Category: YN.am

  • Քննչական կոմիտեն «քանդել» է Էրեբունու կրակոցների դեպքի վայրի հավաքատեղին

    Ուշագրավ իրավիճակ Էրեբունու կրակոցների գործով։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն դիմել է Երևանի քաղաքապետարան, որպեսզի քաղաքապետարանը ապամոնտաժի (քանդի) Էրեբունու կրակոցների դեպքի վայրում գտնվող հավաքատեղին կամ, ինչպես բնակիչներն էին պատմում,՝ խաղատունը։ Նշենք, որ կրակոցները հնչել էին հենց այդ նկուղային հարկի տարածքում, իսկ դեպքից հետո իրավապահները մի խումբ թաղային հեղինակությունների հավաքատեղին կապարակնքել էին։

    Եվ ահա մեզ հայտնի դարձավ, որ քաղաքապետարանն այսօր տարածքի ճաղավանդակները ապամոնտաժել է, և չի բացառվում, որ նշված տարածքի մասով այլ գործընթաց ևս իրականացվի։

  • Երևանում քննարկվել են միջուկային անվտանգության սպառնալիքների գնահատման և ատոմակայանի պաշտպանության հարցերը

    Միջուկային և ռադիացիոն անվտնագության կենտրոնի տեխնիկական աջակցությամբ Երևանում անցկացվել է «Միջուկային անվտանգության սպառնալիքների գնահատում և նախագծային հիմքային սպառնալիքների կառավարում» խորագրով աշխատաժողովը։ Միջոցառումը կազմակերպել են ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն և ԱՄՆ էներգետիկայի նախարարության Միջուկային անվտանգության ազգային վարչության կազմում գործող Sandia ազգային լաբորատորիաները։  Այս մասին տեղեկանում է միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկակն կենտրոնի պաշտոնական կայքէջից։

    Աշխատաժողովին մասնակցել են ԱՄՆ-ից ժամանած փորձագետներ, ինչպես նաև Հայաստանի միջուկային կարգավորման մարմնի, Հայկական ատոմային էլեկտրակայանի, ՀՀ արտաքին գործերի նախարարության, Արտաքին հետախուզության ծառայության, Ազգային անվտանգության ծառայության, Ներքին գործերի նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներ։

    Միջոցառման հիմնական նպատակն էր ամրապնդել միջուկային անվտանգության սպառնալիքները գնահատելու և նախագծային հիմքային սպառնալիքների գնահատման վրա հիմնված ֆիզիկական պաշտպանության համակարգեր մշակելու Հայաստանի կարողությունները՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգությունն ու պաշտպանվածությունն ապահովելու համար։

    Մասնակիցները քննարկել են ատոմակայանները ռադիոլոգիական դիվերսիայից պաշտպանելու արդի մարտահրավերները, անդրադարձել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության համապատասխան ուղեցույցներին և քննարկել ֆիզիկական պաշտպանության համակարգերի արդյունավետությունը գնահատելու մեթոդները։

    Քննարկվող հիմնական թեմաներն էին․

    Սպառնալիքների գնահատում. Հավանական արտաքին կամ ներքին/յուրային թշնամիների դրդապատճառների, մտադրությունների և կարողությունների գնահատում։

    Նոր ռիսկեր. կիբեռսպառնալիքների, այլ չնախատեսված վտանգների և պոտենցիալ հակառակորդների կողմից անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) օգտագործման դեմ պայքար։

    Սցենարային վարժանքներ. հարձակման սցենարների մշակում՝ օգտագործելով «Lone Pine» ատոմակայանի մոդելը, սեղանի վրա վարժանքների (Tabletop Exercises) անցկացում և «ուժային հակազդման» (Force-on-Force) վարժանքների պլանավորում՝ ֆիզիկական պաշտպանության համակարգերի աշխատանքը գնահատելու համար։

    Միջոցառումն ընդգծել է պետական իրավասու մարմինների և միջուկային օբյեկտների շահագործող կազմակերպությունների սերտ համագործակցության կարևորությունը՝ միջուկային անվտանգությունն ամրապնդելու, միջուկային ահաբեկչության ռիսկերը նվազեցնելու և միջուկային էներգիայի անվտանգ ու խաղաղ օգտագործումն ապահովելու համար։

    Աշխատաժողովը նաև վերահաստատել է ՀՀ և ԱՄՆ միջև միջուկային անվտանգության ոլորտում շարունակվող համագործակցությունը՝ միջազգային չափանիշներին և ԱԷՄԳ-ի ուղեցույցներին համապատասխան։

  • ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են կնքել քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում

    ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան ձեռք են բերել քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում կարևոր համաձայնություն։ Այս մասին հայտնել է ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը, փոխանցում է Reuters-ը։

    Համաձայնագիրը թույլ է տալիս Սաուդյան Արաբիային ամերիկյան տեխնոլոգիաներով կառուցել միջուկային ռեակտորներ և հարստացնել ուրան։

    Քաղաքացիական միջուկային էներգետիկայի վերաբերյալ համաձայնագիրը մշակվել է տարիներ շարունակ՝ ինչպես Դոնալդ Թրամփի առաջին նախագահության, այնպես էլ Ջո Բայդենի վարչակազմի օրոք։

    Սակայն մինչ այժմ այն չէր ստորագրվել, մասնավորապես այն մտահոգությունների պատճառով, որ կարող է Սաուդյան Արաբիայի համար ճանապարհ բացել միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ։

    Ի տարբերություն Բայդենի առաջարկած տարբերակի՝ ներկայիս համաձայնագիրը չի ներառում այսպես կոչված Լրացուցիչ արձանագրությունը, որը ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը հնարավորություն է տալիս իրականացնել անակնկալ ստուգումներ։

    Համաձայնագիրը նաև թույլ կտա Սաուդյան Արաբիային հարստացնել ուրան և վերամշակել միջուկային թափոնները, ինչը տեսականորեն կարող է օգտագործվել նաև միջուկային զենքի ստեղծման նպատակով։

    ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ այժմ համաձայնագիրը ներկայացվելու է Կոնգրեսի քննարկմանը։ Եթե Կոնգրեսը 90 աշխատանքային օրվա ընթացքում բավարար ձայներ չհավաքի դրա դեմ, համաձայնագիրը կմտնի ուժի մեջ։ Սակայն նախագահի վետոն հաղթահարելու համար անհրաժեշտ կլինի Կոնգրեսի անդամների երկու երրորդի աջակցությունը։

  • ՀՀ նախագահի ինստիտուտը՝ թափանցիկության և արդյունավետության ճգնաժամում. «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետությունը խորհրդարանական կառավարման համակարգի անցնելուց հետո նախագահի ինստիտուտը վերածվեց հիմնականում ներկայացուցչական կառույցի։ Սակայն նույնիսկ այդ սահմանափակ լիազորությունների պայմաններում հանրությունն իրավունք ունի ակնկալելու հաշվետվողականություն, թափանցիկություն և տեսանելի գործունեություն։ Այսօր, սակայն, ՀՀ նախագահի աշխատակազմի գործունեության ուսումնասիրությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում։

    Առաջին խնդիրը թափանցիկության պակասն է։ «Ժողովուրդ» օրաթերթը բացահայտեց, որ ՀՀ նախագահի պաշտոնական կայքում հրապարակվող տեղեկատվությունը սահմանափակ է և հաճախ չի տալիս ամբողջական պատկերացում, թե ինչպես են ծախսվում պետական միջոցները։ Գնումների վերաբերյալ վերջին հասանելի տեղեկությունները վերաբերում են դեռևս տարվա սկզբին կատարված մի քանի գնումների․ տվյալների հավաքման և դասակարգման ծառայության համար ծախսվել է 720 հազար դրամ, ապահովագրական ծառայությունների համար՝ 221 հազար դրամ։ Դրանից հետո նոր տեղեկություններ գրեթե չեն հրապարակվել, ինչը դժվարացնում է հանրային վերահսկողությունը պետական միջոցների օգտագործման նկատմամբ։

    Թափանցիկության խնդիրը հատկապես ակնհայտ է այն պայմաններում, երբ նախագահի աշխատակազմը ֆինանսավորվում է պետական բյուջեից։ Հանրությունը պետք է կարողանա պարզել, թե ինչ ծրագրեր են իրականացվում, ինչ ծառայություններ են ձեռք բերվում և ինչ արդյունքներ են ապահովվում այդ ծախսերի դիմաց։ Սակայն առկա տեղեկատվությունը թույլ չի տալիս նման գնահատական տալ։

    Երկրորդ խնդիրը գործունեության բովանդակային աղքատությունն է։ Նախագահի պաշտոնական կայքում հրապարակվող նորությունների զգալի մասը բաղկացած է շնորհավորական և ցավակցական ուղերձներից։ Օրինակ՝ կայքում հունիսի 17-ի հրապարակումներից մեկը վերաբերում է Իսլանդիայի ազգային տոնի առթիվ հղված շնորհավորական ուղերձին, իսկ վերջին շրջանի հրապարակումներում գերակշռում են տարբեր երկրների ղեկավարներին ուղղված շնորհավորանքները։

    Իհարկե, պետության ղեկավարի ներկայացուցչական գործառույթների մաս է կազմում միջազգային տոների առիթով շնորհավորանքներ հղելը։ Սակայն հարց է առաջանում՝ արդյո՞ք սա՞ է նախագահի ինստիտուտի հիմնական և ամենատեսանելի գործունեությունը։ Երբ պետական կառույցի տեղեկատվական հոսքը մեծամասամբ կազմված է արձանագրային հաղորդագրություններից, դժվար է հասկանալ, թե ինչ հավելյալ արժեք է ստեղծվում հանրության համար։

    Խնդիրը միայն նախագահի անձը կամ գործող աշխատակազմը չէ։ Խնդիրը ինստիտուցիոնալ է։ Եթե նախագահի ինստիտուտն ունի տարեկան բյուջե, աշխատակազմ և վարչական ռեսուրսներ, ապա հասարակությունը պետք է տեսնի ոչ միայն շնորհավորական ուղերձներ, այլ նաև նախաձեռնություններ, վերլուծություններ, հանրային քաղաքականության վերաբերյալ դիրքորոշումներ, հասարակական խնդիրների շուրջ քննարկումներ և հաշվետվողական գործունեություն։

    Այս իրավիճակում բնական հարց է ծագում․ եթե նախագահի ինստիտուտը փաստացի սահմանափակվում է արարողակարգային և խորհրդանշական գործառույթներով, ապա արդյո՞ք ներկայիս ծավալով պահպանվող կառույցը համապատասխանում է արդյունավետ պետական կառավարման սկզբունքներին։ Իսկ եթե ինստիտուտը կարևոր դեր ունի, ապա ինչո՞ւ այդ դերը չի արտահայտվում հանրությանը հասանելի, չափելի և թափանցիկ գործունեությամբ։

    Ժողովրդավարական պետությունում ցանկացած պետական մարմին պետք է ոչ միայն գոյություն ունենա, այլ նաև հիմնավորի իր անհրաժեշտությունը՝ արդյունքներով, հաշվետվողականությամբ և բաց աշխատանքով։ ՀՀ նախագահի ինստիտուտի դեպքում այս երեք բաղադրիչների շուրջ հարցերը շարունակում են մնալ անպատասխան»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

  • Ռուսական հարվածը ոչնչացրել է Ուկրաինայի ՄԻԱՎ-ի կանխարգելման պարագաների պաշարը

    Ռուսաստանի հրթիռային հարվածի հետևանքով Ուկրաինայում ոչնչացվել են մոտ 2.6 միլիոն դոլարի արժողությամբ ՄԻԱՎ-ի կանխարգելման պարագաներ։

    Հանրային առողջության դաշինքի տվյալներով՝ հարվածը վնասել է Կիևի մոտ գտնվող պահեստը, որտեղ պահվում էին 62 միլիոն կանխարգելիչ միջոցներ՝ ներառյալ ներարկիչներ, ասեղներ, սպիրտային անձեռոցիկներ և պահպանակներ, որոնք նախատեսված էին ավելի քան 300 հազար մարդու համար։

    Կազմակերպությունը նշել է, որ հարձակումը անմիջապես չի դադարեցնի ծառայությունները, քանի որ անհրաժեշտ պաշարների մի մասը նախապես տեղափոխվել էր տարածաշրջանային կենտրոններ, սակայն անհրաժեշտ է շտապ վերականգնել հաջորդ տարվա պաշարները։

    Ուկրաինայում ՄԻԱՎ-ով ապրում է շուրջ 240 հազար մարդ։ Պատերազմը լուրջ վնաս է հասցրել երկրի առողջապահական համակարգին՝ դժվարացնելով բուժման և կանխարգելման ծրագրերի իրականացումը։

  • ՍԴ-ի «ապտակը» Անահիտ Մանասյանին կամ ՄԻՊ-ի երկակի ստանդարտը. քաղաքացու վեճին միջամտել կարելի է, իսկ Ռուբեն Վարդանյանի իրավունքներով զբաղվել՝ ոչ. «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը դեռևս ամիսներ առաջ գրել էր, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի վերաբերյալ վարույթ է հարուցվել։

    Օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պաշտոնապես հաստատել էր տեղեկությունը.

    «Հանձնաժողովը, քաղաքացու դիմումի հիման վրա, 2025 թվականի սեպտեմբերի 30-ի որոշմամբ, Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ վարքագծի կանոնների առերևույթ խախտման հիմքով հարուցել է վարույթ, որը գտնվում է ընթացքի փուլում»։

    Հանձնաժողովը նաև նշել էր, որ վարույթը վերաբերում է մասնավոր անձանց անձնական և ընտանեկան կյանքին առնչվող զգայուն տվյալների, ուստի այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն։ «Ժողովուրդ» օրաթերթը տիրապետում է վարույթի նյութերին, սակայն, հաշվի առնելով, որ թեման անձնական բնույթի է, զերծ ենք մնում հրապարակելուց։

    «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սեպտեմբերի 30-ի վարույթի քննությունը, որպես այդպիսին, չի էլ կայացել։ Պատճառը ոչ թե այն էր, որ բողոքն անհիմն էր, կամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գտել էր, թե ՄԻՊ-ը որևէ խախտում թույլ չի տվել, այլ շատ ավելի պարզ ու, թերևս, անհեթեթ պատճառով՝ հանձնաժողովում պարզապես քվորում չի եղել, ու թեման փակել են։

    Նկատենք, որ ԿԿ հանձնաժողովի կայքում չկա տեղադրված ո՛չ սեպտեմբերի 30-ի վարույթ հարուցելու որոշումը, ո՛չ էլ դրա ճակատագիրը։ Ինչ կաշկանդվածություն ունեն, ՄԻՊ-ից չեն պարզաբանում «Ժողովուրդ» օրաթերթին ԿԿՀ-ից։

    Բայց հենց այստեղ է սկսվում պատմության ամենահետաքրքիր մասը։

    Ի՞նչն էր դարձել վարույթի հիմքը

    «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է, որ քաղաքացու դիմումը վերաբերում էր այն հանգամանքին, որ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ըստ դիմողի, դուրս էր եկել իր սահմանադրական լիազորությունների շրջանակից և միջամտել մասնավոր ընտանեկան հարաբերություններին՝ կատարելով հարցումներ և ներգրավվելով արտերկրում գտնվող կառույցներին։

    Այսինքն՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է պարզեր՝ արդյո՞ք ՄԻՊ-ը պահպանել է վարքագծի կանոնները և իր լիազորությունների սահմանները։

    Սակայն, մինչ հանձնաժողովը որևէ որոշում կկայացներ, Մարդու իրավունքների պաշտպանը որոշել է հարձակվել. նա 2026 թվականի փետրվարի 16-ին դիմել է ՀՀ բարձրագույն՝ Սահմանադրական դատարան։ ՀՀ լավագույն իրավաբան Անահիտ Մանասյանը ՍԴ-ում ոչ թե վիճարկել է կոնկրետ վարույթի օրինականությունը, այլ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի իրավասությունը՝ ընդհանրապես իր նկատմամբ նման վարույթ իրականացնելու մասով։

    Ըստ ՄԻՊ-ի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի կարող պահանջել բացատրություններ իր գործունեության վերաբերյալ, ուսումնասիրել իր գրագրությունը կամ գնահատել իր որոշումները, քանի որ դա միջամտում է Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական անկախությանը։ Այսինքն՝ ՄԻՊ-ն անկախ է և ինքն է որոշում, ում իրավունքները ինչպես պաշտպանել։

    Սակայն Սահմանադրական դատարանը նույնիսկ չի անցել գործի բովանդակային քննությանը։ Դատարանն արձանագրել է, որ ՄԻՊ-ը սխալ իրավական հիմքով է դիմել Սահմանադրական դատարան։

    Որոշման մեջ բառացի նշված է.

    «Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմումի համալիր ուսումնասիրման արդյունքում նկատելի է դառնում, որ դրա շրջանակներում բարձրացված հարցերը վերաբերում են գլխավորապես Մարդու իրավունքների պաշտպանի անկախությանը»։

    Այնուհետև դատարանը փաստացի մերժել է ՄԻՊ-ի ամբողջ իրավական կառուցվածքը.

    «Դիմողը բարձրացնում է… սահմանադրականության հարց՝ Սահմանադրության 191-րդ հոդվածով ամրագրված՝ Մարդու իրավունքների պաշտպանի անկախության սահմանադրաիրավական հրամայականի երաշխավորման համատեքստում՝ փորձելով այն կապել Սահմանադրության 52-րդ հոդվածով ամրագրված՝ Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու իրավունքի իրացման հետ։ Մինչդեռ դիմումում ներկայացված պատճառաբանությունների շղթան առավելապես վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանի անկախությունը ենթադրյալ սահմանափակող կարգավորումների հիմնավորմանը»։

    Իսկ վերջնական եզրակացությունն առավել քան հստակ է.

    «Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմումը չի բավարարում Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով… ամրագրված պահանջները… Նման պայմաններում Սահմանադրական դատարանը գտնում է, որ Մարդու իրավունքների պաշտպանն իրավասու չէ սույն դիմումում բարձրացված հարցերով դիմելու Սահմանադրական դատարան»։

    Այսինքն՝ Սահմանադրական դատարանը ոչ միայն չի քննարկել ՄԻՊ-ի բերած հիմնավորումները, այլև փաստացի արձանագրել է, որ Անահիտ Մանասյանը փորձել է իր անկախության հարցը ներկայացնել որպես Սահմանադրության 52-րդ հոդվածով երաշխավորված՝ անձի՝ Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու իրավունքի խնդիր, սակայն դատարանը նման կապ չի տեսել։

    Սա, ըստ էության, կոշտ դատավարական մերժում էր կամ ապտակ Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Մանասյանին։

    Բայց այս պատմության մեջ ամենամեծ հակասությունն այլ տեղ է։

    Մինչ ՄԻՊ-ը Սահմանադրական դատարանում պնդում էր, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի կարող միջամտել իր գործունեությանը, նույն այդ Մարդու իրավունքների պաշտպանը բոլորովին այլ դիրքորոշում էր որդեգրել, երբ խոսքը վերաբերում էր Բաքվում ապօրինի պահվող հայ ռազմագերի Ռուբեն Վարդանյանին։

    Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը հրապարակայնորեն դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով զբաղվել նրա իրավունքների պաշտպանությամբ։

    Ի պատասխան՝ ՄԻՊ-ի գրասենյակը հայտարարեց. «Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները տարածվում են բացառապես ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մարդու իրավունքների ենթադրյալ խախտումները արձանագրելու գործընթացների վրա՝ անկախ իրավունքը կրողի ունեցած քաղաքացիությունից»։

    Այսինքն՝ ՄԻՊ-ն ինքն է հայտարարել, որ եթե ենթադրյալ իրավախախտողը Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը չէ, ապա ինքը նման գործերով զբաղվելու իրավասություն չունի։

    Եվ այստեղ է առաջանում ամենակարևոր հարցը։

    Եթե Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարում է, որ չի կարող զբաղվել Ադրբեջանում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի իրավունքների հարցով, որովհետև դա դուրս է իր լիազորություններից, ապա ինչպե՞ս է ստացվում, որ մեկ այլ դեպքում ներգրավվել է մասնավոր ընտանեկան հարաբերություններում, կատարել հարցումներ և միջամտել արտերկրում ընթացող ընտանեկան վեճին։

    Եթե առաջին դեպքում պատճառաբանությունը լիազորությունների բացակայությունն է, ապա երկրորդ դեպքում ի՞նչ իրավական հիմքով են իրականացվել այդ գործողությունները։

    Եթե, հակառակը, ՄԻՊ-ն ունի նման լայն լիազորություններ, ապա ինչո՞ւ դրանք չեն կիրառվում, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերուն։

    Այս հարցերը մինչ օրս պատասխան չունեն։

    Հուսանք՝ ՄԻՊ-ը հրապարակավ կպարզաբանի այս երկակի չափանիշներին առնչվող հարցը։»։

  • Yerevannews.am | Աստղագուշակ հուլիսի 23-ի համար

    Խոյ: Աշխատեք առավելագույնս արդյունավետ օգտագործել օրվա առաջին կեսը, քանզի հենց այս ժամանակահատվածն է բարենպաստ գործնական հաջողություններ ունենալու, նաև անձնական կյանքում դրական փոփոխություններ կատարելու համար: Այսօր ստիպված կլինեք լեզու գտնել, ձեզ համար, ոչ համակրելի մարդկանց հետ, նաև առնչվել նրանց հետ, ովքեր նախկինում նեղացրել են ձեզ: Այդ ամենին փորձեք հանգիստ վերաբերվել, և չխառնել հույզերն ու գործնական շահերը:

     

    Օրվա երկրորդ կեսին, ինքնազգացողության վատացում կզգացվի հատկապես նրանց մոտ, ովքեր զբաղվում են ծանր ֆիզիկական աշխատանքով: Երեկոն անցկացրեք հանգիստ, ընտանեկան միջավայրում: Խուսափեք ամեն տեսակ հավաքույթներից, բարձրաշխարհիկ միջոցառումներից:

     

    Ցուլ: Անախարժություններով լի օր է: Անգամ ամենամանր խնդիրները ձեզ հունից հանում են, իսկ ծրագրերի ձախողման դեպքում , լիովին կորցնում եք հոգեկան հավասարակշռությունը: Մտերիմներին ձեր պահվածքն անհասկանալի կթվա, իսկ տրամադրություն բարձրացնելու նրանց բոլոր ջանքերն, ապարդյուն կանցնեն: Հնարավոր են ֆինանսական որոշ խնդիրներ, անհաջող գնումներ:

     

    Օրվա երկրորդ կեսը կնվիրեք ընտանիքին, հարազատների բարեկեցությունը ձեզ համար առաջնային կլինի: Փորձեք ժամանակ գտնել նաև հանգստի համար: Աշխատեք բարձր պահել տրամադրությունը, լավացնել ինքնազգացողությունը և ցրել մռայլ մտքերը:

     

    Երկվորյակ: Հրաշալի օր է կոմերցիոն գործունեություն ծավալելու, գործարքներ կնքելու համար: Աստղերն առավել բարյացակամ են նրանց հանդեպ, ովքեր աշխատում են առևտրի ոլորտում: Նոր բիզնես ծրագրեր կկազմեք, ձեռք կբերեք համախոհներ, ովքեն կօգնեն իրագործել դրանք: Կարող եք տուրք տալ երևակայությանը, անգամ ամենահամարձակ և անսովոր մտահաղացումները կարող են իրականանալ:

     

    Կանանց հետ շփումներում առավել զգույշ եղեք: Ընկերուհիները, զարմուհիները կարող են լուրջ խնդիրներ ստեղծել ձեզ համար: Մինչդեռ տղամարդիկ անտարբեր չեն անցի, սիրով կաջակցեն ձեզ:

     

    Խեցգետին: Շրջապատի մարդկանց լավ եք ճանաչում, կարդում եք նրանց մտքերը, հասկանում անգամ ամենատարօրինակ վարքագծի դրդապատճառները: Այսօր կարող եք մի շարք խնդիրներ կարգավորել, հարաբերություններ վերականգնել: Ցանկության դեպքում՝ կկարողանաք ազդել մարդկանց վրա, կառավարել նրանց,անգամ շահագործել, սակայն դա չեք անի, կնախընտրեք ազնիվ գործել:

     

    Հնարավոր է որոշակի գումարային շահույթ, սպասեք թանկարժեք նվերների: Հրաշալի օր է գործուղումների, նաև արտերկրից ժամանած մարդկանց հետ շփվելու համար:

     

    Առյուծ: Մտերիմներն այսօր կնկատեն ձեր բոլոր վրիպումները և կանտեսեն հաջողությունները: Անվերջ քննադատության կարժանանաք, ինչը շատ կնյարդայնացնի: Հին ընկերները, համախոհները ոգևորությամբ չեն ընդունի և հավանության չեն արժանացնի ձեր մտահաղացումները: Հուսահատվել չարժե, շատ շուտով իրավիճակը կփոխվի դեպի լավը:

     

    Կենտրոնացեք առավել կարևոր գործերի վրա, փորձեք դրանք ավարտին հասցնել: Սակայն մի գերագնահատեք ձեր ուժերը, քանզի դա կարող է գերհոգնածության հանգեցնել:

     

    Կույս: Ձեր լավագույն կողմերը դրսևորելու հնարավորություն կունենաք, շրջապատի մարդկանց համակրանքին կարժանանաք: Կգրավեք ձեզ հետաքրքրող մարդկանց ուշադրությունը: Ազդեցիկ անձանց հետ շփումները օգտակար են թե անձնական և թե գործնական տեսանկյունից: Բոլոր կարևոր գործերը խորհուրդ է տրվում անցկացնել ոչ պաշտոնական միջավայրում:

     

    Այսօր կարող եք ռոմանտիկ ճանապարհորդությունների մեկնել: Ընտանիքի անդամների հետ շփումը կուրախացնի: Սիրելի մարդու ընկերակցությամբ լավ ժամանակ կանցկացնեք: Միայնակ Կույսերը հետաքրքիր ծանոթություններ հաստատելու հնարավորություն կունենան:

     

    Կշեռք: Առավել զգոն և շրջահայաց եղեք:Վստահեք միայն նրանց, ովքեր բազմիցս ապացուցել են ձեզ իրենց նվիրվածությունը: Խարդախությունների զոհ դառնալու վտանգը մեծ է: Օրվա ընթացքում ֆինանսական կորուստներ կկրեք: Աշխատանք փոխելը, նոր պարտականություններ ստանձնելն այսօր ցանկալի չեն: Սակայն եթե ստիպված եք դա անել, ապա նման հարցերին ամենայն լրջությամբ մոտեցեք: Հարկ եղած դեպքում, դիմեք աջակիցներին, ընկերներից խորհուրդ հարցրեք: Կայացրած որոշումների համար հնարավոր է զղջաք:

     

    Մտերիմների հետ հնարավոր են տարաձայնություններ, սակայն եթե որոշ ջանքեր գործադրեք, ապա լուրջ վեճերից կհաջողվի խուսափել: Համբերատար եղեք և հանգստություն պահպանեք ցանկացած իրավիճակում:

     

    Կարիճ: Բարեհաջող օր է սպասվում: Հեշտությամբ կհաղթահարեք բոլոր դժվարությունները, կկարգավորեք մի շարք կարևոր հարցեր: Գործընկերները սիրով կաջակցեն ձեզ: Ձեռք կբերեք նոր համախոհներ, որոնց հետ հետագայում արդյունավետ կհամագործակցեք: Հրաշալի օր է աշխատանքային սիրավեպ սկսելու համար:

     

    Հարազատների հետ շփումը ուրախություն կպարգևի: Կարող եք ընտանիքի անդամների հետ միասին ուղևորության մեկնել, զվարճանալ ընկերական միջավայրում: Հնարավոր են սիրո խոստովանություններ, հարաբերություններ կսկսեք, որոնք լուրջ զրգացում կստանան:

     

    Աղեղնավոր: Այսօր խորամանկության դիմել չարժե, քանի որ բացահայտվելու և անհարմար իրավիճակում հայտնվելու հավանականությունը մեծ է: Աշխատավայրում զերծ մնացեք ավելորդ ձևականությունից: Անբարենպաստ օր է՝ ղեկավարների հետ մտերմանալու, նրանց հետ սիրային հարաբերություններ սկսելու համար:

     

    Հարազատների հետ հնարավոր են որոշ տարաձայնություններ: Ամեն բան կանեք լուրջ կոնֆլիկտներից, վեճերից խուսափելու համար: Ֆինանսական հարցերով զբաղվել չարժե, հապճեպ կայացրած որոշումները կարող են լուրջ վնաս հասցնել:

     

    Այծեղջյուր: Բարեհաջող օր է աշխատելու, որոշ կարևոր հարցեր կարգավորելու համար: Որքան էլ շատ լինեն դժվարությունները, միևնույն է կհաղթահարեք դրանք, ցանկացած իրավիճակում արագ կկողմնորոշվեք, ճիշտ լուծումներ կգտնեք: Ձեր ճարպկության շնորհիվ կգերազանցեք մրցակիցներին:

     

    Հրաշալի օր է հարազատ մարդկանց ընկերակցությամբ հանգստանալու, լավ ժամանակ անցկացնելու համար: Ձեռք կբերեք նոր նախասիրություններ: Այնպիսի գործեր կձեռնարկեք, որոնք կհետաքրքրեն բոլորին: Հնարավոր է սիրային հարաբերություն սկսեք:

     

    Ջրհոս: Անկախ նրանից, թե ինչ ծրագրեր ունեք, շտապեք իրականացնել դրանք: Այսօր դուք պարզապես պարտավոր եք գործի անցնել: Հակառակ դեպքում, եթե ձեռքերը ծալալծ նստեք և սպասեք հրաշքների, ապա ոչ միայն կկորցնեք հաջողության հասնելու ձեր հնարավորությունները,այլև կզրկվեք այն ամենից, ինչը թանկ է ձեզ համար:

     

    Խուսափեք ընտանեկան վեճերից , դրանք կսրեն առանց այն էլ լարված իրավիճակը: Օրվա երկրորդ կեսը ցանկալի է անցկացնել միայնության մեջ: Ադպիսով կհաջողվի հանգիստ խորհել ծագած հարցերի շուրջ, կողմնորոշվել ապագա ծրագրերի և դրանց իրականացման եղանակների հարցում:

     

    Ձկներ: Այսօր կոմերցիոն գործունեությունը հաջողություն կբերի: Նոր գործընկերների հետ կնքած գործարքները շահութաբեր կլինեն և անգամ կգերազանցեն ձեր սպասելիքները: Նպատակահարմար օր է ստեղծագործական մոտեցում և օրիգինալ լուծումներ պահանջող, անսովոր նախագծերի շուրջ աշխատելու համար: Արվեստի հանդեպ հետաքրքրասիրությունը կմեծանա:

     

    Մտերիմները կհպարտանան ձեր հաջողություններով: Հակառակ սեռի ներկայացուցիչներն այսօր առանձնակի ուշադրություն կցուցաբերեն և հաճոյախոսություններ կշռայլեն: Զգացմունքային դաշտը կայուն է: Օրը լի է վառ տպավորություններով, հաճելի հիշողություններով:

  • Չինաստանն ու ԱՄՆ-ն աշխատում են 30 միլիարդ դոլարի ապրանքների մաքսատուրքերի չեղարկման ուղղությամբ

    Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցային խմբերը մշակում են շուրջ 30 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ ապրանքների փոխադարձ մաքսատուրքերի չեղարկման հարցերը։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ առևտրի նախարարության օտարերկրյա ներդրումների կառավարման դեպարտամենտի ղեկավար Մեն Հուատինը։

    «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Չինաստան կատարած [վերջին] այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները սահմանել են ՉԺՀ-ի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական կայունության կառուցողական հարաբերությունների նոր հայեցակարգ», — մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է նա։ «Երկու երկրների առևտրատնտեսական պատվիրակությունները սերտորեն համագործակցում են կոնկրետ հարցերի շուրջ և քննարկում 30 միլիարդ դոլարի ապրանքների փոխադարձ մաքսատուրքերի իջեցման շրջանակային պայմանները»։

    Ինչպես պարզաբանել է պաշտոնյան, Չինաստանի իշխանությունները կապ են պահպանում շահագրգիռ կողմերի՝ ազգային ձեռնարկությունների, տարածաշրջանային իշխանությունների և ոլորտային ասոցիացիաների հետ՝ մաքսատուրքերի նվազեցմանն ուղղված առաջարկները քննարկելու համար։

    Պեկինն ու Վաշինգտոնը խորհրդակցություններ են անցկացնում փոխադարձ առևտրային խոչընդոտների չեղարկման շուրջ, որոնք առաջացել են Սպիտակ տան հովանավորչական քաղաքականության հետևանքով։ ՉԺՀ մաքսային գլխավոր վարչության տվյալներով՝ հունվար-հունիս ամիսներին չին-ամերիկյան ապրանքաշրջանառությունը գերազանցել է 289 միլիարդ դոլարը՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե մնալով անփոփոխ։

  • ԱՄՆ հետախուզությունը կասկածում է, որ ՌԴ-ն օգնել է Իրանին Մերձավոր Արևելքում ԿՀՎ օբյեկտներին հասցված հարվածների ժամանակ․ Reuters

    Ամերիկյան հետախուզությունը ստուգում է Ռուսաստանի հնարավոր առնչությունը Մերձավոր Արևելքում ԿՀՎ-ի օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներին: Այս մասին հայտնել են Reuters-ի՝ հետաքննությանը ծանոթ չորս աղբյուրները: Նրանց փոխանցմամբ՝ ուսումնասիրվում է, թե արդյոք Մոսկվան կարող էր թիրախավորման համար անհրաժեշտ հետախուզական տվյալներ կամ ԱԹՍ-ների ճշգրտությունը բարձրացնող տեխնոլոգիաներ տրամադրել Թեհրանին:

    Մարտին հարձակման էին ենթարկվել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ դեսպանատանը կից ԿՀՎ-ի ռեզիդենտուրան և ևս մեկ օբյեկտ Իրաքի արևելքում: Ընդհանուր առմամբ, պարբերականի զրուցակիցների տվյալներով, հարվածի տակ են հայտնվել ԿՀՎ-ի «մեկից ավելի, բայց տասից պակաս» օբյեկտներ. դրանց հստակ թիվն ու տեղակայումը չեն բացահայտվում: Արևմտյան երկրներից մեկի հետախուզական գործակալության ներքին վերլուծական զեկույցին ծանոթ պաշտոնյան հայտնել է, որ Ռուսաստանը, հավանաբար, դերակատարում է ունեցել թիրախների ընտրության հարցում:

    Սաուդյան Արաբիայում դիվանագիտական առաքելության դեմ հարձակումը զոհերի չի հանգեցրել, սակայն հետախուզությունում կարծում են, որ հարվածի ընթացքում օգտագործվել են Ռուսաստանի կողմից արդիականացված Shahed անօդաչու սարքեր․ մեկ ԱԹՍ ծակել է դեսպանատան արտաքին պատը, իսկ երկրորդը ներս է թռել առաջացած անցքով ու պայթել: Աղբյուրների փոխանցմամբ՝ Ռուսաստանն Իրանին է փոխանցել «Կոմետա-Մ» արբանյակային նավիգացիոն համակարգը, որը նշանակալիորեն բարձրացնում է Shahed-136-ի ճշգրտությունը և ավելի լավ է պաշտպանված ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) միջոցներից: Ավելի վաղ այս մասին գրել էր The Wall Street Journal-ը, սակայն Կրեմլն այս տեղեկատվությունն անվանել էր «կեղծիք»:

    Հետախուզության վերլուծաբանները նաև ուսումնասիրում են՝ արդյոք Իրանն օգտագործել է ռուսական տվյալները Էր Ռիյադում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման ժամանակ նշանառություն իրականացնելու համար: Չի բացառվում նաև, որ թիրախը կարող էր լինել բուն դիվանագիտական առաքելությունը, իսկ դրանում տեղակայված ԿՀՎ-ի բաժանմունքը վնասվել է պատահաբար: Այնուամենայնիվ, վերլուծաբանների մի մասը հանգել է այն եզրակացության, որ Ռուսաստանից բացի՝ աշխարհում քիչ պետություններ ունեն համապատասխան կարողություններ և շահագրգռվածություն՝ նման զգայուն հետախուզական տեղեկատվությունն ԱՄՆ օբյեկտներին հարվածելու նպատակով օգտագործելու համար:

    Մտավախություններն առ այն, որ Ռուսաստանը կարող է Իրանին աջակցել թիրախների նշանառության հարցում, ավելի են սաստկացել այս հանգստյան օրերին Հորդանանի ռազմաբազային հասցված հարվածից հետո, որի հետևանքով խոցվել էին զորանոցները, և զոհվել էր երկու ամերիկացի զինծառայող: Աղբյուրների գնահատմամբ՝ ԿՀՎ-ի օբյեկտների թիրախավորումը փաստում է, որ Մոսկվան պատրաստ է դուրս գալ Թեհրանին ցուցաբերվող սովորական ռազմատեխնիկական աջակցության շրջանակներից և ուղղակիորեն խոչընդոտել տարածաշրջանում ամերիկյան գործողությունների իրականացմանը:

  • ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»

    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Մեր ունեցած տեղեկություններով, հետընտրական խմորումները չեն դադարում ՔՊ կուսակցության շարքերում: Ասում են՝ Փաշինյանը շատ դժգոհ է արված աշխատանքներից, արդյունքից, բոլորին «պատերով է տալիս», միևնույն ժամանակ, չնայած ցույց է տրվում, թե ներքին ընտրություններ են կազմակերպվում, իրականում իր ուզածով է կազմում թե՛ ԱԺ խմբակցությունը, թե՛ խորհրդարանի ղեկավարությունը, թե՛, բնականաբար, կառավարության կազմը:

    Այդ ամենի արդյունքում, մեր աղբյուրների փոխանցմամբ, ներսում ձևավորվել են խմբեր, որոնք իրար մեջ դժգոհում են, որ իրականում այս վիճակի մեղավորը հենց ինքն է, իր անձը, ավելին՝ ոմանք նույնիսկ վստահ են, որ եթե Փաշինյանը առաջին համար չլիներ, ամբողջ ընտրարշավն իր վրա չվերցներ, ավելի շատ քվե կստանային: Պատճառաբանությունն այն է, որ Փաշինյանի հակավարկանիշը, որը չափազանց բարձր է եղել, ամենից շատն է իրենց դեմ աշխատել:

    Ըստ մեր աղբյուրների, կան քպական շրջանակներ, որոնք կարծում են, թե ավելի լավ կլիներ, որ ցուցակը գլխավորեր կուսակցությունից այնպիսի մեկը, որն այդպիսի հակավարկանիշ չունի, ըստ այդմ՝ կարիք չէր լինի այդքան միջոցներ ներգրավել իշխանությունը պահելու համար, դեռ մի բան էլ հույսը դնել Վահագն Հովակիմյանի վրա: Ի դեպ, կան տեղեկություններ, որ այսպիսի խոսակցությունները հասել են նաև Նիկոլ Փաշինյանի ականջին: Եթե իսկապես այդպես է, ապա, ըստ ամենայնի, արձակուրդից վերադառնալուց հետո Փաշինյանն արդեն ներկուսակցական ռեպրեսիաներ կարող է սկսել:

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում