Category: YN.am

  • Ուկրաինայի նախկին ԶՈՒ հրամանատարը նորանշանակ Դրապատիի նշանակումը «նոր հույս» է անվանել

    Ուկրաինայի նախկին պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովը շնորհավորել է Միխայիլ Դրապատիին՝ ԶՈւ գերագույն հրամանատար նշանակվելու կապակցությամբ՝ այն անվանելով «թարմ օդի շունչ և նոր հույս»։

    Ֆեդորովը նշել է, որ Դրապատիից սպասվում է հստակ ռազմավարություն՝ պատերազմը ավարտելու, զինվորների կյանքը պահպանելու և հակառակորդին հակազդելու ուղղությամբ։ Նա նաև շնորհակալություն է հայտնել նախկին գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկիին՝ Կիևի մարզի պաշտպանության և Խարկովի գործողության համար։

    Հուլիսի 21-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր Միխայիլ Դրապատիին Ուկրաինայի ԶՈւ նոր գերագույն հրամանատար նշանակելու մասին։

  • Կոնգոյում և Ուգանդայում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

    Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում (ԿԴՀ) և Ուգանդայում Էբոլա տենդից մահացածների թիվը հասել է 1001-ի։ Այս մասին նշվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կայքում:

    ԿԴՀ-ում մահացել է 999 մարդ, իսկ Ուգանդայում՝ ևս 2-ը։ ԿԴՀ-ում վիրուսի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 2473-ի, մինչդեռ Ուգանդայում՝ 20-ի։ ԿԴՀ-ում ևս 322 դեպք կասկածվում է Էբոլայի հետ կապված։ Երկու երկրներում էլ 501 մարդ ապաքինվել է։ Մահացության մակարդակը կազմում է 40%։

    ԿԴՀ կառավարությունը պաշտոնապես հայտարարել է Էբոլայի բռնկման մասին մայիսի 15-ին։ Նույն օրը Ուգանդայի առողջապահության նախարարությունը հաստատել է առաջին ներմուծված դեպքը։ ​​Մայիսի 17-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը ԿԴՀ-ում և Ուգանդայում Էբոլայի բռնկումը հայտարարել է միջազգային նշանակության հանրային առողջապահության արտակարգ իրավիճակ։ Բռնկման էպիկենտրոնը Իտուրի նահանգն է, որը սահմանակից է Ուգանդային։

  • Վենսը մեղադրել է Իսրայելի որոշ պաշտոնյաների՝ Իրանի պատերազմի շուրջ ԱՄՆ կարծիքի վրա ազդելու մեջ

    ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Իսրայելի կառավարության որոշ անդամներ փորձում են ազդել ամերիկյան հասարակական կարծիքի վրա՝ Իրանի հետ պատերազմը շարունակելու նպատակով։

    Ջո Ռոգանի փոդքաստում Վենսը նշել է, որ վստահում է Իսրայելի որոշ պաշտոնյաների, սակայն կան նաև մարդիկ, որոնք, ըստ նրա, փորձում են խոչընդոտել ԱՄՆ-ի դիվանագիտական ջանքերին։

    Վենսը հայտարարել է, որ օտարերկրյա կառավարությունները հաճախ փորձում են ազդել ԱՄՆ քաղաքականության վրա, սակայն մտահոգիչ է, երբ այդ ազդեցությունն ազդում է ամերիկյան ղեկավարության որոշումների վրա։

    Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն շարունակում է փորձել կարգավորել Իրանի հետ հակամարտությունը՝ բանակցությունների և ռազմական ճնշման միջոցով։

  • ՏԿԵ նախարարությունում կադրային փոփոխությունները շարունակվում են. Նիկոլ Փաշինյանը դժգոհ է նաև Արմեն Սիմոնյանի աշխատանքից. «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում սպասվող կադրային փոփոխությունները չեն սահմանափակվելու միայն մեկ պաշտոնյայով։

    Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է նաև ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի աշխատանքից, և քննարկվում է վերջինիս պաշտոնից ազատելու հարցը։

    Արմեն Սիմոնյանը համակարգում է նախարարության առանցքային ուղղություններից մի քանիսը՝ տրանսպորտի, էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտները, սակայն, մեր տեղեկություններով, նրա աշխատանքը, կառավարության ղեկավարի գնահատմամբ, չի արդարացրել սպասումները։

    Միաժամանակ, «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ նախարար Դավիթ Խուդաթյանը, ինչպես նաև նախարարի մյուս տեղակալները, ամենայն հավանականությամբ, կվերանշանակվեն իրենց պաշտոններում և կշարունակեն պաշտոնավարել նոր ձևավորվող կառավարությունում։

    Այսպիսով, ՏԿԵ նախարարությունում սպասվող փոփոխությունները, ըստ ամենայնի, կրելու են ընտրովի բնույթ, և վարչապետը պատրաստվում է այս փուլում հրաժարվել այն պաշտոնյաներից, որոնց աշխատանքից դժգոհություններ ունի»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

  • ԱՄՆ Ֆիննախը Չինաստանին մեղադրել է ամերիկյան AI տեխնոլոգիաների չարտոնված օգտագործման մեջ և սպառնացել պատժամիջոցներով

    Թրամփի վարչակազմը կստուգի՝ արդյոք ամերիկյան համակարգերից տվյալների քաղվածումն օգտագործվե՞լ է արհեստական բանականության չինական մոդելների ուսուցման ժամանակ: Դրա մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը:

    Նա ընդգծել է, որ կառավարությունը մտադիր չէ հանդուրժել «մտավոր սեփականության գողությունը»:

    Բաց կշիռներով (open-weight) չինական մոդելները ժողովրդականություն են ձեռք բերում և սկսում են լուրջ մրցակցություն առաջացնել ամերիկյան մի շարք ընկերությունների առաջատար մշակումների, մասնավորապես՝ OpenAI-ի և Anthropic-ի համար: Դա անհանգստացնում է տեխնոլոգիական հսկաների ղեկավարներին և պետական պաշտոնյաներին՝ AI մրցավազքում ԱՄՆ առաջատարության պահպանման հարցում: Այս ամիս չինական Moonshot AI ստարտափը թողարկել է Kimi K3 նոր մոդելը, որը մի շարք ոլորտային բենչմարկներով գերազանցել է ամերիկյան մրցակիցների արտադրանքները:

    «Եթե մենք տեսնենք, որ արտասահմանյան մոդելները գողանում են մեր առաջատար ընկերությունների մշակումները, մենք հնարավորություն ունենք այդ գողության համար դրանց դեմ պատժամիջոցներ սահմանել»,- Fox Business հեռուստաալիքի Mornings with Maria ծրագրի եթերում հայտարարել է Բեսենթը:

    Նա պարզաբանել է, որ նման գործելակերպի տեխնիկական եզրույթը դիստիլացիան է (distillation): Դա AI-ի ուսուցման մեթոդ է, որի դեպքում հավաք և նվազ հզոր մոդելը կառուցվում է արդեն գոյություն ունեցող, ավելի հզոր համակարգի գեներացրած պատասխանների հիման վրա: Անցյալ ամիս Anthropic ընկերությունը նամակ էր հղել ԱՄՆ Սենատի Բանկային հանձնաժողովին՝ հայտարարելով, որ չինական տեխնոլոգիական հսկա Alibaba-ն իր դեմ իրականացրել է «դիստիլացիայի մեթոդով խոշորագույն հայտնի հարձակումը»:

    Ըստ Reuters-ի՝ ԱՄՆ-ը և Չինաստանը ծրագրում են սեպտեմբերին բանակցություններ անցկացնել AI հարցերով: Միացյալ Նահանգներն այդ քննարկումներում ներկայացնելու է Սքոթ Բեսենթը:

    «Մենք չինական բազմաթիվ համակարգերում մեր ամերիկյան լեզվական խոշոր մոդելների թվային ջրանշաններ ենք գտնում, և դա անընդունելի է,- ընդգծել է Բեսենթը:- Առաջիկա օրերին և շաբաթներում մենք մանրամասն կուսումնասիրենք այդ հարցը»:

    Ընդ որում, և՛ Anthropic-ը, և՛ OpenAI-ը վերջին տարիներին բազմիցս բախվել են հեղինակային իրավունքների խախտման նմանատիպ մեղադրանքների:

    Սեպտեմբերին Anthropic-ը համաձայնել էր վճարել 1,5 միլիարդ դոլար՝ հեղինակների խմբի կոլեկտիվ հայցը կարգավորելու համար, որոնք ընկերությանը մեղադրում էին ծովահենային բազաներից գրքերի ապօրինի ներբեռնման մեջ: Բացի դրանից, 2023 թվականին The New York Times պարբերականը դատի էր տվել OpenAI-ին և Microsoft-ին՝ հայտարարելով հեղինակային իրավունքների խախտման մասին՝ նեյրոցանցերի ուսուցման համար իր նյութերն օգտագործելիս:

  • ԻՀՊԿ Ցամաքային Զորքերի հրամանատարն ստուգայց է կատարել Հորմուզի նեղուցի շրջանում տեղակայված ստորաբաժանումներ

    Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամմադ Քարամին այցելել է Հորմուզի նեղուցի շրջանում՝ Պարսից ծոցի ափամերձ գոտում տեղակայված ստորաբաժանումներ, հաղորդում է Mehr-ը:

    Պարսից ծոցի հարավային ափամերձ շրջաններով և ռազմավարական կղզիներով ստուգայցի շրջանակում գեներալ Քարամին ստուգել է «Մեդինա Մունավվարա» ռազմաբազայի ենթակայության տակ գտնվող մարտական ստորաբաժանումները:

    Այցի ընթացքում նա մանրամասն գնահատել է ստորաբաժանումների օպերատիվ կարգավիճակը և անձնակազմի մարտական պատրաստվածության մակարդակը:

    Գեներալն ընդգծել է, որ մշտական պատրաստվածությունը, մասնագիտացված ուսուցումն ու ԻՀՊԿ Ցամաքային զորքերի ստորաբաժանումների վստահ ներկայությունը Պարսից ծոցի ակվատորիայում կայուն անվտանգության ապահովման առանցքային հենասյուներն են:

    Գեներալ Քարամին ընդգծել է, որ ԻՀՊԿ Ցամաքային զորքերը, ուշադիր հետևելով արտատարածաշրջանային ուժերի տեղաշարժերին, անընդհատ վերախմբավորում և ուժեղացնում են իրենց պաշտպանական կարողությունները՝ ցանկացած սպառնալիք չեզոքացնելու համար:

  • AP․ Իրանի դեմ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորված ամերիկացի զինծառայողների թիվը գերազանցել է 500-ը

    ԱՄՆ-ի ռազմական գործողությունների ընթացքում Իրանի դեմ վիրավորված ամերիկացի զինծառայողների թիվը գերազանցել է 500-ը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրին։

    Այս թիվը գերազանցում է Պենտագոնի պաշտոնական տվյալները, որոնց համաձայն՝ վիրավորվել է 482 զինծառայող։

    Ավելի վաղ Պենտագոնի մամուլի քարտուղար Շոն Փարնելը հայտնել էր, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում Իրանի դեմ իրականացված ռազմական գործողությունների ընթացքում տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել գրեթե 100 ամերիկացի զինվորական։

    Ներկայում, ըստ հրապարակված տվյալների, ընդհանուր առմամբ զոհվել է 18 ամերիկացի զինծառայող։

  • Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանը հրաժեշտ է տալիս պատգամավորական մանդատին. Սկանդալներն ու ունեցվածքի շարժը՝ պաշտոնավարման ընթացքում. «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոր գումարման Ազգային ժողովում Գուրգեն Մելքոնյանը չի լինի։ Խորհրդարանական ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 64 մանդատ, իսկ նա ՔՊ նախընտրական ցուցակում զբաղեցնում էր 149-րդ հորիզոնականը, ինչն ինքնաբերաբար բացառում է նրա մուտքը նոր խորհրդարան։

    Աղմկահարույց հայտարարություններ և սկանդալներ

    Գուրգեն Մելքոնյանի պատգամավորական գործունեությունը լի էր բազմաթիվ աղմկահարույց միջադեպերով և էմոցիոնալ գնահատականներով, որոնք մշտապես հայտնվում էին մամուլի ուշադրության կենտրոնում։

    ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, «նախկիններից ավելի նախկին» Գագիկ (Գուրգեն) Մելքոնյանը NEWS.am-ի հետ զրույցում Տավուշում 4 գյուղերի տարածքները Ադրբեջանին հանձնելու մասին հայտարարել էր՝ Նիկոլ Փաշինյանը հանձնող չի, իր հանձնելով չի։ Եվ հավելել է․

    «Այդ գյուղերը ադրբեջանական գյուղեր են, ինչքա՞ն պետք է ասես, որ մարդու ուղեղը մտնի։ Դա ադրբեջանական տարածք է։ Ասում են՝ Փաշինյանը Տավուշի գյուղերը հանձնում է։ Բայց դրանք Տավուշի գյուղերը չեն»։

    Որդու պաշտոնանկությունը և Դավիթ Տոնոյանի տեսակցությունը

    Հիշեցնենք, որ պատգամավորի որդին ևս հայտնվեց սկանդալի կենտրոնում և հեռացվեց պաշտոնից։ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ Արման Մելքոնյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից։ «Ժողովուրդ» օրաթերթը դեռևս 2023 թվականի նոյեմբերի 11-ին գրել էր, որ ծառայողական լիազորությունները վերազանցելու համար Արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի պետ, արդարադատության գնդապետ Արման Մելքոնյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժը։

    Բանն այն է, որ օգոստոսի 1-ին, երբ ԱԱԾ մեկուսարանից պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին տեղափոխել էին Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին, ճանապարհին Դավիթ Տոնոյանը խնդրել էր ուղեկցողներին, որ թույլ տան կարճ տեսակցել մորը, հետո շարունակել ճանապարհը դեպի Ազգային ժողով։ Տոնոյանին ուղեկցող ծառայողները կապ էին հաստատել վերադասի հետ, որը թույլ էր տվել՝ Տոնոյանը գնա տուն ու տեսակցի մորը՝ պայմանով, որ ոչ ոք չիմանա։ Այս հանդգնության համար ՔԿՀ ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը ազատվեց պաշտոնից, իսկ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն էլ տեղեկացրեց, որ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումից հետո նախարարության վերահսկողական վարչությունը դեպքի վերաբերյալ 07.08.2023 թվականին ծառայողական քննություն է սկսել։

    Դրանից բացի, 2023 թվականի դեկտեմբերին լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, որ ուսումնական հաստատություններից մեկում պատգամավորի թոռը դանակահարել է իր համակուրսեցուն։ Այս միջադեպը լայն արձագանք գտավ, թոռը տարվել էր Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Սակայն հետո գործը կարճվեց։

    Գեներալ Մելքոնյանը հայտնի է նաև իր կտրուկ և էմոցիոնալ գնահատականներով։ Իր հարցազրույցներից մեկում նա այս տարվա սկզբին հայտարարել էր, որ պատգամավորական մանդատից զրկվելու դեպքում կգնա տուն՝ «պոմիդոր կաճեցնի»։

    Ունեցվածքի դինամիկան պատգամավոր դառնալուց հետո

    Պատգամավոր դառնալուց հետո Գուրգեն Մելքոնյանի անշարժ գույքի քանակը մնացել է անփոփոխ, սակայն կտրուկ աճել են նրա պաշտոնական եկամուտները՝ տարեկան մոտ 6 միլիոնից հասնելով 13.4 միլիոն դրամի։ Միևնույն ժամանակ, նրա մոտ եղած՝ տասնյակ միլիոնների հասնող կանխիկ դրամական միջոցները տարիների ընթացքում զգալիորեն նվազել են՝ վերածվելով բանկային ավանդների և այլ ծախսերի։

    Գուրգեն Մելքոնյանի հայտարարագրերը՝ տարիների կտրվածքով

    Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ

    Գուրգեն Մելքոնյանը 2021 թվականին պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագրել էր երկու անշարժ գույք՝

    • Երևանում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող բնակարան, որը ձեռք էր բերվել 1997 թվականին,
    • Արմավիրի մարզի Հայկաշեն համայնքում հողամաս։

    Նաև՝ 22 մլն դրամ կանխիկ միջոց։

    Այդ ժամանակ նա չէր հայտարարագրել մեքենա, արժեթղթեր, ներդրումներ կամ ընկերություններում մասնակցություն։

    2021 թվական

    2021 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն՝ Մելքոնյանն ունեցել է մեկ բնակարան Երևանում, իսկ տարվա ընթացքում կանխիկ գումարը 22 մլն դրամից աճել է մինչև 25 մլն դրամ։

    Նրա եկամուտը կազմել է 6 մլն 163 հազար 220 դրամ։

    Եկամուտները ձևավորվել են՝

    • ՀՀ պաշտպանության նախարարությունից ստացած կենսաթոշակից՝ 2 մլն 760 հազար դրամ,
    • Ազգային ժողովի աշխատակազմից ստացած աշխատանքի վարձատրությունից՝ 3 մլն 403 հազար 220 դրամ։

    2022 թվական

    2022 թվականին Մելքոնյանի հայտարարագրում արդեն առկա էին 5 անշարժ գույք։

    Նա նշել էր՝

    • Արմավիրի Հայկաշեն համայնքում երկու հողամաս՝ ձեռք բերված 2006 թվականին նվիրատվությամբ,
    • մեկ հողամաս՝ ձեռք բերված 2000 թվականին,
    • անհատական բնակելի տուն՝ տնտեսական շինություններով,
    • Երևանում բնակարան։

    2022 թվականին նոր գույք ձեռք չի բերել և գույք չի օտարել։

    Կանխիկ գումարը տարվա սկզբի 25 մլն դրամից նվազել էր մինչև 4 մլն դրամ։

    Տարեկան եկամուտը կազմել էր 8 մլն 510 հազար 374 դրամ՝ ամբողջությամբ Ազգային ժողովի աշխատակազմից ստացված աշխատավարձ։

    2023 թվական

    Գուրգեն Մելքոնյանի 2023 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն՝ պատգամավորի հիմնական ակտիվները մնացել են նույնը։ «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրության համաձայն՝ այդ տարի նրա հայտարարագրում էական փոփոխություններ չեն արձանագրվել։

    2023 թվականի սկզբում և տարեվերջին պատգամավորի հայտարարագրում առկա են եղել նույն 5 անշարժ գույքերը՝

    • Արմավիրի մարզի Հայկաշեն համայնքում գտնվող երկու հողամաս, որոնք ձեռք են բերվել 2006 թվականի մարտի 10-ին՝ նվիրատվության եղանակով,
    • Հայկաշենում գտնվող մեկ հողամաս, որը ձեռք է բերվել 2000 թվականի հունիսի 9-ին՝ գնման միջոցով,
    • անհատական բնակելի տուն՝ տնտեսական շինություններով, որը ձեռք է բերվել 2007 թվականի դեկտեմբերի 29-ին,
    • Երևանում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող բնակարան, որը ձեռք է բերվել 2004 թվականի դեկտեմբերի 17-ին։

    2023 թվականին Մելքոնյանը նոր անշարժ գույք չի ձեռք բերել և որևէ գույք չի օտարել։

    Բանկային հաշիվների մնացորդները տարվա ընթացքում փոփոխվել են։

    Տարվա սկզբում նա ունեցել է՝

    • 1 մլն 400 հազար դրամ,
    • 250 հազար դրամ,
    • 0 ԱՄՆ դոլար։

    Տարվա վերջում բանկային հաշիվներում առկա գումարները կազմել են՝

    • 2 մլն 361 հազար 198 դրամ,
    • 180 հազար 643 դրամ,
    • 2390 ԱՄՆ դոլար։

    Բացի այդ, կանխիկ միջոցները տարվա սկզբի 4 մլն դրամից տարեվերջին դարձել են 4 մլն 800 հազար դրամ։

    2023 թվականին Գուրգեն Մելքոնյանի ընդհանուր եկամուտը կազմել է 10 մլն 655 հազար 160 դրամ։

    2024 թվական

    Գուրգեն Մելքոնյանի 2024 թվականի հայտարարագրի համաձայն՝ նրա գույքային վիճակը ևս էական փոփոխություն չի կրել։

    «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությամբ՝ պատգամավորի հիմնական ակտիվները կրկին մնացել են նախկինում ձեռք բերված անշարժ գույքերը։

    2024 թվականի սկզբում նրա բանկային հաշիվներում եղել է՝

    • 2 մլն 361 հազար 198 դրամ,
    • 2390 ԱՄՆ դոլար,
    • 180 հազար 643 դրամ։

    Տարվա վերջին մնացորդները կազմել են՝

    • 601 հազար 492 դրամ,
    • 2390 ԱՄՆ դոլար,
    • 3 մլն դրամ։

    Կանխիկ գումարը տարվա սկզբի 4 մլն 800 հազար դրամից աճել է մինչև 4 մլն 950 հազար դրամ։

    2024 թվականին Մելքոնյանի հայտարարագրված եկամուտը կազմել է 10 մլն 929 հազար 544 դրամ։

    Գումարը ամբողջությամբ ստացվել է Ազգային ժողովի աշխատակազմից՝ աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված վճարումների տեսքով։

    2025 թվական

    Գուրգեն Մելքոնյանի վերջին հայտարարագրում՝ 2025 թվականի տվյալներով, կրկին էական փոփոխություններ չեն արձանագրվել։ Պատգամավորը պահպանել է նույն անշարժ գույքը, իսկ եկամուտները կազմել են ավելի քան 13 մլն դրամ։

    2025 թվականի սկզբում բանկային հաշիվներում ունեցել է՝

    • 601 հազար 492 դրամ, որը տարվա վերջում դարձել է 890 հազար դրամ,
    • 2390 ԱՄՆ դոլար, որը տարվա վերջում դարձել է 2500 ԱՄՆ դոլար,
    • 3 մլն դրամ, որը տարվա ընթացքում չի փոփոխվել։

    Տարվա ավարտին բանկային հաշիվների ընդհանուր մնացորդը կազմել է՝

    • 3 մլն 890 հազար դրամ,
    • 2500 ԱՄՆ դոլար։

    Կանխիկ միջոցները տարվա սկզբի 4 մլն 950 հազար դրամից նվազել են մինչև 4 մլն 100 հազար դրամ։

    2025 թվականին Գուրգեն Մելքոնյանի եկամուտը կազմել է 13 մլն 418 հազար 324 դրամ։

    Այսպիսով, Գուրգեն Մելքոնյանի՝ պատգամավոր եղած տարիների հայտարարագրերը ցույց են տալիս, որ 2021-2025 թվականներին նրա հիմնական գույքը մնացել է գրեթե անփոփոխ։ Փոփոխություններ հիմնականում արձանագրվել են եկամուտների և դրամական միջոցների չափերում։

    Եթե 2021 թվականին նա հայտարարագրել էր 22-25 մլն դրամ կանխիկ միջոցներ, ապա 2025 թվականին նրա ակտիվների հիմնական մասը կազմել են նախկինում ձեռք բերված 5 անշարժ գույքերը, բանկային միջոցները»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

  • Թրամփը հույս ունի, որ շատ երկրներ կմիանան Աբրահամի համաձայնագրերին

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ շատ երկրներ շուտով կմիանան Իսրայելի և արաբական երկրների միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Աբրահամի համաձայնագրերին՝ ընդգծելով Լիբանանի հատուկ դերը այս գործընթացում։

    «Կարծում եմ՝ շուտով կտեսնեք մեծ թվով երկրների միանալը դրանց: Կարծում եմ՝ Լիբանանը շատ կարևոր տեղ ունի այս գործընթացում», – Սպիտակ տանը Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի հետ հանդիպման ժամանակ ասել է Թրամփը։

    Թրամփը նաև նշել է Աբրահամի համաձայնագրերի հսկայական հաջողությունը։

  • IEA-ն նախազգուշացրել է Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով նավթի մատակարարումների համար աճող ռիսկերի մասին

    Էներգետիկայի միջազգային գործակալությունը (IEA) նախազգուշացրել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն ուժգնացնում է մտահոգությունները էներգակիրների համաշխարհային մատակարարումների կայունության վերաբերյալ, թեև Արաբական Միացյալ Էմիրություններից և Սաուդյան Արաբիայից արտահանումն առայժմ օգնում է հում նավթի շուկան զերծ պահել կտրուկ ցնցումներից:

    Երեքշաբթի հրապարակված հայտարարության մեջ IEA գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլը նշել է, որ գործակալությունն ուշադիր հետևում է նավթային շուկաներում տիրող իրավիճակին Հորմուզի նեղուցի՝ էներգետիկ գլոբալ տարանցման առանցքային զարկերակի շուրջ տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո:

    «Ռազմական գործողությունների սրացումը, որն ազդում է Հորմուզի նեղուցի և տարածաշրջանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա, ուժեղացնում է մատակարարումների անվտանգության ռիսկերը և մեծացնում շուկայական հեռանկարների վերաբերյալ անորոշությունը»,- հայտարարել է Բիրոլը:

    Նա հավելել է, որ սպառնալիքները Բաբ էլ-Մանդեբի նեղուցի շրջանում, որը դիտարկվում էր որպես կարևոր այլընտրանքային երթուղի Պարսից ծոցի երկրներից արտահանման համար, միայն խորացնում են առկա մտահոգությունները:

    Արաբական Միացյալ Էմիրություններից և Սաուդյան Արաբիայից արտահանումն աջակցում է շուկային

    Չնայած լարվածության աճին՝ Բիրոլն ընդգծել է, որ հում նավթի շուկան շարունակում է օգուտ քաղել բացասական ազդեցությունը մեղմացնող մի շարք գործոններից:

    Դրանց թվում են Պարսից ծոցի արտադրողների, առաջին հերթին Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից մատակարարումների զգալի ծավալները: Երկու երկրներն էլ շարունակում են նավթի արտահանումն այլընտրանքային երթուղիներով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը, թեև լցանավերի մի մասը դեռևս անցնում է հենց նեղուցով:

    Էներգետիկայի միջազգային գործակալության տվյալներով՝ թեև Ծոցի երկրներից արտահանումը նվազել է հունիսի վերջի պիկային ցուցանիշների համեմատ, այն մնում է էապես ավելի բարձր մարտի սկզբից մինչև հունիսի կեսերն ընկած ժամանակահատվածում արձանագրված մակարդակներից:

    Գործակալությունում նշել են նաև, որ ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Վենեսուելայից և Ղազախստանից նավթի արտահանման ավելացումն օգնել է մասնակիորեն փոխհատուցել Պարսից ծոցի տարածաշրջանից մատակարարումների կորուստները:

    Պահանջարկի առումով լրացուցիչ կայունացնող գործոն է դարձել Չինաստանի կողմից հում նավթի ներմուծման կրճատումը գրեթե 50%-ով՝ նախապատերազմական մակարդակի համեմատ, ինչն իր հերթին նվազեցրել է ճնշումը համաշխարհային շուկաների վրա: