ՀՀԿ-ից՝ ՍԴ, ՔՊ-ից՝ ՍԴ․ նախկին քննադատությունն ու այսօրվա բացատրությունը

Written by

in

Նոյեմբերի 6-ին Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը։ Մինչև ՍԴ տեղափոխվելը նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ էր, ՔՊ ցուցակով ընտրված պատգամավոր և ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 

ՍԴ դատավորի թեկնածու առաջադրվելուց հետո՝ 2026 թվականի մարտին, Վարդանյանը հայտարարել էր կուսակցությանն անդամակցությունը դադարեցնելու մասին, մարտի 26-ին երդվել էր և խորհրդարանից տեղափոխվել Սահմանադրական դատարան։

Այն ժամանակ մի խումբ ՀԿ-ներ ԱԺ-ին կոչ էին արել ձեռնպահ մնալ Վլադիմիր Վարդանյանին ՍԴ դատավոր ընտրելուց: «Թեև Վլադիմիր Վարդանյանը վայր է դրել մանդատն ու դադարեցրել իր անդամակցությունը խորհրդարանական մեծամասնություն կազմող քաղաքական ուժին, այնուամենայնիվ նրա՝ ավելի քան յոթ տարի քաղաքական գործունեությամբ զբաղվելու և կուսակցական լինելու հանգամանքը, առերևույթ կասկած է հարուցում նրա, որպես Սահմանադրական դատարանի դատավոր, անաչառ պաշտոնավարման հնարավորության վերաբերյալ», -նշվում էր հայտարարության մեջ։

Վարդանյանի ընտրությունը կրկին քննարկման առարկա է դարձրել նախկին կուսակցականի՝ ՍԴ տեղափոխվելու հարցը։ Տարիներ առաջ ներկայիս իշխանության ներկայացուցիչները Հրայր Թովմասյանի անկախությունը կասկածի տակ դնելիս մատնանշում էին նաև նրա կապերը Հանրապետական կուսակցության հետ։

Ինչո՞վ են նման և տարբեր երկու դեպքերը

Հրայր Թովմասյանը նույնպես իշխող կուսակցության՝ Հանրապետականի անդամ էր, ԱԺ պատգամավոր, ԱԺ պետական-օիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն էր ու այն ժամանակ իշխող կուսակցության իրավական ուղեղներից մեկը։ Սակայն 2018-ին որոշվեց, ու Ազգային ժողովը արտակարգ ռեժիմով նրան գործուղեց Սահմանադրական դատարան։ 

ՍԴ տեղափոխվելուց առաջ նա ևս հրաժարվել էր կուսակցական անդամակցությունից․ 2018 թվականի փետրվարի 22-ին անդամակցությունը դադարեցնելու դիմում էր ներկայացրել։ Մարտի 2-ին խորհրդարանը նրան ընտրել էր ՍԴ անդամ, իսկ մարտի 21-ին՝ ՍԴ նախագահ։

Թովմասյանի ընտրությունը տեղի էր ունեցել ՍԴ-ի ձևավորման նոր կարգի ուժի մեջ մտնելուց առաջ այսպես ասած՝ արտակարգ ռեժիմով։ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի լիազորությունները հրաժարականի հիմքով դադարել էին մարտի 8-ից՝ մինչև մարտի 23-ին նրա 70 տարին լրանալը։

Այդ ժամանակ դեռ կիրառվում էին Սահմանադրության՝ 2005 թվականի փոփոխություններով նախատեսված համապատասխան դրույթները։ ՍԴ-ին վերաբերող նոր կարգավորումներն ուժի մեջ էին մտնելու 2018 թվականի ապրիլի 9-ին։ Նոր կարգով դատարանի նախագահին ընտրելու էին ՍԴ դատավորները՝ իրենց կազմից, վեց տարի ժամկետով։ Թովմասյանը, ընտրվելով մինչ այդ, հնարավորություն էր ստացել պաշտոնավարելու մինչև 65 տարին լրանալը՝ 2035 թվականը։

Սակայն նրա նախագահությունը դադարեցվեց 2020 թվականի հունիսին ընդունված սահմանադրական փոփոխություններով։ Թովմասյանը շարունակեց պաշտոնավարել որպես ՍԴ դատավոր։

Այսպիսով՝ երկու դեպքում էլ իշխող կուսակցության ներկայացուցիչը կուսակցությունից դուրս գալուց հետո տեղափոխվել է ՍԴ և դարձել դրա նախագահ։ Ընտրության ընթացակարգերը, սակայն, տարբեր են․ Թովմասյանին նախագահ էր ընտրել Ազգային ժողովը՝ 17 տարով, իսկ Վարդանյանին՝ ՍԴ դատավորները՝ 6 տարով։

Ի՞նչ էին քննադատում Թովմասյանի դեպքում 

Արդյոք որևէ կուսակցության անդամակցությունը դադարեցնելը բավարար է դատարանի անկախության նկատմամբ վստահության համար։ Թովմասյանի դեպքում ներկայիս իշխանության ներկայացուցիչները կասկածի տակ էին դնում նրա քաղաքական կապերի վերացումը՝ անգամ ՀՀԿ-ից դուրս գալուց հետո։

Մասնավորապես, 2019-ին այն ժամանակ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Թովմասյանի՝ ՀՀԿ-ի հետ պահպանված կապով էր բացատրում ՍԴ որոշումների նկատմամբ իր անվստահությունը։ 

Թովմասյանի մասին խոսելիս Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր․ «․․․երբևիցե չի էլ դադարել լինել Հանրապետական կուսակցության անդամ, կարող է փաստաթղթով դադարել է, բայց չի դադարել»։ Այնուհետև հավելել․ «Հրայր Թովմասյանը Ազգային ժողովից դուրս է եկել, փողոցն անցել է, գնացել է Սահմանադրական դատարանի նախագահ․ Սերժ Սարգսյանի համար Սահմանադրություն ա գրել, ապահովել ա, Սերժն էլ տարել, նստացրել ա, որ Սահմանադրական դատարանում իրեն ապահովի․․․ Ո՞վ չգիտի՝ Հրայր Թովմասյանն ով է, ինչ է արել, ու ինչի համար է ստացել էդ պաշտոնը»։

Թե ինչի համար է ՍԴ գործուղվում Հրայր Թովմասյանը, 2018-ի մարտի 2-ին Թովմասյանի ընտրության հարցի քննարկման ժամանակ փորձել էր ներկայացնել այն ժամանակ ԱԺ ընդդիմադիր պատգամաբվոր Նիկոլ Փաշինյանը․ «Հրայր Թովմասյանը կյանքում ՍԴ անդամ ու ՍԴ նախագահ չէր լինի, եթե անցած չլիներ Սերժ Սարգսյանի թրի տակով, սա է Հայաստանում քաղաքական առաջընթացի միակ ձևը»։ 

Կուսակցական անցյա՞լը, թե՞ կոնկրետ գործով հնարավոր կողմնակալությունը

Թովմասյանի անաչառությունը 2019-ին կասկածի տակ էր դրել նաև ՔՊ անդամ, այն ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը։

Սեպտեմբերի 24-ին Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախաձեռնությունը ներկայացնելիս նա հիշեցրել էր Թովմասյանի  ՀՀԿ նախկին անդամ լինելը և զբաղեցրած պաշտոնները։ Գրիգորյանը դա կապել էր Ռոբերտ Քոչարյանի դիմումը քննելիս Թովմասյանի հնարավոր կողմնակալության հետ՝ մատնանշելով ՀՀԿ-ի և Քոչարյանի փոխկապակցված շահերը։

Այստեղ, սակայն, կարևոր է տարբերակել նախկին կուսակցական լինելը և այդ կապերով պայմանավորված՝ կոնկրետ գործի քննությանը մասնակցելու հարցը։

Հոկտեմբերի 3-ին Գրիգորյանն այդ տարբերակումը հստակեցրել էր՝ ասելով, որ «չկա արգելք, որ կուսակցական կամ պատգամավոր եղած մարդը հետո կարող է գնալ ՍԴ»։ Նրա պարզաբանմամբ՝ եթե քննվող գործի հանգամանքները նախկին կապերի պատճառով անաչառության կասկած են առաջացնում, դատավորը չպետք է մասնակցի տվյալ վարույթին։

Նույն շրջանում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ևս պարզաբանել էր, որ նախկին կուսակցական լինելն ինքնին ՍԴ անդամ կամ նախագահ դառնալու արգելք չէ։ Նրա խոսքով՝ խնդիրը Թովմասյանի ներկա գործողություններում առանձին քաղաքական ուժի շահերը պաշտպանելու կասկածն էր։

Ինչպե՞ս է Վարդանյանը բացատրում իր և Թովմասյանի տարբերությունը 

ՍԴ դատավորի պաշտոնում Վարդանյանի թեկնածության քննարկման ժամանակ՝ 2026 թվականի մարտի 24-ին, պատգամավոր Թագուհի Թովմասյանը նրան հիշեցրել էր Հրայր Թովմասյանի կուսակցական անցյալի վերաբերյալ իշխանության քննադատությունը և հարցրել՝ ինչպես է ինքը նույն ճանապարհն անցնելուց հետո ապահովելու իր անաչառությունը։

Վլադիմիր Վարդանյանը ի պատասխան ցավ էր հայտնել Թովմասյանի լիազորությունների վաղաժամկետ դադարի և նրա հետ տեղի ունեցածի կապակցությամբ։ Ապա իր և Թովմասյանի դեպքերի տարբերությունը բացատրել էր վերջինիս ընտրվելու կարգով։

Վարդանյանի ներկայացմամբ՝ Թովմասյանի հետ կապված խնդիրը խորհրդարանից ՍԴ տեղափոխվելը չէր, այլ այն, որ նոր սահմանադրական կարգավորումների ջատագովը լինելով՝ նա ընտրվել էր նախկին կարգով, որի համապատասխան դրույթները օրեր անց դադարելու էին գործել։ «Հավատացնում եմ ձեզ՝ որևիցե դեսանտ որևիցե դատական համակարգում չի աշխատում», -ասել էր Վարդանյանը։

Կուսակցական անցյալով պայմանավորված հնարավոր կաշկանդվածության մասին հարցին պատասխանելիս արդեն նոյեմբերի 6-ին տեղի ունեցած ճեպազրույցում Վլադիմիր Վարդանյանը շեշտադրել էր դատավորի տված երդումը․ «Այո, ես եղել եմ պատգամավոր, եղել եմ կուսակցության անդամ, բայց դատավորի երդումը տալուց հետո յուրաքանչյուրս պարտավորվում է առաջնորդվել տրված երդմամբ, և ես երդման շրջանակներում եմ տալիս իմ պատասխանները»։ Վարդանյանը հավելել է նաև, որ դատարանը պետք է մնա ապաքաղաքական, իսկ ՍԴ որևէ անդամի քաղաքական հայտարարությունը չպետք է թույլատրելի համարվի։

Այսպիսով, երկու դեպքում էլ իշխող կուսակցության պատգամավորը կուսակցությունից դուրս գալուց հետո դարձել է ՍԴ դատավոր, ապա՝ նախագահ։ Տարբեր են եղել ընտրության կարգն ու պաշտոնավարման ժամկետը։ Թովմասյանի դեպքում իշխանության ներկայացուցիչները կասկածում էին՝ կուսակցությունից դուրս գալով նա ազատվե՞լ է արդյոք նաև քաղաքական կապերից։ Այս օրերին նույն հարցին Վարդանյանը պատասխանում է՝ շեշտադրելով դատավորի երդումն ու անկախ գործելու պարտավորությունը։

Հասմիկ Համբարձումյան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *