Նպատակահարմար է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին, հայտարարել է Բելառուսի ԱԳ նախարար Մաքսիմ Ռիժենկովը
«Հիպոթետիկ դատելով, փակ տեղեկատվությունը կարող է օգտագործվել ոչ այնքան ի շահ այն երկրների, որոնք իրապես մտադիր են զարգացնել տվյալ ինտեգրացիոն միավորումը «լավ, համերաշխ, համախմբող հունով»,- ասել է Ռիժենկովը:
դիտվել է 2 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
«Հրապարակ» թերթը գրում է. Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը, որ 2024 թվականի օգոստոսին է նշանակվել, այնուամենայնիվ, տունդարձի ճանապարհին է։ Ինչպես հայտնի էր դեռ ամռանը, ՀՀ իշխանությունները որոշել են նրան փոխարինել, բայց նոր դեսպանի նշանակումն ուշացավ, ուստի Արսենյանը շարունակեց պաշտոնավարել: Սովորաբար դեսպանի հետկանչն իրականացվում է նորի նշանակմանը զուգահեռ:
Արսենյանի մտերիմներից տեղեկացանք, որ նա արդեն իրերն է հավաքում՝ մի հսկայական «օժիտ», որովհետեւ պետական գույքը չի օգտագործել, որոշ բան Հայաստանից է տարել կամ իր միջոցներով գնել, անգամ իր թանկարժեք «Բենթլին» է տարել Մոսկվա եւ հիմա այդ բոլորը պետք է հետ բերի Հայաստան։
Մենք գրել էինք, որ ՀՀ իշխանությունները որոշել են Մոսկվա գործուղել եվրոպական երկրներում դեսպան աշխատած, 2004-10 թթ․ ՆԱՏՕ-ում ՀՀ ներկայացուցիչ 67-ամյա Սամվել Մկրտչյանին, որն ԱԳ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմյանի քեռին է, բայց ռուսական կողմը ձգձգում է նրա ագրեմանը: Լուրեր կան անգամ, որ չեն հաստատելու:
Քաջարանի թունելի կառուցման ծրագրի շրջանակում կապալառու կազմակերպությունն ակտիվորեն իրականացնում է անհրաժեշտ ռեսուրսների և մասնագիտացված տեխնիկայի մոբիլիզացում՝ թունելի փորման աշխատանքների մեկնարկին ընդառաջ։
Այս փուլում Քաջարանի հատվածում կատարվում են շինարարական բազայի նախապատրաստման աշխատանքներ։ Զուգահեռաբար Հայաստան է ներկրվում ստորգետնյա հորատման և թունելաշինության համար նախատեսված մասնագիտացված տեխնիկան։ Տեխնիկական միջոցների առաջին խմբաքանակն արդեն ժամանել է Հայաստան։
Նշված քայլերը վկայում են ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքային այս ծրագրի գործնական փուլի առաջընթացի մասին։
Հիշեցնենք, որ ծրագրով նախատեսվում է 7,2կմ ընդհանուր երկարությամբ Քաջարանի թունելի, ինչպես նաև մոտ 4կմ ընդհանուր երկարությամբ հարակից ճանապարհների կառուցում:
Թունելը նախագծվել է միջազգային չափանիշներին համապատասխան։ Այն ապահովված կլինի լուսավորության‚ օդափոխության‚ հակահրդեհային ժամանակակից համակարգերով։ Քաջարանի թունելի կառուցման արդյունքում ներկայում գործող ճանապարհը կկրճատվի շուրջ 14կմ-ով‚ և 50կմ-ժամ արագության փոխարեն վարորդները կերթևեկեն միջինը 80կմ-ժամ արագությամբ։
Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի կողմից։
Ծրագիրն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները նոյեմբերի 9-ին Մասիս կայարանի տներից մեկից գողություն կատարելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էին ստացել։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումներով տեղեկությունը հաստատվեց։ Պարզվեց, որ նույն թաղամասի բնակիչ 35-ամյա մի տղամարդ, մոտ կես տարի առաջ, օգտվելով տանտիրուհու բացակայությունից, հրել-բացել է պատուհանն ու բնակարանից գողացել կենցաղային էլեկտրական սարքեր։
Տանտիրուհուց ընդունվեց հաղորդում, իսկ 35-ամյա տղամարդն ընդունեց արարքը։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գողոնը հայտնաբերվել է ամբողջությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։
ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը Արտաշատի ավագանու մանդատը չի վերցնելու։
Նա հայտարարել է․
«Սիրելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ չեմ վերցնելու Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու մանդատը։
Միևնույն ժամանակ հայտնում եմ, որ իմ՝ ավագանու կազմում չլինելը առաջիկա քաղաքական պրոցեսներին իմ ավելի արդյունավետ ներգրավվածության ու մասնակցության մարտավարական նպատակ ունի։
Տեղեկացնում եմ նաև, որ որպես Արտաշատ համայնքում գործող գլխավոր ընդդիմադիր ուժ՝ ՀՅԴ ավագանու խմբակցությունը ներկայացված է լինելու Արտաշատ խոշորացված համայնքի ավագանում՝ շարունակելով իր ընդդիմադիր պայքարը և ակտիվ մասնակցություն ունենալով ավագանու աշխատանքներին։
ՀՅԴ ավագանու կազմը ներկայացնելու են՝
1. Արտավազդ Մարգարյանը
2. Անի Ազատյանը
3. Արտակ Թադևոսյանը
4. Հերմինե Իսրայելովնան
Եվս մեկ անգամ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հավատացել են մեզ, աջակցել և իրենց ձայնը տվել մեր ուժին։ Ձեր վստահությունը գնահատում եմ և վստահեցնում, որ ՀՅԴ խմբակցությունը ներկայացնելու և զբաղվելու է ոչ միայն իրենց վստահության քվեն մեզ տված 3 հազար մեր հայրենակիցների, այլ նաև համայնքի այլ քաղաքական հայացքներ ունեցող բնակիչների համայնքային հարցերով ու խնդիրներով։
Հայ Յեղափոխական Դաշնակցության ավագանիներին շնորհավորում եմ աշխատանքային պարտականությունները ստանձնելու կապակցությամբ, աշխատանքներին մաղթում հաջող ընթացք»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ավինյանին քննադատող հայտնի տեսանյութի տարածումից և դրան հաջորդած՝ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանի տեսաուղերձ-բացատրությունից հետո ՔՊ-ում կրքերը չեն հանդարտվել։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ներքին շրջանակներում քննարկվում է, որ ստեղծված իրավիճակից հետո Ալեն Սիմոնյանի՝ Երևանի քաղաքապետի ՔՊ թեկնածու դառնալու հեռանկարը կարծես թե սպառվեց։ Այսինքն՝ ՔՊ-ում կարծիք կա, որ քաղաքապետի աթոռին հասնելու ճանապարհին Սիմոնյանը սեփական ձեռքով փակեց իր առաջխաղացման դուռը։
Չնայած որ ավագանու հաջորդ ընտրությունները 2028 թվականին են, բայց ՔՊ-ում քաղաքական վերադասավորումների հարցն արդեն սկսվել է։ Իսկ Սիմոնյանի վերջին քայլը ոչ թե ամրապնդեց նրա դիրքերը, այլ նոր հարցեր առաջացրեց սեփական թիմի ներսում։ Նման պահվածքը, մեղմ ասած, ոչ թիմային է որակվել ու հարուցել է ներկուսակցական զայրույթ։
Բայց սա դեռ ամբողջը չէ։ Երեկ նա կիսվեց Աննա Հակոբյանի՝ նույն թեման շարունակող երկրորդ տեսանյութով, բայց դրանից իրավիճակը չփոխվեց, ավելին՝ կուսակցության կուլիսներում տարածված կարծիք-տարակուսանք կա, որ Սիմոնյանը կամ առանց դիտելու է կիսվել 2-րդ տեսանյութով, կամ ուշադիր չի լսել (այդ պատճառով չի ընկալել), կամ կա անհայտ այլ պատճառ, քանզի, ըստ տարածված տեսակետի, երկրորդ նյութի քննադատության թիրախում նաև նա էր՝ դրանից բխող հետևանքներով»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
««Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ», — ասում էր մի հայտնի դասական, որը սիրում էր բարձրանալ արագաչափերի սյուների վրա և սկոչով ծածկել տեսախցիկները։ Իսկ հիմա նրա կառավարության սահմանած կենսաչափական անձնագրի տուրքը 28 650 դրամ է՝ միջին ամսական համախառն աշխատավարձի 9,45%-ը։ Գրեթե մեկ տասներորդը՝ մեկ անձնագրի համար։ Նույն համեմատությունը՝ ըստ երկրների։ Զարգացած երկրներ՝ Գերմանիա՝ 1,26%, Լեհաստան՝ 1,59%, Կանադա՝ 2,12%, Մեծ Բրիտանիա՝ 2,19%, Ֆրանսիա՝ 2,25%, ԱՄՆ՝ 2,69%։ Նախկին ԽՍՀՄ երկրներ՝ Բելառուս՝ 3,34%, Մոլդովա՝ 5,07%, Ադրբեջան՝ 5,44%, Ռուսաստան՝ 5,98%, Ուզբեկստան՝ 6,21%, Ղրղզստան՝ 6,71%, Վրաստան՝ 6,93%, Ղազախստան՝ 7,80%, Տաջիկստան՝ մոտ 30,45%։ Այս համեմատության մեջ Հայաստանից բարձր ցուցանիշ ունի միայն Տաջիկստանը։ Իսկ մեր քաղաքացին իր աշխատավարձից անձնագրի համար հատկացնում է մոտ 7,5 անգամ ավելի մեծ բաժին, քան Գերմանիայում, և 36%-ով ավելի մեծ բաժին, քան Վրաստանում։ Սա հերթական անգամ ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության համար քաղաքացին լավ էլ տուգանքի էլ, տուրքի էլ, հարկման էլ և ընդհանրապես՝ ԼԵԳԻՏԻՄԱՑՎԱԾ ԿԵՂԵՔՄԱՆ մատերիալ է։ Ի՞նչ է ստացվում։ ՀՀ քաղաքացին պետք է իր ընտանեկան բյուջեից մի շոշափելի գումար վճարի ինչ-որ մասնավոր ընկերության (որի գործարքը Փաշինյանի կառավարության հետ դեռ պետք է ստուգվի), որպեսզի * անձնագրից հանեին Արարատի պատկերը՞ և * Հայաստանը մերձեցնեի՞ն ԵՄ-ի հետ, որի հետ մերձենալը, ինչպես բացահայտեց Նիկոլի նախկին ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, իրենք էլ գիտեն, որ իրատեսական չի՞։ Սա Նիկոլի ամբողջ կերպարն է՝ մարդկանց գայթակղել խաբուսիկ բարձր իդեալներով և բարձրագոչ աղմուկի օգնությամբ «տեխնիչնի» մտնել նրանց գրպանը։ Հլա ո՞ւր եք»,- գրել է նա։
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը 2026 թվականի օգոստոսի 17-ին խորհրդարանում, անդրադառնալով փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցների միավորման շուրջ քննարկումներին, հայտարարել էր, որ Հայաստանում կան դպրոցներ, որտեղ մեկ երեխայի կրթության վրա ծախսվում է 20 մլն դրամ։
«Փաստերի ստուգման հարթակը» փորձել է պարզել՝ որ դպրոցների մասին է խոսքը, ինչպես է հաշվարկվել 20 մլն դրամը, և քանի հաստատությունում է մեկ աշակերտի հաշվով ֆինանսավորումը հասնում այդ չափին։
Սակայն, չնայած մեր երեք հարցումներին, ԿԳՄՍ նախարարությունը չի տրամադրել պնդումը լիարժեք ստուգելու համար անհրաժեշտ բոլոր տվյալները՝ սահմանափակվելով ֆինանսավորման նվազագույն, միջին և առավելագույն ցուցանիշներով։ Նախարարությունը նախ չի տրամադրել առավել բարձր ֆինանսավորում ունեցող 42 ուսումնական հաստատությունների ցանկն ու յուրաքանչյուրի համապատասխան գումարը՝ պատճառաբանելով աշակերտների հնարավոր նույնականացմամբ, ապա չի ներկայացրել նաև այդ հաստատությունների անանուն քանակական բաշխման ցանկը։
Արդյունքում FIP.am-ը չի ստացել բավարար տվյալներ՝ պարզելու, թե 42-ից քանի հաստատություններում է ֆինանսավորումը հասնում 20 մլն դրամի կամ գերազանցում այն։
20 մլն դրամի մասին ավելի վաղ հայտարարել էր նաև նախարարը
Մեկ երեխայի կրթության համար տարեկան 20 մլն դրամ ծախսվելու մասին դեռևս 2025 թվականի հունիսի 10-ին՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, հայտարարել էր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Հիմա, մենք տեղ ունենք, որտեղ մեկ երեխայի կրթության վրա տարեկան 20 միլիոն դրամ է ծախսվում»,- ասել էր նախարարը։
Առաջին հարցում․ 42 դպրոցում՝ նվազագույնը՝ 2․7, առավելագույնը 21,3 մլն դրամ
Թագուհի Ղազարյանի հայտարարությունից հետո «Փաստերի ստուգման հարթակը» նախարարությունից խնդրել էր տրամադրել՝
մեկ աշակերտի հաշվով տարեկան 20 մլն դրամ ցուցանիշին համապատասխանող դպրոցների ցանկը՝ նշելով հաշվարկի տարին, աշակերտների թիվը, հաստատված բյուջեն, փաստացի ծախսերը և հաշվարկում ներառված ծախսատեսակները,
նախարարի հայտարարության հիմքում եղած հաշվարկը կամ փաստաթուղթը,
2015-2025 թվականների համեմատական տվյալները՝ մեկ աշակերտի հաշվով տարեկան նվազագույն, միջին ու առավելագույն ծախսերով։
Նախարարությունից նախ հայտնել էին, որ տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է լրացուցիչ ուսումնասիրություն, և հարցմանը կպատասխանեն 30-օրյա ժամկետում։
Մեկ ամիս անց ստացված պատասխանի համաձայն՝ 2026 թվականի հունվարի՝ 2025-2026 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի տվյալներով, Հայաստանում գործել է մինչև 10 աշակերտ ունեցող 42 ուսումնական հաստատություն, որոնց ֆինանսավորման չափը մեկ աշակերտի հաշվով տատանվել է 2,7-21,3 մլն դրամի սահմաններում, իսկ միջինը կազմել է 5,6 մլն դրամ։
Արտապատկերումը՝ ԿԳՄՍՆ պատասխանից
Այսպիսով, նախարարությունը չի պատասխանել հարցման առանցքային հարցին՝ որ կամ քանի դպրոցում է մեկ աշակերտի հաշվով ֆինանսավորումը հասնում 20 մլն դրամի, և չի տրամադրել այդ ցուցանիշի հաշվարկը ստուգելու համար պահանջված մանրամասն տվյալները։
2-րդ հարցում․ տվյալները չտրամադրվեցին՝ երեխաների հնարավոր նույնականացման պատճառաբանությամբ
Ստացված ցուցանիշները ստուգելու նպատակով FIP.am-ը հոկտեմբերի 5-ին կրկնակի հարցում է ուղարկել՝ խնդրելով ներկայացնել մինչև 10 աշակերտ ունեցող 42 ուսումնական հաստատությունների ցանկը՝ նշելով յուրաքանչյուրի անվանումն ու մարզը կամ համայնքը, աշակերտների թիվը, 2025-2026 ուսումնական տարվա համար պետական բյուջեից հատկացված ֆինանսավորման ընդհանուր և մեկ աշակերտի հաշվով ֆինանսավորման չափը։
Նախարարի տեղակալ Աննա Բաղդասարյանի ստորագրությամբ մակագրված հոկտեմբերի 12-ի պատասխանում, սակայն, նախարարությունը ցանկի տրամադրումը նպատակահարմար չի համարել՝ գրությամբ տեղեկացնելով, որ մինչև 10 աշակերտ ունեցող դպրոցների անունները հրապարակելու դեպքում երեխաները կարող են հեշտությամբ նույնականացվել։
Արտապատկերումը՝ ԿԳՄՍՆ պատասխանից
3-րդ հարցում․ ԿԳՄՍ-ն չի տրամադրել նաև դպրոցների քանակական տվյալները
Հաշվի առնելով նախարարության պատճառաբանությունը՝ «Փաստերի ստուգման հարթակը» հոկտեմբերի 30-ին նոր հարցում է ուղարկել։ Այս անգամ խնդրել ենք տրամադրել՝ 42-ից որքան հաստատությունում է մեկ աշակերտի հաշվով ֆինանսավորումը կազմել 20 մլն դրամ կամ ավելի, ինչպես նաև ներկայացնել հաստատությունների քանակը՝ ֆինանսավորման տարբեր միջակայքերում։
Հարցման մեջ նաև նշել էինք, որ եթե նախարարությունն այդ տվյալները պահպանում է այլ սանդղակավորմամբ, խնդրում ենք տրամադրել դրանք առկա ձևաչափով։
Այս ձևաչափով տեղեկատության տրամադրումը թույլ կտար հասկանալ ու հանրությանը ներկայացնել, թե մեկ աշակերտի հաշվով 20 մլն դրամին հասնող ֆինանսավորումը քանի հաստատության է վերաբերում՝ առանց որևէ հաստատության անուն հրապարակելու։
Սակայն նոյեմբերի 10-ին ստացված պատասխանի մեջ նախարարությունը հղում է արել նախորդ երկու գրություններին՝ նշելով, որ տրամադրել է իր մոտ առկա ամբողջ տեղեկատվությունը և հավելյալ որևէ ցուցանիշ չի հայտնել։
«Ձեր կողմից մատնանշված ձևաչափերով տեղեկատվության հավաքագրում չի իրականացվում»,- ասված է Աննա Բաղդասարյանի ստորագրությամբ պատասխանում։ Գրությանը կցվել են նախորդ երկու պատասխանները։
Այսպիսով, անպատասխան է մնացել հարցը՝ 42-ից որքան հաստատությունում է մեկ աշակերտի հաշվով ֆինանսավորումը հասնում 20 մլն դրամի կամ գերազանցում այն։
Ի՞նչ է ներառում մեկ աշակերտի հաշվով ֆինանսավորումը
Նախարարությունը պարզաբանել է, որ դպրոցների ֆինանսավորման չափը կախված է ուսումնական ծրագրերից, դասարանների քանակից, ուսուցչական ու ոչ ուսուցչական անձնակազմից, ենթակառուցվածքներից, համադպրոցական ծախսերից և այլ գործոններից։
Հետևաբար, դպրոցի ընդհանուր ֆինանսավորումը փոքրաթիվ սովորողների թվին բաժանելիս մեկ աշակերտի հաշվով գումարը կարող է զգալիորեն բարձր լինել։ Նախարարության բերած օրինակով՝ 2000-ից ավելի աշակերտ ունեցող դպրոցում այդ ցուցանիշը կարող է կազմել 143 հազար դրամ, իսկ մեկ կամ երկու աշակերտ ունեցող դպրոցում՝ շատ ավելին, ընդհուպ ավելի քան 21 մլն դրամ։
Թվեր՝ առանց ստուգման համար բավարար տվյալների
ԿԳՄՍ նախարարության տվյալներով՝ մինչև 10 աշակերտ ունեցող 42 ուսումնական հաստատություններում մեկ աշակերտի հաշվով ֆինանսավորումը տատանվում է 2.7-21.3 մլն դրամի սահմաններում։
Սակայն այս տվյալները բավարար չեն հաստատելու կամ հերքելու Թագուհի Ղազարյանի պնդումը, թե Հայաստանում կան դպրոցներ, որտեղ մեկ երեխայի կրթության վրա ծախսվում է 20 մլն դրամ։ Նախարարությունը չի հայտնել՝ 42 հաստատություններից քանիսում է ֆինանսավորումը հասնում 20 մլն դրամի կամ գերազանցում այն։
Այսպիսով, շուրջ երեք ամիս տևած նամակագրությունից հետո FIP.am-ը չի ստացել պնդումը լիարժեք ստուգելու համար բավարար տվյալներ։ Դրանք չեն տրամադրվել նաև անանուն քանակական ձևաչափով, ինչը հարցեր է առաջացնում տվյալների հասանելիության, ինչպես նաև գերատեսչության աշխատանքի թափանցիկության ու հաշվետվողականության տեսանկյունից։
«Հրապարակ» թերթը գրում է. Իշխող թիմում կարծում են, որ ամեն ինչ պետք է անել, որ ընդդիմությունը կողմ քվեարկի սահմանադրության նախագծին, որպեսզի ստիպված չլինեն արտահերթ ընտրությունների գնալ, այլ՝ հանրաքվե նշանակեն։
Մեր աղբյուրի խոսքով, այդ նպատակին հասնելու համար իշխանությունը պատրաստ է ընդունել դատաիրավական եւ մյուս ոլորտները բարեփոխելու ընդդիմության առաջարկները, միայն թե պակասող ձայները տան՝ գնան հանրաքվեի: Բանն այն է, որ ՔՊ-ում կարծում են, որ հանրությունը խիստ անտարբեր է նոր սահմանադրության նկատմամբ, եւ բավական է հանրաքվեն նշանակվի` իրենք «այո»-ն կստանան, անգամ եթե ընդդիմությունը մեջտեղից ճղվի եւ «ոչ» քարոզի կամ փորձի մոբիլիզացնել ժողովրդին, որ բոյկոտեն ու տապալեն հանրաքվեն։