Blog

  • Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ»



    «Փաստ» օրաթերթը գրում է.

     Նախօրեին Նիկոլ Փաշինյանն ասել է. «Քանի դեռ կան ավտոմեքենաներ, ավտովթարներ տեղի են ունենալու և աշխարհի բոլոր երկրներում տեղի են ունենալու, տեղի են ունենում»: Ասեք, որ հանճարեղ է: Իսկ ո՞վ է վիճում: Ամբողջ խնդիրն այն է, թե որքանով են աճում վթարները, ինչի պատճառով են դրանք տեղի ունենում, դրանց որ մասն է լինում մահացու ելքով և այլն…

    Այն, ինչ կատարվում է Հայաստանի ավտոճանապարհներին, սկսում է նմանվել մի անվերջանալի և արնածոր «պատերազմի»: Նույնիսկ անզեն աչքով է նկատելի (թեպետ վիճակագրությունն էլ է դա վկայում), որ ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը ավելացել է, նաև ՃՏՊ-ների հետևանքով մահերը. շատ մոտավոր հաշվարկներով՝ միայն վերջին 2-3 ամսվա ընթացքում դրանց հետևանքով երեսունից ավելի զոհ է եղել: Վերջինը նախօրեին Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի՝ Օհանավան բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ն է, երբ հանդիպակաց գոտի դուրս եկած խոշոր բեռնատարը բախվել էր մի քանի մարդատարների, ինչի հետևանքով եղել է 9 զոհ ու 3 վիրավոր: Նույնիսկ մեր՝ այս տարիներին դժբախտությունների ու կորուստների հանդեպ նարկոզային աստիճանի անտարբեր դարձած կամ այդպիսին թվացող հանրությունը ցնցվեց կատարվածից: Մարդիկ են զոհվում, ընտանիքներ են կործանվում: Թվում էր՝ ընդամենը մի 10 օր առաջ էր, երբ Գյումրի-Աշտարակ ճանապարհին բեռնատարը բախվել էր «Օպել-Զաֆիրա» մակնիշի մարդատարի, ու էլի՝ մի ամբողջ ընտանիք կործանվեց՝ հայրը, մայրը և երեխաներից մեկը մահացան…

    Կրկնում ենք՝ սրանք միայն վերջին օրերին տեղի ունեցած ամենից մահաբեր պատահարներն են: Բայց տարվա ընդգրկմամբ վիճակագրությունն ավելի ահավոր է: Ու այս երևույթի հետ պետք է «մի բան անել», չնայած՝ «մի բանով» հարցը չի լուծվի: Խնդիրները կուտակվել են տարիներով ու, ցավոք, դատելով առկա վիճակից, աչքաթող են արվել:

    Պետք է ավելի լուրջ վերաբերմունք իշխանության մարմինների կողմից, քան մեղավորությունը միայն վարորդների «գրպանը գցելը» (թեկուզ ոչ ոք չի էլ վիճարկում այդ հանգամանքը) ու այն զավեշտալի արտահայտությունը, թե «լավ ճանապարհներ ենք սարքել, մարդիկ սովոր չեն, արագ են քշում, դրա համար էլ վթարներ են լինում…»:

    Իհարկե, հնարավոր է, որ այս հարցում կա մենթալիտետի խնդիր: Հնարավոր է: Բայց «մենթալիտետի խնդիրը» վերանում կամ չեզոքանում է, երբ (եթե) կարողանում ես խելացի ու արդյունավետ վարչարարություն կիրառել:

    Ի՞նչ անել:

    Առաջինը՝ ՃԵԿ առանձնապես վտանգավոր խախտումների համար սահմանել շատ խիստ տուգանքներ ու կիրառել դրանք: Ինչինչ, բայց Փաշինյանի կառավարությունն ու քպական իշխանությունները այդ մի «գործում» նախաձեռնող են, ինչի համար ասես՝ տուգանքներ է, որ սահմանում են: Ինչ պատրվակով ասես՝ մարդկանց գրպանն են մտնում: Իսկ այնտեղ, որտեղ պետք է շատ ավելի խիստ մոտենալ, անհարկի «մարդասիրություն» են ցուցաբերում:

    Այնքան էլ վաղուց չէր, ընդամենը՝ ԱԺ ընտրություններից առաջ, երբ Փաշինյանը մի քանի հազար հավել յալ քվե ստանալու ակնկալիքով խոստացավ վերադարձնել վարորդական իրավունքի վկայականները նրանց, ովքեր որոշակի կոպիտ խախտումների պատճառով զրկվել էին այդ իրավունքից: Չենք պնդի, թե արձանագրված պատահարների մեջ որոշակի դերակատարում ունեն այդ՝ նախընտրական կամ ընտրակաշառքային վերադարձված «պռավաներով» վարորդները: Բայց նույնիսկ դա չէ էականը:

    Էականն այն է, որ կառավարության ղեկավարի մակարդակով խախտումներ կատարողների նման համաներումային վերաբերմունքը հանգեցնում է ընդհանուր անպատասխանատվության մակարդակի աճին: Ինչո՞ւ «լարվել», եթե կարելի է խախտումներ թույլ տալ, զրկվել «պռավայից», բայց մի երկու ամիս հետո ներքաղաքական պատճառներով նորից այն ստանալ: Անպատասխանատվությունը երկրում դարձել է տիրապետող «մոդա», ու ոչ միայն քաղաքական ասպարեզում կամ ավտոճանապարհներին:

    Այս «նրբանցքից» շրջադարձ կատարենք ու վերադառնանք բուն թեմայի «մայրուղի»: Կրկնենք. խախտումների համար պատասխանատվությունը պետք է էապես խստացնել՝ թե՛ գումարային առումով, թե՛ մեքենա վարելու իրավունքից զրկելու առումով: Հասկանալի է, որ պետք է տարբերակել մանր խախտումներն ու կոպիտ, մահաբեր խախտումները: Վերջինների շարքում՝ խմած կամ թմրանյութերի ազդեցության տակ մեքենա վարելը, արագության էական գերազանցումը, առանց իրավունքի մեքենա վարելը և այլն: Շատ լուրջ տուգանքներ է պետք սահմանել: Շատ…

     Երկրորդը. անհրաժեշտ է ավելի ինտենսիվ օգտագործել պարեկային ծառայությունը: Ճանապարհներին ամենուրեք պետք է շրջեն պարեկները: Բազմաթիվ վարորդներ արձանագրում են, որ հանրապետության ճանապարհներին նրանց քանակը շատ քիչ է: Օրերս ՆԳ նախարարն ասաց, որ այսուհետ պարեկները կարող են առանց փարոսիկների շրջել. փարոսիկներն ու ձայնային ազդանշանները պետք է օգտագործվեն միայն օպերատիվ առաջադրանքներ կատարելիս, արտակարգ պատահարների դեպքում կամ ուղեկցում իրականացնելիս։ Դե ինչ, լավին լավ պետք է ասել. կա դրա միջազգային փորձը (այդ թվում՝ նույնիսկ «քաղաքացիական» մեքենաներով շրջայցերը, թաքնված, ներկառուցված «փարոսիկներով»), և որոշակի առումով դա կարող է նպաստել իրավիճակի կարգավորմանն այն իմաստով, որ յուրաքանչյուր պոտենցիալ կարգազանց վարորդ կգիտակցի, որ իրեն ցանկացած պահի կարող են կանգնեցնել, ու ինքը չի հասցնի «շտկել» խախտումը՝ հեռվից փարոսիկները նկատելով: Կարճ ասած՝ ինչ տարբերակով էլ լինի, պարեկներ պետք է աշխատեն: Անընդհատ: Օրնիբուն:

     Մյուս կողմից, սակայն, պարեկներին էլ է պետք վերահսկել, որպեսզի հիմա էլ մեկ ուրիշ ծայրահեղության մեջ չհայտնվենք: Դա էլ է «մենթալիտետի խնդիր». մեկին մի փոքր իշխանություն ես տալի, ու բոլորով կրակն ենք ընկնում այդ իշխանության չարաշահումից: Նաև պետք է անընդհատ վերապատրաստել պարեկներին, կրթել, ինչու ոչ՝ նաև դաստիարակել. նրանք էլ իրենց հերթին պետք է հասկանան, որ «բեսպրեդելն» անթույլատրելի է: Անգրագիտությունն էլ…

    Հաջորդը՝ շատ խիստ պետք է լինի վերաբերմունքը շահագործվող ավտոմեքենաների ու տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգման հարցում: Բոլորս էլ տեսնում ենք, որ հատկապես մարզերում ինչքան շատ մեքենաներ կան, որոնք պարզապես անշահագործելի են, այդ թվում և հատկապես՝ բեռնատարներ:

    Նաև գուցե արագաչափերի եղած սխեմաները կարելի է վերանայել: Օրինակ՝ կարելի է վերցնել հարևան Վրաստանի օրինակը (ու ոչ միայն Վրաստանի), ներդնել «խելացի արագաչափեր», որոնք հաշվարկում են ոչ միայն տեսախցիկին մոտ, տվյալ պահի արագությունը, այլ փոխադրամիջոցի շարժը՝ որոշակի ճանապարհահատվածում: Կարելի է մտածել նաև եվրոպական մոդելը, որտեղ արագաչափերը հաճախ չեն երևում, որոշ դեպքերում «շարժական» են:

    Մի խոսքով, պետք է լրջորեն զբաղվել այս հարցերով, ոչ թե արդարանալ, թե «քանի դեռ կան ավտոմեքենաներ, ավտովթարներ տեղի են ունենալու և աշխարհի բոլոր երկրներում տեղի են ունենում»:

    Այս ամենի խորապատկերում ինքնըստինքյան հարց է ծագում. ունի՞, արդյոք, ոստիկանությունը գիտական, վիճակագրական որևէ հետազոտություն, ուսումնասիրություն, վիճակագրություն, թե տոկոսային հարաբերությամբ պատահարներն ինչի՞ հետևանք են: Այսինքն, կա՞ դրանց համակողմանի վերլուծություն, ուսումնասիրություն, թե ՃՏՊ-ներից քանիսն է եղել վարորդի անսթափ լինելու, քանիսը՝ տեխնիկական խնդիրների, քանիսը՝ ճանապարհածածկի կամ կահավորման պատճառներով, և այլն, և այլն: Ի դեպ, մենք հարցում ենք ուղարկել ՆԳ նախարարություն՝ պարզելու համար, թե ունե՞ն նման հետազոտություններ և ի՞նչ հետևություններ են այդ ամենից արել: Երբ ստանանք պատասխանները, անպայման կներկայացնենք:

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


  • Երեք քաղաքում արձանագրվել է փոշու սահմանային կոնցենտրացիայի գերազանցում

    Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հոկտեմբերի 25-31-ը։

    Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.

    Վանաձոր քաղաքում՝

    -Հերացի փողոցի հարակից տարածք՝ հոկտեմբերի 25-ին և 31-ին,

    -Ծատուրյան փողոցի հարակից տարածքում՝ հոկտեմբերի 25-ին։

    Արարատ քաղաքում՝ հոկտեմբերի 25-ին և 28-29-ը։

    Հրազդան քաղաքում՝ հոկտեմբերի 26-ին և 29-30-ը։

    դիտվել է 5 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը


    Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/

  • Հայ մարդուն տուն կանչող Արթուր Ահարոնյանը

    Երբեմն երաժշտությունը սկսվում է ոչ թե նոտայից, այլ այն պահից, երբ մարդը կարողանում է լռել։
    Կոմպոզիտոր Արթուր Ահարոնյանը պատմում է, որ ստեղծագործության մեջ կարող է հայտնվել մի փոքրիկ հատված՝ ընդամենը մի քանի նոտա, բայց դրա մեջ արդեն ինչ-որ բան կա։ Կյանքի պես մի բան։ Բաբախում է։ Դեռ չգիտես՝ ինչ է դառնալու, բայց հասկանում ես՝ այստեղից պետք է սկսել։
    Հետո սկսում ես «մաքրել»։ Մի բան հեռացնել, մյուսը փոխել, մի քայլ հետ գնալ, երկու քայլ առաջ։ Մինչեւ այն պահը, երբ ներսում ինչ-որ բան հանգստանում է, եւ ներքին ձայնն ասում է՝ «հիմա ճիշտ եղավ»։
    Արթուր Ահարոնյանը տարիներ շարունակ երաժշտություն է գրել, ուսումնասիրել է Կոմիտասին, ապրել է Փարիզում, դասավանդել, վերադարձել Հայաստան, գրել «Հոգուս կանչը», իսկ հիմա ստեղծում է «Հազարան Հավքը»։ Բայց նրա պատմության մեջ սրանք առանձին դրվագներ չեն, այլ նույն ճանապարհի տարբեր կանգառներ։
    Այդ ճանապարհը միշտ տանում է տուն։ Երբեմն՝ Երեւանի տունը, որտեղ մանկության լույսն ու ձայներն են մնացել։ Երբեմն՝ դեպի Կոմիտասի երաժշտություն, որի մեջ նա փորձում է լսել ոչ միայն անցյալը, այլեւ այն, ինչ դեռ չի ասվել։ Իսկ հիմա այդ ճանապարհին «Հազարան Հավքն» է, որտեղ մի երեխա անցնում է սեւ, կապույտ ու կարմիր աշխարհներով՝ կորցրած դրախտը վերականգնելու համար։
    Պետք է նախ սովորել, հետո՝ մոռանալ
    Արթուր Ահարոնյանի ստեղծագործական ճանապարհը ներառում է դաշնամուր, կոմպոզիցիա, Կոմիտաս, ժողովրդական երաժշտություն, մանկավարժություն, հետազոտություն, օպերա, գիտություն եւ մաթեմատիկա։
    «14-15 տարեկանից նոր սկսեցի լիարժեք նվիրվել երաժշտությանը: Շատ ուժեղ էի մաթեմատիկայից, բայց 14 տարեկանն այն տարին է, որ ուզում ես երեւալ, աչքի ընկնել, իսկ նվագելր դրան օգնում է», – ժպտում է Արթուր Ահարոնյանը։
    Մաթեմատիկան նրա կյանքից չի անհետացել։ Նրա համար այն եւս կարող է արվեստ լինել։ 
    Ստեղծագործությունը պատկերացնում է որպես մի տարածք, որտեղ կան սյուներ, կամուրջներ, փոսեր։ Մի գաղափարը սյուն է դառնում, հետո մեկ ուրիշ բան գալիս ու կամրջում է, իսկ ավելի ուշ պարզվում է՝ ինչ-որ տեղ փոս է մնացել։ Պետք է վերադառնալ, լրացնել այն։ Հետո վերջից սկզբին նայել ու հասկանալ, որ ամեն ինչ ինչ-որ ձեւով կապված է։
    Ստեղծագործությունը միշտ չէ, որ գրում է սկզբից մինչեւ վերջ։ Հատվածներից մեկը կարող է ծնվել այսօր, մյուսը՝ ամիսներ կամ տարիներ անց։ 
    Երբ արվեստը պահանջում է մոռանալ սեփական «ես»-ը
    Հայկական երաժշտական ավանդույթն առանձնահատուկ տեղ ունի Արթուր Ահարոնյանի ստեղծագործական մտածողության մեջ։ Ազգային նյութը սովորաբար ուղղակի մեջբերում չէ։ Ավելի կարեւոր է ժողովրդական երաժշտության խորքային լեզուն, դրա տրամաբանությունն ու շունչը։ Նույնը վերաբերում է Կոմիտասի ազդեցությանը՝ հակիրճություն, զսպվածություն եւ նվազագույն միջոցներով արտահայտչականության հասնելու ձգտում։
    «Ժողովրդական երաժշտությունը ժողովուրդը զգացել է։ Այդտեղ ոչ մի բան հորինված, կառուցված կամ ստեղծված չի․բնազդով ծնված է եւ հսկա ուժ ունի։ Երբ աշխատում ես ժողովրդական մեղեդու հետ, պետք է պատկերացնես, որ սա բնության ձայնն է։ Դու չես փորձում իրեն ձեւափոխել,աշխատում ես, որ իր էությունը հասկանաս եւ իր հետ խոսես իր նման։
    Քանի դեռ անընդհատ քեզ ես փնտրում այդ արվեստի մեջ, այն չես գտնի։ Եթե քեզ չմոռանաս, դու ժողովրդական արվեստը չես գտնի։ Բայց եթե այդ խորքը չես տեսնում, կարող ես պրիմիտիվիզմի մեջ ընկնել, որովհետեւ ինքը պարզ բան է, բայց այդ պարզության մեջ հանճար կա»,- ասում է Ահարոնյանը։
    Որքան ավելի շատ ես կառչում սեփական մտքերից, խնդիրներից ու պատկերացումներից, այնքան ավելի ես փակվում։ Իսկ արվեստի մեջ երբեմն պետք է ոչ թե ավելի շատ բան ավելացնել, այլ հեռացնել այն, ինչ խանգարում է տեսնել։
    Փարիզը՝ ճանապարհ դեպի տուն
    1993-ին Արթուր Ահարոնյանը տեղափոխվեց Փարիզ։ Այդ ժամանակ արդեն դաշնակահար էր, համերգներ էր տվել, աշխատել էր Մայր տաճարի երգեհոնահար, եւ երգչախմբի հետ եղել էր Գերմանիայում ու Ֆրանսիայում։
    Փարիզը, սակայն, նրա համար միայն մասնագիտական փոփոխություն չէր։ Նոր լեզու էր, նոր միջավայր, նոր պայմաններ։ Աշխատանք գտնելու առաջին շրջանում նա բազմաթիվ նամակներ էր ուղարկում։ Հետո հասկացավ, որ ֆրանսիական համակարգն ուրիշ է՝ պետք է նախապես ժամադրություն վերցնել։ Մի օր, սակայն, պարզապես գնաց Վանվ քաղաքի կոնսերվատորիա եւ ասաց, որ դաշնակահար է ու աշխատանք է փնտրում։ Հաջորդ օրն արդեն աշխատանքի էր։
    Տարիներ անց նույն քաղաքը նրան հռչակեց պատվավոր քաղաքացի։ Բայց Փարիզի ամենամեծ ազդեցությունը, գուցե, ոչ մասնագիտական էր։ Այդ քաղաքում նա սկսեց ճանաչել տարբեր ժողովուրդների։ Տեսավ նրանց տարբերությունները, ուժեղ կողմերը, մշակույթները։ Եվ հենց այդ հեռավորությունից սկսեց ավելի գնահատել սեփականը։
    «Երբ մենակ քո ազգը գիտես, շատ դժվար է»,- ասում է նա։ Մարդը սեփական տունը երբեմն պետք է հեռվից տեսնի, որ հասկանա դրա արժեքը։
    Փարիզում Արթուր Ահարոնյանի համար այդ տունը նաեւ Կոմիտասն էր: «Կոմիտասը միշտ բոլորիս հետ է։ Կոմիտասը մեր ամենամեծ նշանն է»,- ասում է նա։
    1995-ին Սորբոնում պաշտպանել է «Կոմիտասի դաշնամուրային երկերը» թեմայով մագիստրոսական թեզը, իսկ 2000-ին՝ «Կոմիտասը եւ իր ստեղծագործությունը» թեմայով դոկտորական ատենախոսությունը։ Հետագայում շարունակել է կատարել եւ ձայնագրել Կոմիտասի երաժշտությունը։
    Փարիզում Կոմիտասը նրա համար դարձավ նաեւ տարածք։ Այն վայրերը, որտեղ Կոմիտասը ապրել էր, աշխատել, ստեղծագործել, արդեն կարելի էր ոչ միայն պատկերացնել, այլեւ տեսնել, քայլել դրանց կողքով։ 
    Տունը հասցե չէ. այն հարաբերություն է
    Փարիզում նրա մասնագիտական կյանքն է՝ համերգները, ուսուցումը, գործընկերները, տարիների ստեղծագործական աշխատանքը։ Բայց Հայաստան վերադառնալիս փոխվում է ինչ-որ բան, որը դժվար է բացատրել մասնագիտական բառերով։ Արեւը։ Ծառի ճյուղերից ընկնող լույսը։ Հողը։ 
    Հայաստանն ու Ֆրանսիան Արթուր Ահարոնյանի կյանքում, սակայն, հակադիր աշխարհներ չեն։ Նրա գործունեության մի կարեւոր ուղղությունը հենց այդ երկու միջավայրերի միջեւ կապ ստեղծելն է։ Ֆրանսիայի տարբեր քաղաքներում որպես հրավիրված կոմպոզիտոր աշխատելու տարիներին նա ոչ միայն ներկայացրել է սեփական երաժշտությունը, այլեւ դասախոսություններ ու վարպետության դասեր անցկացրել հայկական երաժշտության մասին։
    Վերադարձի գաղափարը հստակ էր նաեւ «Տուն արի» ստեղծագործության մեջ։ Երբ նրան հարցնում եմ՝ ում էր ուղղված այդ կոչը, պատասխանը պարզ է. «Հայ մարդուն կանչում էի տուն»։
     «Հազարան Հավքը» եւ կորցրածի վերադարձը
    Այսօր Ահարոնյանի գլխավոր ստեղծագործական նախագիծը «Հազարան Հավք» երեք գործողությամբ հայալեզու օպերան է՝ հայկական հին հեքիաթի հիման վրա։ 
    Միաժամանակ նա աշխատում է նաեւ նոր դաշնամուրի կոնցերտի վրա, որը նախատեսված է 2028 թվականին ԱՄՆ-ում կայանալիք համերգի համար։
    «Հազարան Հավքի» մասին խոսելիս Արթուր Ահարոնյանը զգուշանում է շատ պատմելուց։ Ստեղծագործությունը դեռ ընթացքի մեջ է։ Գաղափարը ծնվել է մոտ յոթ տարի առաջ, իսկ օպերան դեռ գրվում է։ 
    Հեքիաթում կա դրախտ, կա թագավորի ստեղծած այգի, որտեղ բոլորը կարող են մտնել։ Հետո գալիս է մի մայր՝ հիվանդ երեխայի համար խաղող խնդրելու։ Նրան չեն տալիս։ Երեխան մահանում է։ Մոր անեծքից հետո կարգը խախտվում է. վարդը դառնում է փուշ, մարդը՝ գազան, եւ սկսվում է վերադարձի ճանապարհը։ Հրեշտակն ասում է՝ Հազարան հավքը պիտի գա, պիտի երգի, եւ այգին նորից կծաղկի։ 
    «Հազարան հավքը ինձ համար երգող թռչուն չէ, մարդու հազար հատկությունների վերադարձն է, որովհետեւ մարդը կորցրել է մարդկային հատկությունները», – ասում է Արթուր Ահարոնյանը։
    Թագավորի որդիները ճանապարհ են ընկնում նրան գտնելու, բայց փոքր որդու ճանապարհը սովորական որոնում չէ․«Ինքը պետք է հաղթահարի բոլոր իր ներքին վախերն ու մութ կողմերը։ Մարդը պիտի իրեն հաղթահարի»։
    Հազարան հավքը փնտրելով՝ մարդը իրականում իր մեջ է փնտրում այն հատկությունները, որոնք կորցրել է։ Այդ հեքիաթի մեջ Արթուր Ահարոնյանը տեսնում է նաեւ Հայաստանի պատմությունը։ 
    «Եվ վերջում հավքը երգում է, որովհետեւ այդ կարգը, այդ մաքրությունը վերագտնվում է», – ասում է Ահարոնյանը։
    Տասնամյակների ընթացքում նա գրել է դաշնամուրային, կամերային, սիմֆոնիկ, կոնցերտային, վոկալ եւ խմբերգային ստեղծագործություններ, բալետներ, օպերաներ, թատերական եւ կինոերաժշտություն։ Նրա գործերը հնչել են տարբեր երկրներում, իսկ ինքը՝ որպես կատարող, հանդես է եկել Հայաստանում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Եվրոպայի այլ երկրներում, Կանադայում եւ ԱՄՆ-ում։
    Բայց եթե այդ ճանապարհից հանենք պաշտոնները, մրցանակներն ու կոչումները, կմնա մարդը։ Մարդը, որը կասկածում է, փնտրում է, երբեմն սխալվում, հետո վերադառնում իր ներսի նույն հարցին։
    Աստղիկ Հովհաննեսով
    Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

  • ՀՀԿ-ից՝ ՍԴ, ՔՊ-ից՝ ՍԴ․ նախկին քննադատությունն ու այսօրվա բացատրությունը

    Նոյեմբերի 6-ին Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը։ Մինչև ՍԴ տեղափոխվելը նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ էր, ՔՊ ցուցակով ընտրված պատգամավոր և ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 

    ՍԴ դատավորի թեկնածու առաջադրվելուց հետո՝ 2026 թվականի մարտին, Վարդանյանը հայտարարել էր կուսակցությանն անդամակցությունը դադարեցնելու մասին, մարտի 26-ին երդվել էր և խորհրդարանից տեղափոխվել Սահմանադրական դատարան։

    Այն ժամանակ մի խումբ ՀԿ-ներ ԱԺ-ին կոչ էին արել ձեռնպահ մնալ Վլադիմիր Վարդանյանին ՍԴ դատավոր ընտրելուց: «Թեև Վլադիմիր Վարդանյանը վայր է դրել մանդատն ու դադարեցրել իր անդամակցությունը խորհրդարանական մեծամասնություն կազմող քաղաքական ուժին, այնուամենայնիվ նրա՝ ավելի քան յոթ տարի քաղաքական գործունեությամբ զբաղվելու և կուսակցական լինելու հանգամանքը, առերևույթ կասկած է հարուցում նրա, որպես Սահմանադրական դատարանի դատավոր, անաչառ պաշտոնավարման հնարավորության վերաբերյալ», -նշվում էր հայտարարության մեջ։

    Վարդանյանի ընտրությունը կրկին քննարկման առարկա է դարձրել նախկին կուսակցականի՝ ՍԴ տեղափոխվելու հարցը։ Տարիներ առաջ ներկայիս իշխանության ներկայացուցիչները Հրայր Թովմասյանի անկախությունը կասկածի տակ դնելիս մատնանշում էին նաև նրա կապերը Հանրապետական կուսակցության հետ։

    Ինչո՞վ են նման և տարբեր երկու դեպքերը

    Հրայր Թովմասյանը նույնպես իշխող կուսակցության՝ Հանրապետականի անդամ էր, ԱԺ պատգամավոր, ԱԺ պետական-օիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն էր ու այն ժամանակ իշխող կուսակցության իրավական ուղեղներից մեկը։ Սակայն 2018-ին որոշվեց, ու Ազգային ժողովը արտակարգ ռեժիմով նրան գործուղեց Սահմանադրական դատարան։ 

    ՍԴ տեղափոխվելուց առաջ նա ևս հրաժարվել էր կուսակցական անդամակցությունից․ 2018 թվականի փետրվարի 22-ին անդամակցությունը դադարեցնելու դիմում էր ներկայացրել։ Մարտի 2-ին խորհրդարանը նրան ընտրել էր ՍԴ անդամ, իսկ մարտի 21-ին՝ ՍԴ նախագահ։

    Թովմասյանի ընտրությունը տեղի էր ունեցել ՍԴ-ի ձևավորման նոր կարգի ուժի մեջ մտնելուց առաջ այսպես ասած՝ արտակարգ ռեժիմով։ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի լիազորությունները հրաժարականի հիմքով դադարել էին մարտի 8-ից՝ մինչև մարտի 23-ին նրա 70 տարին լրանալը։

    Այդ ժամանակ դեռ կիրառվում էին Սահմանադրության՝ 2005 թվականի փոփոխություններով նախատեսված համապատասխան դրույթները։ ՍԴ-ին վերաբերող նոր կարգավորումներն ուժի մեջ էին մտնելու 2018 թվականի ապրիլի 9-ին։ Նոր կարգով դատարանի նախագահին ընտրելու էին ՍԴ դատավորները՝ իրենց կազմից, վեց տարի ժամկետով։ Թովմասյանը, ընտրվելով մինչ այդ, հնարավորություն էր ստացել պաշտոնավարելու մինչև 65 տարին լրանալը՝ 2035 թվականը։

    Սակայն նրա նախագահությունը դադարեցվեց 2020 թվականի հունիսին ընդունված սահմանադրական փոփոխություններով։ Թովմասյանը շարունակեց պաշտոնավարել որպես ՍԴ դատավոր։

    Այսպիսով՝ երկու դեպքում էլ իշխող կուսակցության ներկայացուցիչը կուսակցությունից դուրս գալուց հետո տեղափոխվել է ՍԴ և դարձել դրա նախագահ։ Ընտրության ընթացակարգերը, սակայն, տարբեր են․ Թովմասյանին նախագահ էր ընտրել Ազգային ժողովը՝ 17 տարով, իսկ Վարդանյանին՝ ՍԴ դատավորները՝ 6 տարով։

    Ի՞նչ էին քննադատում Թովմասյանի դեպքում 

    Արդյոք որևէ կուսակցության անդամակցությունը դադարեցնելը բավարար է դատարանի անկախության նկատմամբ վստահության համար։ Թովմասյանի դեպքում ներկայիս իշխանության ներկայացուցիչները կասկածի տակ էին դնում նրա քաղաքական կապերի վերացումը՝ անգամ ՀՀԿ-ից դուրս գալուց հետո։

    Մասնավորապես, 2019-ին այն ժամանակ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Թովմասյանի՝ ՀՀԿ-ի հետ պահպանված կապով էր բացատրում ՍԴ որոշումների նկատմամբ իր անվստահությունը։ 

    Թովմասյանի մասին խոսելիս Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր․ «․․․երբևիցե չի էլ դադարել լինել Հանրապետական կուսակցության անդամ, կարող է փաստաթղթով դադարել է, բայց չի դադարել»։ Այնուհետև հավելել․ «Հրայր Թովմասյանը Ազգային ժողովից դուրս է եկել, փողոցն անցել է, գնացել է Սահմանադրական դատարանի նախագահ․ Սերժ Սարգսյանի համար Սահմանադրություն ա գրել, ապահովել ա, Սերժն էլ տարել, նստացրել ա, որ Սահմանադրական դատարանում իրեն ապահովի․․․ Ո՞վ չգիտի՝ Հրայր Թովմասյանն ով է, ինչ է արել, ու ինչի համար է ստացել էդ պաշտոնը»։

    Թե ինչի համար է ՍԴ գործուղվում Հրայր Թովմասյանը, 2018-ի մարտի 2-ին Թովմասյանի ընտրության հարցի քննարկման ժամանակ փորձել էր ներկայացնել այն ժամանակ ԱԺ ընդդիմադիր պատգամաբվոր Նիկոլ Փաշինյանը․ «Հրայր Թովմասյանը կյանքում ՍԴ անդամ ու ՍԴ նախագահ չէր լինի, եթե անցած չլիներ Սերժ Սարգսյանի թրի տակով, սա է Հայաստանում քաղաքական առաջընթացի միակ ձևը»։ 

    Կուսակցական անցյա՞լը, թե՞ կոնկրետ գործով հնարավոր կողմնակալությունը

    Թովմասյանի անաչառությունը 2019-ին կասկածի տակ էր դրել նաև ՔՊ անդամ, այն ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը։

    Սեպտեմբերի 24-ին Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախաձեռնությունը ներկայացնելիս նա հիշեցրել էր Թովմասյանի  ՀՀԿ նախկին անդամ լինելը և զբաղեցրած պաշտոնները։ Գրիգորյանը դա կապել էր Ռոբերտ Քոչարյանի դիմումը քննելիս Թովմասյանի հնարավոր կողմնակալության հետ՝ մատնանշելով ՀՀԿ-ի և Քոչարյանի փոխկապակցված շահերը։

    Այստեղ, սակայն, կարևոր է տարբերակել նախկին կուսակցական լինելը և այդ կապերով պայմանավորված՝ կոնկրետ գործի քննությանը մասնակցելու հարցը։

    Հոկտեմբերի 3-ին Գրիգորյանն այդ տարբերակումը հստակեցրել էր՝ ասելով, որ «չկա արգելք, որ կուսակցական կամ պատգամավոր եղած մարդը հետո կարող է գնալ ՍԴ»։ Նրա պարզաբանմամբ՝ եթե քննվող գործի հանգամանքները նախկին կապերի պատճառով անաչառության կասկած են առաջացնում, դատավորը չպետք է մասնակցի տվյալ վարույթին։

    Նույն շրջանում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ևս պարզաբանել էր, որ նախկին կուսակցական լինելն ինքնին ՍԴ անդամ կամ նախագահ դառնալու արգելք չէ։ Նրա խոսքով՝ խնդիրը Թովմասյանի ներկա գործողություններում առանձին քաղաքական ուժի շահերը պաշտպանելու կասկածն էր։

    Ինչպե՞ս է Վարդանյանը բացատրում իր և Թովմասյանի տարբերությունը 

    ՍԴ դատավորի պաշտոնում Վարդանյանի թեկնածության քննարկման ժամանակ՝ 2026 թվականի մարտի 24-ին, պատգամավոր Թագուհի Թովմասյանը նրան հիշեցրել էր Հրայր Թովմասյանի կուսակցական անցյալի վերաբերյալ իշխանության քննադատությունը և հարցրել՝ ինչպես է ինքը նույն ճանապարհն անցնելուց հետո ապահովելու իր անաչառությունը։

    Վլադիմիր Վարդանյանը ի պատասխան ցավ էր հայտնել Թովմասյանի լիազորությունների վաղաժամկետ դադարի և նրա հետ տեղի ունեցածի կապակցությամբ։ Ապա իր և Թովմասյանի դեպքերի տարբերությունը բացատրել էր վերջինիս ընտրվելու կարգով։

    Վարդանյանի ներկայացմամբ՝ Թովմասյանի հետ կապված խնդիրը խորհրդարանից ՍԴ տեղափոխվելը չէր, այլ այն, որ նոր սահմանադրական կարգավորումների ջատագովը լինելով՝ նա ընտրվել էր նախկին կարգով, որի համապատասխան դրույթները օրեր անց դադարելու էին գործել։ «Հավատացնում եմ ձեզ՝ որևիցե դեսանտ որևիցե դատական համակարգում չի աշխատում», -ասել էր Վարդանյանը։

    Կուսակցական անցյալով պայմանավորված հնարավոր կաշկանդվածության մասին հարցին պատասխանելիս արդեն նոյեմբերի 6-ին տեղի ունեցած ճեպազրույցում Վլադիմիր Վարդանյանը շեշտադրել էր դատավորի տված երդումը․ «Այո, ես եղել եմ պատգամավոր, եղել եմ կուսակցության անդամ, բայց դատավորի երդումը տալուց հետո յուրաքանչյուրս պարտավորվում է առաջնորդվել տրված երդմամբ, և ես երդման շրջանակներում եմ տալիս իմ պատասխանները»։ Վարդանյանը հավելել է նաև, որ դատարանը պետք է մնա ապաքաղաքական, իսկ ՍԴ որևէ անդամի քաղաքական հայտարարությունը չպետք է թույլատրելի համարվի։

    Այսպիսով, երկու դեպքում էլ իշխող կուսակցության պատգամավորը կուսակցությունից դուրս գալուց հետո դարձել է ՍԴ դատավոր, ապա՝ նախագահ։ Տարբեր են եղել ընտրության կարգն ու պաշտոնավարման ժամկետը։ Թովմասյանի դեպքում իշխանության ներկայացուցիչները կասկածում էին՝ կուսակցությունից դուրս գալով նա ազատվե՞լ է արդյոք նաև քաղաքական կապերից։ Այս օրերին նույն հարցին Վարդանյանը պատասխանում է՝ շեշտադրելով դատավորի երդումն ու անկախ գործելու պարտավորությունը։

    Հասմիկ Համբարձումյան

  • Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել նոյեմբերի 7-ի համար

    Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել նոյեմբերի 7-ի համարRate.am | Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 7-ի դրությամբ՝

    ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 358.5 դրամ է, վաճառքը՝ 362 դրամ:

    Եվրոյի առքի արժեքն է 399.5 դրամ, վաճառքի դեպքում՝ 404.5 դրամ։

    Ռուսական ռուբլու առքի միջին արժեքն է 4.34 դրամ, վաճառքինը՝ 4.49 դրամ:

  • Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ»

    «Փաստ» օրաթերթը գրում է.

     Երբ իշխանությունը սահմանադրական փոփոխությունների գործընթացը ներկայացնում է ոչ թե որպես լայն հանրային քննարկման, իրավական և քաղաքական համախոհության ձևավորման, տարբեր տեսակետների համադրման և պետության ապագայի շուրջ հասուն բանավեճի առիթ, այլ որպես ճնշման, պարտադրանքի, քաղաքական հակառակորդներին բարոյապես մեկուսացնելու կամ նրանց հանրային թիրախ դարձնելու հարթակ, առաջանում է ոչ միայն ընթացիկ քաղաքական վեճ, այլ շատ ավելի խորքային խնդիր՝ ժողովրդավարության որակի, պետականության ընկալման և սահմանադրական լեգիտիմության հարց։

     Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանի այն մոտեցումը, ըստ որի, եթե խորհրդարանական ընդդիմությունը դեմ գնա նոր Սահմանադրությանը կամ չաջակցի իշխանության առաջադրած սահմանադրական օրակարգին, ապա նրանց դեմ կարող է կամ պետք է գեներացվի հանրային ճնշում, լիովին հակասում է ժողովրդավարական սկզբունքների, առավել ևս, որ ավելին՝ օրեր անց այդ «հանրային ճնշումն» արտահայտվում է բացառապես իրավապահ համակարգի քաղաքական կիրառման նոր ալիքով։ Խնդիրը միայն այն չէ, թե իշխանությունը ցանկանում է նոր Սահմանադրություն ընդունել, կամ թե ընդդիմությունը ինչ քաղաքական հաշվարկներով է դրան դեմ։ Խնդիրն այն է, թե ինչ լեզվով, ինչ մեխանիզմներով և ինչ տրամաբանությամբ է իշխանությունը փորձում առաջ տանել սահմանադրական փոփոխությունների գործընթացը։ Առավել ևս, թե ինչու:

     Եթե այդ գործընթացը ուղեկցվում է այն մտքով, որ քաղաքական ընդդիմախոսները պետք է հանրային ճնշման տակ դրվեն, որովհետև չեն համաձայնում իշխանության (իսկ իրականում Ալիևի) ներկայացրած օրակարգին, ապա ժողովրդավարական սկզբունքների տեսանկյունից այստեղ բացվում է վտանգավոր հակասությունների մի ամբողջ շղթա։ Ժողովրդավարությունը միայն մեծամասնության իշխանություն չէ, ժողովրդավարությունը նաև փոքրամասնության իրավունքների պաշտպանություն է, ընդդիմության օրինական գոյության ճանաչում, պատգամավորական ազատ մանդատի հարգում, քաղաքական այլակարծության երաշխավորում և քաղաքական հակառակորդների դեմ պետական լծակների չարաշահման բացակայություն։

    Առաջին հիմնարար խնդիրը վերաբերում է պատգամավորական մանդատի ազատության սկզբունքին։ Խորհրդարանի պատգամավորը, անկախ նրանից՝ ընտրվել է իշխանական, ընդդիմադիր կամ որևէ այլ քաղաքական ուժի ցուցակով, չի կարող դիտարկվել որպես գործադիր իշխանության կամ հանրային տրամադրությունների ուղղակի ենթակա մեխանիկական ձայն։ Ժողովրդավարական պառլամենտարիզմի իմաստն այն է, որ պատգամավորը, ստանալով ժողովրդի ներկայացուցչական մանդատ, իրավասու է քվեարկել, արտահայտվել և քաղաքական դիրքորոշում ձևավորել իր խղճի, համոզմունքների, կուսակցության ծրագրի, ընտրողների հանդեպ պատասխանատվության և պետական շահի իր ընկալման հիման վրա։ Երբ գործադիր իշխանության ղեկավարը կամ իշխող քաղաքական թիմը հայտարարում է, որ ընդդիմադիր պատգամավորների այս կամ այն դիրքորոշման դեպքում նրանց դեմ հանրային ճնշում է ձևավորվելու իշխանության առաջնորդությամբ, ապա դա չի կարող ընկալվել այլ կերպ, քան որպես պատգամավորական ազատ մանդատի վրա ճնշման փորձ։

    Սահմանադրական փոփոխությունների գործընթացը պահանջում է լայն համաձայնություն, որովհետև Սահմանադրությունը պետք է պատկանի ոչ միայն իշխանության ընտրողներին, այլ ամբողջ հանրությանը, այդ թվում՝ իշխանությանը չընտրած քաղաքացիներին, ընդդիմադիր հայացքներ ունեցողներին, չկողմնորոշվածներին, մասնագիտական համայնքներին և քաղաքական փոքրամասնություններին։ Մի խոսքով՝ բոլորին: Եվ եթե նոր Սահմանադրության (կամ սահմանադրական փոփոխությունների) ընդունման գործընթացը սկսվում է այն նախադրյալով, որ ընդդիմության համաձայնությունը պետք է կորզվի ճնշմամբ, ապա այդ գործընթացի լեգիտիմությունը խաթարվում է հենց սկզբից։ Սահմանադրությունը չի կարող լինել սպառնալիքի արդյունք։ Ի դեպ, «փակագծերում» նշենք, որ սա վերաբերում է նաև այն հանգամանքին, որ սահմանադրական փոփոխությունները իրականացվում են Ադրբեջանի պահանջով:

    Երկրորդ կարևոր հակասությունը վերաբերում է քաղաքական պլ յուրալիզմին՝ բազմակարծությանը։ Ժողովրդավարական հասարակության հիմքում կանգնած է այն սկզբունքը, որ իշխանության դիրքորոշումը միակ լեգիտիմ դիրքորոշումը չէ։ Ընդդիմությունը կարող է սխալվել, կարող է առաջնորդվել քաղաքական հաշվարկներով, կարող է ներկայացնել վիճելի փաստարկներ, բայց նրա իրավունքը՝ դեմ լինել իշխանության օրակարգին, ինքնին ժողովրդավարական նորմ է։ Նոր Սահմանադրությանը դեմ լինելը չի կարող մեխանիկորեն ներկայացվել որպես խաղաղությանը դեմ լինել, պետությանը դեմ լինել կամ ազգային շահի դեմ գործել։ Երբ իշխանությունը սահմանադրական օրակարգը կապում է խաղաղության հետ և ընդդիմության անհամաձայնությունը մեկնաբանում է որպես խաղաղության դեմ դիրքավորում, քաղաքական բանավեճը դուրս է գալիս ռացիոնալ դաշտից և տեղափոխվում բարոյական մեղադրանքի դաշտ։

    Այդ դեպքում հարցն այլևս չի քննարկվում այսպես՝ ինչպիսի՞ Սահմանադրություն է առաջարկվում, ինչո՞ւ է այն անհրաժեշտ, ո՞ր խնդիրներն է լուծում, ի՞նչ ռիսկեր ունի, ինչպե՞ս է ապահովվում իրավական շարունակականությունը, արդյո՞ք փոփոխությունները բխում են ներքին պետական անհրաժեշտությունից, թե՞ արտաքին ճնշումներից։

    Փոխարենը քննարկումը վերածվում է պարզունակ հակադրության՝ ով կողմ է իշխանության առաջարկին, նա խաղաղության կողմնակից է, ով դեմ է, նա խաղաղության դեմ է։ Սա վտանգավոր մանիպուլ յատիվ կառուցվածք է, որովհետև այն փաստարկը փոխարինում է բարոյական պիտակով։

    Երրորդ առանցքային խնդիրը իշխանության կողմից փողոցային կամ հանրային ճնշումների ուղղորդման հարցն է։ Ժողովրդավարական ավանդույթներում հանրային բողոքը, հանրահավաքը, քաղաքացիական ճնշումը սովորաբար այն մեխանիզմներն են, որոնց միջոցով հասարակությունը կամ ընդդիմությունը վերահսկում են իշխանությանը։

    Քաղաքացին դուրս է գալիս փողոց, երբ համարում է, որ իշխանությունը չի լսում իրեն, խախտում է իր իրավունքները կամ գնում է հանրային շահին հակառակ ճանապարհով։ Բայց երբ իշխանությունն ինքն է խոսում հանրային ճնշում գեներացնելու մասին՝ ուղղված խորհրդարանական ընդդիմության դեմ, այստեղ առաջանում է սկզբունքային անհամաչափություն։ Իշխանությունն արդեն ունի պետական ռեսուրսներ՝ կառավարություն, վարչական համակարգ, իրավապահ մարմինների նկատմամբ ազդեցություն (որոնցից անսահմանափակ ձևով օգտվում է ամենօրյա ռեժիմով), հանրային օրակարգ ձևավորելու հսկայական հնարավորություն, պետական տեղեկատվական հարթակներ, քաղաքական մեծամասնություն։ Եթե այս ամենին գումարվում է նաև փողոցային կամ հանրային ճնշում կազմակերպելու կամ առաջնորդելու մտադրություն, ապա դա կարող է ընկալվել որպես պետական ուժի և զանգվածային ճնշման համադրում ընդդիմության դեմ։

    Այստեղ պետք է տարբերակել երկու գործոն։ Իշխանությունը, ինչպես ցանկացած քաղաքական ուժ, ունի իրավունք բացատրել իր դիրքորոշումը, քարոզել իր սահմանադրական օրակարգը, համոզել քաղաքացիներին, մասնակցել հանրային քննարկումներին և քաղաքական պայքար մղել։ Բայց մեկ բան է համոզելը, մեկ այլ բան՝ ճնշման սպառնալիքը։ Համոզելը ենթադրում է փաստարկ, բացատրություն, պատասխաններ, լսելու պատրաստակամություն։ Ճնշումը ենթադրում է, որ ընդդիմախոսը պետք է փոխի դիրքորոշումը ոչ թե համոզվելու, այլ վախենալու կամ մեկուսացվելու պատճառով։

    Երբ իշխանությունը խոսում է հանրային ճնշման մասին՝ հատկապես խորհրդարանական փոքրամասնության հասցեին, այդ խոսքը կարող է ընկալվել ոչ թե որպես քաղաքական քարոզչություն, այլ որպես նախազգուշացում՝ եթե չեք քվեարկում այնպես, ինչպես պետք է իշխանությանը, ապա ձեր դեմ կկազմակերպվի «հանրային ճնշում»։ Ժողովրդավարության տեսանկյունից սա վտանգավոր շեղում է, որովհետև օրենսդիր մարմնի ներսում որոշումները պետք է կայացվեն քաղաքական քննարկման և իրավական ընթացակարգերի շրջանակում, ոչ թե փողոցային ճնշման ստվերի տակ։

     Չորրորդ վտանգավոր հետևանքը ներքաղաքական բևեռացման խորացումն է։ Հայաստանի հասարակությունը վերջին տարիներին արդեն իսկ անցել է ծանրագույն բևեռացման միջով՝ պատերազմից, պարտությունից, անվտանգային ճգնաժամերից, սոցիալական հիասթափություններից և պետական ինստիտուտների նկատմամբ վստահության անկումից հետո։ Այս պայմաններում իշխանության ամեն մի հռետորաբանություն, որը հասարակությանը բաժանում է «խաղաղության կողմնակիցների» և «խաղաղության թշնամիների», կարող է ունենալ պայթյունավտանգ ազդեցություն։

    Խնդիրն այն է, որ նման բաժանումները երբեք չեն մնում միայն քաղաքական հայտարարությունների մակարդակում։ Դրանք շատ արագ տեղափոխվում են սոցիալական ցանցեր, ընտանիքներ, համայնքներ, աշխատանքային միջավայրեր, փողոց, հանրային միջոցառումներ։ Երբ իշխանությունը կամ իշխանական քարոզչական միջավայրը ընդդիմախոսին ներկայացնում է ոչ թե որպես այլ կարծիք ունեցող քաղաքական դերակատար, այլ որպես խաղաղության խոչընդոտ, ապա հասարակության մի հատվածի մոտ կարող է ձևավորվել համոզում, որ այդ ընդդիմախոսին լռեցնելը կամ նրա դեմ ագրեսիվ վերաբերմունքը արդարացված է։ Այսպես խոսքային պիտակավորումը կարող է դառնալ սոցիալական թշնամանքի աղբյուր։

     Հինգերորդ կարևոր խնդիրն իրավական և ընթացակարգային շանտաժի ընկալումն է։ Եթե խորհրդարանական գործընթացում իշխանական մեծամասնությանը սահմանադրական փոփոխությունների կամ հանրաքվեի դնելու որոշման համար անհրաժեշտ են լրացուցիչ ձայներ, և այդ ձայները կարող են ստացվել միայն ընդդիմադիր պատգամավորների աջակցությամբ կամ առնվազն մասնակցությամբ, ապա իշխանության պարտականությունը պետք է լինի քաղաքական երկխոսություն նախաձեռնելը, ոչ թե ճնշման հռետորաբանությունը։ Սահմանադրական մեծամասնության պահանջը հենց այն նպատակով է նախատեսված, որ Մայր օրենքի փոփոխությունը չկատարվի միայն ընթացիկ մեծամասնության կամքով։ Սահմանադրական ընթացակարգերը պահանջում են ավելի լայն աջակցություն, որպեսզի նման փոփոխությունները լինեն կայուն, լեգիտիմ և համազգային վստահություն ներշնչող։ Եթե իշխանությունը այդ պահանջը ընկալում է որպես խոչընդոտ, որը պետք է հաղթահարել ընդդիմադիրների նկատմամբ հանրային ճնշում ստեղծելով, ապա խաթարվում է հենց սահմանադրական կարգի տրամաբանությունը։

    Այստեղ կա նաև շատ նուրբ, բայց կարևոր տարբերություն հանրային հաշվետվողականության և հանրային ճնշման միջև։ Բոլոր պատգամավորները պետք է հաշվետու լինեն քաղաքացիների առաջ։ Եթե ընդդիմադիր պատգամավորը դեմ է նոր Սահմանադրությանը, նա պետք է բացատրի՝ ինչու է դեմ։ Եթե իշխանական պատգամավորը կողմ է, նա նույնպես պետք է բացատրի՝ ինչու է կողմ։ Քաղաքացիներն իրավունք ունեն քննադատել, հարցեր տալ, չընտրել, հանրային դժգոհություն հայտնել։ Բայց երբ ճնշման նախաձեռնողը դառնում է իշխանությունը, որը ունի վարչական և քարոզչական լծակներ, հաշվետվողականությունը կարող է վերածվել պարտադրանքի։ Այս տարբերությունը կարևոր է ժողովրդավարական սահմանների պահպանման համար։ Ժողովրդավարական համակարգում իշխանությունը չպետք է ընդդիմությանը ստիպի ապահովել իրեն անհրաժեշտ ձայները՝ սպառնալով հանրային մեկուսացմամբ։ Եթե սահմանադրական փոփոխությունը այդքան կարևոր և արդարացված է, իշխանությունը պետք է կարողանա դրա շուրջ կառուցել վստահություն, ոչ թե վախ։

    Վեցերորդ հարցը վերաբերում է երևի թե ամենակարևոր գործոնին՝ արտաքին ճնշումների լեգիտիմացմանը։ Երբ իշխանությունը նոր Սահմանադրության անհրաժեշտությունը կապում է Ադրբեջանի հետ վերջնական խաղաղության կամ խաղաղության պայմանագրի հնարավորության հետ, ընդդիմադիր և անկախ վերլուծական շրջանակներում, բնականաբար, ուժեղանում է այն մտահոգությունը, որ Հայաստանի Մայր օրենքի փոփոխության հարցը կարող է լինել ոչ թե ներքին իրավաքաղաքական զարգացման արդյունք, այլ արտաքին պահանջների բաղադրիչ։ Այս մտահոգությունը չի կարելի պարզապես պիտակավորել կամ մերժել։ Պետության Սահմանադրության փոփոխությունը այնպիսի հարց է, որը պետք է բխի նախևառաջ ներքին ժողովրդավարական անհրաժեշտությունից. օրինակ՝ կառավարման համակարգի բարելավումից, իշխանությունների բաժանման հավասարակշռությունից, մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացումից, դատական իշխանության անկախության ապահովումից, տեղական ինքնակառավարման ուժեղացումից, պետական ինստիտուտների արդյունավետության բարձրացումից։ Եթե հասարակությանն ասվում է, որ նոր Սահմանադրությունը անհրաժեշտ է խաղաղության համար, իսկ այդ խաղաղության պայմանը կամ ակնարկը կապվում է Ադրբեջանի դիրքորոշումների հետ, ապա իշխանությունը փաստացի ինքն է բացում հարցը՝ արդյո՞ք Հայաստանի սահմանադրական ինքնիշխանությունը գտնվում է արտաքին պայմանավորվածությունների ազդեցության տակ։

    Այստեղ խնդիրը միայն իրավական չէ, այլ նաև խորհրդանշական։ Սահմանադրությունը պետության ինքնիշխանության ամենաբարձր խորհրդանիշներից է։ Եթե քաղաքացիների շրջանում ձևավորվում է համոզում, որ այն փոխվում է ոչ թե իրենց կամքով, ոչ թե ներքին քաղաքական բազմակողմանի քննարկման արդյունքում, այլ արտաքին ճնշման ներքո, ապա անգամ հանրաքվեով ինչ-որ հրաշքով ընդունված փաստաթուղթը կարող է ունենալ թույլ լեգիտիմություն։ Ավելին, նման ընկալումը կարող է խաթարել հենց խաղաղության գործընթացի հանրային ընդունելիությունը։ Եթե խաղաղությունը ներկայացվում է որպես մի գործընթաց, որի համար պետք է փոխել Սահմանադրությունը արտաքին պահանջներին համապատասխան, ապա հասարակության մի հատվածի շրջանում խաղաղությունը սկսում է ասոցացվել ոչ թե անվտանգության և կայունության, այլ զիջման, պարտադրանքի և պետական ինքնության խաթարման հետ։

     Յոթերորդ և ոչ պակաս կարևոր հարցը հանրաքվեի ինստիտուտի արժեզրկման վտանգն է։ Հանրաքվեն ժողովրդավարության ամենաուղիղ գործիքներից մեկն է, բայց այն ինքնին չի երաշխավորում ժողովրդավարական լեգիտիմություն, եթե դրան նախորդող ամբողջ գործընթացը եղել է անհավասար, մանիպուլ յատիվ, ճնշումներով ուղեկցված կամ «սևսպիտակ» բաժանման տրամաբանությամբ կառուցված։ Հանրաքվեն պետք է լինի ազատ կամարտահայտության պահ, որտեղ քաղաքացին ոչ միայն պարզապես քվեարկում է, այլ քվեարկում է տեղեկացված, առանց վախի, առանց պիտակավորման, առանց այն զգացողության, որ «ոչ» ասելը նշանակում է խաղաղության դեմ լինել կամ պետական շահին հակառակ գործել։ Եթե նախքան հանրաքվեն իշխանությունը քարոզչական դաշտում ձևավորում է մթնոլորտ, որտեղ «այո»-ն ներկայացվում է որպես խաղաղություն, իսկ «ոչ»-ը՝ որպես պատերազմ, դավաճանություն կամ պետության դեմ քայլ, ապա քաղաքացիների ընտրությունը դառնում է ոչ թե ազատ քաղաքական որոշում, այլ հոգեբանական ճնշման պայմաններում արված արձագանք։

    Իսկ այսպիսի իրավիճակում առավել խորքային մակարդակում բացահայտվում է Հայաստանի քաղաքական մշակույթի մի հին ու վտանգավոր հիվանդություն՝ իշխանությունը հաճախ իրեն նույնացնում է պետության, ժողովրդի կամ ազգային շահի հետ։

    ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

  • Ջերմաստիճանը կտրուկ կնվազի, նախալեռնային գոտիներում ձյուն կգա. եղանակի տեսություն

    Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում այսօր և վաղը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Այսօր լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

    Հաղորդագրության համաձայն` քամին կլինի արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, նոյեմբերի 7-9-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում` 16-19մ/վ արագությամբ։

    Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10, նոյեմբերի 8-10-ի գիշերը՝ 9-11 աստիճանով։

    «Նոյմբերի 7-ին և 8-ի ցերեկը Շիրակում՝ 1600մ, Լոռի-Տավուշում՝ 800մ, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտում՝ 1800մ, Գեղարքունիքում՝ 2000մ, Վայոց Ձորում և Սյունիքում՝ 1800մ և ավելի բարձրություններում սպասվում է ձյուն։ Նոյեմբերի 8-ի երեկոյան և լույս 9-ի գիշերը արդեն հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային մարզերում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց»,–ասվում է հաղորդագրության մեջ։

    Նոյեմբերի 8-ի ուշ երեկոյան և 9-ի գիշերը ձյուն է սպասվում նաև Երևանի բարձրադիր գոտում, իսկ այսօր և նոյեմբերի 8-ի առաջին կեսին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

  • Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ»



    «Փաստ» օրաթերթը գրում է.

     Արցախյան 44-օրյա պատերազմից, առավել ևս՝ 2023 թվականի սեպտեմբերի՝ Արցախի դեմ ռազմական ագրեսիայից ու ավելի քան 100 հազար հայերի հարկադիր տեղահանությունից հետո Ադրբեջանի ղեկավարությունը ձևավորել է արտաքին քաղաքականության նոր ինքնաընկալում։ Բաքուն այլևս չի բավարարվում տարածաշրջանային հաղթողի կարգավիճակով և աստիճանաբար դիրքավորում է իրեն որպես միջազգային հարաբերություններում ինքնուրույն, միջին ուժ ունեցող խաղացող՝ պետություն, որն ընդունակ է որոշումներ կայացնել առանց խոշոր տերությունների թույլտվության կամ հովանավորության և պատրաստ է բաց առճակատման գնալ ինչպես հեռավոր դերակատարների, այնպես էլ ամենամոտ գործընկերների հետ։

    Այդ արհեստական ինքնավստահության արմատում, թերևս, այն դասն է, որը Ալիևը քաղել է Արցախի շուրջ տեղի ունեցածից։ Ի վերջո Արցախի հայերի նկատմամբ կատարված ռազմական հանցագործությունները, էթնիկ զտումը և մշակութային ժառանգության ոչնչացումը ո՛չ տարածաշրջանային, ո՛չ գլոբալ խոշոր ուժերի կողմից էական հակազդեցության չարժանացան, ընդամենը որոշակի կցկտուր ձևակերպումներ հնչեցին և վերջ։ Չհետևեցին ո՛չ պատժամիջոցներ, ո՛չ տնտեսական կամ քաղաքական այնպիսի գին, որը կստիպեր Բաքվին վերանայել իր վարքագիծը։ Եթե ստացվեց այդ ամենը հանդուրժելի դարձնել, վստահ է Բաքուն, ապա մյուս հարցերում ևս կարելի է գործել ազատ և գրեթե անպատիժ, քանի որ միջազգային հանրությունն ու մյուս ուժերը, միևնույնն է, չեն կարողանալու իրեն պատժել։ Ուստի, Ալիևը «անպատժելիության» տրամաբանությունը փորձում է տարածել այլ ուղղությունների վրա։

    Այդ տրամաբանությունն առավել հստակ երևում է Եվրոպայի հետ հարաբերություններում։ Երբ եվրոպական կառույցները ընդունում են Ադրբեջանի գործողությունները դատապարտող որոշում, Ալիևը պատասխանում է ոչ թե դիվանագիտական զսպվածությամբ, այլ մատ թափ տալու և սպառնալիքի լեզվով։ Ռուսաստանի հետ էլ, մեղմ ասած, ամեն ինչ չէ, որ կարգին է: Ադրբեջանի համար ամենաբարդ և ամենավտանգավոր դաշտերից մեկը Իրանի հետ հարաբերություններն են։ Սակայն Բաքվի «ինքնուրույնության» ամենահետաքրքիր փորձությունը Թուրքիայի հետ հարաբերություններում է՝ այն երկրի հետ, որը ադրբեջանական քարոզչության մեջ սովորաբար անվանում են «մեծ եղբայր», և որի հետ կապը ներկայացվում է «մեկ ազգ, երկու պետություն» բանաձևով։ 2026 թվականի սեպտեմբերի կեսերին Ադրբեջանի պետական դպրոցներում ուժի մեջ մտան հիջաբի հետ կապված նոր կանոնակարգերը, որն էլ դժգոհության առիթ դարձավ Թուրքիայում՝ առաջ բերելով սուր քննադատության ալիք։

    Այդ որոշումը չեղյալ հայտարարելու կոչերին ի պատասխան՝ Ադրբեջանի իշխանությունները զգուշացրեցին, որ հարաբերությունները կտուժեն, եթե քննադատությունը շարունակվի, հիշեցնելով, որ Թուրքիան ևս սահմանադրորեն աշխարհիկ երկիր է, և հայտարարելով, որ «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը չի արդարացնում ներքին գործերին միջամտությունը։ Դրանից հետո լարվածությունը ոչ թե թուլացավ, այլ ստացավ ինստիտուցիոնալ ձևեր։ Ադրբեջանը միջազգային հետապնդում հայտարարելու պահանջ ներկայացրեց Թուրքիայում ապրող յոթ լրագրողի նկատմամբ՝ նրանց մեղադրելով սահմանադրական կարգի բռնի տապալման կոչերի և կրոնական հողի վրա ատելություն հրահրելու մեջ, իսկ հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն 31 թուրք քաղաքացու, այդ թվում՝ լրագրողների, գիտնականների, հոգևորականների և մեկ պատգամավորի, արգելեց մուտքը երկիր։

    Թուրքիայի հետ այս վեճի ենթատեքստում առանցքային դեր է խաղում Իսրայելը։ Ադրբեջանը խորացնում է իր հարաբերությունները Իսրայելի հետ այն պահին, երբ Անկարայի և Երուսաղեմի հարաբերությունները Գազայի և Սիրիայի պատճառով գտնվում են ցածրագույն կետում։ Իսրայելը Ադրբեջանի ռազմական կարիքների խոշոր մատակարարն է, իսկ Ադրբեջանն Իսրայելին մատակարարում է նավթ, և հենց այդ կապերն էր պաշտպանում «Նոր Ադրբեջան» կուսակցությունը՝ դրանք բնութագրելով որպես միջազգային իրավունքի և փոխադարձ շահերի վրա հիմնված հարաբերություններ։

    Այս ֆոնին կարևոր է նայել նաև Երևանի արտաքին քաղաքականությանը՝ համեմատություն անցկացնելու տեսանկյունից։ Հայաստանի իշխանությունները իրենց կողմից վարվող քաղաքականությունը ներկայացնում են որպես բազմավեկտոր հավասարակշռում, որի նպատակն է ընդլայնել մանևրի տարածքը՝ զարգացնելով կապերը Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իրանի և այլ գործընկերների հետ, մինչդեռ նրանց՝ բոլոր աշխարհաքաղաքական կենտրոններին միաժամանակ գոհացնելու ձգտումը վտանգում է երկիրը վերածել այդ կենտրոնների մրցակցության թատերաբեմի։

    Բաքվի ընտրությունը, թվում է, հակառակն է։ Այն գնում է առճակատման գրեթե բոլոր խոշոր ուժերի հետ՝ այդպիսով ուղարկելով «ես ինքս եմ խաղացողը» մեսիջը։ Բայց հենց այստեղ առաջ է գալիս ինքնուրույնության սահմանների հարցը։ Եթե Ադրբեջանի քաշը դիտարկենք ոչ թե Հարավային Կովկասի, այլ այն կենտրոնների ֆոնին, որոնց հետ նա միաժամանակ բախվում է՝ Եվրոպայի, Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի, պարզ է դառնում, որ նրա հնարավորությունները սահմանափակ են։ Տպավորություն է, որ Բաքուն իր ոտքերը վերմակի սահմաններից շատ հեռու է պարզում։ Երկրի ինքնավստահության գլխավոր հենարանը էներգակիրներն են, սակայն հենց դրանք են նաև նրա հիմնական խոցելիությունը։ Պարզ է, որ Ադրբեջանի եկամուտների հիմնական մասը գալիս է էներգակիրների շուկայից, իսկ եթե այդ շուկայում փոփոխություն տեղի ունեցավ, այն անմիջապես ազդելու է Բաքվի վրա։ Օրինակ՝ Եվրախորհրդարանի հետ բախվող Բաքուն միաժամանակ կախված է եվրոպական գազի շուկայից. էներգետիկ «լծակը» երկկողմանի է։ Եվ եթե հանկարծ իրավիճակ փոխվեց, ու ռուսական գազը կրկին մուտք գործեց եվրոպական շուկա, ապա Եվրոպայի համար Ադրբեջանը կկորցնի իր նախկին նշանակությունը։

    Ներքին հարթակում պատկերը նույնպես հանգիստ չէ. դպրոցական հիջաբի շուրջ ճգնաժամը՝ իր բողոքի ակցիաներով, ձերբակալություններով և ինտերնետի խափանումների մասին հաղորդումներով, ցույց է տալիս, որ աշխարհիկ և խիստ կենտրոնացված կառավարման մոդելը ճնշման տակ է ոչ միայն դրսից, այլև ներսից։ Ինքնուրույնության ստրատեգիական գաղափարն առաջ տանող Ալիևի բռնապետական վարչակազմը նաև ներքին հենարան ունենալու խնդիր ունի։

    Ինչո՞վ կարող է ավարտվել այս ամենը։ Միանշանակ է, որ Բաքուն իր պատկերացրած չափազանց մեծ ինքնուրույնությունը չի կարողանալու տևական ժամանակ պահպանել, քանի որ դրա համար չունի երկարաժամկետ ռեսուրսներ։ Տարբերակներից մեկը թուրքական ձգողության սցենարն է, երբ ժամանակի ընթացքում Թուրքիան կփորձի իր ազդեցությունն ավելի ընդլայնել Ադրբեջանի վրա և հնազանդեցնել ադրբեջանական իշխանություններին՝ գործելու իրենց աշխարհաքաղաքական տեսլականի շրջանակներում։ Երրորդ հետագիծը Ռուսաստանի վերադարձի սցենարն է։ Բնական է, որ Ուկրաինայում ընթացող պատերազմի ֆոնին Մոսկվայի ազդեցությունը հիմա Բաքվի վրա էականորեն թուլացել է, ու Ռուսաստանն իրավիճակի հանգուցալուծումից հետո փորձելու է վերականգնել իր դիրքերը Հարավային Կովկասում։ Պատահական չէ, որ հիջաբի շուրջ առաջացած լարվածության ֆոնին թուրք վերլուծաբաններից ոմանք գրում են, որ եթե Ադրբեջանը Թուրքիայի հետ չդաշնակցի և չընդունի թուրքական ազդեցությունը, ապա Ուկրաինայի պատերազմի ավարտից հետո Ռուսաստանը մեծ թափով կվերադառնա Հարավային Կովկաս և Ադրբեջանին կդնի իր ազդեցության տակ։ Այսինքն, իրավիճակի ընտրությունը ներկայացվում է դիլեմայի տեսքով՝ կա՛մ Թուրքիա, կա՛մ Ռուսաստան։

    ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


  • Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ ՍԴ նախագահի ընտրության վճռորոշ պահին անակնկալ շրջադարձ է տեղի ունեցել․ մասնավորապես, Էդգար Շաթիրյանի օգտին տրամադրված դատավորներից մեկի քվեարկությունը փոխել է ամբողջ պատկերը: Մասնավորապես, դատավոր Երվանդ Խունդկարյանի քվեաթերթիկը վճռորոշ է դարձել Վլադիմիր Վարդանյանի հաղթանակի համար։

    «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունն ուղեկցվել է ներքին լարվածությամբ, դատավորների միջև ձևավորված տարբեր դիրքավորումներով և վերջին պահին տեղի ունեցած անսպասելի շրջադարձով։

    Ինչպես նախօրեին գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը, ՍԴ-ում իրավիճակը գերլարված էր։ Թեև իշխանական շրջանակներում, ըստ մեր տեղեկությունների, վստահ էին, որ ՍԴ նախագահի պաշտոնում կընտրվի Վլադիմիր Վարդանյանը, դատարանի ներսում ձևավորված իրավիճակն ամենևին միանշանակ չէր։

    Հիշեցնենք՝ հոկտեմբերի 14-ին կայացած ընտրության ժամանակ ՍԴ նախագահի պաշտոնի համար պայքարում էին Էդգար Շաթիրյանն ու Վլադիմիր Վարդանյանը։ Սակայն քվեարկության երկու փուլերում էլ թեկնածուներից ոչ մեկը չստացավ անհրաժեշտ ձայները, և ընտրությունը չկայացած համարվեց։

    Նոյեմբերի 6-ին նշանակված նոր ընտրություններին ընդառաջ, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների, Սահմանադրական դատարանի դատավորների շրջանում ձևավորվել էր մի խումբ, որը նպատակ ուներ նախագահի պաշտոնում տեսնել Էդգար Շաթիրյանին։

    Մեր տեղեկություններով՝ այդ խմբում ընդգրկված դատավորների թվում էին Դավիթ Խաչատուրյանը, Սեդա Սաֆարյանը և ևս մի քանի դատավորներ։ Շաթիրյանը, ըստ մեր աղբյուրների, վստահ էր, որ իր օգտին անհրաժեշտ ձայներն ապահովված են, և իր թեկնածությունը պետք է հաղթանակ տանի։

    Սակայն ընտրության օրը տեղի է ունեցել անսպասելի զարգացում։

    «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ վճռորոշ դեր է ունեցել ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանի քվեարկությունը։ Եթե նախորդ ընտրության ժամանակ նրա քվեարկությունն էական նշանակություն էր ունեցել Շաթիրյանի դիրքերի ամրապնդման հարցում, ապա այս անգամ իրավիճակը բոլորովին այլ ընթացք է ստացել։

    Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Շաթիրյանի օգտին քվեարկելու ակնկալիք կար նաև Խունդկարյանից, սակայն վերջինս վերջին պահին այդ անգամ քվեարկել է Վարդանյանի օգտին։

    Արդյունքում ձայների հարաբերակցությունը փոխվել է, և Վլադիմիր Վարդանյանը կարողացել է առավելություն ստանալ ու ընտրվել Սահմանադրական դատարանի նախագահ։

    Պաշտոնական տվյալներով՝ նոյեմբերի 6-ի ընտրության առաջին փուլում կրկին որևէ թեկնածու անհրաժեշտ ձայները չի ստացել, իսկ երկրորդ փուլում Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ՍԴ նախագահ։ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի փոխանցմամբ՝ երկրորդ փուլում Վարդանյանը ստացել է հինգ ձայն։

    Բայց ընտրության ավարտով ՍԴ-ում լարվածությունը չի ավարտվել։

    Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Շաթիրյանի օգտին ձայներ ապահովելու ուղղությամբ ջանքեր գործադրած դատավորների շրջանում ստեղծված իրավիճակը բավականին սուր է եղել։ Արդյունքից խիստ դժգոհ Էդգար Շաթիրյանը որոշել է հրաժարվել ՍԴ փոխնախագահի պաշտոնից։ Մեր տեղեկություններով՝ նա ընտրությունից հետո բավականին վրդովված և անտրամադիր է լքել Սահմանադրական դատարանի շենքը։

    Շաթիրյանն իր դժգոհությունը հրապարակավ արտահայտել է նաև լրագրողների հետ զրույցում։ Նա հայտարարել է, որ շարունակելու է պաշտոնավարել որպես ՍԴ դատավոր, սակայն անհնարին է համարել փոխնախագահի պաշտոնում իր հետագա աշխատանքը՝ հաշվի առնելով «ձևավորված իրողությունները»։

    Ավելին՝ Շաթիրյանի հայտարարությունը բավականին ուշագրավ քաղաքական և իրավական ենթատեքստ ուներ։

    «Արդյո՞ք սա էր 2020 թվականի հունիսին տեղի ունեցած Սահմանադրության փոփոխության վերջնանպատակը։ Ես չեմ ուզում հավատալ սրան անձնապես, բայց առկա իրողությունները ստիպում են հաշվի նստել իրենց հետ», – հայտարարել է նա։

    Շաթիրյանը նաև ընդգծել է, որ ընտրության ելքն իր համար առնվազն այդ օրը անկանխատեսելի չէր, իսկ շուրջ վեցուկես տարի անց, իր գնահատմամբ, տեղի է ունեցել «դարձ ի շրջանս յուր»։

    Մյուս կողմից՝ նորընտիր նախագահ Վլադիմիր Վարդանյանը հերքել է դատավորների նկատմամբ ճնշումների մասին ենթադրությունները՝ հայտարարելով, որ որևէ անձի նկատմամբ ճնշում չի եղել, իսկ դատարանը որոշում է կայացրել գաղտնի քվեարկությամբ։

    Այսպիսով, ՍԴ նախագահի ընտրությունը, որը պետք է լիներ ինստիտուցիոնալ հերթական գործընթաց, վերածվել է դատարանի ներսում դիրքավորումների և հակասությունների բացահայտման։ Իսկ Շաթիրյանի հրաժարականն ու նրա հրապարակային ակնարկները ցույց են տալիս, որ նոր նախագահի ընտրությունից հետո էլ Սահմանադրական դատարանի ներսում հարցերը փակված չեն։

    Մնում է հասկանալ՝ ինչպիսի՞ն է լինելու դատավորների հարաբերությունների հետագա ընթացքը, և արդյոք այս ընտրությունը ՍԴ-ում նոր ներքին բաժանարար գծերի սկիզբը չէ»։

    Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը․ Աղազարյան․ «Հրապարակ»

    Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը․ Աղազարյան․ «Հրապարակ»«Հրաարակ» թերթը հարցազրույց է հրապարակել ՔՊ-ական պատգամավոր, ՄԱՍ կուսակցության ղեկավար Հովիկ Աղազարյանի հետ։

    «-Ընդդիմադիր դաշտը համախմբման փորձեր է անում, նախօրեին Սամվել Կարապետյանի տանը մի շարք ուժերի ներկայացուցիչներ հանդիպում ունեցան եւ համատեղ հայտարարություն տարածեցին` 4 կետից կազմված: Ինչպե՞ս եք վերաբերվում ընդդիմության համախմբմանը եւ պատրաստվո՞ւմ եք միանալ ընդդիմադիր ճակատին։

    -Բնականաբար, դրական կարծիքի եմ այդ համախմբման մասին, դեռեւս չեմ հասկանում՝ որքանով է «ճակատ» տերմինը համապատասխանում մեր առաջարկության հետ, մենք էլ էինք, չէ՞, առաջարկում, որ ճակատով պետք է հանդես գալ։ Այդուհանդերձ, դրական եմ գնահատում, ողջունում եմ` երկու իմաստով: Առաջինը, որ այդպես ավելի հեշտ կլինի պայքարել մեր պետության դեմ ծառացած որոշ հարցերի կարգավորման համար, մյուս կողմից էլ ընդդիմադիր դաշտի մի հատվածը կմնա ազատ: Մինչեւ այս պահը, ըստ էության, օկուպացված էր Սամվել Կարապետյանի կողմից, հիմա ավելի բյուրեղանում է, այդ ուժերն ավելի միասնական հանդես կգան՝ նպատակների իրականացման համար, իսկ մնացած ընդդիմադիր դաշտը պետք է կողմնորոշվի՝ ոնց ծավալի գործունեություն։

    -Կհաջողվի՞ ընդդիմությանը կասեցնել Փաշինյանի նախաձեռնած՝ սահմանադրությունը փոխելու գործընթացը։

    -Դրա համար շատ հեշտ ճանապարհ կա՝ առանց ռիսկերի. խորհրդարանական ընդդիմությունը հրաժարվում է մանդատներից, հետեւաբար, Նիկոլ Փաշինյանը հայտնվում է մութ սենյակում սեւ կատու բռնելու խնդրին, առավել եւս, որ սեւ կատու չկա մութ սենյակում, որովհետեւ եթե չկան պատգամավորներ, ապա ո՞ւմ վրա պետք է Նիկոլ Փաշինյանն աշխատի, որ բերի դաշտ` իրեն աջակցելու, ուստի ստիպված կգնա արտահերթ ընտրությունների, իսկ ընդդիմությունն այդ ճակատով եթե մասնակցի արտահերթ ընտրությունների, հաջողության հասնելը շատ ավելի հեշտ կլինի։

    -Բայց չե՞ք տեսնում, թե ոնց է կոտրում ընդդիմության ողնաշարը, բոլորին, այդ թվում՝ լիդերներին, լցնում է բանտերը։

    -Այո, անգամ հաշվի առնելով այդ հանգամանքը։ Եվ հետո, այսպես կոչված, ալիեւյան սահմանադրությունը տապալելու ընդդիմության ներկայիս դիրքորոշումը թույլ դիրքորոշում է, որովհետեւ ալիեւյան սահմանադրության բովանդակությունը հանգում է մի ամենակարեւոր կետի՝ հռչակագրին։ Ալիեւը պահանջում է հանել հղումը հռչակագրից, ուստի ընդդիմությունը պետք է Փաշինյանին հետեւյալ առաջարկն անի, որով այդ խնդիրը լուծվում է։ Ասի՝ այդ դեպքում կարող ենք միանալ։ Փաշինյանին թող ասեն` դուք ունեք 700, մենք` 500 ընտրող, հետեւաբար, ո՞նց կարող ենք քվեարկել մի նախագծին, որտեղ որեւէ առաջարկություն չպիտի ունենանք, իսկ այդ առաջարկությունը պետք է լինի այն, որ ոչ թե հռչակագրից հանվի, այլ նախաբանում կետ ավելացվի, որ Հայաստանը չունի որեւէ տարածքային պահանջ հարեւան երկրների նկատմամբ: Իրավական ձեւակերպումը կարելի է գտնել: Այդ դեպքում հռչակագիրը մնում է իր տեղում, եւ խնդիրն էլ լուծվում է։ Այսպիսի առաջարկով պիտի հանդես գան, որ ժողովուրդը հասկանա՝ ընդդիմության մոտեցումը կոշտ մոտեցում չէ, այլ ճկուն մոտեցում է: Կհամաձայնի Փաշինյանը, թե ոչ, դա այլ հարց է, իմ կարծիքով՝ չի համաձայնի, բայց ընդդիմության դիրքերը կուժեղանան ժողովրդի մոտ։ Իսկ ինչո՞ւ չի համաձայնի Փաշինյանը՝ որովհետեւ մտածում է՝ հռչակագրին հղումը նախաբանից կհանվի, հաջորդ էտապում ինքը կասի, որ պետք է նոր հռչակագիր ընդունենք, դա էլ կդառնա չորրորդ հանրապետության իր ցնորական գաղափարի իրականացման ամենակարեւոր քայլը: Այստեղ արդեն Ալիեւն ու Էրդողանը կասեն՝ բարեւ, Նիկոլ, մենք այստեղ ենք, չորրորդ հանրապետությունը կստեղծենք միասին։

    -Այդուհանդերձ չմանրամասնեցիք՝ եթե Փաշինյանը գնա արտահերթի, Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ չի կարող սահմանադրական մեծամասնություն հավաքել, երբ ՏԻՄ-երն իրենով է արել, ընդդիմության ողնաշարը կոտրել։

    -Եթե ձեւավորվում է այս ճակատը, մի բեւեռ էլ մնացածներն են ձեւավորում ու համագործակցում ընտրությունների ժամանակ, ապա Փաշինյանը ոչ միայն սահմանադրական մեծամասնություն չի վերցնի, այլեւ՝ կպարտվի։ Որովհետեւ Նիկոլ Փաշինյանի խաղաքարտերն արդեն հայտնի են բոլորին, ժողովուրդը հասկանում է, որ ոչ թե Նիկոլ Փաշինյանն ուր է տանում երկիրը, այլ գիտի, թե Փաշինյանի որդեգրած ճանապարհն ուր է տանում, իսկ տանում է մեզ համար ոչ ցանկալի ճանապարհով անկլավների հարցի լուծմանը, 300 հազար ադրբեջանցիների Հայաստանում բնակեցնելու խնդրին։ Դա այնքան ակնհայտ է»։

    Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։