20 մլն դրամ մեկ աշակերտի համար․ ԿԳՄՍ-ն չի ներկայացնում մանրամասն տվյալներ

Written by

in

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը 2026 թվականի օգոստոսի 17-ին խորհրդարանում, անդրադառնալով փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցների միավորման շուրջ քննարկումներին, հայտարարել էր, որ Հայաստանում կան դպրոցներ, որտեղ մեկ երեխայի կրթության վրա ծախսվում է 20 մլն դրամ։

«Փաստերի ստուգման հարթակը» փորձել է պարզել՝ որ դպրոցների մասին է խոսքը, ինչպես է հաշվարկվել 20 մլն դրամը, և քանի հաստատությունում է մեկ աշակերտի հաշվով ֆինանսավորումը հասնում այդ չափին։

Սակայն, չնայած մեր երեք հարցումներին, ԿԳՄՍ նախարարությունը չի տրամադրել պնդումը լիարժեք ստուգելու համար անհրաժեշտ բոլոր տվյալները՝ սահմանափակվելով ֆինանսավորման նվազագույն, միջին և առավելագույն ցուցանիշներով։ Նախարարությունը նախ չի տրամադրել առավել բարձր ֆինանսավորում ունեցող 42 ուսումնական հաստատությունների ցանկն ու յուրաքանչյուրի համապատասխան գումարը՝ պատճառաբանելով աշակերտների հնարավոր նույնականացմամբ, ապա չի ներկայացրել նաև այդ հաստատությունների անանուն քանակական բաշխման ցանկը։ 

Արդյունքում FIP.am-ը չի ստացել բավարար տվյալներ՝ պարզելու, թե 42-ից քանի հաստատություններում է ֆինանսավորումը հասնում 20 մլն դրամի կամ գերազանցում այն։

20 մլն դրամի մասին ավելի վաղ հայտարարել էր նաև նախարարը

Մեկ երեխայի կրթության համար տարեկան 20 մլն դրամ ծախսվելու մասին դեռևս 2025 թվականի հունիսի 10-ին՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, հայտարարել էր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Հիմա, մենք տեղ ունենք, որտեղ մեկ երեխայի կրթության վրա տարեկան 20 միլիոն դրամ է ծախսվում»,- ասել էր նախարարը։ 

Առաջին հարցում․ 42 դպրոցում՝ նվազագույնը՝ 2․7, առավելագույնը 21,3 մլն դրամ

Թագուհի Ղազարյանի հայտարարությունից հետո «Փաստերի ստուգման հարթակը» նախարարությունից խնդրել էր տրամադրել՝

  • մեկ աշակերտի հաշվով տարեկան 20 մլն դրամ ցուցանիշին համապատասխանող դպրոցների ցանկը՝ նշելով հաշվարկի տարին, աշակերտների թիվը, հաստատված բյուջեն, փաստացի ծախսերը և հաշվարկում ներառված ծախսատեսակները,
  • նախարարի հայտարարության հիմքում եղած հաշվարկը կամ փաստաթուղթը,
  • 2015-2025 թվականների համեմատական տվյալները՝ մեկ աշակերտի հաշվով տարեկան նվազագույն, միջին ու առավելագույն ծախսերով։

Նախարարությունից նախ հայտնել էին, որ տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է լրացուցիչ ուսումնասիրություն, և հարցմանը կպատասխանեն 30-օրյա ժամկետում։  

Մեկ ամիս անց ստացված պատասխանի համաձայն՝ 2026 թվականի հունվարի՝ 2025-2026 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի տվյալներով, Հայաստանում գործել է մինչև 10 աշակերտ ունեցող 42 ուսումնական հաստատություն, որոնց ֆինանսավորման չափը մեկ աշակերտի հաշվով  տատանվել է 2,7-21,3 մլն դրամի սահմաններում, իսկ միջինը կազմել է 5,6 մլն դրամ։

Արտապատկերումը՝ ԿԳՄՍՆ պատասխանից

Այսպիսով, նախարարությունը չի պատասխանել հարցման առանցքային հարցին՝ որ կամ քանի դպրոցում է մեկ աշակերտի հաշվով ֆինանսավորումը հասնում 20 մլն դրամի, և չի տրամադրել այդ ցուցանիշի հաշվարկը ստուգելու համար պահանջված մանրամասն տվյալները։

2-րդ հարցում․ տվյալները չտրամադրվեցին՝ երեխաների հնարավոր նույնականացման պատճառաբանությամբ 

Ստացված ցուցանիշները ստուգելու նպատակով FIP.am-ը հոկտեմբերի 5-ին կրկնակի հարցում է ուղարկել՝ խնդրելով ներկայացնել մինչև 10 աշակերտ ունեցող 42 ուսումնական հաստատությունների ցանկը՝ նշելով յուրաքանչյուրի անվանումն ու մարզը կամ համայնքը, աշակերտների թիվը, 2025-2026 ուսումնական տարվա համար պետական բյուջեից հատկացված ֆինանսավորման ընդհանուր և մեկ աշակերտի հաշվով ֆինանսավորման չափը։

Նախարարի տեղակալ Աննա Բաղդասարյանի ստորագրությամբ մակագրված հոկտեմբերի 12-ի պատասխանում, սակայն,  նախարարությունը ցանկի տրամադրումը նպատակահարմար չի համարել՝ գրությամբ տեղեկացնելով, որ մինչև 10 աշակերտ ունեցող դպրոցների անունները հրապարակելու դեպքում երեխաները կարող են հեշտությամբ նույնականացվել։

Արտապատկերումը՝ ԿԳՄՍՆ պատասխանից

3-րդ հարցում․ ԿԳՄՍ-ն չի տրամադրել նաև դպրոցների քանակական տվյալները

Հաշվի առնելով նախարարության պատճառաբանությունը՝ «Փաստերի ստուգման հարթակը» հոկտեմբերի 30-ին նոր հարցում է ուղարկել։ Այս անգամ  խնդրել ենք տրամադրել՝ 42-ից որքան հաստատությունում է մեկ աշակերտի հաշվով ֆինանսավորումը կազմել 20 մլն դրամ կամ ավելի, ինչպես նաև ներկայացնել հաստատությունների քանակը՝ ֆինանսավորման տարբեր միջակայքերում։ 

Հարցման մեջ նաև նշել էինք, որ եթե նախարարությունն այդ տվյալները պահպանում է այլ սանդղակավորմամբ, խնդրում ենք տրամադրել դրանք առկա ձևաչափով։

Այս ձևաչափով տեղեկատության տրամադրումը թույլ կտար հասկանալ ու հանրությանը ներկայացնել, թե մեկ աշակերտի հաշվով 20 մլն դրամին հասնող ֆինանսավորումը քանի հաստատության է վերաբերում՝ առանց որևէ հաստատության անուն հրապարակելու։

Սակայն նոյեմբերի 10-ին ստացված պատասխանի մեջ նախարարությունը հղում է արել նախորդ երկու գրություններին՝ նշելով, որ տրամադրել է իր մոտ առկա ամբողջ տեղեկատվությունը և հավելյալ որևէ ցուցանիշ չի հայտնել։

«Ձեր կողմից մատնանշված ձևաչափերով տեղեկատվության հավաքագրում չի իրականացվում»,- ասված է Աննա Բաղդասարյանի ստորագրությամբ պատասխանում։ Գրությանը կցվել են նախորդ երկու պատասխանները։

Այսպիսով, անպատասխան է մնացել  հարցը՝ 42-ից որքան հաստատությունում է մեկ աշակերտի հաշվով ֆինանսավորումը հասնում 20 մլն դրամի կամ գերազանցում այն։

Ի՞նչ է ներառում մեկ աշակերտի հաշվով ֆինանսավորումը

Նախարարությունը պարզաբանել է, որ դպրոցների ֆինանսավորման չափը կախված է ուսումնական ծրագրերից, դասարանների քանակից, ուսուցչական ու ոչ ուսուցչական անձնակազմից, ենթակառուցվածքներից, համադպրոցական ծախսերից և այլ գործոններից։

Հետևաբար, դպրոցի ընդհանուր ֆինանսավորումը փոքրաթիվ սովորողների թվին բաժանելիս մեկ աշակերտի հաշվով գումարը կարող է զգալիորեն բարձր լինել։ Նախարարության բերած օրինակով՝ 2000-ից ավելի աշակերտ ունեցող դպրոցում այդ ցուցանիշը կարող է կազմել 143 հազար դրամ, իսկ մեկ կամ երկու աշակերտ ունեցող դպրոցում՝ շատ ավելին, ընդհուպ ավելի քան 21 մլն դրամ։

Թվեր՝ առանց ստուգման համար բավարար տվյալների

ԿԳՄՍ նախարարության տվյալներով՝ մինչև 10 աշակերտ ունեցող 42 ուսումնական հաստատություններում մեկ աշակերտի հաշվով ֆինանսավորումը տատանվում է 2.7-21.3 մլն դրամի սահմաններում։  

Սակայն այս տվյալները բավարար չեն հաստատելու կամ հերքելու Թագուհի Ղազարյանի պնդումը, թե Հայաստանում կան դպրոցներ, որտեղ մեկ երեխայի կրթության վրա ծախսվում է 20 մլն դրամ։ Նախարարությունը չի հայտնել՝ 42 հաստատություններից քանիսում է ֆինանսավորումը հասնում 20 մլն դրամի կամ գերազանցում այն։

Այսպիսով, շուրջ երեք ամիս տևած նամակագրությունից հետո FIP.am-ը չի ստացել պնդումը լիարժեք ստուգելու համար բավարար տվյալներ։ Դրանք չեն տրամադրվել նաև անանուն քանակական ձևաչափով, ինչը հարցեր է առաջացնում տվյալների հասանելիության, ինչպես նաև գերատեսչության աշխատանքի  թափանցիկության ու հաշվետվողականության տեսանկյունից։

Գայանե Մարկոսյան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *