Category: YN.am

  • Վարչապետն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին

    Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին։ Այս մասին հայտնում են Կառավարությունից:

    Վարչապետը կարևորել է Հայաստան–ԱՄՆ հարաբերությունների հետևողական զարգացումը և նշել, որ վերջին շրջանում այն կրում է դինամիկ բնույթ։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկկողմ փոխգործակցության հարուստ օրակարգի հետևողական առաջմղման անհրաժեշտությունը՝ վստահություն հայտնելով, որ ՀՀ–ԱՄՆ կապերը կշարունակեն ընդլայնվել ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում։

    Աբրահամ Համադեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել երկխոսության զարգացումը նաև խորհրդարանական ձևաչափով։ Վերջինս անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը և այդ գործում ընդգծել վարչապետ Փաշինյանի անձնական դերն ու հետևողականությունը։

    Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների, ինչպես նաև TRIPP նախագծի իրականացման ընթացքին վերաբերող հարցերի շուրջ։

  • Bild․ ՆԱՏՕ-ն մշակել է գործողությունների ծրագիր՝ Բալթյան երկրների վրա ՌԴ հարձակման դեպքում

    Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստվում է Ռուսաստանի հնարավոր հարձակմանը Բալթյան երկրների վրա։ Ինչպես պարզել է Bild-ը, ՆԱՏՕ-ն մշակել է գործողությունների երեք տարբերակ այն դեպքի համար, եթե ռուսական զորքերը հարձակվեն Էստոնիայի, Լատվիայի կամ Լիտվայի վրա։ Գլխավոր նպատակներն են կանգնեցնել առաջխաղացումը և հնարավորինս թուլացնել ռուսական ուժերը։

    Առաջին փուլը հրթիռային և անօդաչու հարձակումների ճնշումն է։ Դրա համար ՆԱՏՕ-ն ծրագրում է օգտագործել մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և դրոններ՝ ռուսական հրթիռային համալիրները ոչնչացնելու համար։ Հիմնական թիրախներից մեկը կարող է դառնալ Կալինինգրադի մարզը, որտեղ տեղակայված են բազմաթիվ ՀՕՊ համակարգեր և հրթիռային համալիրներ։

    Միաժամանակ Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմաններին ենթադրվում է ստեղծել այսպես կոչված «ինքնավար գոտի»։ Դրանում ՆԱՏՕ-ի զինծառայողներ չեն գտնվի․ առաջ շարժվող ռուսական զորքերի դեմ պետք է գործեն անօդաչուները և ցամաքային ռոբոտացված համակարգերը։

    Հաջորդ փուլում ՆԱՏՕ-ն կարող է հարվածներ հասցնել արդեն Ռուսաստանի տարածքին։ Հատուկջոկատայինները պետք է ոչնչացնեն ռազմական և լոգիստիկ օբյեկտներ՝ օդանավակայաններ, պաշտպանական ձեռնարկություններ, կամուրջներ և երկաթուղիներ, որոնք օգտագործվում են զորքերի և տեխնիկայի տեղափոխման համար։ Դաշինքում նաև հույս են դնում Վլադիմիր Պուտինի դեմ հանդես եկող ռուսաստանցիների օգնության վրա։

    Բացի այդ, ՆԱՏՕ-ն ծրագրում է ստեղծել «օդային կամուրջ»՝ անօդաչուներ և ռոբոտներ Ռուսաստան տեղափոխելու համար։ Դրանք պետք է հարվածեն նաև օդանավակայաններին և ռազմական բազաներին։ Միաժամանակ դաշինքում ընդգծում են, որ չեն ծրագրում գրավել Ռուսաստանի տարածքը։ Խնդիրն է ռուսական զորքերը հետ մղել մինչև սահման։

    Հատկանշական է, որ ՆԱՏՕ-ն չի պատրաստվում այս ծրագրերը գաղտնի պահել։ Զինվորականների կարծիքով՝ զսպումն աշխատում է միայն այն դեպքում, եթե հակառակորդը նախապես գիտի, թե ինչի հետ է բախվելու դաշինքի երկրի վրա հարձակման դեպքում։

  • «Մուլտի Վելնես» ընկերությունը հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի

    Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» ընկերությունը հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ պահանջելով անվավեր ճանաչել իրենց իրավունքները դադարեցնելու և այն Երևանի քաղաքապետարանի ենթակայությանը հանձնելու որոշումը:

    Վարչական դատարանը՝ դատավոր Հերմինե Մուրադյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել հայցը՝ պահանջելով որոշումը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում դատարան ներկայացնել Երևանի Ալեք Մանուկյան 11 հասցեի անշարժ գույքի կադաստրային գործի բոլոր նյութերը:

    Դատական նիստ է նշանակվել 2027 թվականի փետրվարի 16-ին՝ ժամը 14:30-ին։

    Օգոստոսի 5–ին էլ «Մուլտի Վելնեսը» դատի էր տվել Երևանի քաղաքապետարանին` պահանջելով անվավեր ճանաչել գործարքը միակողմանիորեն կասեցնելու որոշումը։

  • Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ

    UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի 2-րդ համար Արման Ծառուկյանը UFC 331 մրցաշարից առաջ որոշել է փոխել իր մարտական մականունը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

    Հայտնի լրագրող Արիել Հելվանիին տված հարցազրույցում 29-ամյա մարտիկը հայտնել է, որ այսուհետ ամերիկյան պրոմոուշենի օկտագոն դուրս կգա «Բեթմեն» անվան տակ։

    Նախկինում Ծառուկյանը հանդես էր գալիս «Ախալքալաքցի» մականվամբ՝ ի պատիվ իր ծննդավայրի՝ Վրաստանի Ախալքալաք քաղաքի։ Եթե հին տարբերակն ընդգծում էր մարտիկի ծագումն ու արմատները, ապա նոր տարբերակը շեշտը դնում է ավելի գլոբալ, հնչեղ և ճանաչելի կերպարի վրա։

    UFC 331 մրցաշարը կկայանա սեպտեմբերի 19-ին Կալիֆոռնիայի Լոս Անջելես քաղաքում։ Երեկոյի երկրորդ գլխավոր մենամարտում Ծառուկյանի մրցակիցը կլինի դիվիզիոնի 7-րդ համար Մաուրիսիո Ռուֆին։ Նշենք, որ ի սկզբանե հայ մարտիկը պետք է մրցեր բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի հետ, սակայն վերջինս անձնական պատճառներով հրաժարվել է մենամարտից։

  • Օգոստոսի 17-21-ը Հայաստան կայցելի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը

    2026 թվականի օգոստոսի 17-21-ը Հայաստան կժամանի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ ՀԱՄԱԴԵԻ գլխավորած պատվիրակության ընդունելությունը:

    ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի կարգադրության համաձայն՝ նրանց կընդունի Ազգային ժողովի պատգամավոր Սարգիս Խանդանյանը:

    «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով և հաշվի առնելով 2026 թվականի հուլիսի 21-ի 1102/37505-26 գրությունը` կարգադրում եմ.

    1. Կազմակերպել 2026 թվականի օգոստոսի 17-21-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ ՀԱՄԱԴԵԻ գլխավորած պատվիրակության ընդունելությունը:

    2. Ազգային ժողովի պատգամավոր Սարգիս ԽԱՆԴԱՆՅԱՆԻՆ՝ ընդունել պատվիրակությանը:

    3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ՀԱՄԲԱՐՅԱՆԻՆ՝ պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2025 թվականի դեկտեմբերի 24-ի «Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25–ի Կ-22-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու և Ազգային ժողովում օտարերկրյա պետությունների պաշտոնատար անձանց, միջազգային կազմակերպությունների ղեկավարների, պաշտոնական պատվիրակությունների ընդունելությունների հետ կապված ներկայացուցչական ծախսեր կատարելու կարգը, Ազգային ժողովում օտարերկրյա պետությունների պաշտոնատար անձանց, միջազգային կազմակերպությունների ղեկավարների, պաշտոնական պատվիրակությունների հետ կապված ներկայացուցչական ծախսերի սահմանաչափերը և հուշանվերների տրամադրման կարգը հաստատելու մասին» Կ-326-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին, ինչպես նաև կազմակերպել պատվիրակության ճանապարհածախսի վճարումը»:

  • NBC News․ Ռուսաստանը Կասպից ծովով Իրան է մատակարարում անօդաչուներ և զինամթերք

    Ռուսաստանը Իրան է մատակարարում պայթուցիկ նյութեր՝ ԱՄՆ-ի դեմ պատերազմում նրա հրթիռային և անօդաչու զինանոցը համալրելու համար։

    Ռուսաստանը Կասպից ծովով Իրան է մատակարարում անօդաչուների բաղադրիչներ, զինամթերք և տրոտիլ։ Այդ մասին հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով եվրոպական կառավարության փաստաթղթին և արևմտյան պաշտոնյայի։

    Նշվում է, որ Մոսկվան այդպիսով օգնում է Թեհրանին համալրել պաշարները ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածներից հետո։

    Ընդգծվում է, որ դա վկայում է Մոսկվայի և Թեհրանի միջև ռազմավարական դաշինքի խորացման մասին։

  • Politico. Սի Ցզինպինը Թրամփի հետ ԱՄՆ-ում հանդիպումից առաջ բաց կթողնի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստը

    Աղբյուրները Politico-ին հայտնել են, որ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը, ինչպես սպասվում է, սեպտեմբերի վերջին ԱՄՆ կատարելիք այցի ընթացքում չի օգտվի հնարավորությունից՝ Թրամփի հետ Վաշինգտոնում նախատեսված հանդիպումից առաջ ելույթ ունենալու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։

    BBC-ի փոխանցմամբ՝ Գլխավոր ասամբլեան իր աշխատանքը ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում կսկսի սեպտեմբերի 22-ին, իսկ Սիի և Թրամփի հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 24-ին, հիշեցրել են պարբերականի զրուցակիցները։ Չինաստանի առաջնորդի՝ ԱՄՆ նախագահի հետ հանդիպման օրը հաստատել է նաև Սպիտակ տունը։ Politico-ի աղբյուրների տվյալներով՝ Սին ԱՄՆ կժամանի սեպտեմբերի 23-ի երեկոյան և կթռչի արդեն սեպտեմբերի 25-ին։

    Ինչպես պարզաբանում է Politico-ն, ԱՄՆ-ի դիվանագիտական շրջանակներում շատերը կարծում էին, որ Սին ԱՄՆ այցն օգտագործելու է Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալու համար՝ ներկայացնելու Չինաստանի ծրագրերը խաղաղ միջազգային զարգացման վերաբերյալ՝ ի հակակշիռ Իրանի դեմ ԱՄՆ-ի ձգձգված պատերազմի։

    Վերջին անգամ Սի Ցզինպինը Նյու Յորք էր ժամանել՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալու համար, 2015 թվականին՝ կազմակերպության 70-ամյակի առթիվ։ 2021 թվականին, կորոնավիրուսի համավարակի պատճառով տեսազանգով ելույթ ունենալիս, Սին իր խոսքում անուղղակիորեն հիշատակել էր ԱՄՆ-ի ձախողումը Աֆղանստանում՝ առաջարկելով զարգացող երկրներին քննարկել հետամերիկյան աշխարհակարգը, որը հիմնված է տնտեսական զարգացման չինական մոդելի վրա, նշում է Politico-ն։

  • Առանց սահմանապահի միջամտության անձնագրի սքանավորմամբ արագ կհատեն սահմանը․ «Զվարթնոց»-ում ներդրվում է e-gate-ը (վիդեո)

    Օգոստոսի 17-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ Դավիթ Սանամյանի հետ այցելել է «Զվարթնոց» օդանավակայան՝ ծանոթանալու e-gate ավտոմատացված համակարգերի ներդրման նախապատրաստական աշխատանքներին։

    ՆԳՆ–ից  հայտնում են, որ նախարարին են ներկայացվել e-gate համակարգերի տեղակայման, գործարկման և սպասարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքային լուծումները։

     ՆԳ նախարարը ծանոթացել է e-gate ավտոմատացված համակարգերի ներդրման  նախապատրաստական աշխատանքներին

    Կենսաչափական անձնագրերի կիրառմանը զուգահեռ Հայաստանի սահմանային անցակետերում նախատեսվում է ներդնել e-gate (էլեկտրոնային անցակետ) ավտոմատացված համակարգեր:

    e-gate-ն ինքնաշխատ և անկոնտակտ սահմանային անցման համակարգ է, որը հնարավորություն կտա առանց սահմանապահի միջամտության անձնագրի սքանավորմամբ արագ հատել սահմանը, ավտոմատ իրականացնել անձի նույնականացում, արագացնել սահմանային հսկողությունը և կրճատել սպասման ժամանակը:

    Քննարկվել են նաև համակարգերի ներդրման փուլերի, աշխատանքների կազմակերպման, e-gate համակարգերի արդյունավետ և անխափան գործարկման համար անհրաժեշտ պայմանների ապահովման վերաբերյալ հարցեր։

    ՆԳ նախարարը նույն օրը Երևանի մոլերից մեկում ծանոթացել է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության՝ ավարտական փուլում գտնվող գրասենյակի շինարարական աշխատանքների ու տեխնիկական վերազինման գործընթացին։

    Ընդգծվել է շինաշխատանքների որակական ստանդարտների պահպանումն ու սահմանված ժամկետներում ավարտին հասցնելու անհրաժեշտությունը։

    Հետագա արդյունավետությունն ապահովելու ուղղությամբ նախարարը լրացուցիչ հանձնարարականներ է տվել։

    «ՀայՓաս» ընկերության կողմից կառուցվող գրասենյակների նախագծային և լոգիստիկ լուծումները հիմնված են «մեկ պատուհանի» սկզբունքի վրա, ինչը թույլ կտա նվազեցնել հերթերն ու կուտակումները, վարչարարական բարդությունները և զգալիորեն խնայել քաղաքացիների ժամանակը։

  • Ռուսաստանը Ճապոնիային սպառնացել է «համարժեք միջոցներով»

    Օգոստոսի 18-ին Ճապոնիայի դեսպան Մուտոն Ռուսաստանում կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ։
    Ինչպես հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ-ում, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Գալուզինը ճապոնացի դիվանագետ
  • ՄԻՊ-ը հորդորում է չհրապարակել օրեր առաջ հայտնաբերված նորածնի լուսանկարները, տեսանյութերը և նույնականացնող տվյալները

    Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ օրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի իրավունքների պաշտպանությունը ենթադրում է զգայուն մոտեցումներ և համալիր քայլերի իրականացում։

    Դեպքի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է իրավասու պետական մարմինների և բժշկական կազմակերպությունների կողմից ձեռնարկված քայլերը, այդ թվում՝ երեխայի պաշտպանության, բժշկական օգնության և աջակցության ապահովման ուղղությամբ։

    Միաժամանակ, Պաշտպանը մտահոգիչ է համարում վերջին օրերին զանգվածային լրատվության միջոցներով և սոցիալական մեդիայի հարթակներով երեխայի լուսանկարների և տեսանյութերի տարածումը, որոնք արվել են բուժօգնություն ստանալու ընթացքում։

    Հետագայում այլ հրապարակմամբ հանրայնացվել է նաև երեխային տրված անունը, որի արդյունքում հանրությանը հասանելի են դարձել երեխային նույնականացնելու հնարավորություն տվող լրացուցիչ տվյալներ։

    Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ հատկապես նման խոցելի իրավիճակում գտնվող երեխայի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման և տարածման յուրաքանչյուր դեպք պետք է գնահատվի երեխայի լավագույն շահի տեսանկյունից, իսկ հանրային նշանակություն ունեցող հարցերի լուսաբանման ընթացքում երեխայի լավագույն շահը պետք է ունենա առաջնահերթություն։

    Պաշտպանը կարևոր է համարում նաև, որ երեխայի լուսանկարների և նրան նույնականացնող այլ տվյալների հրապարակման կամ տարածման դեպքում ապահովվի անձնական տվյալների մշակման համաչափության սկզբունքը՝ այդ գործընթացում գնահատելով ոչ միայն տեղեկատվության հրապարակման հանրային նշանակությունը, այլև դրա հնարավոր ազդեցությունը երեխայի հետագա կյանքի վրա։

    Այս հանգամանքն անհրաժեշտ է՝ նկատի ունենալով, որ նշված բոլոր տվյալները հնարավորություն են տալու ապագայում նույնականացնելու անձին և նրա խոցելի վիճակը։

    Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ երեխայի վերաբերյալ տեղեկատվության տարածման հնարավոր հետևանքները պետք է դիտարկվեն ոչ միայն տվյալ պահին, այլև երեխայի հետագա կյանքի համատեքստում։

    Այս տեսանկյունից Մարդու իրավունքների պաշտպանը հորդորում է երեխայի վերաբերյալ տեղեկատվություն տարածող բոլոր անձանց ցուցաբերել առավելագույն զգուշավորություն և զգայունություն՝ զերծ մնալով երեխայի լուսանկարների, տեսանյութերի, անվան և նրան նույնականացնող այլ տվյալների անհարկի հրապարակումից և հետագա տարածումից։

    Ընդ որում, նշվածի առնչությամբ ՄԻՊ հաստատությունը համագործակցում է նաև Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հետ։

    Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է այն, որ համանման դիրքորոշում ունի նաև Գործակալությունը։