Այսօր Ազգային ժողովի աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի գործընկերներիս հետ հանդիպեցինք Ղարաբաղից տեղահանված մեր քույրերին և եղբայրներին։
Լսեցինք պետական աջակցության և բնակապահովման ծրագրերի վերաբերյալ նրանց դիտարկումներն ու բարձրացրած հարցերը։ Պայմանավորվեցինք դրանք գույքագրել, քննարկել հանձնաժողովում և փոխանցել գործադիր իշխանության մեր գործընկերներին՝ հնարավոր լուծումներ գտնելու համար։
Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Ին Պեկինում Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ Թեհրանին և Վաշինգտոնին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել, վերսկսել բանակցությունները և հնարավորինս շուտ բացել Հորմուզի նեղուցը, փոխանցում է «Սինհուան»։
Վան Իի խոսքով՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության շարունակումը չի բխում կողմերի և միջազգային հանրության ընդհանուր շահերից։ Չինաստանը կոչ է արել Վաշինգտոնին և Թեհրանին պահպանել ռացիոնալ մոտեցում ու զսպվածություն, վերադառնալ Իսլամաբադի հուշագրի կատարմանը և արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա վերականգնել բանակցային գործընթացը։
Վան Ին հայտարարել է, որ կողմերը պետք է բովանդակալից խորհրդակցություններ անցկացնեն փոխադարձ մտահոգություն առաջացնող հարցերի շուրջ։
Չինաստանի ԱԳՆ ղեկավարը նաև կոչ է արել բոլոր շահագրգիռ կողմերին արդյունավետ միջոցներ ձեռնարկել Հորմուզի նեղուցի շուտափույթ բացման, միջազգային ծովային ուղիների անվտանգության, ինչպես նաև էներգակիրների համաշխարհային մատակարարումների և արտադրական շղթաների կայունության ապահովման ուղղությամբ։
Բացի այդ, Վան Ին հանդես է եկել Իրանի և Պարսից ծոցի այլ երկրների միջև երկխոսության օգտին։ Նրա խոսքով՝ տարածաշրջանի պետությունները պետք է հարգեն միմյանց տարածքային ինքնիշխանությունն ու ազգային անվտանգությունը և համատեղ պաշտպանեն ընդհանուր շահերը։
Չինաստանը նաև չէր ցանկանա, որ տարածաշրջանային լարվածությունը հետագայում տարածվեր Եմենի և Կարմիր ծովի վրա, հայտարարել է Վան Ին։ Նա կողմերին կոչ է արել զերծ մնալ իրավիճակն էլ ավելի բարդացնող գործողություններից և ծագող խնդիրները լուծել երկխոսության ու բանակցությունների միջոցով։
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ կապված քրեկան վարույթով նոր մեղադրյալներ կան։
Մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի նախկին պետ Բակուր Աղաջանյանին, ՀՀ ոստիկանության զորքերի կադրերի բաժնի նախկին պետ Արման Ավետիսյանին և ՀՀ ոստիկանության զորքերի ֆինանսական բաժնի նախկին պետ Գեղամ Հովհաննիսյանին։
Բակուր Աղաջանյանը և Արման Ավետիսյանը մեղադրվում են պաշտոնեական կեղծիք կատարելու համար, իսկ Գեղամ Հովհաննիսյանն առանձնապես խոշոր չափերով գույքի վատման եղանակով հափշտակության համար։
Ըստ մեղադրական եզրակացության՝ 2011-2018 թվականներին ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Վլադիմիր Գասպարյանը, 2015 թվականի մարտի 7-ի հրամանով, դստերը՝ Յուլիա Գասպարյանին նշանակել է ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին, սակայն վերջինս աշխատանքի չի հաճախել, որի մասին, ի թիվս այլնի, տեղեկացված են եղել ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը, նույն զորքերի կադրերի բաժնի պետ Արման Ավետիսյանը և շտաբի պետ Բակուր Աղաջանյանը:
Լևոն Երանոսյանը, անձնական այլ շահագրգովածությունից ելնելով, ցանկացել է Յուլիա Գասպարյանին շնորհել ավագ սպայական կազմի հերթական՝ «փոխգնդապետ» զինվորական կոչումը, սակայն գիտակցելով, որ ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին մնալու դեպքում վերջինիս չի կարող շնորհվել ավագ սպայական կազմի հերթական կոչում, նշված գործընթացն ի կատար ածելու համար պայմաններ ստեղծելու նպատակով, 2018 թվականի մարտ ամսին իր ենթակա՝ ՀՀ ոստիկանության զորքերի կադրերի բաժնի պետ Արման Ավետիսյանին, հանձնարարել է կազմակերպել Յուլիա Գասպարյանին բարձր պաշտոնի նշանակելու ձևական գործընթացը՝ այդ կերպ հնարավոր դարձնելով վերջինիս զինվորական հերթական կոչման շնորհումը:
Արման Ավետիսյանը, գիտակցելով, որ Յուլիա Գասպարյանն աշխատանքի չի հաճախում և իր վրա դրված աշխատանքային պարտականությունները չի կատարում, կազմել է 2018 թվականի մարտի 16-ի թվագրմամբ, որակավորման և բարձր պաշտոնի նշանակվելը երաշխավորելու վերաբերյալ բովանդակությամբ կեղծ փաստաթղթեր՝ որակավորման տեքստ, ներկայացում, բնութագիր, որոնցում ծառայության չներկայացող և իր ծառայողական պարտականությունները չկատարող Յուլիա Գասպարյանին ներկայացրել է որպես ծառայության մեջ իրեն բանիմաց, պարտաճանաչ և կարգապահ դրսևորող, ծառայողական պարտականությունները պատշաճ կերպով կատարող, դժվարություններից չխուսափող, օպերատիվ բաժնում իրականացվող աշխատանքների կազմակերպման և իրագործման աշխատանքներին ակտիվորեն մասնակցող, հրամանատարության կողմից տրված առաջադրանքները ժամանակին ու որակով կատարող զինծառայող:
Այնուհետև՝ կազմած փաստաթղթերը ներկայացրել է ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի պետ Բակուր Աղաջանյանին, ով ևս տեղյակ լինելով Յուլիա Գասպարյանի ծառայության չներկայանալու և աշխատանքային պարտականությունները չկատարելու մասին, իր հերթին վերադասների բացասական վերաբերմունքին չարժանանալու և փոխհարաբերությունները չվատթարացնելու անձնական դրդումներով, իր ստորագրությամբ հաստատել է բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը՝ դրանք հանձնելով իր իսկ նախագահած որակավորման հանձնաժողովին՝ հետագայում իր ստորագրությամբ հաստատելով նաև հանձնաժողովի կազմած եզրակացությունը: Կազմված և որակավորման հանձնաժողովին հանձնած վերը նշված փաստաթղթերը հանձնաժողովի համար հիմք է հանդիսացել Յուլիա Գասպարյանին բարձր՝ ՀՀ ոստիկանության զորքերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժանմունքի պետի պաշտոնին նշանակելը երաշխավորելու համար:
Նշված կեղծ փաստաթղթերի հիման վրա Լևոն Երանոսյանը 2018 թվականի մարտի 16-ին ստորագրել է Յուլիա Գասպարյանին ՀՀ ոստիկանության զորքերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժանմունքի պետի պաշտոնին նշանակելու մասին թիվ 225-Ա հրամանը և ՀՀ ոստիկանության կադրերի վարչության պետին ուղղված նույն օրվա թիվ 4/256 գրությամբ Յուլիա Գասպարյանին ներկայացրել է ավագ սպայական կազմի հերթական՝ «փոխգնդապետ» զինվորական կոչման շնորհմանը: Հաջորդ օրը՝ 2018 թվականի մարտի 17-ին, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի թիվ 823-Ա հրամանով Յուլիա Գասպարյանին շնորհվել է «փոխգնդապետ» զինվորական կոչումը, որից ընդամենը երկու օր անց՝ 2018 թվականի մարտի 19-ին, Լևոն Երանոսյանի թիվ 248-Ա հրամանով Յուլիա Գասպարյանը վերադարձվել է նախկին՝ ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին։
Գործը Հակակոռուպցիոն դատարան է ստացվել սեպտեմբերի 7-ին և մակագրվել է դատավոր Արամ Գրիգորյանին։ Գործն ընդունվել է վարույթ և առաջին դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 22-ին։
Երեք մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը։
Հաստատ հաջորդ վարչապետը ես եմ լինելու, Փաշինյանն էլ ծափահարելու է: Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը:
«Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հայրենիք չունենալն է, դրա համար մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ գաղափարախոսությունը Նիկոլ Փաշինյանը չկարողանա առաջ տանել»,-նշել է Կարապետյանը:
«Հայաստանի հետ խաղաղությունը բարդ պայքար է, սակայն Ադրբեջանը հանձնառու է պահպանելու իր տարածքում գտնվող քրիստոնեական ժառանգությունը, քանի որ այն իր պատմության մասն է»:
Այս մասին Դուբայում կայացած Euronews Forum-ի պանելային քննարկման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
Նախագահի խորհրդականը նշել է, որ թեև իր երկիրը ավելի լայն իսլամական քաղաքակրթության մաս է, ներկայումս Ադրբեջանում կողք կողքի են գտնվում երեք կրոններ՝ իսլամը, քրիստոնեությունը և հուդայականությունը՝ մզկիթներով, եկեղեցիներով և սինագոգներով։
Հաջիևն այնուհետև հայտարարել է, թե Ադրբեջանը նվիրված է քրիստոնեական ժառանգության պահպանմանը՝ անկախ դրանց պատկանելությունից, և դա վերջակետ է, որովհետև դա իրենց մշակութային ժառանգությունն է։
«Այն նաև 4-րդ դարից ի վեր քրիստոնեության առաջին վայրերից մեկն է. քրիստոնեությունը որպես պետական կրոն է ընդունվել Աղվանքի թագավորության կողմից, մինչդեռ Ադրբեջանը նաև առաջին երկրներից մեկն է, որն ընդունել է իսլամը։
Կովկասյան Աղվանքը հին թագավորություն էր ներկայիս Ադրբեջանի և հարավային Դաղստանի որոշ հատվածներում, որը որևէ կապ չունի Արևմտյան Բալկանների պետության՝ Ալբանիայի հետ, որի հետ այն կիսում է միայն անունը։
Հայկական եկեղեցական իշխանությունները վիճարկել են Ադրբեջանի գրառումները կրոնական օբյեկտների վերաբերյալ՝ մեղադրելով Բաքվին Ղարաբաղում եկեղեցիներ քանդելու մեջ, ինչը Ադրբեջանը հերքում է»,- ասել է Հաջիևը:
Ադրբեջանցի պաշտոնյան նաև դժգոհել է, թե Եվրախորհրդարանն ընդունում է բանաձևեր և որոշումներ, որոնք, իբր, ըստ իրւենց, «նվաստացնում և նաև խաթարում են տարածաշրջանի խաղաղության օրակարգը»:
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ֊CHP) Կարսի պատգամավոր Ինան Աքգյուն Ալփն այցելել է հայ-թուրքական սահմանին գտնվող Աքյաքա շրջան։ Նա կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանը և վերսկսել տարածաշրջանային առևտուրը, փոխանցում է Ermenihaber.am-ը։
Ըստ ընդդիմադիր գործչի՝ անցյալի հակամարտություններից հետո առաջնահերթություն պետք է տրվի տարածաշրջանի խաղաղությանը և բարօրությանը։
Նրա խոսքով՝ վերջին տարիներին Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ շփումների միջոցով կարգավորման գործընթաց է իրականացվում և բանակցությունների ընթացքում քննարկվում են նաև սահմանային անցակետերի օգտագործման և տրանսպորտային կապերի վերաբերյալ հարցերը։
Ալփը, խոսելով Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացի մասին, նշել է, որ ցանկանում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող գործընթացը վերածվի կայուն խաղաղության։
«Մենք ցանկանում ենք, որ Ադրբեջանի հետ խնդիրները վերածվեն երկարատև խաղաղության, վերաբացվի Հայաստանի հետ սահմանը և առևտուրը սկսվի այս երթուղով»,- նշել է նա։