Category: YN.am

  • 2026թ. առաջին կիսամյակի տվյալներով 2025թ. նույն ամիսների համեմատ շինարարությունն աճել է 24.5%-ով. Եղիազար Վարդանյան

    Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի շնորհավորական ուղերձը Շինարարի օրվա առթիվ:

    Նորանկախ Հայաստանի Հանրապետության համար բարդ ժամանակշրջանում հիմնադրված Շինարարների միությունն այսօր ոլորտի խնդիրների բարձրաձայնման, մասնագիտական քննարկումների և համատեղ գործելու հարթակ է: Առանձնահատուկ շնորհավորում եմ միության բոլոր անդամներին, ղեկավար կազմին և հիմնադրման ակունքներում կանգնած բոլոր նվիրյալներին:

    Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշում շինարարությունը շարունակում է լինել առաջատարը։ 2026թ. առաջին կիսամյակի տվյալներով 2025թ. նույն ամիսների համեմատ այն աճել է 24.5%-ով և կազմել 282.2 մլրդ դրամ։ Ավելացել են նաև շինարարության ոլորտից պետբյուջե վճարված հարկային եկամուտները. 2026թ. 1-ին կիսամյակում կազմել են 126.4 մլրդ դրամ` 2025թ.-ի նույն ամիսների համեմատ աճելով 22%-ով։ Շնորհակալություն պարտաճանաչ և գիտակցված մոտեցման համար։ Յուրաքանչյուր շինարարի հաջողությունը մեր ոլորտային հաջողությունն է:

    Որոշ վատատեսական կանխատեսումները, թե կառուցապատման ոլորտն անկում է ապրելու, վաճառքները պակասելու են, կամ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» Կառավարության խոշորածավալ այս և այլ ծրագրերը ձախողվելու են, ոչ միայն չարդարացան, այլև փաստացի արդյունքները գերազանցեցին սպասումները։ Ծրագրերը ոչ միայն ամբողջությամբ իրագործվելու են, այլև արդեն իսկ մեկնարկել է դպրոցների կառուցման նոր շրջափուլը։ Պետություն-շինարար համատեղ ջանքերով կյանքի են կոչվել ու շարունակվելու են մարզական և առողջապահական կառույցների, ճանապարհների, թունելների, կամուրջների և մեր բնակչության կյանքի որակը բարելավող կարևոր այլ ենթակառուցվածքների կառուցման ծրագրերը:

    Շինարարությունն իրականացնել որակով և սահմանված ժամկետում․ սա է շարունակում լինել գլխավոր պահանջը շինարարներից։ Մյուս ակնկալիքը կարողությունների շարունակական կատարելագործումն է։ Փոխադարձաբար Կառավարությունը հանձնառու է մշակել գործունեության դաշտը բարելավող մեխանիզմներ։

    Քաղաքաշինության կոմիտեն էականորեն արագացրել և դյուրացրել է նախագծումից մինչև ավարտական փուլ թույլատվական փաստաթղթերի ստացման գործընթացները։ Բազմամասնաշենք համալիրների դեպքում ստեղծվել է ավարտական փաստաթղթերի փուլային ստացման հնարավորություն։ Առաջիկայում հասնելու ենք ավարտական ակտի ինքնաշխատ ստացման։

    Մեկնարկել է ոլորտի դերակատարների վարկանիշավորումը, հաստատվել է շինարարության գնագոյացման նոր քաղաքականությունը։

    Կարևորելով կայուն և կանաչ շինարարության իրականացումը՝ Քաղաքաշինության կոմիտեն հաստատել է միջազգային հավաստագրման այն համակարգերի ցանկը, որոնց կամավոր կիրառումն առաջիկայում խրախուսվելու է հստակ մեխանիզմներով։ Գալիք առաջնահերթություններից է լինելու տեխնիկական հսկողության նշաձողի բարձրացումը` թվային համակարգերի կիրառմամբ:

    Առաջնահերթ ուղղություններից են լինելու նաև բնակֆոնդի ռենովացիան, ինչպես նաև կառուցապատման գործունեությունը կարգավորող օրենքի ընդունումը, որը մշակվել է պետական մի քանի կառույցների և Կառուցապատողների հայկական ասոցիացիայի հետ համատեղ։

    Քաղաքաշինության կոմիտեն որդեգրել է ոլորտի բարեփոխման հստակ ուղի, որը, հուսով եմ, կանցնենք ձեզ հետ միասին:

    Սիրելի՛ շինարարներ,

    Թույլ տվեք կրկին շնորհավորել Ձեզ և շնորհակալություն հայտնել ձեր նվիրման ու ջանքերի համար»:

  • 2026 թվականի հունիսն ու հուլիսը Եվրոպայում դարձել են դիտարկումների պատմության ամենաշոգ ամիսները

    2026 թվականի հունիսն ու հուլիսը Եվրոպայում դարձել են դիտարկումների պատմության ամենաշոգ ամիսները, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

    «Նախորդ երկու ամիսները Եվրոպայում դարձել են օդերևութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում ամենաշոգը։

    ERA5 վերավերլուծության տվյալներով՝ հունիս–հուլիս ամիսներին Եվրոպայում օդի միջին ջերմաստիճանը կազմել է +20,79°C, ինչը կլիմայական նորմայից բարձր է եղել 1,74°C-ով։

    Հատկանշական է, որ նոր ռեկորդ սահմանելու համար պահանջվել է ընդամենը մեկ տարի․ նախորդ առավելագույն ցուցանիշը գրանցվել էր 2025 թվականին»,-գրել է նա։

  • Օգոստոսի 9-ի աստղագուշակը

    Խոյ: Ձեզ բարդ օր է սպասվում, քանի որ ստիպված եք լինելու հաղթահարել ներքին կոնֆլիկտները և կարգի բերել սեփական մտքերն ու ցանկությունները: Ընդհանուր առմամբ օրը հարմար է ժամանակին կիսատ թողած գործերն ավար
  • Ալիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել․ ի՞նչ են քննարկել

    Ալիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

    Ընդգծվել է, որ անցած մեկ տարվա ընթացքում տարածաշրջանում ապահովվել է խաղաղություն և կայունություն, և չի արձանագրվել որևէ միջադեպ, որը կարող էր վնասել տարածաշրջանային խաղաղությանը։

    Թրամփ-Ալիև հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է TRIPP նախագծի նշանակությունը տարածաշրջանային կապակցվածության տեսանկյունից։

    Նշվել է, որ Ադրբեջանի տարածքում տրանսպորտային ենթակառուցվածքների աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ

    Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

    Վարչապետ Փաշինյանը նախագահ Թրամփին շնորհակալություն է հայտնել 2025թ. օգոստոսի 8-ի Խաղաղության գագաթնաժողովը Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը կազմակերպելու, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված Խաղաղության հռչակագիրը որպես վկա ստորագրելու համար՝ ընդգծելով նախագահ Թրամփի անձնական ջանքերի որոշիչ նշանակությունը խաղաղության հաստատման գործում։
    Վարչապետ Փաշինյանը և նախագահ Թրամփը վերահաստատել են TRIPP-ի կառուցման աշխատանքները մոտ ապագայում սկսելու իրենց հաստատակամությունը։

  • ԱՄՆ-ն լիովին հանձնառու է Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությանը՝ խաղաղության հիմքի վրա առաջ շարժվելու գործում․ Ռուբիո

    ԱՄՆ-ն շարունակում է լիովին հանձնառու լինել Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությանը՝ այս հիմքի վրա կառուցելու և առաջ շարժվելու գործում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

    «Շնորհավորում ենք 2 երկրներին վերջին մեկ տարվա ընթացքում ցուցաբերած քաջության և հեռատեսության համար և ակնկալում ենք շարունակական առաջընթաց՝ Հարավային Կովկասում կայուն ու տևական խաղաղության հաստատման ուղղությամբ։

    TRIPP-ը, որը կարդիականացնի երկաթուղային, ավտոմոբիլային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքները, աստիճանաբար վերածվում է իրականության։

    Հայաստանի տարածքում երկաթուղու ինժեներական ուսումնասիրություններն արդեն սկսվել են, իսկ Ադրբեջանը մոտենում է դեպի Հայաստան միացվող մայրուղու և երկաթուղու շինարարության ավարտին»,-նշել է նա։

     

  • Bloomberg. Թուրքիան սկսել է սահմանափակել Սև ծովում նավագնացությունը

    Թուրքիան սկսել է սահմանափակումներ կիրառել Սև ծովում առևտրային նավագնացության նկատմամբ՝ իր նավերի վրա հաճախակի դարձած հարձակումների ֆոնին։ Այս մասին, հղում անելով աղբյուրներին, հայտնել է Bloomberg-ը։

    Նշվում է, որ առափնյա պահպանության ծառայությունը որոշ նավերի, որոնք ուղևորվում էին Նովոռոսիյսկ, մերժել է նեղուցներով անցնելու թույլտվությունը կամ պահանջել է լրացուցիչ ժամանակ՝ նրանց դիմումները քննարկելու համար։

    Տեղեկությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել։

  • ԱՄՆ Սենատը մերժել է Թրամփի՝ Իրանի դեմ պատերազմի ֆինանսավորման առաջարկը

    ԱՄՆ Սենատը հաստատել է կառավարության ժամանակավոր ֆինանսավորումը, սակայն մերժել է Իրանի հետ ռազմական գործողությունների համար մոտ 70 միլիարդ դոլար հատկացնելու նախագահ Դոնալդ Թրամփի պահանջը։ Թրամփի վարչակազմը պնդել է, որ այդ միջոցները հաստատվեն առանձին։ Սակայն Սենատը դա չի արել, և հանրապետական ​​մեծամասնությունը պատրաստ է ամառային արձակուրդ գնալ առանց նման որոշման։

    Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

    ԱՄՆ Սենատը աջակցել է դաշնային կառավարության կարճաժամկետ ֆինանսավորման օրինագծին։ Փաստաթուղթը կապահովի դրա գործողությունը հոկտեմբերի 1-ից, երբ սկսվում է նոր ֆինանսական տարին։

    Օրինագիծն այժմ պետք է քննարկվի Ներկայացուցիչների պալատում։ Օրենսդիրները կվերադառնան աշխատանքի օգոստոսի 31-ին։

    Հիշեցնենք, որ լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Դոնալդ Թրամփը և Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը վիճաբանել են ամերիկյան զինամթերքի պակասի շուրջ։ Նախագահը պահանջել է բացատրություն, թե ինչու իրեն չեն տեղեկացրել Իրանի հետ պատերազմի ընթացքում հրթիռների սուր պակասի մասին։

    Ըստ The Washington Post-ի՝ հեռահար կառավարվող հրթիռների և հակաօդային պաշտպանության խափանիչների պակասն արդեն իսկ ազդում է ԱՄՆ-ի՝ Իրանին հետագա հարվածներ հասցնելու կարողության վրա։

  • Մեկ տարի առաջ այս օրը` օգոստոսի 8-ին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն հաստատվեց․ Փաշինյան

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձն օգոստոսի 8-ի առիթով.

    «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

    Մեկ տարի առաջ այս օրը` 2025 թվականի օգոստոսի 8-ին, նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում` Սպիտակ տանը, հրավիրված եռակողմ հանդիպման արդյունքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն հաստատվեց։

    Հիմա արդեն օգոստոսի 8-ի հանդիպումն անվանում ենք Խաղաղության գագաթնաժողով, իսկ այնտեղ իմ եւ Ադրբեջանի նախագահի ընդունած համատեղ հռչակագիրը, որ որպես վկա ստորագրեց նաեւ ԱՄՆ նախագահը, Խաղաղության հռչակագիր։ Այս անվանումները լիարժեք արտահայտում են այն արդյունքը, որ բերեց 2025 թվականի օգոստոսի 8-ը։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությունը տեսանելի եւ զգալի է բոլորին։

    2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում Հայաստանի քաղաքացիները ոչ միայն վստահության քվե տվեցին խաղաղությանը, այլեւ տեր կանգնեցին խաղաղությանը։ Սա, իհարկե, չի նշանակում, թե խաղաղության օրակարգի իրացման ճանապարհին վերջնական հանգրվանի ենք հասել։

    2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում երեք ղեկավարների ներկայությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների կողմից նախաստորագրված «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը» սպասում է իր ստորագրմանն ու վավերացմանը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատումը դեռ պետք է տեղի ունենա, մեզ բոլորիս շատ հուզում եւ անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը։

    Բայց ակնհայտ է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ը սահմանագիծ է, եւ Հայաստանի Հանրապետության պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի եւ դրանից հետոյի։ 2025 թվականի օգոստոսի 8-ից առաջ մեր պետությունը փակուղու մեջ էր, իսկ 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո մեր առաջ բացվել են անծայրածիր հեռանկարներ, որոնցից օգտվել-չօգտվելը կախված է մեր հավաքական կամքից, մեր իմացությունից ու աշխարհն ու մեր պատմությունը սովորելու մեր ընդունակությունից։

    Հենց սրանում է Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի մեծագույն քաղաքական եւ սոցիալ-հոգեբանական արդյունքը․ մեր պատմության ղեկը կրկին հայտնվել է մեր ձեռքում։ Սա չի նշանակում, թե ճանապարհը կատարյալ է եւ առանց վտանգների, սա նշանակում է, որ մեր որոշումներն են մեր հետագա ճակատագիրը կանխորոշող առաջնային գործոնը, ու սա պատմական շրջադարձ է։

    Նախորդող շրջանը եւ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները գալիս են համոզելու՝ մենք կարող ենք, մենք ի վիճակի ենք՝ որպես պետություն եւ ժողովուրդ, տե՛ր կանգնել մեր ճակատագրին, եւ սրա համար ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ ու յուրաքանչյուրիդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ։

    Վաշինգտոնի Խաղաղության գագաթնաժողովի կարեւորագույն արդյունքներից է «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարեկեցության» (TRIPP) նախագիծը, որը ոչ միայն Հայաստանի ապաշրջափակմանը վերջ է դնելու շատ մոտ ապագայում, ոչ միայն դառնալու է Հայաստանի ու տարածաշրջանի տնտեսության առանցքը, այլեւ օգնելու է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրար սկսեն ընկալել ոչ թե որպես խոչընդոտ, այլ որպես ճանապարհ, որպես դրացի։ Առաջիկայում մենք կսկսենք TRIPP նախագծի գործնական իրականացումն ու սա դառնալու է տարածաշրջանային ու միջազգային մեծ իրադարձություն։

    Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

    Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտության էջը փակված է, խաղաղությունը հաստատված է, եւ այն ահա ձեր աչքի առջեւ է, ձեր կյանքն է ու առօրյան։ Որեւէ խաղաղություն հաստատելը հեշտ չէ, հեշտ չի եղել նաեւ մեր խաղաղության հաստատումը։ Բայց ցանկացած խաղաղությունը փլուզելն ու ի չիք դարձնելը չափազանց հեշտ է, եւ դա կարելի է անել շատ արագ, ու հարց է` այդ պարագայում կհաջողվի արդյոք 35 տարի անց նորից հաստատել խաղաղություն։

    Այսօր շատերը՝ ոմանք նպատակադրված, ոմանք էլ ակամա, գործում են խաղաղությունը փլուզելու տրամաբանությամբ, եւ այս գործունեությունը երբեմն քողարկվում է բարեհունչ կամ «հայրենասիրական» ծխածածկույթի ներքո։ Ուզում եմ ասել առանց սեթեւեթանքի՝ խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտություն է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» եւ «Ադրբեջանից հայ փախստականների վերադարձի» իրավունքի մասին, իսկ Ադրբեջանում «Արեւմտյան Ադրբեջանի եւ արեւմտաադրբեջանցիների վերադարձի» իրավունքի մասին խոսույթները չշարունակելը։
    Սա հարց է, որը թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում հասցեագրելու անհրաժեշտություն կա՝ հանուն մեր սերունդների խաղաղ համակեցության իրավունքի։ Սա է այն իրավունքը, որ մենք այսօր պետք է առարկայացնենք եւ հետապնդենք, եւ պետք է կարողանանք հաղթահարել սրան հակասող որեւէ խոսույթ։

    Ես նախագահ Թրամփին շնորհակալություն եմ հայտնում այս խաղաղության հաստատման գործում իր ներդրած անուրանալի ջանքի համար։

    Հայաստանի ժողովրդին շնորհավորում եմ օգոստոսի 8-ի առիթով։

    Ադրբեջանի ժողովրդին շնորհավորում եմ օգոստոսի 8-ի առիթով։

    Վերջապես ունենք մի օր, որ խաղաղեցնում եւ ոչ թե բորբոքում է մեզ։

    Եւ թող խաղաղությամբ ննջեն հակամարտության բոլոր զոհերը։ Այլեւս երբեք։

    Կեցցե՛ խաղաղությունը»։

  • Աղվան Վարդանյանը մեկուսացած է խմբակցությունից․ «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը փաստացի հայտնվել է խմբակցության ներսում մեկուսացված վիճակում։

    «Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ-ում նկատեց, որ խմբակցության անդամների և Աղվան Վարդանյանի միջև գրեթե շփում չկա։ Թեև ձևական ողջույններ լինում են, սակայն որևէ ջերմ կամ աշխատանքային ակտիվ հարաբերություն չի նկատվում։

    Միայն Ագնեսա Խամոյանի հետ երբեմն կարելի է տեսնել Վարդանյանին՝ ԱԺ սրճարանում՝ միասին սուրճ խմելիս։

    Խնդրի պատճառը, ինչպես փոխանցում են խմբակցության ներսից, Աղվան Վարդանյանի ավելի վաղ արած հայտարարությունն է, ըստ որի՝ եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, ապա ինքը վայր կդնի իր պատգամավորական մանդատը։

    Խմբակցության գրեթե բոլոր անդամները, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում էլ, պնդում են, որ Աղվան Վարդանյանը կարող էր պահել իր խոստումը և հրաժարվել մանդատից։ Այդ դեպքում խորհրդարան կմտներ Գառնիկ Դանիելյանը, որը ավելի ակտիվ և արդյունավետ խորհրդարանական աշխատանք էր կատարում նախորդ ԱԺ-ում։

    Լարվածությունն ավելի է խորացրել խմբակցությունում նաև մեկ այլ պատճառով։ Երբ Աղվան Վարդանյանը խոսում էր մանդատը վայր չդնելու հնարավորության մասին, նշել էր, որ այդ ճանապարհին լինելու է Իշխան Սաղաթելյանի և Նարեկ Կարապետյանի կողքին։ Սակայն վերջին օրերին, երբ իշխանական շրջանակներից խիստ քննադատության թիրախ են դարձել Նարեկ Կարապետյանն ու Իշխան Սաղաթելյանը, Աղվան Վարդանյանի կողմից որևէ հրապարակային աջակցություն կամ ակտիվ պաշտպանություն չի նկատվում։

    Այս պահին ակնհայտ է, որ եթե պատգամավորի մանդատի հարցը շարունակվի մնալ օրակարգում, «Հայաստան» խմբակցության ներսում առկա լարվածությունը ոչ թե կմարի, այլ կարող է նոր զարգացումներ ստանալ»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: