Հայ մարդուն տուն կանչող Արթուր Ահարոնյանը

Written by

in

Երբեմն երաժշտությունը սկսվում է ոչ թե նոտայից, այլ այն պահից, երբ մարդը կարողանում է լռել։
Կոմպոզիտոր Արթուր Ահարոնյանը պատմում է, որ ստեղծագործության մեջ կարող է հայտնվել մի փոքրիկ հատված՝ ընդամենը մի քանի նոտա, բայց դրա մեջ արդեն ինչ-որ բան կա։ Կյանքի պես մի բան։ Բաբախում է։ Դեռ չգիտես՝ ինչ է դառնալու, բայց հասկանում ես՝ այստեղից պետք է սկսել։
Հետո սկսում ես «մաքրել»։ Մի բան հեռացնել, մյուսը փոխել, մի քայլ հետ գնալ, երկու քայլ առաջ։ Մինչեւ այն պահը, երբ ներսում ինչ-որ բան հանգստանում է, եւ ներքին ձայնն ասում է՝ «հիմա ճիշտ եղավ»։
Արթուր Ահարոնյանը տարիներ շարունակ երաժշտություն է գրել, ուսումնասիրել է Կոմիտասին, ապրել է Փարիզում, դասավանդել, վերադարձել Հայաստան, գրել «Հոգուս կանչը», իսկ հիմա ստեղծում է «Հազարան Հավքը»։ Բայց նրա պատմության մեջ սրանք առանձին դրվագներ չեն, այլ նույն ճանապարհի տարբեր կանգառներ։
Այդ ճանապարհը միշտ տանում է տուն։ Երբեմն՝ Երեւանի տունը, որտեղ մանկության լույսն ու ձայներն են մնացել։ Երբեմն՝ դեպի Կոմիտասի երաժշտություն, որի մեջ նա փորձում է լսել ոչ միայն անցյալը, այլեւ այն, ինչ դեռ չի ասվել։ Իսկ հիմա այդ ճանապարհին «Հազարան Հավքն» է, որտեղ մի երեխա անցնում է սեւ, կապույտ ու կարմիր աշխարհներով՝ կորցրած դրախտը վերականգնելու համար։
Պետք է նախ սովորել, հետո՝ մոռանալ
Արթուր Ահարոնյանի ստեղծագործական ճանապարհը ներառում է դաշնամուր, կոմպոզիցիա, Կոմիտաս, ժողովրդական երաժշտություն, մանկավարժություն, հետազոտություն, օպերա, գիտություն եւ մաթեմատիկա։
«14-15 տարեկանից նոր սկսեցի լիարժեք նվիրվել երաժշտությանը: Շատ ուժեղ էի մաթեմատիկայից, բայց 14 տարեկանն այն տարին է, որ ուզում ես երեւալ, աչքի ընկնել, իսկ նվագելր դրան օգնում է», – ժպտում է Արթուր Ահարոնյանը։
Մաթեմատիկան նրա կյանքից չի անհետացել։ Նրա համար այն եւս կարող է արվեստ լինել։ 
Ստեղծագործությունը պատկերացնում է որպես մի տարածք, որտեղ կան սյուներ, կամուրջներ, փոսեր։ Մի գաղափարը սյուն է դառնում, հետո մեկ ուրիշ բան գալիս ու կամրջում է, իսկ ավելի ուշ պարզվում է՝ ինչ-որ տեղ փոս է մնացել։ Պետք է վերադառնալ, լրացնել այն։ Հետո վերջից սկզբին նայել ու հասկանալ, որ ամեն ինչ ինչ-որ ձեւով կապված է։
Ստեղծագործությունը միշտ չէ, որ գրում է սկզբից մինչեւ վերջ։ Հատվածներից մեկը կարող է ծնվել այսօր, մյուսը՝ ամիսներ կամ տարիներ անց։ 
Երբ արվեստը պահանջում է մոռանալ սեփական «ես»-ը
Հայկական երաժշտական ավանդույթն առանձնահատուկ տեղ ունի Արթուր Ահարոնյանի ստեղծագործական մտածողության մեջ։ Ազգային նյութը սովորաբար ուղղակի մեջբերում չէ։ Ավելի կարեւոր է ժողովրդական երաժշտության խորքային լեզուն, դրա տրամաբանությունն ու շունչը։ Նույնը վերաբերում է Կոմիտասի ազդեցությանը՝ հակիրճություն, զսպվածություն եւ նվազագույն միջոցներով արտահայտչականության հասնելու ձգտում։
«Ժողովրդական երաժշտությունը ժողովուրդը զգացել է։ Այդտեղ ոչ մի բան հորինված, կառուցված կամ ստեղծված չի․բնազդով ծնված է եւ հսկա ուժ ունի։ Երբ աշխատում ես ժողովրդական մեղեդու հետ, պետք է պատկերացնես, որ սա բնության ձայնն է։ Դու չես փորձում իրեն ձեւափոխել,աշխատում ես, որ իր էությունը հասկանաս եւ իր հետ խոսես իր նման։
Քանի դեռ անընդհատ քեզ ես փնտրում այդ արվեստի մեջ, այն չես գտնի։ Եթե քեզ չմոռանաս, դու ժողովրդական արվեստը չես գտնի։ Բայց եթե այդ խորքը չես տեսնում, կարող ես պրիմիտիվիզմի մեջ ընկնել, որովհետեւ ինքը պարզ բան է, բայց այդ պարզության մեջ հանճար կա»,- ասում է Ահարոնյանը։
Որքան ավելի շատ ես կառչում սեփական մտքերից, խնդիրներից ու պատկերացումներից, այնքան ավելի ես փակվում։ Իսկ արվեստի մեջ երբեմն պետք է ոչ թե ավելի շատ բան ավելացնել, այլ հեռացնել այն, ինչ խանգարում է տեսնել։
Փարիզը՝ ճանապարհ դեպի տուն
1993-ին Արթուր Ահարոնյանը տեղափոխվեց Փարիզ։ Այդ ժամանակ արդեն դաշնակահար էր, համերգներ էր տվել, աշխատել էր Մայր տաճարի երգեհոնահար, եւ երգչախմբի հետ եղել էր Գերմանիայում ու Ֆրանսիայում։
Փարիզը, սակայն, նրա համար միայն մասնագիտական փոփոխություն չէր։ Նոր լեզու էր, նոր միջավայր, նոր պայմաններ։ Աշխատանք գտնելու առաջին շրջանում նա բազմաթիվ նամակներ էր ուղարկում։ Հետո հասկացավ, որ ֆրանսիական համակարգն ուրիշ է՝ պետք է նախապես ժամադրություն վերցնել։ Մի օր, սակայն, պարզապես գնաց Վանվ քաղաքի կոնսերվատորիա եւ ասաց, որ դաշնակահար է ու աշխատանք է փնտրում։ Հաջորդ օրն արդեն աշխատանքի էր։
Տարիներ անց նույն քաղաքը նրան հռչակեց պատվավոր քաղաքացի։ Բայց Փարիզի ամենամեծ ազդեցությունը, գուցե, ոչ մասնագիտական էր։ Այդ քաղաքում նա սկսեց ճանաչել տարբեր ժողովուրդների։ Տեսավ նրանց տարբերությունները, ուժեղ կողմերը, մշակույթները։ Եվ հենց այդ հեռավորությունից սկսեց ավելի գնահատել սեփականը։
«Երբ մենակ քո ազգը գիտես, շատ դժվար է»,- ասում է նա։ Մարդը սեփական տունը երբեմն պետք է հեռվից տեսնի, որ հասկանա դրա արժեքը։
Փարիզում Արթուր Ահարոնյանի համար այդ տունը նաեւ Կոմիտասն էր: «Կոմիտասը միշտ բոլորիս հետ է։ Կոմիտասը մեր ամենամեծ նշանն է»,- ասում է նա։
1995-ին Սորբոնում պաշտպանել է «Կոմիտասի դաշնամուրային երկերը» թեմայով մագիստրոսական թեզը, իսկ 2000-ին՝ «Կոմիտասը եւ իր ստեղծագործությունը» թեմայով դոկտորական ատենախոսությունը։ Հետագայում շարունակել է կատարել եւ ձայնագրել Կոմիտասի երաժշտությունը։
Փարիզում Կոմիտասը նրա համար դարձավ նաեւ տարածք։ Այն վայրերը, որտեղ Կոմիտասը ապրել էր, աշխատել, ստեղծագործել, արդեն կարելի էր ոչ միայն պատկերացնել, այլեւ տեսնել, քայլել դրանց կողքով։ 
Տունը հասցե չէ. այն հարաբերություն է
Փարիզում նրա մասնագիտական կյանքն է՝ համերգները, ուսուցումը, գործընկերները, տարիների ստեղծագործական աշխատանքը։ Բայց Հայաստան վերադառնալիս փոխվում է ինչ-որ բան, որը դժվար է բացատրել մասնագիտական բառերով։ Արեւը։ Ծառի ճյուղերից ընկնող լույսը։ Հողը։ 
Հայաստանն ու Ֆրանսիան Արթուր Ահարոնյանի կյանքում, սակայն, հակադիր աշխարհներ չեն։ Նրա գործունեության մի կարեւոր ուղղությունը հենց այդ երկու միջավայրերի միջեւ կապ ստեղծելն է։ Ֆրանսիայի տարբեր քաղաքներում որպես հրավիրված կոմպոզիտոր աշխատելու տարիներին նա ոչ միայն ներկայացրել է սեփական երաժշտությունը, այլեւ դասախոսություններ ու վարպետության դասեր անցկացրել հայկական երաժշտության մասին։
Վերադարձի գաղափարը հստակ էր նաեւ «Տուն արի» ստեղծագործության մեջ։ Երբ նրան հարցնում եմ՝ ում էր ուղղված այդ կոչը, պատասխանը պարզ է. «Հայ մարդուն կանչում էի տուն»։
 «Հազարան Հավքը» եւ կորցրածի վերադարձը
Այսօր Ահարոնյանի գլխավոր ստեղծագործական նախագիծը «Հազարան Հավք» երեք գործողությամբ հայալեզու օպերան է՝ հայկական հին հեքիաթի հիման վրա։ 
Միաժամանակ նա աշխատում է նաեւ նոր դաշնամուրի կոնցերտի վրա, որը նախատեսված է 2028 թվականին ԱՄՆ-ում կայանալիք համերգի համար։
«Հազարան Հավքի» մասին խոսելիս Արթուր Ահարոնյանը զգուշանում է շատ պատմելուց։ Ստեղծագործությունը դեռ ընթացքի մեջ է։ Գաղափարը ծնվել է մոտ յոթ տարի առաջ, իսկ օպերան դեռ գրվում է։ 
Հեքիաթում կա դրախտ, կա թագավորի ստեղծած այգի, որտեղ բոլորը կարող են մտնել։ Հետո գալիս է մի մայր՝ հիվանդ երեխայի համար խաղող խնդրելու։ Նրան չեն տալիս։ Երեխան մահանում է։ Մոր անեծքից հետո կարգը խախտվում է. վարդը դառնում է փուշ, մարդը՝ գազան, եւ սկսվում է վերադարձի ճանապարհը։ Հրեշտակն ասում է՝ Հազարան հավքը պիտի գա, պիտի երգի, եւ այգին նորից կծաղկի։ 
«Հազարան հավքը ինձ համար երգող թռչուն չէ, մարդու հազար հատկությունների վերադարձն է, որովհետեւ մարդը կորցրել է մարդկային հատկությունները», – ասում է Արթուր Ահարոնյանը։
Թագավորի որդիները ճանապարհ են ընկնում նրան գտնելու, բայց փոքր որդու ճանապարհը սովորական որոնում չէ․«Ինքը պետք է հաղթահարի բոլոր իր ներքին վախերն ու մութ կողմերը։ Մարդը պիտի իրեն հաղթահարի»։
Հազարան հավքը փնտրելով՝ մարդը իրականում իր մեջ է փնտրում այն հատկությունները, որոնք կորցրել է։ Այդ հեքիաթի մեջ Արթուր Ահարոնյանը տեսնում է նաեւ Հայաստանի պատմությունը։ 
«Եվ վերջում հավքը երգում է, որովհետեւ այդ կարգը, այդ մաքրությունը վերագտնվում է», – ասում է Ահարոնյանը։
Տասնամյակների ընթացքում նա գրել է դաշնամուրային, կամերային, սիմֆոնիկ, կոնցերտային, վոկալ եւ խմբերգային ստեղծագործություններ, բալետներ, օպերաներ, թատերական եւ կինոերաժշտություն։ Նրա գործերը հնչել են տարբեր երկրներում, իսկ ինքը՝ որպես կատարող, հանդես է եկել Հայաստանում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Եվրոպայի այլ երկրներում, Կանադայում եւ ԱՄՆ-ում։
Բայց եթե այդ ճանապարհից հանենք պաշտոնները, մրցանակներն ու կոչումները, կմնա մարդը։ Մարդը, որը կասկածում է, փնտրում է, երբեմն սխալվում, հետո վերադառնում իր ներսի նույն հարցին։
Աստղիկ Հովհաննեսով
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *