Blog

  • Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը

    Ելիսեյան պալատում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը:

    Ֆրանսիայի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի այցը և մասնակցությունը Փարիզի Խաղաղության համաժողովին: Էմանուել Մակրոնը նշել է, որ այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ ռազմավարական հարաբերությունների օրակարգը:

    Վարչապետը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության և Փարիզի Խաղաղության 9-րդ համաժողովին հրավիրելու համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների բարձր մակարդակը և կարևորել բոլոր ուղղություններով կապերի զարգացումն ու ընդլայնումը:

     

    Զրուցակիցները քննարկել են երկկողմ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել ենթակառուցվածքների և այլ ուղղություններով համատեղ ծրագրերի ընթացքին:

    Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացմանը, այդ թվում՝ վիզաների ազատականացման գործընթացին և ԵՄ աջակցությամբ իրականացվող բարեփոխումների ընթացքին առնչվող թեմաներ:

    Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների և տեղի ունեցող գործընթացների շուրջ:

  • CSO Meter-ն ահազանգը. Արթուր Դանիելյանի և Վահրամ Սահակյանի գործերը՝ խոսքի ազատության սահմանափակման վերաբերյալ մտահոգությունների կենտրոնում

    Հայաստանում սոցիալական ցանցերի գրառումների համար քրեական հետապնդումները կրկին մտահոգություններ են առաջացնում խոսքի ազատության վերաբերյալ։

    Գրող Վահրամ Սահակյանի և ընդդիմադիր գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ հարուցված քրեական գործերը մտահոգություններ են առաջացրել Հայաստանում խոսքի ազատության սահմանափակման, իրավապահ մարմինների կողմից օրենքի ընտրովի կիրառման և քրեական հետապնդման միջոցների համաչափության վերաբերյալ։

    «ՔՀԿ Մետր» (CSO Meter) նախաձեռնության հրապարակման համաձայն՝ սոցիալական ցանցերում կատարված հրապարակումների, այդ թվում՝ կոշտ կամ վիրավորական արտահայտություններ պարունակող գրառումների առնչությամբ քրեական գործերի հարուցումը կարող է զսպող ազդեցություն ունենալ հանրային քննարկումների և խոսքի ազատության իրացման վրա։

    Թեև խոսքի ազատությունը կարող է սահմանափակվել բռնության իրական հրահրման, ատելության խոսքի կամ սպառնալիքների դեպքերում, առցանց արտահայտությունների համար քրեական մեղադրանքների առաջադրումը, ձերբակալություններն ու սահմանափակող միջոցների կիրառումը հարցեր են առաջացնում դրանց համաչափության և իրավապահ մարմինների գործողությունների հետևողականության վերաբերյալ։

    Վահրամ Սահակյանի և Արթուր Դանիելյանի գործերը

    2026 թվականի սեպտեմբերի վերջին գրող և դրամատուրգ Վահրամ Սահակյանը ձերբակալվել է, և նրան մեղադրանք է առաջադրվել 2025 թվականի հունվարին «Ֆեյսբուք»-ում կատարած գրառման առնչությամբ, որն, ըստ իրավապահ մարմինների, պարունակել է ատելության, անհանդուրժողականության և թշնամանքի քարոզչություն։

    Քրեական հետապնդումն իրականացվում է ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով։ Հետագայում դատարանը Սահակյանի նկատմամբ կիրառել է վերահսկողություն և արգելել նրան հրապարակային գրառումներ կատարել։ Նրա փաստաբանը վիճարկել է մեղադրանքները՝ պնդելով, որ իրավապահ մարմինները ընտրովի կերպով հետևում են ընդդիմադիր գործիչների հրապարակումներին։

    Մյուս դեպքը վերաբերում է ընդդիմադիր գործիչ Արթուր Դանիելյանին, որը ձերբակալվել է, իսկ հետագայում նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է երկամսյա կալանքը։ Ձերբակալությունից կարճ ժամանակ առաջ Դանիելյանը «Ֆեյսբուք»-ում կատարած գրառման մեջ վիրավորական արտահայտություններ էր օգտագործել Հայաստանի վարչապետի հասցեին։

    Դանիելյանի փաստաբանը հայտարարել է, որ նրա ֆեյսբուքյան մի քանի գրառումներ որակվել են որպես խուլիգանություն, իսկ հետագայում լրացուցիչ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածով, որը վերաբերում է դատավորների, դատախազների, քննիչների և արդարադատության ոլորտի այլ ներկայացուցիչների նկատմամբ սպառնալիքներին կամ նրանց վերաբերյալ տեղեկությունների հրապարակմանը։

    Երկուսն էլ հայտնի են իշխանության ներկայացուցիչների հասցեին հնչեցրած իրենց կոշտ քննադատությամբ։ Քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ Դանիելյանի գործի առնչությամբ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը բնութագրելով որպես Հայաստանում խոսքի ազատության իրացման դեմ քրեական արդարադատության գործիքների շարունակական կիրառման հերթական դրսևորում։

    Հայտարարության հեղինակները պնդում են, որ քրեական հետապնդումն ակնհայտորեն ապօրինի, անհամաչափ և քաղաքական դրդապատճառներով պայմանավորված է, իսկ Դանիելյանի նկատմամբ երկամսյա նախնական կալանքի կիրառումը հատկապես անհամաչափ է՝ մասնավորապես հաշվի առնելով արտաքին աշխարհի հետ նրա հաղորդակցության նկատմամբ սահմանված սահմանափակումները։

    Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կոչ են արել ՀՀ գլխավոր դատախազությանը և Քննչական կոմիտեին վերացնել Արթուր Դանիելյանի նկատմամբ կիրառված կալանքը և դադարեցնել խոսքի ազատության իրացման հիմքով հարուցված քրեական հետապնդումը։

    Նրանք նաև պահանջել են բացառել քրեական արդարադատության գործիքների ապօրինի և անհամաչափ կիրառումը՝ ուղղված այլախոհությունը կամ իշխող քաղաքական ուժի, ընտրովի քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց կամ պետական մարմինների հասցեին հնչեցվող քննադատությունը լռեցնելուն։

    Քաղաքացիական հասարակությունը մտահոգված է օրենքի ընտրովի կիրառմամբ

    «ՔՀԿ Մետր»-ի հրապարակման համաձայն՝ այս դեպքերը պետք է դիտարկել խոսքի ազատության սահմանափակման և քրեական օրենսդրության ընտրովի կիրառման վերաբերյալ ավելի վաղ բարձրաձայնված մտահոգությունների համատեքստում։

    Թեև Հայաստանը 2022 թվականին ապաքրեականացրել է «ծանր վիրավորանքը», վերջին դեպքերը ցույց են տալիս, որ վիրավորական կամ կոշտ արտահայտությունների համար քրեական հետապնդման ռիսկը կարող է պահպանվել Քրեական օրենսգրքի այլ դրույթների կիրառմամբ։

    Մասնավորապես, խոսքի հետ կապված քրեական վարույթները կարող են իրականացվել ատելության հրահրմանը, բռնության կոչերին, խուլիգանությանը և արդարադատության ոլորտի ներկայացուցիչների նկատմամբ սպառնալիքներին վերաբերող հոդվածներով։

    «ՔՀԿ Մետր»-ի՝ Հայաստանի վերաբերյալ նախորդ զեկույցներում նշվել է, որ իրավապահ մարմինների գործողությունները հաճախ կենտրոնանում են պետական պաշտոնյաների և քաղաքական գործիչների հասցեին արված հայտարարությունների վրա, մինչդեռ խոցելի խմբերի դեմ ուղղված ատելության խոսքի դեպքերը միշտ չէ, որ քննվում են նույն հետևողականությամբ։

    Նման մտահոգություններ նախկինում առաջացել էին նաև ակտիվիստ Արթուր Օսիպյանի նկատմամբ քրեական հետապնդման և նախնական կալանքի կիրառման առնչությամբ։ Երեքշաբաթյա հացադուլից հետո Օսիպյանն ազատ էր արձակվել ՔՀԿ ղեկավարների միջնորդությունների հիման վրա, որոնք պատրաստակամություն էին հայտնել հանդես գալ որպես երաշխավորներ։

    Հայաստանի քաղաքական իրավունքների կենտրոնը ևս անդրադարձել է խնդրին՝ նշելով, որ ատելության խոսքը քրեականացնող դրույթների կիրառման արդյունքում պետական պաշտոնյաների հասցեին հնչեցվող քննադատությունը երբեմն ոչ իրավաչափորեն նույնացվում է քաղաքական հայացքների հիմքով ատելության դրսևորման հետ։ Ըստ կենտրոնի՝ դա կարող է նեղացնել պաշտոնատար անձանց նկատմամբ թույլատրելի քննադատության շրջանակը։

    Խիստ միջոցները կարող են զսպող ազդեցություն ունենալ հանրային քննարկումների վրա

    Մեդիափորձագետներն ու իրավապաշտպանները նախազգուշացրել են, որ սոցիալական ցանցերում կատարված հրապարակումներին հաջորդած ձերբակալություններն ու կալանավորումները կարող են հասարակությանը ազդակ հաղորդել, որ առցանց արտահայտությունների համար հնարավոր է ենթարկվել խիստ սահմանափակումների։

    Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) ուղեցույցի համաձայն՝ խոսքի ազատության սահմանափակումները պետք է լինեն օրինական, անհրաժեշտ և համաչափ։ Միջազգային չափանիշները նաև ընդգծում են, որ քաղաքական գործիչներն ու պետական պաշտոնյաները պարտավոր են հանդուրժել քննադատության ավելի բարձր աստիճան, այդ թվում՝ կոշտ, սադրիչ կամ անհանգստություն պատճառող արտահայտությունները։

    «ՔՀԿ Մետր»-ի գնահատմամբ՝ վերջին քրեական գործերն ընդգծում են խոսքի հետ կապված վարույթների նկատմամբ առավել զգուշավոր և հետևողական մոտեցման անհրաժեշտությունը։

    Դատախազական մարմինների և դատարանների հետագա որոշումները կարևոր կլինեն պարզելու համար, թե արդյոք քրեական մեղադրանքների և սահմանափակող միջոցների կիրառման ժամանակ պատշաճ կերպով հաշվի են առնվում համաչափության սկզբունքը և պակաս սահմանափակող այլընտրանքների հնարավորությունը։

    Միաժամանակ, սպառնալիքների և ատելության խոսքի դեպքերի հետևողական քննությունը՝ անկախ նրանից, թե ում դեմ են դրանք ուղղված, կարող է նպաստել արդարադատության համակարգի նկատմամբ հանրային վստահության ամրապնդմանը։

    Նյութը պատրաստվել է CSO Meter («ՔՀԿ Մետր») նախաձեռնության հրապարակման հիման վրա՝ թարգմանությամբ և կրճատումներով։

  • 9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացի



    2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացի, այդ թվում՝ 77 անչափահաս։

    Սա 2.4 անգամ ավելի է 2025 թվականի ցուցանիշից. անցյալ տարի երկրից արտաքսվել էր 1311 մարդ։ 2024 թվականին այս թիվը կազմել է 363։

    Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ արտաքսվածների մոտ մեկ քառորդը Թուրքիայի քաղաքացիներ են (791), որին հաջորդում են Հնդկաստանի քաղաքացիները (306), այնուհետև` Թուրքմենստանի (274), Ռուսաստանի (254) և Իրանի (180) քաղաքացիները։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ


  • Եվրոպան վախենում է, որ դուրս կմնա Ուկրաինայի համաձայնագրից, եթե Ռուսաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության հասնեն․ Ռուբիո

    Եվրոպան վախենում է, որ դուրս կմնա Ուկրաինայի համաձայնագրից, եթե Ռուսաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության հասնեն, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
    Նա նշել է, որ Միացյալ Նահանգները և նրա եվրոպացի դաշնակիցները հիմնարար տարաձայնություններ չունեն հակամարտության կարգավորման վերաբերյալ։

  • Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից

    Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմիցՀոկտեմբերի 18-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նիգավան բնակավայրում հողատարածքի հետ կապված հարևանների միջև վիճաբանություն է տեղի ունենում։

    Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 10։00-ի սահմաններում, Նիգավան գյուղի 9-րդ փողոցի 12 հասցեին կից հողատարածքում հողի սխալ չափագրման հարցի շուրջ վիճաբանություն է ծագել մի կողմից Արագածոտնի մարզի բնակիչներ 48-ամյա Տանյա Ա․-ի և նրա որդու՝ 29-ամյա Արթուր Ա․-ի, մյուս կողմից՝ Արագածոտնի մարզի բնակիչներ 87-ամյա Բաբկեն Շ․-ի, նրա որդիների՝ 63-ամյա Գեղամ Շ․-ի, Երևանի բնակիչ 54-ամյա Օնիկ Շ․-ի և վերջինիս որդու՝ 18-ամյա Բաբկեն Շ․-ի միջև։

    Վիճաբանության ընթացքում Բաբկեն Շ․-ն քաշել է Տանյա Ա․-ի մազերից, իսկ Օնիկ Շ․-ն հրել և գցել է նրան գետնին։ Այնուհետև Բաբկեն Շ․-ն, Գեղամ Շ․-ն և 18-ամյա Բաբկեն Շ․-ն հարվածներ են հասցրել Արթուր Ա․-ի մարմնի տարբեր մասերին՝ գլխի շրջանում պատճառելով վնասվածք։ Արթուր Ա․-ն էլ հարվածներ է հասցրել Բաբկեն Շ․-ին, Գեղամ Շ․-ին, Օնիկ Շ․-ին և 18-ամյա Բաբկեն Շ․-ին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

    Դեպքի փաստով ոստիկանության Ապարանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին։

    Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արթուր Ա․-ն աշխատում է «Ունիվերսալ» ՍՊԸ-ում՝ որպես վարորդ։

  • Փարաքարում տան տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պայթյունի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը


    Հասարակություն

    Փարաքարում պայթյունի վերաբերյալ տարածվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից։

    «Նոյեմբերի 10-ին, ժամը 14։26-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարաքար բնակավայրի Երևանյան 1-ի փակուղում գտնվող տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։

    Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

    Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։07-ին։

    Պայթյունի վերաբերյալ տարածվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,– նշված է ՓԾ-ի տարածած հաղորդագրության մեջ։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ

  • Աստծուն տված հրամանատարի խոստումը. Խաչիկ Ասրյան

    Հայրենիքիս, Եկեղեցուս և ժողովրդիս դեմ արտաքին թշնամու կողմից սանձազերծված բոլոր՝ 44-օրյա, Ապրիլյան և Արցախյան պատերազմներում, բոլոր մարտերում ես իմ կամավորական ջոկատների տղաներին միշտ վերաբերվել եմ ոչ թե պարզապես որպես զինվորների, այլ որպես իմ սեփական զավակների։

    Ես նրանց երբեք չեմ դիտել որպես մարդկանց, որոնց պետք է միայն հրամաններ տալ։ Ես նրանց ցավը համարել եմ իմ ցավը, նրանց ճակատագիրը՝ իմ պատասխանատվությունը, նրանց կյանքը՝ ինձ վստահված սրբություն։

    Ես նրանցից երբեք չեմ պահանջել այն, ինչի համար ինքս պատրաստ չեմ եղել կանգնել նրանց կողքին։ Ավելին, ես միշտ գնացել եմ նրանց առջևից։

    Եվ նրանք ինձ պատասխանել են անսահման հավատարմությամբ։ Նրանք միշտ եղել են կողքիս՝ ամենածանր փորձությունների, ամենադժվար մարտերի և նույնիսկ դժոխքի միջով անցնելիս։

    Հիշում եմ 44-օրյա պատերազմի առաջին օրը։

    Երբ իմ հարյուր հայորդիներից բաղկացած կամավորական ջոկատով ոտք դրեցի Արցախի առաջնագիծ՝ Մարտունի 2, բոլորի ներկայությամբ իմ խոսքն ուղղեցի ԱՍՏԾՈՒՆ։

    Ես բարձրաձայն ասացի.

    «ՏԵ՛Ր ԱՍՏՎԱԾ, այսօր ես կրկին եկել եմ առաջնագիծ՝ Հայրենիքս, Եկեղեցիս և ժողովրդիս թշնամիներից պաշտպանելու։

    Կյանքս ու մահս միշտ պատկանում են ՁԵԶ։

    Ես պատրաստ եմ և՛ ապրելու, և՛ զոհվելու։ ԴՈ՛ՒՔ որոշեք։

    Եվ այս պահից սկսած, եթե իմ ջոկատում պետք է զոհ լինի, խնդրում և աղաչում եմ ՁԵԶ, ՏԵ՛Ր ԱՍՏՎԱԾ, թող այդ զոհը ես լինեմ…»։

    Սա իմ գիտակցված ընտրությունն էր, իմ խոստումն ու իմ աղոթքը ԱՍՏԾՈՒՆ։

    Ես չէի խնդրում, որ ինձ համար հեշտ ճանապարհ բացվի։ Ես միայն աղաչում էի, որ մեզ վստահված առաջնագիծն անառիկ պահենք, և իմ ջոկատի բոլոր տղաները վերադառնան իրենց մայրերի, հայրերի, կանանց ու երեխաների մոտ։

    Եվ ԱՍՏԾՈՒ կամքով մենք ողջ մնացինք…

    Այսօր, երբ հետ եմ նայում անցած ճանապարհին, մի բան հաստատ գիտեմ. Հրամանատար լինելը նաև պատասխանատվություն կրելն է յուրաքանչյուր զինվորի կյանքի համար, նրա կողքին կանգնելը, նրա պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելը, նրա ցավը զգալն ու անհրաժեշտության դեպքում սեփական կյանքը վտանգի ենթարկելը։

    Ես երբեք չեմ ցանկացել, որ իմ ջոկատի տղաներն ինձ հետևեն վախից։ Ես ցանկացել եմ, որ նրանք վստահեն ինձ այնպես, ինչպես վստահում են իրենց հորը։

    Եվ հենց այդ վստահությունն է մեզ պահել միասին։

    Սա է իմ պատասխանատվությունը՝ իմ զինակիցների, իմ Հայրենիքի, իմ Եկեղեցու, իմ ժողովրդի և գալիք սերունդների առաջ։

    Սա է իմ խոստումը ԱՍՏԾՈՒՆ։

    ԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆ

  • Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան

    «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի ցավակցությունը կալանավայրից՝ Արսեն Գևորգյանի մահվան կապակցությամբ․

    «Արսեն Գևորգյանն այն արժանավոր հայորդիներից էր, ով չընկրկեց անարդարության և իշխանական ճնշումների առջև, չհրաժարվեց իր համոզմունքներից և նույնիսկ դժվարագույն պայմաններում հավատարիմ մնաց իր սկզբունքներին։ Նա ուներ կամք, խիզախություն և վճռականություն՝ պայքարելու հանուն ուժեղ, ինքնիշխան և արժանապատիվ Հայաստանի։

    Արսենը չլռեց անգամ այն ժամանակ, երբ այս աղետաբեր ու մահաբեր իշխանությունների օրոք քաղաքական հետապնդումներն ու վարկաբեկման կազմակերպված արշավները մեր երկրում դարձել էին ամենօրյա իրականություն։ Ցավոք, իշխանական մեքենայի ապօրինի և անպատասխանատու գործելաոճը չշրջանցեց նաև Արսենին:

    Նրա մահը, որը վրա հասավ ապօրինի կալանքի պայմաններում, դարձավ անչափ ցավալի և ողբերգական կորուստ, ինչի համար պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից։

    Քաղաքական հակառակորդների նկատմամբ անհիմն վարկաբեկումները, ատելության խոսքի տարածումը, արժանապատվության և բարի համբավի ոտնահարումը, ինչպես նաև ազատությունից զրկելու գործիքակազմի կիրառումը դարձել են իշխանության քաղաքական վարքագծի հիմնական բնորոշիչ դրսևորումներ։ Այս պայմաններում տեղի ունեցած ողբերգությունը պահանջում է ոչ միայն խորը ցավակցություն, այլև հանգամանքների լիարժեք, անկախ և անաչառ քննություն ու պատասխանատվության հստակ գնահատում։

    Արսենի կորուստը միայն նրա ընտանիքի, հարազատների և ընկերների վիշտը չէ։ Սա հերթական հարվածն է բոլոր նրանց համար, ովքեր հավատում են արդարության, մարդկային արժանապատվության և սեփական համոզմունքների համար պայքարելու իրավունքին։

    Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Արսեն Գևորգյանի ընտանիքին, հարազատներին և մտերիմներին ու կիսում եմ նրանց անսահման վիշտը։

    Մեր պարտքն ենք համարում հետևողական լինել, որ այս ողբերգության բոլոր հանգամանքները բացահայտվեն, իսկ մեղավորները կրեն օրենքով նախատեսված պատասխանատվություն։

    Արժանապատիվ Հայաստան կառուցելու Արսենի պայքարը շարունակվելու է»։

  • Գևորգ Ղազարյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածու

    Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը հայտարարեց ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու որոշման մասին:

    «Հարգելի ֆուտբոլասերներ,

    Վերջին օրերին առաջիկա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների եւ իմ թեկնածության շուրջ ծավալված քննարկումների կապակցությամբ ցանկանում եմ ներկայացնել իմ դիրքորոշումը: Առաջին հերթին շնորհակալություն եմ հայտնում երկրպագուներին եւ բոլոր նրանց, որոնք վստահություն են հայտնել ինձ եւ առաջարկել իմ թեկնածությունը ՀՖՖ նախագահի պաշտոնում: Մինչ այժմ չեմ շտապել հրապարակային հանդես գալ, քանի որ ինձ համար սա պարզապես պաշտոնի կամ անձնական հավակնությունների հարց չէ: Խոսքը հայկական ֆուտբոլի ապագայի եւ մեծ պատասխանատվության մասին է: Իմ կյանքի մեծ մասն անցել է ֆուտբոլում: Տարիներ շարունակ պատիվ եմ ունեցել ներկայացնելու Հայաստանի ազգային հավաքականը, հանդես եմ եկել հայկական եւ արտասահմանյան ակումբներում, ճանաչել տարբեր ֆուտբոլային համակարգեր եւ ներսից տեսել մեր ֆուտբոլային խնդիրներն ու հնարավորությունները: Համոզված եմ, որ հայկական ֆուտբոլն ունի շատ ավելի մեծ ներուժ, քան այսօր կարողանում ենք իրացնել: Մեզ անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, հստակ ռազմավարություն, մասնագիտական կառավարում եւ երկարաժամկետ զարգացման ծրագիր:

    Ֆուտբոլը պատկանում է բոլորիս եւ դրա ապագայի պատասխանատվությունը նույնպես բոլորինս է: Ընդունելով երկրպագուների առաջարկը՝ հայտարարում եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվելու իմ որոշման մասին: Միասին՝ հանուն հայկական ֆուտբոլի»,- հայտարարության մեջ ասել է Գեւորգ Ղազարյանը:

    Օրերս Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի երկրպագուները Գեւորգ Ղազարյանին ներկայացրել էին որպես ՀՖՖ նախագահին իրենց թեկնածու:

    ՀՖՖ նախագահի ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 21-ին:

  • «Արսեն Գևորգյանի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ

    Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ, լրատվամիջոցներին հայտնել են ՔԿ-ից։

    Նշել են նաև, որ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել։

    Հիշեցնենք՝ այսօր հայտնի դարձավ, որ ընդդիմադիր առաջատար ուժի թեկնածուն մահացել է կալանավայրում։

    դիտվել է 5 անգամ