Իսպանիայի կառավարությունն ազգային մակարդակի արտակարգ դրություն է հայտարարել Մադրիդի շրջանի արևմտյան հատվածում խոշոր անտառային հրդեհների և Ավիլա նահանգում դրանց տարածվելու վտանգի պատճառով։
Հրդեհները միաժամանակ բռնկվել են մի քանի շրջաններում, այդ թվում՝ Վիլյա-դել-Պրադոյում և Սան Մարտին դե Վալդեյգլեսիասում։ Ուժեղ շոգի, քամու և եղանակային բարդ պայմանների պատճառով տարածաշրջանային ծառայությունները չեն կարողացել ինքնուրույն վերահսկողության տակ առնել իրավիճակը։
Վտանգավոր գոտիներից տարհանվել է ավելի քան 10 հազար մարդ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ավելի քան 270 մասնագետ, տասնյակ միավոր տեխնիկա և Արտակարգ իրավիճակների ռազմական ծառայության (UME) ստորաբաժանումներ։
Իշխանությունները նշել են, որ արձագանքման նման մակարդակ կիրառվում է խիստ հազվադեպ։ Ներկայում Իսպանիայի տարբեր շրջաններում անտառային հրդեհները շարունակվում են, ամենախոշորներից մեկը՝ Մադրիդից հյուսիս, ոչնչացրել է ավելի քան 30 հեկտար տարածք։ Ավելի վաղ հրդեհի պատճառով ժամանակավորապես դադարեցվել էր Մադրիդի և Բարսելոնայի միջև արագընթաց գնացքների երթևեկությունը։
Leave a Reply