ընդլայնման մասին է վկայում նաև այն, որ նախաձեռնությանը պաշտոնապես միացել է «Միասնության թևեր» կուսակցությունը։ Վերջինս հայտարարել է, որ ճգնաժամային այս իրավիճակում նախկին տարաձայնությունները տեղ չունեն, քանի որ առկա են արտաքին պարտադրանքների և ներքին ճնշումների փոխկապակցված վտանգներ։ Կուսակցության գնահատմամբ՝ իշխանությունը արտաքին պահանջների կատարումը ներկայացնում է որպես խաղաղության պայման, իսկ դրան դիմադրողներին պիտակավորում որպես խոչընդոտ։ «Միասնության թևեր»-ը խստորեն դատապարտել է նաև Սամվել Կարապետյանի և նրա հետ առնչվող անձանց նկատմամբ իրականացված քրեական գործողություններն ու կալանավորումը՝ նշելով, որ դրանք նպատակ ունեն ճնշել ընդդիմության դիմադրողականությունը և հող նախապատրաստել սահմանադրական փոփոխությունների համար։
Համագործակցությունը, ըստ նախաձեռնողների, պետք է կառուցվի իրավահավասարության, փոխադարձ հարգանքի և հանրության առջև պատասխանատվության սկզբունքներով՝ նպատակ ունենալով հասնել արժանապատիվ խաղաղության՝ առանց ազգային շահերի զիջման։
Երեւան: Մեդիամաքս: Հայաստանն, ԱՄՆ-ն ու Ադրբեջանը համատեղ հայտարարություն են ընդունել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (TRIPP) նախագծի առաջմղման նպատակով եռակողմ տեխնիկական պլանավորման խմբերի գործարկման վերաբերյալ:
Դրանում ասված է. «ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Բրենդան Հանրահանը, Հայաստանի արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովն հայտարարել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (TRIPP) բազմամոդալ տարանցիկ ուղու առաջմղման նպատակով եռակողմ տեխնիկական պլանավորման խմբերի աշխատանքների մեկնարկը։ Այս ձեւաչափը միավորում է երեք երկրների քաղաքականություն մշակողներին եւ տեխնիկական փորձագետներին՝ համագործակցաբար աշխատելու եւ տարածաշրջանում երկարաժամկետ կայունության, տնտեսական կենսունակության, տարածաշրջանային փոխկապակցվածության եւ առեւտրային բարգավաճման ապահովմանը նպաստելու նպատակով՝ վերահաստատելով նախագահ Թրամփի միջնորդությամբ 2025 թվականի օգոստոսի 8-ին կայացած Խաղաղության գագաթնաժողովի անկյունաքարային հռչակագրի նշանակությունը։ Տեսլականը շոշափելի առաջընթացի վերածելու ընդհանուր հանձնառությամբ՝ կողմերը պայմանավորվել են գործարկել եռակողմ տեխնիկական պլանավորման առաջին երկու խմբերը՝ տրանսպորտի եւ էլեկտրաէներգիայի հաղորդման ուղղություններով։ Տեխնիկական պլանավորման այս խմբերի ձեւավորումը կարեւոր քայլ է բարդ տեխնիկական հարցերի լուծման եւ իրականացման հաջորդ փուլերին անցնելու ուղղությամբ, այդ թվում՝ տարածաշրջանային այլ ենթակառուցվածքների հետ կապի ապահովման առումով։ Կողմերը վերահաստատել են TRIPP-ի բոլոր բաղադրիչների՝ հնարավորինս սեղմ ժամկետներում գործարկումն ապահովելու իրենց համապատասխան հանձնառությունները»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Եթե իշխող թիմում սկզբում չէին հավատում, որ Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրությունների կգնա՝ սահմանադրական մեծամասնություն զավթելու եւ սահմանադրությունը փոխելու նպատակով, եւ կարծում էին, որ այդ հայտարարությունն ընդամենը ընդդիմությանը վախեցնելու, ճնշելու նպատակ է հետապնդում, այժմ կասկած չունեն, որ եթե ընդդիմությանը չհաջողվի ճնշել, ապա Փաշինյանը վա-բանկ կգնա, որովհետեւ այլ ճանապարհ չկա Ալիեւը չի հրաժարվում այդ մտքից, որ խաղաղության պայմանագիրը կստորագրի միայն սահմանադրությունը փոխելուց եւ նախաբանում հռչակագրին հղումը հանելուց հետո։
Իսկ ի՞նչ երաշխիք, որ այս անգամ սահմանադրական մեծամասնություն կստանա․ հարցին մեր աղբյուրը պատասխանեց՝ ոչ մի երաշխիք, բայց Ալիեւին ցույց կտա, որ փորձեց կատարել նրա պահանջը չստացվեց։ Թիմին նաեւ ասվել է, որ արտահերթի դեպքում նույն կազմն է գնալու խորհրդարան, որպեսզի նավից թռչողներ, տակից փախչողներ չլինեն»։
Հանրապետության տարբեր համայնքներում առաջիկայում նախատեսված են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, և քաղաքական ուժերն արդեն ակտիվորեն մտնում են ընտրական փուլ: Դրանց թվում առանձնահատուկ ուշադրություն է գրավում Արարատի մարզի Մասիս համայնքը, որտեղ սպասվող պայքարը խոստանում է բավականին թեժ լինել:
«Փաստի» տեղեկություններով, նոյեմբերի 4-ին տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստ, որտեղ կայացված որոշման համաձայն, կուսակցությունը «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններին՝ համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրելով ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Համբարձումյանին:
Նոյեմբերի 5-ին տեղի է ունեցել նաև «Իմ հզոր համայնք» կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի վարչության նիստը: Նիստի ընթացքում որոշում է կայացվել հաստատել և ներկայացնել Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանու 2026 թվականի դեկտեմբերի 13-ի ընտրություններին «Կառուցող» կուսակցությունների դաշինքում ընդգրկված «Իմ հզոր համայնք» կուսակցության ընտրական ցուցակը, ինչպես նաև հաստատել և առաջադրել դաշինքի ընդհանուր ընտրական ցուցակը:
Հավելենք, որ Դավիթ Համբարձումյանը նախկինում ևս հաղթել է Մասիսի ընտրություններում, համայնքում մեծ հեղինակություն ունի և համարվում է այս ընտրությունների ֆավորիտը։
Եթե ինչ-որ մեկին դեռ թվում է, թե Հայաստանում իրավապահ համակարգը գոյություն ունի օրենքի գերակայություն իրականացնելու համար, ուրեմն նա հիմնավորապես մնացել է նախորդ դարում։ Ժամանակակից Հայաստանում իրավապահ մարմինները շատ ավելի «պրակտիկ» և բազմաֆունկցիոնալ կառույցներ են։ Նրանք աշխատում են մեկ պարզ, բայց հանճարեղ թեզով. «Եթե կա մարդ, ուրեմն կա հոդված, իսկ եթե կա ընդդիմադիր, ուրեմն կա բազմակի կալանավորում»։
Սամվել Կարապետյանի կրկնակի կալանավորման որոշումը դարձավ օրենքի և տրամաբանության հերթական «տրիումֆը»։ Ինչո՞ւ կալանավորել մեկ անգամ, եթե կարելի է անել երկու անգամ, երեք կամ անվերջ՝ ըստ քաղաքական եղանակի տեսության (օրինակ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է արդեն չորրորդ անգամ)։ Իրավապահ համակարգն այնքան է կատարելագործվել, որ այլևս պետք չեն օրենսգրքեր կամ ապացույցներ, բավական է միայն սպասել համապատասխան «մտահղացմանը»։
Իհարկե, այս ամենն արվում է բացառապես «ժողովրդավարության բաստիոնն» ամրապնդելու համար։ Չէ՞ որ որքան շատ ընդդիմադիր է հայտնվում բանտախցում, այնքան ավելի է «խաղաղվում» երկիրը, իսկ երբ երկրում այլևս ոչ մի բողոքող ձայն չլսվի, արտաքին թելադրողների հետ հարաբերությունները կդառնան «հաճույք»։ Այստեղ է, որ սկսվում է իսկական աշխարհաքաղաքական «գրոսմայստերությունը»։ Այդպիսի «անդորրի» պայմաններում արտաքին քաղաքականությունը վերածվում է իսկական «հոբբիի». կարելի է առանց ավելորդ խանգարողների քարտեզի վրա նոր գծեր քաշել, Արցախից հետո Սյունիքի բարձունքները վերածել աշխարհաքաղաքական սակարկությունների առարկայի, իսկ Հայոց ցեղասպանության հիշատակումը թաքցնել, որպեսզի հարևանների հետ «կառուցողական» թեյախմությունը հանկարծ չփչանա։
Ամենաանհավանական հնարքը, թերևս, դաշնակիցներին փոխելու արվեստն է։ Տասնամյակների ռազմաքաղաքական դաշինքը Ռուսաստանի հետ կարելի է հեշտությամբ քանդել՝ փոխարենը ստանալով Արևմուտքի անսահման «մտահոգությունն» ու ժպիտները։
Ինչի՞ համար են պետք իրական տնտեսական հարաբերություններ, եթե կան գեղեցիկ թվիթներ և բարձրագոչ հայտարարություններ։
Այս ամբողջ կոմեդիայում ամենագոհն, անշուշտ, Բաքվում են։ Իլհամ Ալիևը, թերևս, ապշած (գուցե նաև հիացած) հետևում է, թե ինչպես են Երևանում իրենից առաջ ընկնում՝ կատարելով անգամ այն պահանջները, որոնք ինքը դեռ չէր հասցրել ձևակերպել։
Եվ այսպես, Հանրապետության հրապարակում կյանքը տոն է։ Իշխանությունը քայլում է հաղթական, իրավապահ մարմինները դրոշմակնիքները ձեռքներին սպասում են նոր ցուցումների, իսկ պետականությունը մեծ ցատկերով շարժվում է դեպի «լուսավոր ապագա»՝ հուսալով, որ այդ ճանապարհին գոնե մի կտոր հող կմնա սեփական ոտքերի տակ։
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի (ՏՀԻ) Արեգակնային աստղագիտության լաբորատորիան ուրբաթ օրը հաղորդել է, որ Արեգակի վրա երկարատև դադարից հետո սկսվել է արեգակնային բռնկումների ակտիվության աճ։
«Երեկ երեկոյից սկսած նկատվում է արեգակնային բռնկումների ակտիվության աճ։ Դեռևս իսկապես խոշոր իրադարձություններ չեն եղել, բայց, ընդհանուր առմամբ, ձևավորվում է հստակ բռնկումների շարք՝ բավականին զգալի ընդհանուր ծավալով», – հաղորդել է լաբորատորիան իր Telegram ալիքում։
Բռնկումների շարքը սկսվել է հինգշաբթի օրը M3.6 իրադարձությամբ, որը ամենաուժեղն է հոկտեմբերի 10-ից ի վեր: Բռնկումը դիտվել է Արեգակի վրա մինչ օրս ամենամեծ՝ 4566 արեգակնային բծերի խմբում: Մնացած բոլոր բռնկումները տեղի են ունեցել ուրբաթ օրը Արեգակի արևելյան հորիզոնում: Գիտնականները նշել են, որ այնտեղից եկող բծերը տեսանելի կլինեն առնվազն մի քանի օր:
Լաբորատորիան հավելել է, որ մագնիսական փոթորիկների կանխատեսումը մնում է անփոփոխ ուրբաթ գիշերից մինչև շաբաթ։ Ակնկալվում է, որ դրանք կհասնեն G1 (թույլ) մակարդակի։ Ակնկալվում է, որ փոթորիկները կառաջանան 2026 թվականին Արևի վրա ներկայումս դիտարկվող ամենամեծ պսակային անցքերից մեկի պատճառով։
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա երկրորդ նիստում քննարկվել են նոր հայտնաբերված պատմամշակութային կառույցներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը և հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր։
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ քննարկման արդյունքում, հանձնաժողովի դրական եզրակացությունների հիման վրա, 12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ։
Տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ են ստացել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի 42 հասցեի հարթաքանդակների խումբը (1983 թ․), Սյունիքի մարզի Տաթև բնակյավայրի գյուղատեղին (XVII-XIX դդ.), Բռնակոթ բնակավայրի Նիկողայոս Ադոնցի հայրական տունը (1861 թ.), Գևորգ Ադոնցի տապանաքարը (1912 թ.), Կարապետ Մկրտչյան Տեր Ստեփանյանցի տապանաքարը (1872 թ․), Վայոց ձորի մարզի Արտաբույնք բնակվայրի ուշ միջնադարյան գյուղատեղին, գերեզմանոցը և մատուռը։
Վայոց ձորի մարզի Արատես բնակվայրի ժայռախաչերը (զարգացած միջնադար, XIII դ.) և Սյունիքի մարզի Անգեղակոթ բնկավայրի 3 խաչքարերը (X- XI դդ․) ստացել են հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ։
Քննարկվել են նաև Երևանի Ավան վարչական շրջանի քաղաքի մուտք. Երևանի Հյուսիսային մուտքը (1987 թ., պետական ցուցիչ՝ 1.2.16), Նոր Նորք վարչական շրջանի Քանդակ «Վահագն վիշապաքաղ» (1988 թ.), ինչպես նաև Արագածոտնի մարզի Կարբի բնկավայրի գյուղատեղի «Հին Կարբի» (IV-V դդ.-ուշ միջնադար, պետական ցուցիչ՝ 2.58.3), եկեղեցի (IV-V դդ., պետական ցուցիչ՝ 2.58.3.1), գերեզմանոց, VII-XVII դդ. (պետական ցուցիչ՝ 2.58.3.3), գերեզմանոց, (XI-XV դդ., պետական ցուցիչ՝ 2.58.3.4), Սյունիքի մարզի Բռնակոթ բնակավայրի Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հուշարձան (1988 թ., պետական ցուցիչ՝ 8.23.13), Նիկողայոս Ադոնցի բնակելի տուն (1861 թ. պետական ցուցիչ՝ 8.23.18) և Վայոց ձորի մարզի Արատես բնավայրի ժայռախաչեր (XIII դ.), Տավուշի մարզի Խաչարձան բնակավայրի կամուրջ (XII-XIII դդ., պետական ցուցիչ՝ 10.36.7) պահպանական գոտիների նախագծերը։
Ընդունելի համարված բոլոր նախագծերը, ըստ սահմանված կարգի, կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը, որից հետո կհաստատվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։
Եթե ԱԺ փոխնախագահը որոշում է աթոռով մահափորձ կատարել ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ, ուրեմն դա ժողովրդավար երկիր է,որովհետև դիկտատորական երկրներում դա տեղի չէր կարող ունենալ։
Եվ ոչ խոսք մահափորձ կատարողին գոնե ԱԺ֊ից դուրս շպրտելու մասին։
Իմիջայլոց երեք օր առաջ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ,որ ինքը ողջունում է աթոռով հարվածը, այսօր հայտարարեց, որ չի ողջունում։Դասական ստախոս։