Category: YN.am

  • Անցյալ տարի ամերիկյան զորքերը Եմենում սպանել են 153 խաղաղ բնակչի

    2025 թվականին ամերիկյան զորքերը Եմենում զինյալների դեմ իրականացված երեք հարձակման ընթացքում սպանել են 153 խաղաղ բնակչի և վիրավորել ևս 243 մարդու։ Այդ մասին նշվում է Պենտագոնի զեկույցում։

    Նշվում է, որ ապրիլի 6-ին Եմենի մայրաքաղաքի մոտ զոհվել է 5 խաղաղ բնակիչ, ապրիլի 17-ին Ռաս-Իսա նավահանգստի մոտ զոհվել է 80 մարդ, իսկ ապրիլի 28-ին Սաադայի մոտ՝ ևս 68։

    Սա դարձել է Թրամփի վարչակազմի առաջին հրապարակային ընդունումը պաշտոնը ստանձնելուց ի վեր, որ զինվորականները հակամարտության ընթացքում զգալի վնաս են հասցրել խաղաղ բնակչությանը։

  • Ռուբիոն չի բացառել, որ ԱՄՆ ռազմական բազաների վերևում թռչում են անհայտ թռչող օբյեկտներ

    ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ «մարդիկ իսկապես կարծում են, թե մենք ինչ-որ բան թաքցնում ենք անհայտ թռչող օբյեկտների վերաբերյալ, բայց եթե մենք իմանայինք, ԱՄՆ նախագահն անմիջապես կբարձրաձայներ այդ թեման և ցույց կտար լուսանկարներ ու տեսանյութեր», հաղորդում է News Nation-ը։

    «Ես չգիտեմ, թե ովքեր են դրանք, ես չգիտեմ, թե ինչ են դրանք, բայց մեր ռազմական բազաների վերևում ինչ-որ օբյեկտներ են թռչում, և դրանք մեզ չեն պատկանում, ուստի պետք է պարզենք դա», — հավելել է նա։

  • Ադրբեջանից Նախիջևան Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծեր անցկացնելու նախագիծը պատրաստ է․ Ալիև

    Ադրբեջանից Նախիջևան Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծեր անցկացնելու նախագիծը պատրաստ է, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

    Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են իրականացրել Հայաստանի տարածքում և որոշել էլեկտրահաղորդման գծերի հենասյուների տեղադրման հնարավոր վայրերը: Նա «նախազգուշացրել է» Հայաստանին հնարավոր էներգետիկ ճգնաժամի մասին՝ կապված Հայկական ատոմակայանի փակման հետ։ Նրա խոսքով՝ ճգնաժամից խուսափելու նպատակով Բաքուն պատրաստ է ապահովել Հայաստանի համար «էլեկտրաէներգիայի լրացուցիչ աղբյուր»։

    Միաժամանակ Ալիևը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է TRIPP ծրագրի շրջանակում Հայաստանի տարածքով երկաթուղու կառուցման հարցը։ Նրա խոսքով՝ այդ զրույցից «պարզ է դարձել», որ շինարարությունը պետք է սկսվի այս տարի։

  • ԱՄՆ-ը խոստացել է, որ Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտից առաջ Կուբայում «անդառնալի փոփոխություններ» կլինեն

    ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն վստահություն է հայտնել, որ մինչև Դոնալդ Թրամփը լքի իր պաշտոնը, Կուբան կմտնի փոփոխությունների անդառնալի ուղի, հաղորդում է Brussels Signal-ը։

    Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կուբան կարող է կրկնել Վենեսուելայի ճակատագիրը, Ռուբիոն հայտարարել է, որ վարչակազմի լիազորությունների ժամկետի ավարտին կղզին «կմտնի դեպի բոլորովին այլ ապագա տանող անդառնալի ուղի»։

    Նա նշել է, որ 70 տարի գոյություն ունեցած համակարգը հնարավոր չէ քանդել մեկ գիշերվա ընթացքում՝ հավելելով, որ նախ պետք է տեղի ունենա անցումային շրջան։

    Ռուբիոն մատնանշել է կոմունիզմի անկումից հետո Արևելյան Եվրոպան, որտեղ, նրա խոսքով, երկրներին երեքից հինգ տարի է պահանջվել՝ դառնալու այն, ինչ այսօր են, և որպես ամենավառ օրինակ նշել է Լեհաստանը։

  • Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները փակուղում են․ նավթը թանկանում է, նավերի վրա հարձակումները՝ շարունակվում

    Իրանի պատերազմի ավարտի շուրջ բանակցությունների հեռանկարն ավելի է մշուշոտվել։ Օգոստոսի 11-ին նավագնացության ուղղությամբ նոր հարձակումներ են գրանցվել, իսկ Իրանը հայտարարել է, որ առանց ԱՄՆ-ի կողմից իր պայմանների ընդունման չի վերաբացի Հորմուզի նեղուցը։ Այդ մասին հայտնում է Reuters-ը։

    Հարձակումները տեղի են ունեցել համաշխարհային նավթամատակարարման համար կարևոր երկու հատվածներում՝ Օմանի ծոցում և Կարմիր ծովի մուտքի մոտ՝ Բաբ էլ-Մանդեբի նեղուցում։

    Բաբ էլ-Մանդեբում ենթադրյալ հութիական հարձակման հետևանքով զոհվել է բեռնանավի անձնակազմի չորս անդամ։ Եմենի տրանսպորտի նախարարության տվյալներով՝ հարձակման է ենթարկվել եգիպտական «Tihamah» բեռնանավը։ Եմենի առափնյա պահպանությունն էլ հայտնել է, որ զոհվել են հակահութիական ռազմական խմբավորման երկու փրկարարներ։

    Միաժամանակ ԱՄՆ զինված ուժերը հայտնել են, որ ամերիկյան ռազմածովային ուժերի MH-60 ուղղաթիռը երկու Hellfire հրթիռ է արձակել Պանամայի դրոշով նավարկող բեռնանավի ուղղությամբ՝ վնասելով նավի ղեկավարման համակարգը։ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության տվյալներով՝ նավը խախտել էր իրանական նավահանգիստների նկատմամբ սահմանված ծովային շրջափակումը։

    Իրանի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյա Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Իրանի պայմանները։ Դրանք ներառում են Իրանի սառեցված ակտիվների ազատումը և տարածաշրջանում, այդ թվում՝ Լիբանանում ու Գազայում, հակամարտությունների դադարեցումը։

    Դրան նախորդել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջը, որ Իրանը փոխհատուցում վճարի վերջին 50 տարիների պատերազմների, հարձակումների և բողոքի ակցիաների հետևանքով զոհվածների համար։ Թրամփը միաժամանակ շարունակում է հայտարարել, որ հնարավոր է համաձայնության հասնել, սակայն նաև սպառնում է նոր հարվածներով։

    Նոր հարձակումների և բանակցությունների շուրջ անորոշության ֆոնին նավթի գները բարձրացել են։ Brent տեսակի նավթի գինը աճել է 1.4 տոկոսով՝ հասնելով 88.91 դոլարի, իսկ WTI-ն՝ 1.3 տոկոսով՝ 83.20 դոլարի։

    Մինչ պատերազմը Հորմուզի նեղուցով անցնում էր աշխարհում նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարումների մոտ մեկ հինգերորդը, ինչի պատճառով նեղուցի փակ լինելը շարունակում է լուրջ ռիսկեր ստեղծել համաշխարհային էներգետիկ շուկաների համար։

    Հակամարտությունը սկսվել է փետրվարի 28-ին, երբ ԱՄՆ-ն ու Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանին։ Այդ ժամանակից ի վեր հազարավոր մարդիկ են զոհվել։

  • Պակիստանը հայտարարություն է տարածել Կարմիր ծովում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

    Կարմիր ծովում նավի վրա տեղի ունեցած հարձակման հետևանքով երեք Պակիստանի քաղաքացի է զոհվել, ևս մեկ մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է Պակիստանի արտգործնախարար Իշաք Դարը։

    Նրա խոսքով՝ Պակիստանը «խստորեն դատապարտում է հութիների հարձակումը ոչ ռազմական նշանակության առևտրային նավի վրա»։

    Դարը նշել է, որ նման հարձակումները վտանգում են անմեղ մարդկանց կյանքը, միջազգային իրավունքի խախտում են և լուրջ սպառնալիք են ստեղծում Կարմիր ծովում նավարկության ազատության, ծովային անվտանգության և առևտրային նավերի անվտանգության համար։

    Պակիստանի արտգործնախարարի փոխանցմամբ՝ Իսլամաբադը միջադեպի առնչությամբ կապի մեջ է Սաուդյան Արաբիայի համապատասխան իշխանությունների, ինչպես նաև Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարության հետ։

  • Ճապոնիան փոխել է դիրքորոշումը Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագրի հարցում․ Պուտին

    Ռուսաստանի և Ճապոնիայի հարաբերություններում Տոկիոյի դիրքորոշումը փոխվել է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա խոսքով՝ Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի պաշտոնավարման շրջանում երկու երկրների միջև կառուցողական հարաբերություններ էին ձևավորվել։

    Պուտինը հայտարարությունն արել է օգոստոսի 12-ին՝ Հարավային Սախալինում անցկացվող զորավարժությունների եզրափակիչ փուլին հետևելիս։ Նա հիշեցրել է, որ 1950-ականների կեսերին ԽՍՀՄ-ը Ճապոնիայի հետ ստորագրել էր հռչակագիր, որը ճանապարհ էր բացում խաղաղության պայմանագրի կնքման համար, սակայն Տոկիոն հետագայում հրաժարվել էր դրանից։

    ՌԴ նախագահի խոսքով՝ դրանից հետո Ռուսաստանը, Տոկիոյի խնդրանքով, վերսկսել էր երկխոսությունը՝ խաղաղության պայմանագրի կնքման ուղիները գտնելու նպատակով։

    «Այդ ժամանակ մեզ հաջողվել էր կառուցողական հարաբերություններ ձևավորել ճապոնացի մի շարք ղեկավարների, այդ թվում՝ նախկին վարչապետ Սինձո Աբեի հետ, որը շատ բան արեց Ճապոնիայի և Ռուսաստանի մերձեցման, ինչպես նաև երկու երկրների դիրքորոշումների մոտեցման համար»,– ասել է Պուտինը։

    Նրա խոսքով՝ այժմ Մոսկվան տեսնում է Տոկիոյի դիրքորոշման փոփոխություն։

    Ռուսաստանի և Ճապոնիայի ղեկավարները 2018 թվականի նոյեմբերի 14-ին Սինգապուրում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել էին արագացնել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացը՝ հիմք ընդունելով 1956 թվականի համատեղ հռչակագիրը։

    Սակայն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի սկսվելուց հետո Ճապոնիան մի շարք պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ։ Ի պատասխան՝ Մոսկվան հայտարարել էր, որ հրաժարվում է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների շարունակությունից։

  • Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հանրությանը չի երևում բացառապես անվտանգության նկատառումներից ելնելով. ԻՀՊԿ

    Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Համենեին հանրությանը չի երևում բացառապես անվտանգության նկատառումներից ելնելով։ Այդ մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարի խորհրդական Մոհամմադ Ռեզա Նաղդին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

    «Այդ ռազմավարությունը նրա գործն է։ Մեր թշնամիները հանցագործներ են և չեն ենթարկվում օրենքին: Բնականաբար, դա անվտանգության նկատառումներից ելնելով է։ Անկասկած, այլ պատճառ չկա»,- հայտարարել է Նաղդին:

    ԻՊՀԿ գլխավոր հրամանատարի խորհրդականը խուսափել է պատասխանել այն հարցին, թե արդյոք նա անձամբ տեսել է Խամենեիին։

    Հիշեցնենք, որ Մոջթաբա Խամենեին ոչ մի անգամ հանրությանը չի երևացել ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի դեմ ռազմական գործողության սկզբից ի վեր, որի ժամանակ զոհվել է նրա հայրը՝ Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Ինչպես բազմիցս նշել են Թեհրանում, Մոջթաբա Խամենեիի առողջական վիճակին որևէ բան չի սպառնում։

  • Թրամփը հաստատել է լուրերը, որ սպառնալիքի պատճառով Թուրքիայից գաղտնի կերպով հեռացել է այլ ինքնաթիռով

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունները, որ հուլիսի 8-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Թուրքիայից հեռանալիս փոխել է ինքնաթիռը՝ սպառնալիքի պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Օհայոյից վերադառնալիս լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Forbes Breaking News-ը։

    «Դա ամբողջությամբ գաղտնի ծառայության գործն է։ Ես պարզապես շարժվում եմ նրանց ասածով։ Ես հետևում եմ գաղտնի ծառայության և զինվորականների հրահանգներին։ Նրանք ուզում էին, որ ես այլ չվերթով, այլ ինքնաթիռով մեկնեմ։ Անվտանգությունը նույնն էր, բայց նրանք ցանկանում էին, որ ես այդպես անեմ, ես էլ արեցի։ Ես անում եմ այն, ինչ նրանք են ասում», – ասել է Թրամփը։

    «Կարծում եմ՝ ինչ-որ սպառնալիք կար։ Ես այդ մասին շատ հարցեր չեմ տվել։ Ես շատ սպառնալիքներ եմ ստանում», – հավելել է Թրամփը։

    Ըստ ամերիկյան մի շարք լրատվամիջոցների հրապարակումների՝ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Թրամփին սննդի մատակարարման բեռնատարով գաղտնի կերպով նախագահական ինքնաթիռից տեղափոխել են ռազմական ինքնաթիռ՝ Իրանի կողմից նրա դեմ մահափորձի սպառնալիքի պատճառով։ Հաղորդվել է, որ նույնիսկ նրա թիմի անդամների մի մասը տեղյակ չի եղել գործողության մասին։

    Այս տեղեկություններից հետո որոշ հեռուստամեկնաբաններ հարց են հնչեցրել՝ արդյոք Թրամփի օգնականները և լրագրողները, որոնք թռչում էին նախագահական ինքնաթիռով, վտանգի տակ են եղել։ Լրագրողների հետ զրույցում Թրամփն անդրադարձել է նաև այս հարցին։

    «Կարծում եմ՝ այն ինքնաթիռը, որով ես թռել եմ, իրականում ավելի մեծ վտանգի մեջ էր։ Կարծում եմ՝ այն ավելի մեծ վտանգի մեջ էր, քանի որ ավելի հավանական է, որ նրանք կթիրախավորեին հենց այդ ինքնաթիռը», – ասել է նա։

    ՆԱՏՕ գագաթնաժողովը տեղի է ունեցել Անկարայում հուլիսի 7-8-ը։ Աղբյուրները նշել են, որ Թրամփը Թուրքիա է թռել Կատարի կողմից նվիրաբերված նոր նախագահական ինքնաթիռով։ Սակայն գագաթնաժողովից հետո նա նստել է հին Air Force One-ը՝ տեսախցիկների և լրագրողների առջև։ Թերթի աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ նախագահը, սակայն, Մեծ Բրիտանիա չի մեկնել այդ ինքնաթիռով. անձնակազմը գաղտնի տեղափոխել է Թրամփին երրորդ ինքնաթիռ, որը նույնպես մեկնել է Մեծ Բրիտանիա։

  • Քարթինգի Հայաստանի ազգային թիմը մեկնում է Հունաստան. առանց մրցուղիների` դեպի մեծ հաղթանակներ

    Օրերս անցկացված «Համահայկական քարթինգի առաջնություն 2026»-ն ամփոփվեց տպավորիչ եզրափակչով․ սեպտեմբերին հայ արշավորդները մասնակցելու են Հունաստանի 8-ժամյա միջազգային մրցարշավին։

    Շարժիչների անդադար որոտ, վայրկյանների կռիվ շրջադարձերում, լեփ-լեցուն տրիբունաներ և գերլարված էմոցիաներ․ Երևանում կայացավ «Համահայկական քարթինգի առաջնություն 2026»-ը։ Երեք օր շարունակ Հայաստանի տարբեր անկյուններից հավաքված 48 արշավորդներ պայքարում էին լավագույնի տիտղոսի համար, բայց միայն 12-ին հաջողվեց նվաճել եզրափակչի ուղեգիր։

    Օգոստոսի 2-ին կայացած եզրափակչում չեմպիոնի տիտղոսը նվաճեց Արա Եգանյանը, երկրորդ տեղը զբաղեցրեց Ալեքսեյ Լիսյուտենկոն, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Արմենակ Հայրապետյանը։ Այս մարզիկները կձևավորեն Հայաստանի ազգային թիմը, որն ընթացիկ տարվա սեպտեմբերին հայկական դրոշի ներքո կմեկնի Սալոնիկ (Հունաստան)՝ մասնակցելու 8-ժամյա միջազգային դիմացկունության մրցարշավին։

     

    Քարթինգում, որտեղ մեքենաները չունեն ղեկի հիդրավլիկա կամ փափկացնող համակարգեր, յուրաքանչյուր շրջան վարելը պահանջում էր ֆիզիկական հսկայական ուժ, ուշադրության առավելագույն կենտրոնացում և երկաթյա կամք։ Մրցաշարի ընթացքում հատուկ ուշադրության արժանացավ 14-ամյա Սամվել Համբարձումյանը։ Չնայած իր երիտասարդ տարիքին՝ նա հանդես եկավ որպես մասնակիցներից մեկի մենեջեր՝ ցուցադրելով միջազգային մրցարշավներում կուտակած իր լուրջ փորձն ու մասնագիտական պատրաստվածությունը և դառնալով ոգեշնչող օրինակ իր տարեկիցների համար։

    Չնայած գրանցված հաջողություններին՝ մարզիկներն ու ոլորտի ներկայացուցիչները փաստում են, որ Հայաստանում կա պրոֆեսիոնալ, բացօթյա և մեծ չափսերի մրցուղիների ու մասնագիտացված ենթակառուցվածքների սուր կարիք։

    «Համապատասխան վայր չկա վարելու, դրա համար ստիպված մեր թիմով մի քանի անգամ գնում ենք Վրաստան կամ Ռուսաստան՝ մասնակցելու այնտեղի առաջնություններին,- նշում է ավտոարշավորդ Աշոտ Առուշանյանը,- բայց հույս ունենք, որ այս տեմպերով Հայաստանում ավելի ու ավելի կսիրեն ավտոսպորտը»։

     

    Առաջնության կազմակերպիչներն ու ոլորտի մասնագետները փաստում են, որ պրոֆեսիոնալ մրցուղիների առկայությունը Հայաստանը կարող է վերածել Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի ավտոսպորտային կենտրոնի։ Միջազգային մրցաշարերի անցկացումը դեպի Հայաստան կգրավի արտասահմանյան թիմեր, պրոֆեսիոնալ արշավորդներ, մեխանիկներ և հազարավոր երկրպագուներ։

    Քարթինգի հեղինակավոր SH Racing ակումբի համահիմնադիր Սիրական Համբարձումյանը` խոսելով սպորտաձևի զարգացման հեռանկարների մասին, ասաց. «Հայաստանում ավտոմրցուղի կառուցվելու դեպքում մենք կունենանք մեծ հնարավորություններ պարապելու համար։ Բացի այդ, բոլոր այդ մրցաշարերը, որոնք անցկացվում են արտասահմանում, որին որ հիմա մեր երեխաները գնում են, մասնակցում են, ներգրավում են շատ մեծ քանակությամբ մարդկանց։ Այսպիսի մրցարշավները զբոսաշրջության զարգացման շատ մեծ խթան են։ Այս սպորտաձևում մեծ գումարներ են ներդրվում։ Պատկերացնենք, որ այդ ամբողջ գումարները Գերմանիա գնալու փոխարեն կարող են գալ Հայաստան։ Շատ մեծ ներդրումներ են սպասվում Հայաստանին, եթե այս սպորտաձևը զարգանա»։

    Իսկ միջազգային մրցարշավներին Հայաստանի ազգային թիմի մասնակցությունը և տեղական առաջնությունների լուսաբանումը բարձրացնում են երկրի ճանաչելիությունը որպես ակտիվ, ժամանակակից և սպորտային տուրիզմ առաջարկող ուղղություն։

    Միջոցառման շրջանակում հավաքվել էին ավտոսպորտի տարբեր ձևերի ներկայացուցիչներ, որոնց միջև ծավալվեց ոլորտային հետաքրքիր քննարկում։ Հայաստանի ավտոմոբիլային սպորտի ֆեդերացիայի (FAA) տեխնիկական գծով տնօրեն Տիգրան Մկրտչյանը ներկայացրեց հայկական արտադրության սպորտային մեքենան՝ քրոսքարը (Crosscar)։ «Մոտակա վեց ամսվա ընթացքում կունենանք ևս վեց-յոթ նմանատիպ մեքենա, ինչով էլ կարող է տրվել Հայաստանում քրոսքարերի չեմպիոնատի մեկնարկը, և մեր երկիրը կունենա ավտոսպորտի ևս մեկ ձև։ Մեքենան ստացել է Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի (FIA) լիարժեք հավանությունը։ Աշխարհում կա ընդամենը քառասուն արտադրող, որոնցից միայն տասն են հոմոլոգացված` FIA-ի կողմից ճանաչված որպես սպորտային տեխնիկայի արտադրող, և տասնմեկերորդը Հայաստանն է»։

    Մրցաշարն ուներ նաև կարևոր սոցիալական ուղերձ․ երիտասարդության շրջանում արագության, ռիսկի ու ադրենալինի ձգտումը քաղաքային վտանգավոր փողոցներից տեղափոխել դեպի վերահսկելի, անվտանգ ու պրոֆեսիոնալ մրցուղի։ Ավտոսպորտը փողոցում արագ քշելը չէ, այլ կարգապահությունը, տեխնիկան ու անվտանգությունը։

    Քարթինգը պրոֆեսիոնալ ավտոսպորտի առաջին ու ամենակարևոր դպրոցն է։ Այն մրցարշավ է հատուկ նախագծված փոքր, բայց բավականին արագ մեքենաներով՝ մասնագիտացված մրցուղիներում։ Այն հիմնադրվել է 1956 թվականին ԱՄՆ-ում և այսօր քարթինգն աշխարհի ամենամասսայական ավտոսպորտաձևն է, որով զբաղվում են ավելի քան 120 երկրներում։ Այն պաշտոնապես ճանաչված է որպես պրոֆեսիոնալ ավտոարշավորդ դառնալու պարտադիր առաջին աստիճանը․ Ֆորմուլա 1-ի չեմպիոնների 99%-ը (ներառյալ Միխայել Շումախերը, Լուիս Հեմիլթոնն ու Մաքս Ֆերսթապենը) իրենց կարիերան սկսել են հենց քարթինգից։