Category: YN.am

  • Իրանի և Չինաստանի արտգործնախարարները հանդիպում են անցկացրել Ղրղզստանում

    Իրանի և Չինաստանի արտգործնախարարներ Աբբաս Արաղչին և Վան Ին հանդիպել են Ղրղզստանում անցկացվող ՇՀԿ նախարարական նիստի շրջանակում, հայտնում է Իրանի ԱԳՆ-ն։

    Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների առանցքային հարցերը, տարածաշրջանային ու միջազգային զարգացումները, ինչպես նաև մտքեր են փոխանակել ՇՀԿ օրակարգային թեմաների շուրջ։

    Նախարարներն ընդգծել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցության հետագա ամրապնդմանն ու խորացմանն ուղղված բոլոր հարցերում երկու երկրների ղեկավարների ջանքերը։ Կողմերը կարևորել են նաև ձեռք բերված համաձայնությունների լիարժեք իրագործումն ու երկկողմ ու բազմակողմ կապերն ընդլայնելու համար ՇՀԿ-ի և BRICS-ի ներուժի օգտագործումը։

    Իրանի արտգործնախարարը դատապարտել է «ԱՄՆ-ի իրականացրած ռազմական հանցագործություններն ու երկրի կենսական նշանակության ենթակառուցվածքներին հասցված հարվածները»՝ ընդգծելով, որ Հորմուզի նեղուցում և ողջ տարածաշրջանում տիրող անկայունությունը Վաշինգտոնի կողմից Իսլամաբադի համաձայնագրի խախտման անմիջական հետևանքն է։

    Չինաստանի արտգործնախարարն իր հերթին նշել է, որ Արևմտյան Ասիայում խաղաղության ու կայունության վերականգնումն անհնար է առանց տարածաշրջանի երկրների միջև վստահության և համագործակցության խորացման՝ հավաստիացնելով, որ Պեկինը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել։

  • Թբիլիսիի որոշ բնակիչներ մնացել են առանց ջրի խոշոր էլեկտրաէներգիայի անջատումից հետո

    Էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո Թբիլիսիի որոշ բնակիչներ ջրամատակարարման ընդհատումներ են ունեցել պոմպակայանի անջատման պատճառով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են «Վրացական ջուր և էլեկտրաէներգիա» (GWP) ընկերությունից։

    Շաբաթ առավոտյան Վրաստանում վերջին երկու օրվա ընթացքում երկրորդ անգամ էլեկտրաէներգիա է անջատվել։ Առաջին անջատումը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան։ Անջատման պատճառը դեռևս անհայտ է։

    «Էլեկտրաէներգիայի անջատման պատճառով Բախտրիոնի փողոցի պոմպակայանը անջատվել է։ Արդյունքում, Վակե և Սաբուրտալո շրջանների որոշ հատվածներ մնացել են առանց ջրի։ Պոմպակայանի էլեկտրաէներգիան արդեն վերականգնվել է։

    Ջրամատակարարումը կվերականգնվի փուլ առ փուլ և լիովին կվերականգնվի մինչև ժամը 12:00-ն (Մոսկվայի ժամանակով 11:00-ն)», – հայտարարել է ընկերությունը։

  • Հուլիսի 25-ի աստղագուշակ

    Խոյ. Այսօր ձեզ ամենաբազմաբնույթ դժվարություններ են սպասում, քանի որ ակնհայտ ու քողարկված հակառակորդները որոգայթներ են լարում ձեր դեմ: Մարդը, ում դուք ավանդաբար վստահում էիք, կարող է կանգնել ձեր հանդեպ
  • Հնդկաստանը ցանկանում է արգելափակել Ջեք Դորսիի հավելվածը, որը թույլ է տալիս շփվել առանց ինտերնետի․ ինչու՞

    Հնդկաստանի կառավարությունը դիմել է GitHub-ին՝ պահանջելով հեռացնել Bitchat հաղորդագրությունների հավելվածի պահոցները։ Իշխանությունները պնդում են, որ հավելվածը կարող է օգտագործվել ինտերնետի անջատումները շրջանցելու և բողոքի ցույցերի ժամանակ վերահսկողությունից խուսափելու համար։

    Bitchat-ը ստեղծել է Twitter-ի համահիմնադիր Ջեք Դորսի-ն։ Հավելվածը թույլ է տալիս մարդկանց հաղորդագրություններ ուղարկել առանց բջջային ինտերնետի կամ կենտրոնական սերվերների՝ օգտագործելով Bluetooth կապը։

    Հնդկաստանի իշխանությունները նշել են, որ նման տեխնոլոգիաները կարող են դժվարացնել իրավապահների աշխատանքը և օգտագործվել զանգվածային հավաքների կազմակերպման համար։ Պահանջը ներկայացվել է Դելիում ընթացող բողոքի ցույցերի ֆոնին, որտեղ որոշ մասնակիցներ, ըստ տեղեկությունների, օգտագործել են Bluetooth-ով աշխատող հավելվածներ՝ կապը պահպանելու համար։

    Միևնույն ժամանակ, իշխանությունները չեն հաստատել, որ հենց Bitchat հավելվածն է օգտագործվել ցույցերի ընթացքում։

    Bitchat-ը համարվում է ապակենտրոնացված հաղորդակցության գործիք․ այն չի պահանջում գրանցում, հեռախոսահամար կամ ինտերնետ կապ, ինչը այն դարձնում է օգտակար այն վայրերում, որտեղ կապը սահմանափակ է, բայց նաև դժվարացնում է հաղորդակցությունների վերահսկումը։

  • Իսպանիան արտակարգ դրություն է հայտարարել Մադրիդի մերձակայքում լայնածավալ անտառային հրդեհների պատճառով

    Իսպանիայի կառավարությունն ազգային մակարդակի արտակարգ դրություն է հայտարարել Մադրիդի շրջանի արևմտյան հատվածում խոշոր անտառային հրդեհների և Ավիլա նահանգում դրանց տարածվելու վտանգի պատճառով։

    Հրդեհները միաժամանակ բռնկվել են մի քանի շրջաններում, այդ թվում՝ Վիլյա-դել-Պրադոյում և Սան Մարտին դե Վալդեյգլեսիասում։ Ուժեղ շոգի, քամու և եղանակային բարդ պայմանների պատճառով տարածաշրջանային ծառայությունները չեն կարողացել ինքնուրույն վերահսկողության տակ առնել իրավիճակը։

    Վտանգավոր գոտիներից տարհանվել է ավելի քան 10 հազար մարդ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ավելի քան 270 մասնագետ, տասնյակ միավոր տեխնիկա և Արտակարգ իրավիճակների ռազմական ծառայության (UME) ստորաբաժանումներ։

    Իշխանությունները նշել են, որ արձագանքման նման մակարդակ կիրառվում է խիստ հազվադեպ։ Ներկայում Իսպանիայի տարբեր շրջաններում անտառային հրդեհները շարունակվում են, ամենախոշորներից մեկը՝ Մադրիդից հյուսիս, ոչնչացրել է ավելի քան 30 հեկտար տարածք։ Ավելի վաղ հրդեհի պատճառով ժամանակավորապես դադարեցվել էր Մադրիդի և Բարսելոնայի միջև արագընթաց գնացքների երթևեկությունը։

  • Թրամփը հարկեր է սահմանել 60 երկրի նկատմամբ․ որ երկրներն են ներառված

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր՝ 10-12.5 տոկոս մաքսատուրքեր է սահմանել շուրջ 60 երկրների նկատմամբ՝ հայտարարելով, որ դրանք բավարար քայլեր չեն ձեռնարկում հարկադիր աշխատանքի դեմ պայքարում։

    Նոր դրույքաչափերը հուլիսի 24-ից կփոխարինեն նախկին 10-տոկոսանոց համաշխարհային մաքսատուրքերին և կվերաբերեն ԱՄՆ-ի հիմնական առևտրային գործընկերներին, այդ թվում՝ Չինաստանին, Հնդկաստանին, Ճապոնիային, Հարավային Կորեային և Եվրամիությանը։

    Կանադայի, Եվրամիության, Հնդկաստանի և Մեծ Բրիտանիայի նկատմամբ կգործի 10%, իսկ Չինաստանի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի նկատմամբ՝ 12.5% մաքսատուրք։

    Նավթի, բնական գազի, պարարտանյութերի և ԱՄՆ-Մեքսիկա-Կանադա ազատ առևտրի համաձայնագրով նախատեսված որոշ ապրանքների համար բացառություններ են սահմանվել։

    Որոշումը քննադատել են մի շարք երկրներ, մասնավորապես Բրազիլիան, որը հայտարարել է, որ պատասխան մաքսատուրքեր կսահմանի ԱՄՆ-ի նկատմամբ։ Իսկ Եվրամիությունը նշել է, որ որոշումը համահունչ է ԵՄ-ԱՄՆ միջև ձեռք բերված առևտրային պայմանավորվածություններին և հնարավորություն է տալիս շարունակել բանակցությունները մաքսային արտոնությունների շուրջ։

  • Ցանկացած երկիր, որը կմասնակցի ԱՄՆ-ի ագրեuիային Իրանի դեմ, կդառնա իրանական ԶՈւ-ի օրինական թիրախ. Արաղչի

    Ցանկացած երկիր, որը կմասնակցի ԱՄՆ-ի ագրեսիային Իրանի դեմ կամ կնպաստի Իրանի ուղղությամբ հարվածների հասցմանը, կդառնա իրանական զինված ուժերի օրինական թիրախ: Այդ մասին հայտարարել է արտգործնախարար Աբբաս Արաղչին Շանհայի համագործակցության կազմակերպության ԱԳՆ խորհրդի նիստում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

    «Իրանը վերստին հաստատում է երկրի ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իր հաստատակամությունը և հայտարարում, որ Իրանի դեմ ագրեսիայի իրականացմանը ցանկացած մասնակցություն, համագործակցություն կամ աջակցություն միջազգային պատասխանատվություն կառաջացնի համապատասխան կողմերի համար», – ասել է Արաղչին։

    Նրա խոսքով՝ Թեհրանն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները ինքնապաշտպանության շրջանակներում և ագրեսիային մասնակցած ցանկացած կողմի կդիտարկի որպես օրինական թիրախ զինված ուժերի համար։

    Իրանի ԱԳ և նախարարը կոչ է արել Շանհայի համագործակցության կազմակերպության երկրներին համախմբման, համագործակցության և կոչ է արել թույլ չտալ, որ ագրեսիան փոխարինի դիվանագիտությանը, ուժը փոխարինի իրավունքին, իսկ երկակի ստանդարտները փոխարինեն արդարությանը։

    «Անվտանգ, կայուն և արդար ապագա կարող է ձեռք բերվել միայն այն դեպքում, երբ բոլորս միասնական ձայնով պաշտպանենք օրենքի գերակայությունը, պետությունների հավասարությունը, երկրների ինքնիշխանության և ժողովուրդների արժանապատվության նկատմամբ հարգանքը», – հավելել է նա։

  • Վրաստանը մնացել է առանց էլեկտրականության՝ լայնածավալ խափանման պատճառով

    Հուլիսի 24-ի գիշերը Վրաստանի ողջ տարածքում, ներառյալ Թբիլիսին և մյուս քաղաքները, տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի զանգվածային անջատում։ Լույսն անհետացել է նաև օկուպացված Աբխազիայում։

    Անջատումը տեղի է ունեցել միաժամանակ, մոտավորապես ժամը 00:10-ին։ Խափանման պատճառով ավտոմատ կերպով դադարեցվել է Georgian Water and Power ընկերության պոմպակայանների աշխատանքը։ Երկրում էլեկտրաէներգիայի սպառումը կտրուկ նվազել է՝ 1 860-ից հասնելով 564 ՄՎտ-ի։

    Էներգամատակարարումը սկսել են մասնակիորեն վերականգնել ժամը 02:00-ից հետո, իսկ առավոտյան էլեկտրականությունը վերականգնվել է ամբողջ երկրում։ Պետական էլեկտրահամակարգը հայտարարել է, որ վթարի պատճառները պարզվում են, մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ։

    Սա Վրաստանում նման առաջին դեպքը չէ․ 2025 թվականի ապրիլին լայնածավալ անջատում էր տեղի ունեցել «Կավկազիոնի» 500 կՎ հզորությամբ էլեկտրահաղորդագծի վթարի պատճառով։

  • ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը

    Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը դատապարտել է Եմենի հութիների վերջին սպառնալիքները Սաուդյան Արաբիային ծովային շրջափակման ենթարկելու վերաբերյալ՝ դրանք գնահատելով որպես տարածաշրջանային կայունությանը սպառնացող և իրավիճակի վտանգավոր սրացման հանգեցնող քայլեր։

    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կայա Կալասը հայտարարությամբ է հանդես եկել՝ շեշտելով, որ Կարմիր ծովում նավթատար լցանավի վրա հարձակումն անընդունելի և անօրինական է ու ավելի է սրում առանց այդ էլ լարված իրավիճակը տարածաշրջանում։

    Նա ընդգծել է, որ ազատ նավարկությունը պետք է ապահովված լինի ինչպես Հորմուզի նեղուցում, այնպես էլ Կարմիր ծովում, և որևէ խոչընդոտ չպետք է ստեղծվի միջազգային ծովային հաղորդակցության համար։

    Կալասը հութիներին կոչ է արել անհապաղ դադարեցնել բոլոր այն գործողությունները, որոնք վտանգում են միջազգային նավագնացությունը, ինչպես նաև պահպանել միջազգային իրավունքի պահանջները, այդ թվում՝ ՄԱԿ-ի Ծովային իրավունքի մասին կոնվենցիան և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2216, 2722 և 2826 բանաձևերը, որոնք վերաբերում են Եմենին և ազատ նավարկությանը։

    Հայտարարության համաձայն՝ Եվրամիության ASPIDES ռազմածովային առաքելությունը շարունակում է իր գործունեությունը՝ պաշտպանելու ազատ նավարկությունը Կարմիր ծովում և հարակից միջազգային ջրերում՝ իր պաշտպանական մանդատի և հաստատված գործողությունների ծրագրի շրջանակում։

    Օրերս Եմենի հութիները հայտարարել էին Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման մասին և հուլիսի 22-ին Կարմիր ծովում հարվածել էին Սաուդյան Արաբիայի երկու նավթատար լցանավի: Էր Ռիադը հաստատել էր մեկ լցանավի խոցումը: Նավում հրդեհ էր բռնկվել, տուժածներ չկային:

  • Եմենի հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի երկու նավթատարների

    Եմենի հութիները հայտարարել են, որ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարվածել են ENCELA և LAYLIA սաուդյան նավթատարներին։ Այս մասին հայտնում է IRIB-ը։

    Հութիների պնդմամբ՝ առաջին սաուդյան նավթատարը ոչնչացվել է հրթիռային հարվածով Եմենի ափերի մոտ՝ երկրի սահմանից մոտ 70 կիլոմետր հյուսիս։ Նավի տարողությունը կազմել է շուրջ 500 հազար բարել։

    Իր հերթին, Saudi Press Agency-ի պաշտոնական աղբյուրը հաստատել է, որ սաուդյան ընկերությանը պատկանող ENCELA նավը Կարմիր ծովում ենթարկվել է հարձակման, որի հետևանքով հրդեհ է բռնկվել նավի քթամասում։

    Աղբյուրի փոխանցմամբ՝ անձնակազմի բոլոր անդամներն անվտանգ են։