Մեսրոպ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«20 տարի հանուն սերնդի» հանրային նախաձեռնության պաշտոնական իրազեկում՝ ծրագրի վերամշակման և լրացումների վերաբերյալ։
Հարգելի՛ մանկավարժներ և նախաձեռնությանը հետևող քաղաքացիներ, բազմաթիվ դիմում-նամակների, կրթության ոլորտի մասնագետների և համապատասխան պատկան մարմինների ներկայացուցիչների հետ քննարկումների, ինչպես նաև բարձրացված խնդիրների ուսումնասիրության արդյունքում վերամշակել և ընդլայնել ենք «20 տարի՝ հանուն սերնդի» հանրային նախաձեռնության ծրագիրը։
Կատարված աշխատանքը նպատակ ունի ոչ միայն ընդլայնելու ծրագրի շահառուների շրջանակը, այլև առավել հստակ ներկայացնելու այն փոփոխությունները, որոնց իրագործմանն ուղղված է մեր նախաձեռնությունը։
Ծրագրի հիմքում երկու կարևոր սկզբունք է՝ երկարամյա մանկավարժական վաստակի պետական արժևորում և կրթական գործընթացում ներգրավված բոլոր շահառուների աշխատանքի արդար վարձատրություն։
Վերամշակված ծրագրում առանձնացվել են հետևյալ հիմնական ուղղությունները։
1. Երկարամյա մանկավարժական վաստակի պետական արժևորում
Պահպանելով 20 և ավելի տարվա մանկավարժական ստաժի համար ամենամսյա պետական հավելավճար սահմանելու մեր սկզբնական առաջարկը՝ շահառուների շրջանակում ընդգրկել ենք նաև նախադպրոցական հաստատությունների դաստիարակներին։
Այսպիսով, պետական արժևորման հավելավճարի առաջարկը վերաբերում է հանրակրթական դպրոցների ուսուցիչներին, նախադպրոցական հաստատությունների դաստիարակներին և համայնքային երաժշտական դպրոցների դասատուներին։
Պահպանվել է նաև 25 և ավելի տարվա մանկավարժական ստաժի համար առավել բարձր հավելավճար սահմանելու առաջարկը։
2. Հիմնական աշխատավարձերի համընդհանուր բարձրացում
Առաջարկում ենք բարձրացնել ծրագրում ընդգրկված կրթական հաստատությունների բոլոր մանկավարժական և կրթական բնագավառի գործընթացին անմիջականորեն աջակցող աշխատողների հիմնական աշխատավարձերը՝ անկախ աշխատանքային ստաժից և կամավոր ատեստավորմանը մասնակցությունից կամ դրա արդյունքներից։
Այս առաջարկի շահառուներն են ոչ միայն ուսուցիչները, այլև նրանց օգնականները, գրադարանավարները, կազմակերպիչները և կրթական բնագավառի գործընթացին անմիջականորեն աջակցող մյուս աշխատողները։
Այսպիսով, պետական հավելավճարը նախատեսվում է երկարամյա մանկավարժական վաստակի արժևորման համար, իսկ հիմնական աշխատավարձերի բարձրացումը՝ ծրագրում ընդգրկված բոլոր աշխատողների համար։
3. Կամավոր ատեստավորման համակարգի վերանայում
Ծրագրում ներառել ենք սկզբունքային նոր առաջարկ՝ օրենսդրորեն բացառել կամավոր ատեստավորման անցողիկ շեմը երկու անգամ չհաղթահարելու հիմքով ուսուցչին աշխատանքից ազատելը։
Մեր դիրքորոշումը հստակ է, կամավոր ատեստավորումը պետք է ծառայի մասնագիտական կարողությունների զարգացմանն ու խրախուսմանը, այլ ոչ թե ուսուցչի համար ստեղծի աշխատանքը կորցնելու վտանգ։
Այս փոփոխությունները պատահական լրացումներ չեն։ Դրանք բարձրացված խնդիրների ուսումնասիրության, ստացված առաջարկների, մասնագիտական քննարկումների և հետևողական աշխատանքի արդյունք են։
Մեր նպատակը միայն խնդիրները բարձրաձայնելը չէ։ Մենք ձգտում ենք դրանք վերածել հստակ առաջարկների, որոնք հնարավոր կլինի ներկայացնել պետական քննարկման և հասցնել գործնական լուծումների։
Ազգային ժողով նախկինում ներկայացված ծրագրի վերաբերյալ սպասում ենք համապատասխան մշտական հանձնաժողովի կայանալիք քննարկմանը։ Միաժամանակ շարունակում ենք աշխատանքները՝ վերամշակված և ընդլայնված ծրագիրն ամբողջական հիմնավորումներով կրկին պաշտոնապես ներկայացնելու ուղղությամբ։
Այս կիրակի՝ նոյեմբերի 8-ի երեկոյան, հրապարակվող տեսաուղերձում մանրամասն կներկայացնեմ ամբողջական ծրագիրը, կատարված փոփոխությունները, յուրաքանչյուր առաջարկի անհրաժեշտությունը և դրանց հիմնավորումները։
Կոչ եմ անում բոլոր շահառուներին և նախաձեռնությանը հետևող քաղաքացիներին անպայման դիտել տեսաուղերձը, ծանոթանալ ներկայացվող առաջարկներին և ակտիվորեն մասնակցել հանրային քննարկմանը։
«20 տարի՝ հանուն սերնդի» հանրային նախաձեռնությունը, իրական խնդիրների ուսումնասիրության, հետևողական աշխատանքի և հիմնավորված լուծումներ առաջարկելու արդյունքում ձևավորված ծրագիր է։
Մեր հետևողականության հիմքում հստակ կրեդո է՝ մեր առաջարկները չպետք է մնան անպատասխան կամ սահմանափակվեն միայն թղթի վրա։ Դրանք պետք է վերածվեն առարկայական որոշումների և գործնական փոփոխությունների։
Դրական փոփոխությունները պահանջում են համբերություն, հետևողականություն և վճռականություն։
Եվ հիշե՛ք՝ հուսահատվելու ժամանակ չկա։
Leave a Reply