Blog

  • «Ատելության քաղաքականությանը հայելային ատելությամբ, անեծքներով ու մերկ ժխտումով պատասխանելը փակուղի տանող ճանապարհ է»․ Ի՞նչ է առաջարկում Արմեն Աշոտյանը

    ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարյալ Արմեն Աշոտյանն առաջարկ է ուղղել ընդդիմությանն ու հասարակությանը։ Նրա հրապարակման մեջ նշվածէ․

    «Ատելության քաղաքականությունը․ ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը․

    Այս մտորումների անմիջական առիթը Հայաստանի նորագույն քաղաքական պատմության մի տխուր հակառեկորդն էր. օրերս, որպես քաղբանտարկյալ անազատության մեջ գտնվելու ընդհանուր տևողությամբ, ես շրջանցեցի Մամիկոն Ասլանյանին (օբյեկտիվության համար պետք է ընդգծեմ, որ ընկերս իր ողջ ժամկետն անցկացրել է բանտային խցում, մինչդեռ ես՝ մի մասը բանտում, իսկ մյուս մասը՝ տնային կալանքի տակ, որտեղ գտնվում եմ մինչ օրս)։

    Իսկ ընդդիմադիր թեկնածու Արսեն Գևորգյանի՝ ՔԿՀ-ում անժամանակ մահվան այսօրվա լուրը էլ ավելի սրեց ներքին ապրումներս ու մտորումներս։

    Եթե քաղաքականությունը չափենք անձնական հաշիվների կատեգորիաներով, ապա ես համոզիչ հիմքեր ունեմ անհաշտ թշնամանք տածելու Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։

    Քաղաքական հետապնդումների տարիները, բանտախուցը, տնային կալանքը, «թշնամու» պիտակը, այն արժեհամակարգի համակարգված կործանումը, ինչը կազմում էր մեր կյանքի իմաստն ու մեր երկրի ճակատագիրը. այս ամենը, թվում է, պետք է թելադրեր վրեժխնդրության պարզ ու հասկանալի տրամաբանություն։

    Եթե իշխանափոխությունը տեղի ունենար 2020-2023 թթ, ապա այդպես էլ կլիներ։ Չստացվեց… Ուստի հիմա, կարծում եմ, հարկ է փոխել մոտեցումները։ Այլևս ժամանակն է վեր կանգնել անձնական ցավից և վրեժի քաղաքական բնազդից։ Հայոց պետականությունը փրկելու համար մենք պարտավոր ենք հրաժարվել «Անտի-Նիկոլ» ռեակտիվ, երկրորդական դիրքորոշումից և անցնել մեծ, արարող օրակարգի։ Եվ ահա թե ինչու։

    Այս մտքերը ինձ հանգիստ չէին տալիս երկար տարիներ, և ես բազմիցս կիսվել եմ դրանցով իմ վերջին հրապարակումներում։ Սակայն Բոստոնի համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր Փոլ Կացաֆանասի՝ Aeon հանդեսում վերջերս լույս տեսած «Ինչո՞վ է բացատրվում քաղաքական թշնամիների մշտական պահանջը» էսսեն ինձ համար դարձավ կարևոր ինտելեկտուալ հաստատումն այն բանի, թե որքան էքզիստենցիալ սրությամբ է այս խնդիրը կանգնած մեր առջև այսօր։

    Իր աշխատության մեջ հեղինակը վերլուծում է այսպես կոչված «կոնստիտուտիվ-նեգատիվ քաղաքականության» ֆենոմենը՝ իշխանության մի համակարգ, որի համար թշնամանքը ոչ թե բարի նպատակների հասնելու գործիք է, այլ գոյության և ինքնավերարտադրության միակ ձևը։

    Կարդալով այս փիլիսոփայական վերլուծությունը՝ ես աչքիս առաջ տեսնում էի ժամանակակից Հայաստանի ճշգրիտ ախտորոշումը։

    Հեղինակը բացահայտում է ժխտման վրա կառուցված վարչակարգերի հիմնարար ախտաբանությունը. դրանք կառուցվածքային առումով ընդունակ չեն կանգ առնել։ Հասուն քաղաքական ուժի համար հակամարտությունն ավարտվում է այն պահին, երբ դրված նպատակին հասնում են, և սկսվում է արարող աշխատանքը։

    Բայց ռեսենտիմենտի՝ քենի և վիրավորվածության քաղաքական գործիչների համար հենց ինքը՝ թշնամանքը, ծառայում է որպես միակ վառելիք։ Հաղթանակը նրանց խաղաղություն չի բերում. հազիվ ջախջախելով մեկ ընդդիմախոսի՝ նրանք ստիպված են տենդագին կերպով կերտել հաջորդին, քանի որ առանց արտաքին կամ ներքին թշնամու, նրանց իշխանության ողջ կառուցվածքն ակնթարթորեն կորցնում է ներքին կապակցվածությունն ու փլուզվում է։

    2018 թվականից հետո Նիկոլ Փաշինյանի վարչակարգի ողջ էվոլյուցիան մշտական հակամարտությունից այդ կախվածության դասական օրինակն է։ Սկսելով իր կառավարումը հասարակությանը «սևերի» ու «սպիտակների» ցինիկ բաժանումով՝ նա նույնիսկ իշխանության ղեկին գտնվելուց ութ տարի անց և 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո սկզբունքորեն հրաժարվում է վերքերն ապաքինող և ազգը միավորող պետական գործչի դերից։ Այս առումով խոսուն էր նրա վերջին խոստովանությունն այն մասին, որ ինքը նախկինի պես իրեն զգում է «ընդդիմադիր», որը պատերազմ է մղում ինչ-որ «կեղծ էլիտաների» դեմ։

    Սա պատահական վրիպակ չէ, սա քաղաքական դատավճիռ է ինքն իրեն։ Առանց թշնամու կերպարի, նրա քաղաքական նախագիծը զրկվում է որևէ բովանդակությունից։

    Այս ներքին պատերազմը կրում է տոտալ բնույթ, փոխվում են միայն ատելության թիրախները։ Սկզբում դրանք «նախկիններն» էին, հետո՝ «պատերազմի կուսակցությունը», ավելի ուշ թիրախ դարձան մեր պատմական հիշողությունն ու Արցախի գաղափարը, որոնք արհեստականորեն հակադրվեցին այսպես կոչված «Իրական Հայաստանին»։

    Համակարգված հարվածի տակ հայտնվեց նույնիսկ Հայ Առաքելական Եկեղեցին՝ մեր բազմադարյա ինքնության հոգևոր և ինստիտուցիոնալ ողնաշարը։ Իսկ մարդազրկման այս հռետորաբանության օրինաչափ շարունակությունը դարձան ուղղակի քաղաքական բռնաճնշումները, որոնց միջով անցա թե՛ ես, և որոնց այսօր բախվում են ընդդիմադիր այլ ուժեր, ներառյալ՝ այս աշնանը կալանավորված «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը։

    Սակայն այս կործանարար տարերքի հետևում կանգնած է սառը հաշվարկ։ Օրինաչափ հարց է ծագում. ինչո՞ւ է իր ձեռքում պետական ողջ իշխանությունը կենտրոնացրած մարդը գիտակցաբար երկրում պահպանում քաղաքացիական սառը պատերազմի ջերմաստիճանը։

    Փիլիսոփայական հայացքը տալիս է սպառիչ պատասխան. այս ռազմավարության հիմքում ընկած է ռեսենտիմենտի ցինիկ շահագործումը՝ մի բարդ հոգեբանական մեխանիզմ, որն անտանելի ներքին ցավը, ամոթն ու նվաստացման զգացումը վերածում է «արդարացի» ցասման՝ ընդդեմ նշանակված մեղավորի։

    Ազգային աղետը, Արցախի կորուստը, նվաստացուցիչ զիջումների շարանը մեր ժողովրդի հավաքական գիտակցության մեջ թողել են խորագույն էքզիստենցիալ տրավմա։ Հասարակության մեջ կուտակվել է հուսահատության, անզորության և ազգային դառնության ահռելի լիցք։ Ցանկացած առողջ քաղաքական համակարգում դժգոհության այս էներգիան անխուսափելիորեն կսրբեր-կտաներ տեղի ունեցածի համար ուղղակի պատասխանատվություն կրող ղեկավարին։

    Փաշինյանի մոտիվացիան ծայրահեղ պրագմատիկ է. քաղաքականապես ողջ մնալու համար նրան կենսականորեն անհրաժեշտ է ժողովրդական այս ցասումն ուղղել երկրի ներս։ Մեղավոր նշանակելով «նախկիններին», «ռևանշիստներին», Եկեղեցուն կամ «հնացած ազգային միֆերին»՝ իշխանությունը տրավմատիկ վիճակում գտնվող հասարակությանն առաջարկում է յուրօրինակ հոգեբանական անզգայացում։

    Մարդուն հրամցնում են տրավմայից դուրս գալու կեղծ ելք. աղետի պատճառներն իմաստավորելու և կառավարությանը հաշիվ ներկայացնելու փոխարեն նրան առաջարկում են իր ցավը պարպել «ներքին թշնամիների» հանդեպ ատելության մեջ։

    Փողոցային նիհիլիզմից աճած առաջնորդի համար հանգիստ, ինստիտուցիոնալ պետականությունը մահացու վտանգավոր է. արարող խաղաղության մթնոլորտում նրա կառավարչական անկարողությունն ակնհայտ կդառնա յուրաքանչյուրի համար։

    Այս մեխանիկայի խորը գիտակցումը մեզ բերում է գլխավոր ռազմավարական եզրակացության, որը պարտավոր է դաս դառնալ հայաստանյան ողջ ընդդիմության համար։

    Ատելության քաղաքականությանը հայելային ատելությամբ, անեծքներով ու մերկ ժխտումով պատասխանելը փակուղի տանող ճանապարհ է։ Երբ մենք մեր պատմական առաքելության ողջ բարդությունը հանգեցնում ենք պարզունակ «Անտի-Նիկոլ» կարգախոսին, մենք՝ ինքներս էլ չցանկանալով, ընդունում ենք մեզ պարտադրված խաղի կանոնները։

    Մենք մնում ենք նրա դաշտում և սնուցում ենք թշնամանքի հենց այն մթնոլորտը, որում նա իրեն ամենաօրգանականն է զգում։

    Քաղաքականության մեջ «դեմ» միավորվելը միշտ անհամեմատ ավելի հեշտ է, քան «հանուն». նեգատիվ մոբիլիզացիան չի պահանջում խորը ինտելեկտուալ և արժեքային աշխատանք, այն հենվում է բազային էմոցիաների վրա։

    Սակայն ներքաղաքական սուր հակամարտության պայմաններում ընդդիմության համար կատեգորիկ հրամայական է դառնում համախմբվել հենց «հանուն» գաղափարի շուրջ։

    Ընդդիմադիր ուժերի մերձեցման վերջին գործընթացը, անշուշտ, իրավիճակի բեկման որոշակի հույս է ներշնչում։ Բայց կրիտիկական կարևորություն ունի, որ այս համախմբումը կրի ոչ թե ձևական-թվաբանական, այլ խորապես աշխարհայացքային, բովանդակային բնույթ։

    Հայաստանն այս կործանարար հորձանուտից դուրս բերելու համար մեզ անհրաժեշտ է որակական տեղաշարժ՝ անցում ժխտման քաղաքականությունից դեպի նվիրվածության (devotion) քաղաքականություն։

    Փիլիսոփայական ավանդույթում նվիրվածությունը հասկացվում է որպես անվերապահ արժեքների նկատմամբ արարող կապվածության բարձրագույն ձև, որը մարդուն պարգևում է իմաստ, արժանապատվություն և իսկական հանրույթի զգացում՝ առանց որևէ մեկին ատելու անհրաժեշտության։

    Գործող ռեժիմի զոհ դարձած կամ ցայսօր բռնաճնշվող իմ հայրենակիցները, այդ թվում՝ ես, ցավի և դժվարությունների հորձանուտում ենք ոչ թե նրա համար, որ ապրենք վրեժի ծարավով։ Մենք պիտի անցնենք այս փորձության միջով հանուն այն Հայաստանի, որին հավատում ենք և որին ծառայում ենք։ Եվ այսօր ես առաջարկում եմ բոլոր մտահոգ քաղաքացիներին՝ դիմել երեք հիմնարար քայլի։

    Առաջին՝ մենք պետք է ինտելեկտուալ և բարոյական առումով վերաճենք «Անտի-Նիկոլ» օրակարգից։ Վախից, անորոշությունից և պառակտումից հոգնած հասարակությունը չի գնա նրանց հետևից, ովքեր խոստանում են միայն հաշիվների մաքրում։ Ներկայիս իշխանության հեռացումը պետք է դառնա ոչ թե ինքնանպատակ ու վրեժխնդրության ակտ, այլ նոր, հասուն ու արարող քաղաքականության ծննդյան բնական, օրինաչափ հետևանք։

    Երկրորդ՝ մենք պարտավոր ենք ազգին ներկայացնել ապագայի ամբողջական, դրական տեսլական։ Կորուստների ցավի անվերջ շահագործման փոխարեն մեզ անհրաժեշտ է պետական վերածննդի պրագմատիկ և ոգեշնչող նախագիծ։ Քաղաքացիները պետք է հստակ տեսնեն, թե հատկապես ինչ ենք մենք առաջարկում սիրել, պաշտպանել և կառուցել. ինքնիշխան, անվտանգ պետություն՝ անսասան ինստիտուտներով, մարտունակ ժամանակակից բանակով, տեխնոլոգիական տնտեսությամբ և սեփական պատմության, մշակույթի ու Եկեղեցու նկատմամբ խորը հարգանքով։

    Երրորդ՝ մեզ անհրաժեշտ է վերականգնել համերաշխությունն ամենօրյա գործողության մակարդակում։ Օտարման և ատելության պետական մեքենային մենք պետք է հակադրենք հանրային փոխօգնության կենդանի հյուսվածքը՝ կրթական, մշակութային, հումանիտար նախաձեռնությունները։ Երբ մարդիկ սեփական արժանապատվության ու հենարանի զգացում են ձեռք բերում միմյանց իրապես ծառայելու միջոցով, վախի ցանկացած մանիպուլյացիա կորցնում է իր իշխանությունը նրանց վրա։

    Ատելությամբ սնվող վարչակարգերը պատմականորեն դատապարտված են. վաղ, թե ուշ դրանք անխուսափելիորեն այրում են իրենք իրենց։ Բայց պատմության առջև մեր պատասխանատվությունը կայանում է նրանում, որ պասիվ կերպով չսպասենք գործող իշխանության կործանմանը։ Մենք պարտավոր ենք արդեն այսօր Հայաստանին առաջարկել մեծ գաղափար, որի համար ուզում ես ապրել, աշխատել և միավորվել։

    Արմեն Աշոտյան

    ՀՀԿ փոխնախագահ

    «Ձորաղբյուր» ՏԿՀ

    10.11.2026»

  • Տեսել եմ՝ ինչ շիտակ ու ազնիվ մարդ էր Արսենը. սա աշխարհի վրա չարացած, աշխարհից նեղացած, դժբախտ մարդկանց գործելաոճ է, խղճում եմ ձեր սերունդներին. Գոհար Մելոյան

    Այս իշխանությունը պատմության մեջ մնալու է խափանման ամենածանր միջոցը՝ կալանքը, ընդդիմախոսների նկատմամբ պատժիչ մահակ դարձնելով, հիմնովին խախտելով թե՛ մարդու ազատության սահմանափակման իրավական տրամաբանությունը, թե՛ կալանքի իրավական նշանակությունը, այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։

    «Բայց այս իշխանությունն ընդդիմախոսի ազատությունն անպօրինաբար սահմանափակվելով չի բավարարվում։

    Ընդդիմախոսների կալանքները զուգորդվում են այդ կալանքներն իրականացնելու համար խմբագրված ռեժիսորական աշխատանքների արդյունք հանդիսացող տեսանյութերով։ Այդ իրավապահ մարմինների օպերատիվ տեսանյութերն էլ՝ իշխանական ֆեյքերի, արբանյակների, ինչու ոչ հենց բարձրաստիճան պաշտոնյաների համար քարոզչանյութ են դառնում։

    Բայց ինչ քարոզչության․ մարդու պատիվն, արժանապատվությունն ու բարի համբավն անխնա ոչնչացնող՝ հաշվի չառնելով իրենց կարգավիճակն ու իրավական արգելքները։ Դե պատկերացրեք, օրինակ՝ փոքր գյուղում, քաղաքում ապրող մարդն, ում միակ «մեղքը» եղել է հայրենասիրությունը, հետագայում ինչպես է ապրում։

    Դե այս ամենը չեն հասկանա՝ պատիվ, արժանապատվություն, բարի համբավ, շրջապատ, ընկերներ, բարեկամներ չունեցողները։

    Սա աշխարհի վրա չարացած, աշխարհից նեղացած, դժբախտ մարդկանց գործելաոճ է։ Խղճում եմ ձեր սերունդներին, որովհետև նրանք են կրելու ձեր հետևանքները, թեկուզ ձեր կողմից աղճատված, խեղաթյուրված ու այլասեռված միջավայրում ապրելով, ինչի դեմ ենք մենք պայքարում։

    Այս ամենի հետևանքով ընդամենը մի քանի բառ ասելու հիմքով կալանավորվեց ու դատարանի դահլիճում բոլորիս աչքի առաջ մահացավ լուսահոգի Արմեն Գրիգորյանը։

    Իշխանությանը հաղթելուց հետո սպանվեց լուսահոգի, սիրված մարդ Վոլոդյա Գրիգորյանը, ում սպանությունը մինչ օրս բացահայտված չէ։

    Ու այսօր ապօրինի անազատության պայմաններում սրտի կաթվածից մահացավ «Ուժող Հայաստան» կուսակցության Ստեփանավանի ՏԻՄ ընտրության թեկնածու Արսեն Գևորգյանը։

    Արսենին մի քանի անգամ եմ հանդիպել, բայց տեսել եմ իր հողի վրա, իր քաղաքում և գյուղերում, տեսել եմ այն սերն ու հարգանքը, որ վայելում էր, տեսել եմ ինչ շիտակ ու ազնիվ մարդ էր։ Հազար ափսոս:

    Խորին ցավակցություններս Արսենի հիանալի ընտանիքին, զավակներին, ընկերներին, բարեկամներին, ստեփանավանցիներին, մեր թիմակիցներին, բոլորիս»,- նշել է Մելոյանը։

  • Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «Lexus»-ն ու թիվ 48 համարի ավտոբուսը

    Երեկ՝ նոյեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:10-ի սահմաններում Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «Lexus» մակնիշի ավտոմեքենան և Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 48 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսը։

    Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

    Ավտոբուսում ուղևորներ են եղել, որոնք նույնպես չեն տուժել։

    դիտվել է 8 անգամ

  • Վոլոդիմիր Զելենսկին Աբու Դաբիում բանակցությունների առաջին օրը կառուցողական է համարել

    Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների առաջին օրը, որը տեղի է ունեցել նոյեմբերի 10-ին, բնորոշել է որպես կառուցողական։

    «Եռակողմ ձևաչափը կառուցողական էր և բավականին բովանդակալից», – ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին գրել է Զելենսկին «Տելեգրամ»-ի իր ալիքում։

    Նոյեմբերի 10-11-ին Աբու Դաբիում անցկացվում են եռակողմ բանակցություններ Ռուսաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ուկրաինայի միջև։

    Ավելին՝ սկզբնաղբյուրում։

    դիտվել է 5 անգամ

  • Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է

    Ադրբեջանական որոշ հրապարակումներում Թոմիրիս թագուհին հիշատակվում է Ադրբեջանի պատմության մեջ մեծ ավանդ ունեցած կանանց շարքում։ Ավելին՝ նա համարվում է Ադրբեջանի առաջին կին կառավարիչը։

    Սակայն, մ․թ․ա․ 6-րդ դարում ապրած Թոմիրիսը եղել է Կենտրոնական Ասիայում այդ ժամանակ բնակվող մասսագետների թագուհին։ Մասսագետները, ըստ պատմագիտական սկզբնաղբյուրների, իրանախոս քոչվորական ցեղեր էին։ Հույն պատմիչ Հերոդոտոսի հիշատակությամբ՝ պարսից արքա Կյուրոս II Մեծը (մ․թ․ա․ 550-530 թթ․) փորձել է նվաճել մասսագետների տարածքները, սակայն պարտություն է կրել և ճակատամարտում զոհվել։

    Թոմիրիսին, իրավամբ, կարելի է համարել Հին աշխարհի նշանավոր պատմական դեմքերից մեկը, որը կարողացավ հաղթել իր ժամանակի հզորագույն տիրակալներից մեկին՝ Կյուրոս Մեծին։
    Իրականում ո՛չ Թոմիրիսը, ո՛չ Կյուրոս Մեծը չէին կարող պատկերացում ունենալ ադրբեջանցիների կամ ներկայիս Ադրբեջան պետության գոյության մասին, քանի որ այդ ժամանակաշրջանում ո՛չ այդ ժողովուրդը՝ որպես ժամանակակից ազգային միավոր, ո՛չ էլ այդ պետությունը գոյություն չունեին։

    Գեղարդ վերլուծական

    դիտվել է 9 անգամ

  • Պորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակ

    Պորտուգալիայում նոյեմբերի 11-ին կփակվեն դպրոցներն ու որոշ պետական հաստատություններ՝ «Չարլզ» փոթորկի մոտենալու պատճառով։

    Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտնում են եվրոպական լրատվամիջոցները։

    Երկրում հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակը, որը կգործի նոյեմբերի 11-ի ժամը 00։00-ից մինչև 23։59-ը՝ տեղական ժամանակով։

    Ավելին՝ սկզբնաղբյուրում։

    դիտվել է 4 անգամ

  • Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում

    Այսօր՝ նոյեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:

    Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում գտնվող «Yerevan Place Hotel»-ում հրդեհ է բռնկվել։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկից 3 մարտական հաշվարկ։

    Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

    դիտվել է 12 անգամ

  • Երգչուհի Նառայի թոռնիկը ավտովթшրի է ենթարկվել. «Ուիգմոր»-ում երեխայի մորն անտակտ պատասխան են տվել

    Panorama.am-ը գրում է.

     

    «Անհանգիստ ես, պատուհանը հետևդ է կամ հոգեբանի դիմի»,- ասել է բժիշկը Էլեոնորային, վերջինս Panorama.am-ի հետ զրույցում մանրամասներ պատմեց որդու՝ Նարեկի առողջական ծանր վիճակի մասին։

    Նարեկը ծանր վթարի էր ենթարկվել՝ ստանալով ուղեղի ցնցում, կողերի կոտրվածք, թոքերի սալջարդ ու մեծ քանակությամբ արյուն կորցնելով: Ներքին արյունահոսության հետևանքով բժիշկները հեռացրել էին նաև վերջինիս փայծախը։

    Ըստ Էլեոնորայի՝ վթարից հետո Նարեկին տեղափոխել էին «Ուիգմոր» կլինիկա։ Սակայն երբ կլինիկայում պատրաստվում էին երեխային դուրս գրել, ինքն անհանգստություն է հայտնել և խնդրել լրացուցիչ հետազոտել գլուխը։ Սակայն բժիշկներից մեկը, ըստ նրա, արհամարհական պատասխան է տվել՝ առաջարկելով դիմել հոգեբանի։

    «Անհանգիստ ես, պատուհանը հետևդ է կամ հոգեբանի դիմիր»,-մեջբերում է Էլեոնորան։

    Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

    դիտվել է 9 անգամ

  • Մենք կբախվենք միջազգային ճնշման, որի նպատակն է լինելու ստիպել մեզ համակերպվել միջուկային զենք ունեցող Իրանի հետ

    Մենք կբախվենք միջազգային ճնշման, որի նպատակն է լինելու ստիպել մեզ համակերպվել միջուկային զենք ունեցող Իրանի հետԻրանի սպառնալիքը վերջնականապես վերացնելու միակ ճանապարհը այաթոլլաների վարչակարգի տապալումն է։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

    Նրա խոսքով՝ առաջիկայում Իսրայելը կբախվի միջազգային ճնշման՝ միջուկային զենք ունեցող Իրանի հետ հաշտվելու նպատակով։

    «Մոտ ապագայում մենք կբախվենք միջազգային ճնշման, որի նպատակն է լինելու ստիպել մեզ համակերպվել միջուկային Իրանի հետ»,-նշել է Նեթանյահուն։

  • Էջմիածնում 15-ամյա աղջիկը դպրոցի մոտ դանակով հարվածել է ընկերուհուն. մանրամասներ դեպքից

    Վաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են վնասվածք պատճառած աղջկան

    Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։40-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ մի աղջիկ վնասվածք է ստացել։

    Նախնական տեղեկություններով՝ երկու ընկերուհիների միջև անձնական հարցերի շուրջ վիճաբանության ընթացքում 15-ամյա աղջիկը կտրող-ծակող առարկայով քերծվածքի տեսքով վնասվածք է պատճառել ընկերուհուն։

    Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները պարզել են վնասվածքը պատճառած աղջկա ինքնությունը։ Նա հայտնաբերվել է։

    Վնասվածք ստացած աղջկա առողջական վիճակը գնահատվել է բավարար. ստացել է առաջնային բուժօգնություն։

    Դեպքի հանգամանքները պարզվում են։

    դիտվել է 12 անգամ