Քարթինգի Հայաստանի ազգային թիմը մեկնում է Հունաստան. առանց մրցուղիների` դեպի մեծ հաղթանակներ

Written by

in

Օրերս անցկացված «Համահայկական քարթինգի առաջնություն 2026»-ն ամփոփվեց տպավորիչ եզրափակչով․ սեպտեմբերին հայ արշավորդները մասնակցելու են Հունաստանի 8-ժամյա միջազգային մրցարշավին։

Շարժիչների անդադար որոտ, վայրկյանների կռիվ շրջադարձերում, լեփ-լեցուն տրիբունաներ և գերլարված էմոցիաներ․ Երևանում կայացավ «Համահայկական քարթինգի առաջնություն 2026»-ը։ Երեք օր շարունակ Հայաստանի տարբեր անկյուններից հավաքված 48 արշավորդներ պայքարում էին լավագույնի տիտղոսի համար, բայց միայն 12-ին հաջողվեց նվաճել եզրափակչի ուղեգիր։

Օգոստոսի 2-ին կայացած եզրափակչում չեմպիոնի տիտղոսը նվաճեց Արա Եգանյանը, երկրորդ տեղը զբաղեցրեց Ալեքսեյ Լիսյուտենկոն, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Արմենակ Հայրապետյանը։ Այս մարզիկները կձևավորեն Հայաստանի ազգային թիմը, որն ընթացիկ տարվա սեպտեմբերին հայկական դրոշի ներքո կմեկնի Սալոնիկ (Հունաստան)՝ մասնակցելու 8-ժամյա միջազգային դիմացկունության մրցարշավին։

 

Քարթինգում, որտեղ մեքենաները չունեն ղեկի հիդրավլիկա կամ փափկացնող համակարգեր, յուրաքանչյուր շրջան վարելը պահանջում էր ֆիզիկական հսկայական ուժ, ուշադրության առավելագույն կենտրոնացում և երկաթյա կամք։ Մրցաշարի ընթացքում հատուկ ուշադրության արժանացավ 14-ամյա Սամվել Համբարձումյանը։ Չնայած իր երիտասարդ տարիքին՝ նա հանդես եկավ որպես մասնակիցներից մեկի մենեջեր՝ ցուցադրելով միջազգային մրցարշավներում կուտակած իր լուրջ փորձն ու մասնագիտական պատրաստվածությունը և դառնալով ոգեշնչող օրինակ իր տարեկիցների համար։

Չնայած գրանցված հաջողություններին՝ մարզիկներն ու ոլորտի ներկայացուցիչները փաստում են, որ Հայաստանում կա պրոֆեսիոնալ, բացօթյա և մեծ չափսերի մրցուղիների ու մասնագիտացված ենթակառուցվածքների սուր կարիք։

«Համապատասխան վայր չկա վարելու, դրա համար ստիպված մեր թիմով մի քանի անգամ գնում ենք Վրաստան կամ Ռուսաստան՝ մասնակցելու այնտեղի առաջնություններին,- նշում է ավտոարշավորդ Աշոտ Առուշանյանը,- բայց հույս ունենք, որ այս տեմպերով Հայաստանում ավելի ու ավելի կսիրեն ավտոսպորտը»։

 

Առաջնության կազմակերպիչներն ու ոլորտի մասնագետները փաստում են, որ պրոֆեսիոնալ մրցուղիների առկայությունը Հայաստանը կարող է վերածել Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի ավտոսպորտային կենտրոնի։ Միջազգային մրցաշարերի անցկացումը դեպի Հայաստան կգրավի արտասահմանյան թիմեր, պրոֆեսիոնալ արշավորդներ, մեխանիկներ և հազարավոր երկրպագուներ։

Քարթինգի հեղինակավոր SH Racing ակումբի համահիմնադիր Սիրական Համբարձումյանը` խոսելով սպորտաձևի զարգացման հեռանկարների մասին, ասաց. «Հայաստանում ավտոմրցուղի կառուցվելու դեպքում մենք կունենանք մեծ հնարավորություններ պարապելու համար։ Բացի այդ, բոլոր այդ մրցաշարերը, որոնք անցկացվում են արտասահմանում, որին որ հիմա մեր երեխաները գնում են, մասնակցում են, ներգրավում են շատ մեծ քանակությամբ մարդկանց։ Այսպիսի մրցարշավները զբոսաշրջության զարգացման շատ մեծ խթան են։ Այս սպորտաձևում մեծ գումարներ են ներդրվում։ Պատկերացնենք, որ այդ ամբողջ գումարները Գերմանիա գնալու փոխարեն կարող են գալ Հայաստան։ Շատ մեծ ներդրումներ են սպասվում Հայաստանին, եթե այս սպորտաձևը զարգանա»։

Իսկ միջազգային մրցարշավներին Հայաստանի ազգային թիմի մասնակցությունը և տեղական առաջնությունների լուսաբանումը բարձրացնում են երկրի ճանաչելիությունը որպես ակտիվ, ժամանակակից և սպորտային տուրիզմ առաջարկող ուղղություն։

Միջոցառման շրջանակում հավաքվել էին ավտոսպորտի տարբեր ձևերի ներկայացուցիչներ, որոնց միջև ծավալվեց ոլորտային հետաքրքիր քննարկում։ Հայաստանի ավտոմոբիլային սպորտի ֆեդերացիայի (FAA) տեխնիկական գծով տնօրեն Տիգրան Մկրտչյանը ներկայացրեց հայկական արտադրության սպորտային մեքենան՝ քրոսքարը (Crosscar)։ «Մոտակա վեց ամսվա ընթացքում կունենանք ևս վեց-յոթ նմանատիպ մեքենա, ինչով էլ կարող է տրվել Հայաստանում քրոսքարերի չեմպիոնատի մեկնարկը, և մեր երկիրը կունենա ավտոսպորտի ևս մեկ ձև։ Մեքենան ստացել է Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի (FIA) լիարժեք հավանությունը։ Աշխարհում կա ընդամենը քառասուն արտադրող, որոնցից միայն տասն են հոմոլոգացված` FIA-ի կողմից ճանաչված որպես սպորտային տեխնիկայի արտադրող, և տասնմեկերորդը Հայաստանն է»։

Մրցաշարն ուներ նաև կարևոր սոցիալական ուղերձ․ երիտասարդության շրջանում արագության, ռիսկի ու ադրենալինի ձգտումը քաղաքային վտանգավոր փողոցներից տեղափոխել դեպի վերահսկելի, անվտանգ ու պրոֆեսիոնալ մրցուղի։ Ավտոսպորտը փողոցում արագ քշելը չէ, այլ կարգապահությունը, տեխնիկան ու անվտանգությունը։

Քարթինգը պրոֆեսիոնալ ավտոսպորտի առաջին ու ամենակարևոր դպրոցն է։ Այն մրցարշավ է հատուկ նախագծված փոքր, բայց բավականին արագ մեքենաներով՝ մասնագիտացված մրցուղիներում։ Այն հիմնադրվել է 1956 թվականին ԱՄՆ-ում և այսօր քարթինգն աշխարհի ամենամասսայական ավտոսպորտաձևն է, որով զբաղվում են ավելի քան 120 երկրներում։ Այն պաշտոնապես ճանաչված է որպես պրոֆեսիոնալ ավտոարշավորդ դառնալու պարտադիր առաջին աստիճանը․ Ֆորմուլա 1-ի չեմպիոնների 99%-ը (ներառյալ Միխայել Շումախերը, Լուիս Հեմիլթոնն ու Մաքս Ֆերսթապենը) իրենց կարիերան սկսել են հենց քարթինգից։ 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *