Blog

  • Հայտնի է դարձել, թե որ քրեական հեղինակությունը և ինչու է Ալեն Սիմոնյանին քաշքշել Մոսկվայում

     

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախկին նախագահ, ներկայիս ԱԽՔ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ուշագրավ դրվագ է պատմել Մոսկվայում տեղի ունեցած մի միջադեպից՝ հայտարարելով, որ Հայկ Սարգսյանի հետ եկած քրեական հեղինակությունը հյուրանոցում կոնֆլիկտի ժամանակ բռնել և քաշել է իր թևից։ Սիմոնյանը պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել հյուրանոցում, որտեղ ինքը եղել է նաև այլ պատգամավորների հետ։ Նրա խոսքով՝ Հայկ Սարգսյանն իրեն հարցրել է՝ կարո՞ղ է իրենց միանալ իր ընտանիքի, հայրիկի ընկերը, ինչից հետո ներս է մտել մի անձ, ում Սիմոնյանը, իր պնդմամբ, այդ պահին չի ճանաչել։ Հետագայում, ըստ Սիմոնյանի, պարզվել է, որ նա «շատ հայտնի քրեական հեղինակություն» է։

    Սակայն Սիմոնյանը մինչև վերջ պահեց ինտրիգը՝ չհրապարակելով այն անձի անունը, որը, իր իսկ ձևակերպմամբ, համարձակվել էր բռնել անկախ երկրի ԱԺ նախագահի թևից։ «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվել է պարզել միջադեպի որոշ մանրամասներ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ խոսքը մոսկվայաբնակ Նորիկ Թևանյանի մասին է, որը հայտնի է նաև «Ախալքալակցի Նորո» անունով։

    «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի «Արարատ Հայաթ» հյուրանոցի նախասրահում։ Այնտեղ նստած Ալեն Սիմոնյանին մոտեցել է Հայկ Սարգսյանը՝ Նորիկ Թևանյանի հետ։ Մեր աղբյուրների պնդմամբ՝ սկզբում կողմերը սովորական զրույց են ունեցել, շփվել տարբեր հարցերի շուրջ, և որևէ լարվածություն չի եղել։

    Իրավիճակը փոխվել է ավելի ուշ։ Մեր տեղեկություններով՝ զրույցի ընթացքում Թևանյանը փորձել է վիրավորական բառերով բնութագրել Ալեն Սիմոնյանի զոքանչին։ Սիմոնյանը վրդովվել է և պահանջել չվիրավորել իր ընտանիքի անդամին։ Հենց այստեղից էլ սկսվել է կոնֆլիկտը, որի ընթացքում, ինչպես արդեն հրապարակայնորեն պատմել է Սիմոնյանը, տղամարդը բռնել է նրա թևից։ Միջադեպը, «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ, հարթվել է ներկաների միջամտությամբ։

    Ուշագրավ է մեկ այլ հանգամանք ևս. Ալեն Սիմոնյանը միայն հիմա է հրապարակայնորեն պատմում 2021 թ. տեղի ունեցած այս միջադեպի մասին։ Մինչ այս պատմությունը հանրայնացված չէր, Սիմոնյանը կատարվածի մանրամասները չէր տարածել նաև իր թիմակիցների և շրջապատի լայն շրջանակում։

    Տեղեկացնենք, որ Նորիկ Թևանյանը երկար տարիներ բնակվում է Մոսկվայում, բիզնես գործունեություն է ծավալում և հայտնի է հատկապես ճանապարհաշինության ու ասֆալտապատման ոլորտում գործունեությամբ։ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները նշում են նաև, որ տարիների ընթացքում նրա հետ շփումներ են ունեցել Հայաստանից Մոսկվա մեկնած տարբեր պաշտոնյաներ ու գործիչներ։

    Ուստի Ալեն Սիմոնյանի հետ նրա հանդիպումն ինքնին արտառոց չի եղել։ Արտառոցը հանդիպման ավարտն էր՝ հնչած խոսքերից սկսված վեճով և ԱԺ այն ժամանակվա նախագահի թևից բռնելու անպատվաբեր միջադեպով։ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցեցին, որ Ալեն Սիմոնյանը չի թքել Թևանյանի վրա, ոչ էլ հրահանգել է թիկնազորին՝ ոլորել նրա ձեռքերը։

    Այժմ, երբ Սիմոնյանն ինքն է որոշել տարիներ անց բացել այս պատմության փակագծերը, շարունակում է անպատասխան մնալ հարցը՝ ինչո՞ւ նա այդ ժամանակ լռեց կատարվածի մասին և ինչո՞ւ հենց հիմա որոշեց այն հրապարակայնացնել»։

  • ԱԺ-ն քննարկում է ԿԸՀ գործունեության մասին հաշվետվությունը

    Ազգային ժողովի սեպտեմբերի 17-ի նիստում քննարկվում է Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաշվետվությունը։

    Այն ներկայացրել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

     

  • Խաչատուր Սուքիասյանին էդ 20 մլն դոլարը որտեղից․ Լևոն Քոչարյան (video)

    Խաչատուր Սուքիասյանին էդ 20 մլն դոլարը որտեղից․ Լևոն Քոչարյան (video)

  • Ռուս ընդդիմադիր գործիչը հայտարարել է Երեւանում կայանալիք ակցիայի մասին

    Երեւան: Մեդիամաքս: Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլյա Յաշինը հայտարարել է Երեւանում ակցիայի անցկացման մասին:

    «Սեպտեմբերի 20-ին Ռուսաստանում քվեարկություն է: Այդ օրը ես կլինեմ Երեւանում եւ ժամը 12:00-ին կմոտենամ ընտրական տեղամասին՝ ՌԴ դեսպանատանը: Մենք միասին հակապատերազմական մեծ հերթ կկազմենք՝ ցույց տալու համար մեր անհամաձայնությունը պատերազմի եւ բռնապետությանը», – գրել է Յաշինը սոցցանցերում:

     

    Նա նաեւ հայտնել է, որ հունիսի 20-ին ժամը 20:30-ին Երեւանի Կինոյի տան դահլիճում հանդիպում կունենա համախոհների հետ: 

  • Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան

    «Հրապարակ»-ի տեղեկություններով` ամիսներ առաջ Էրեբունի վարչական շրջանի բնակարաններից մեկում զարհուրելի դեպք է տեղի ունեցել։ Հայրը սեռական կարիքները բավարարելու նպատակով բռնաբարել է անչափահաս աղջկան։

    Տեղի ունեցածի հետ կապված մեղադրանք է առաջադրվել, ենթադրյալ բռնարարին կալանավորելու որոշում է կայացվել։ Քրեական գործը քննվել է Քննչական կոմիտեում:

    Դեպքի վերաբերյալ մեզ ՔԿ-ից փոխանցել են. «Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 1 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները): Վերջինս կալանավորվել է: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»։

     

  • Բա Ռուբեն Մխիթարյանին ինչի՞ չեք հարցնում Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետի՝ հանքերի թալանի մասին. Վարդևանյան

    Բա Ռուբեն Մխիթարյանին ինչի՞ չեք հարցնում Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետի՝ հանքերի թալանի մասին. Վարդևանյան

  • Վարկառուն մահացել է․ ո՞վ է վճարում նրա վարկը

    Վարկառուի մահը ինքնին չի նշանակում, որ նրա վարկային պարտավորությունը դադարում է։ Սովորական դրամական պարտավորությունները, այդ թվում՝ վարկային պարտավորությունը, կարող են անցնել ժառանգության շրջանակում, իսկ ժառանգությունն ընդունած անձանց պատասխանատվությունը սահմանափակվում է նրանց անցած ժառանգության արժեքով։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, հարցը կարգավորվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով։

    Վարկառուի մահը ինքնին չի դադարեցնում վարկային պարտավորությունը

    ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 434-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորությունը դադարում է պարտապանի մահով, եթե դրա կատարումը չի կարող տեղի ունենալ առանց պարտապանի անձնական մասնակցության, կամ պարտավորությունն այլ կերպ անխզելիորեն կապված է նրա անձի հետ։

    Միաժամանակ, Քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ հոդվածը սահմանում է, որ ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը` ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտականությունները: Ժառանգության զանգվածի մեջ չեն մտնում ժառանգատուի անձի հետ անխզելիորեն կապված իրավունքները և պարտականությունները, մասնավորապես`

    • ալիմենտային պարտավորություններով իրավունքները և պարտականությունները.
    • քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը հատուցելու իրավունքը.
    • անձնական ոչ գույքային իրավունքները և այլ ոչ նյութական բարիքները.
    • այն իրավունքներն ու պարտականությունները, որոնց անցումը ժառանգությամբ չի թույլատրվում սույն օրենսգրքով և այլ օրենքներով

    Հետևաբար, վարկային պարտավորությունը միայն վարկառուի մահվան պատճառով ինքնաբերաբար չի վերանում։

    Վարկի պարտավորությունը կարող է անցնել ժառանգներին

    Քաղաքացիական օրենսգրքի 1184-րդ հոդվածի համաձայն՝ ժառանգության դեպքում մահացածի գույքը, որպես միասնական ամբողջություն, անցնում է այլ անձանց՝ համապարփակ իրավահաջորդության կարգով։ Իսկ 1186-րդ հոդվածը ուղղակիորեն նախատեսում է, որ ժառանգության զանգվածում ներառվում են նաև ժառանգատուի գույքային պարտականությունները։

    Այսինքն՝ եթե վարկային պարտավորությունը ժառանգության զանգվածի մեջ մտնող պարտավորություն է, այն կարող է անցնել ժառանգությունն ընդունած ժառանգներին։

    Ժառանգը պարտավոր չէ ցանկացած չափով մարել մահացածի վարկը

    Ժառանգի պատասխանատվության կարևոր սահմանը սահմանված է Քաղաքացիական օրենսգրքի 1244-րդ հոդվածով։ Օրենսգրքի համաձայն՝ ժառանգը պատասխանատվություն է կրում իրեն անցած ժառանգության արժեքի սահմաններում, իսկ մի քանի ժառանգների դեպքում նրանք իրենց անցած ժառանգության արժեքի սահմաններում կրում են համապարտ պատասխանատվություն։ Այսինքն՝ մահացած անձի վարկային պարտքը չի նշանակում, որ ժառանգը պարտավոր է այն մարել իր ժառանգած գույքի արժեքը գերազանցող չափով։ Օրինակ՝ եթե ժառանգին անցած ժառանգության արժեքը կազմում է 5 միլիոն դրամ, իսկ մահացածի վարկային պարտավորությունը՝ 8 միլիոն դրամ, ժառանգի պատասխանատվությունը ժառանգության հիմքով չի կարող գերազանցել իրեն անցած ժառանգության արժեքը։

    Միայն ժառանգության վկայագիր չստանալը դեռ չի նշանակում, որ ժառանգությունը չի ընդունվել

    Քաղաքացիական օրենսգիրք սահմանում է, որ ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի։ Ընդունված ժառանգությունը ժառանգության բացման պահից համարվում է ժառանգին պատկանող։ Ժառանգությունն ընդունվում է, մասնավորապես, նոտարին համապատասխան դիմում ներկայացնելով։ Օրենքը նաև նախատեսում է, որ եթե այլ բան ապացուցված չէ, ժառանգությունն ընդունված է համարվում այն դեպքում, երբ ժառանգը սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը։

    Ուստի ժառանգության իրավունքի վկայագրի բացակայությունը ինքնին բավարար չէ եզրակացնելու համար, որ անձը ժառանգությունը չի ընդունել։

    Պարտատերը վեց ամիս ունի իր պահանջը ներկայացնելու համար

    Քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ պարտատերերն իրավունք ունեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում ներկայացնել իրենց պահանջները։ Մինչև ժառանգության իրավունքի վկայագիր ստանալը պահանջը կարող է ներկայացվել ժառանգությունն ընդունած ժառանգին կամ կտակակատարին, իսկ նրանց բացակայության դեպքում՝ ժառանգության բացման վայրի նոտարին։ Վեցամսյա ժամկետի հաշվարկի համար կարևոր է նաև այն, որ ժառանգության բացման ժամանակը, որպես կանոն, քաղաքացու մահվան օրն է։

    ՀՀ Վճռաբեկ դատարանը 1243-րդ հոդվածով սահմանված վեցամսյա ժամկետը բնորոշել է որպես իրավադադարեցնող ժամկետ՝ նշելով, որ դրա բացթողումը հանգեցնում է ժառանգների նկատմամբ պահանջ ներկայացնելու իրավունքի կորստին։ Միաժամանակ դատարանը նշել է, որ պարտատիրոջ՝ ժառանգատուի մահվան մասին չիմանալը ինքնին ժամկետը վերականգնելու հիմք չէ։

    2026 թվականից գործում է կարևոր բացառություն

    2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՕ-187-Ն օրենքով Քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածը լրացվել է 3-րդ մասով։

    Այժմ սահմանվում է, որ ժառանգության բացումից հետո պահանջը լրացուցիչ չի ներկայացվում, եթե պարտատերը մինչև ժառանգության բացումը սահմանված կարգով հայց է հարուցել ժառանգատուի դեմ, կամ եթե նրա պահանջով հարուցվել է կատարողական վարույթ։ Այսինքն՝ եթե վարկառուի մահվան պահին պարտատերն արդեն օրենքով սահմանված կարգով դատարան է դիմել կամ իր պահանջով կատարողական վարույթ է հարուցվել, նույն պահանջը ժառանգության բացումից հետո կրկին ներկայացնելու անհրաժեշտություն օրենքը չի նախատեսում։

    Վարկի պարտքը ժառանգության հետ կապված ծախսերի մեջ ունի օրենքով սահմանված հերթականություն

    Ժառանգատուի պարտքերով պարտատերերի պահանջները բավարարվում են երրորդ հերթին՝ ժառանգատուի հիվանդության հետևանքով առաջացած և պատշաճ հուղարկավորության համար անհրաժեշտ ծախսերից, ինչպես նաև ժառանգության գույքի պահպանման, կառավարման և կտակի կատարման հետ կապված ծախսերից հետո։ Օրենքը նաև նախատեսում է, որ յուրաքանչյուր հերթի պահանջները բավարարվում են նախորդ հերթի պահանջները լրիվ բավարարելուց հետո, իսկ ժառանգության զանգվածի անբավարար լինելու դեպքում համապատասխան հերթի պարտատերերի միջև գումարը բաշխվում է նրանց պահանջների գումարներին համամասնորեն։

    Համավարկառուի, երաշխավորի կամ ապահովագրության առկայությունը առանձին հարց է

    Վարկառուի մահվան դեպքում պետք է տարբերակել ժառանգի պատասխանատվությունը այն անձանց պարտավորություններից, որոնք վարկային պայմանագրի կամ դրա ապահովման շրջանակում առանձին պարտավորություններ են ստանձնել։

    Եթե վարկն ունի համավարկառու, երաշխավոր, գրավ կամ ապահովագրություն, տվյալ անձի կամ գույքի նկատմամբ կիրառվող իրավական ռեժիմը չի որոշվում միայն ժառանգության մասին կանոններով։ Այդ դեպքում անհրաժեշտ է ուսումնասիրել նաև համապատասխան պայմանագիրը և դրա պայմանները։ Մասնավորապես, վարկառուի մահը չի նշանակում, որ առկա ապահովագրության շրջանակում պարտքը պարտադիր ամբողջությամբ մարվում է․ անհրաժեշտ է պարզել ապահովագրական պայմանագրի պայմանները, ապահովագրական դեպքի սահմանումը և տվյալ մահվան դեպքի նկատմամբ ապահովագրական ծածկույթի առկայությունը։

    Ամփոփելով՝

    Վարկառուի մահը, որպես կանոն, ինքնին չի վերացնում նրա վարկային պարտավորությունը։ Վարկային պարտավորությունը կարող է մտնել ժառանգության զանգվածի մեջ և փոխանցվել ժառանգությունն ընդունած ժառանգներին։ Միաժամանակ ժառանգի պատասխանատվությունը սահմանափակվում է իրեն անցած ժառանգության արժեքով։ Պարտատերը պետք է հաշվի առնի նաև օրենքով սահմանված վեցամսյա ժամկետը՝ պահանջ ներկայացնելու համար, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, այդ թվում՝ այն իրավիճակի, երբ մինչև ժառանգության բացումը պարտատերն արդեն հայց է հարուցել կամ իր պահանջով կատարողական վարույթ է հարուցվել։

    Ուստի մահացած անձի վարկի վերաբերյալ հարցի պատասխանը չի հանգում միայն «ժառանգը վճարո՞ւմ է, թե՞ ոչ» հարցին։ Անհրաժեշտ է պարզել՝ ընդունվե՞լ է արդյոք ժառանգությունը, ինչ գույք է մտել ժառանգության զանգվածի մեջ, ինչ չափի պարտավորություն է առկա, ներկայացվե՞լ է պարտատիրոջ պահանջը օրենքով սահմանված կարգով և ժամկետում, ինչպես նաև առկա՞ են համավարկառու, երաշխավոր, գրավ կամ ապահովագրություն , – տեղեկացնում է Iravaban.net-ը։

    Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։

    Իրավաբան.net

  • ՀՀ-ի տերը ՀՀ ժողովուրդն է, պարո՛ն Կարապետյան, ուրիշ երկիր չի կարող լինել ՀՀ-ի տերը. Ռուբինյանը՝ Կարապետյանին

    «Ինձ մոտ վատ հիշողություններ արթնացան պարոն Կարապետյանի ելույթից: Մոտավորապես 2015-2016 թվականն էր, ռուսական հեռուստաալիքներից մեկում՝ թոք-շոուներից մեկի ընթացքում, Հայաստանին համեմատել էին ման եկող կնոջ կամ դավաճանող կնոջ հետ: Հայաստանում մեծ վրդովմունք էր առաջացել, ես էլ էի վրդովվել: Ցավոք, պարոն Կարապետյանի բերած օրինակները նույն աշխարհայացքի մեջ էին»:

    Այս մասին նիստը վարողի իրավունքով ԱԺ-ում իր ելույթում հայտարարեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի՝ Հայաստանի արտաքին քաղաքականության քայլերին վերաբերող ելույթին:

    Հիշեցնենք՝ Նարեկ Կարապետյանը, իր ելույթում մասնավորապես խոսելով Հայաստանի վարած արտաքին քաղաքականության մասին, հայտարարել էր հետևյալը. «Հայաստանն ուզում է Եվրոպային, բայց Հայաստանը ԵԱՏՄ-ի հետ է, ԵԱՏՄ-ն խանդում է, ասում է՝ ուր ես գնում, մենք ասում ենք ԵԱՏՄ-ին՝ Мы просто друзья, մեր մեջ խորքային ոչինչ չկա, բայց ԵԱՏՄ-ն ասում է՝ հիմա որոշիր՝ ինձ հետ ես, թե Եվրոպական միության:

    Էդ պահին մենք ստրատեգիական որոշում ենք անում՝ գնանք Չինաստանի կազմակերպած ШОС (ՇՀԿ), շոկոլադ և ծաղիկ ուղարկենք էնտեղ»:

    Դիմելով Կարապետյանին՝ Ռուբինյանը նկատեց՝ նա Հայաստանի արտաքին քաղաքականությունը համեմատել է սիրային եռանկյունու կամ քառանկյունու հետ:

    «Բայց, պարո՛ն Կարապետյան, ես ձեզ համար լավ կամ վատ լուր ունեմ․ արտաքին քաղաքականությունը և միջազգային հարաբերությունները սիրո հետ ունեն զրո կապ: Միջազգային հարաբերությունները կապ ունեն շահի հետ՝ պաշտպանական և անվտանգային, տնտեսական, բայց սիրո հետ ոչ մի կապ չունեն:

    Ասեմ ավելին՝ միջազգային հարաբերությունները ոչ մի զգացմունքի վրա հիմնված չեն: Դրանք հիմնված են շահի, գործընկերության և միջազգային պայմանագրերի վրա: Ինչ կապ ուներ ձեր ասածը միջազգային հարաբերոյւթյունների հետ: Այսինքն՝ Դուք ուզում եք ասեք, որ Հայաստանը չպետք է արտաքին քաղաքականություն ունենա, այսինքն՝ եթե մեկի հետ շփվում է, մյուսի հետ չպե՞տք է շփվի, իսկ ինչի՞ մենք չպիտի գնայինք ՇՀԿ կամ ինչի՞ չպետք է խորացնենք մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ: Մենք ինչ-որ մեկի սիրո կամ հավատարմության երդո՞ւմ ենք տվել»,- հակադարձեց Կարապետյանին ԱԺ նախագահը:

    Ռուբինյանի խոսքով՝ մենք իրականում մեկին տվել ենք հավատարմության երդում ՀԱՊԿ-ի շրջանակում, երբ ստորագրել ենք Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը, և այդ նույն տրամաբանության մեջ ինչի չի համեմատում ՀԱՊԿ-ի պահվածքը նախարարության հանրահայտ գործունեության հետ:

    «Ինչի՞ չեք ասում՝ ՀԱՊԿ-ը պահում է իրեն ինչպես հայտնի ֆիլմերի միջի հերոսները»,- հարց ուղղեց Կարապետյանին Ռուբինյանը՝ նշելով, որ զարմացած չէ նման խոսույթից, քանի որ նրանց ուժի ղեկավարը՝ Սամվել Կարապետյանը, վերջերս հայտարարել էր, թե Հայաստանը կմնա անտեր, եթե ռուսական ռազմաբազան դուրս գա Հայաստանից:

    Դիմելով Նարեկ Կարապետյանին՝ ԱԺ նախագահը նկատեց՝ նրանց ուժի պատկերացմամբ՝ Հայաստանը պետք է ունենա տեր:

    «Հայաստանի տերը Հայաստանի ժողովուրդն է, պարո՛ն Կարապետյան, ուրիշ երկիր չի կարող լինել Հայաստանի տերը: Այդ ժամանակները վաղուց անցել են անվերադարձ: Հայաստանը էլ տեր չի ունենալու: Մոռացե՛ք»,- հայտարարեց Ռուբեն Ռուբինյանը:

  • Արևմուտքը բացահայտ միջամտում է ՀՀ քաղաքական գործընթացներին. Շոյգու |

    ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի խոսքով՝ Արևմուտքը բացահայտ և աննախադեպ կերպով փորձում է միջամտել Հայաստանի և Վրաստանի քաղաքական գործընթացներին։

    «Արևմտամետ ուժերը բացահայտ և աննախադեպ կերպով փորձում են միջամտել քաղաքական իրավիճակին։ Անդրկովկասում դա կարող ենք տեսնել ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի օրինակով»,– ասել է Շոյգուն։

    Նրա խոսքով՝ պետությունների միջև տարաձայնությունները, որպես կանոն, կարող են լուծվել, իսկ հակասությունների ի հայտ գալու դեպքում անհրաժեշտ է հասկանալ, թե ում կարող է ձեռնտու լինել հարևան ժողովուրդների և պետությունների միջև լարվածության խորացումը։

    Շոյգուն պնդել է, որ նման գործընթացների հետևում, իր գնահատմամբ, կանգնած են արևմտյան ուժեր, որոնք շահագրգռված են պահպանել վերահսկողությունը տնտեսության շահութաբեր ոլորտների, տրանսպորտային և լոգիստիկ միջանցքների ու բնական ռեսուրսների նկատմամբ։

    Այս համատեքստում ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը վկայակոչել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիի վերջերս արած հայտարարությունը։ Ըստ Շոյգուի՝ Պապուաշվիլին նշել էր, որ Ռուսաստանի հետ էսկալացիան կարող է բխել Գերմանիայի կամ Լիտվայի շահերից, բայց ոչ՝ Վրաստանի։

  • Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա

    Սեպտեմբերի 17-18-ի և 21-22-ի կեսօրից հետո, 19-ին ժամանակ առ ժամանակ, 20-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին`արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

    Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ի ցերեկային ժամերին կնվազի 4-6 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։

    Երևանում` սեպտեմբերի 17-ի ցերեկը, 18-ին, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 19-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է, 20-ի կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։