Category: TIV 1

  • ԿՀՎ-ն և «Մոսադը» որոնում են Իրանի նոր գերագույն առաջնորդին

    Ամերիկյան և իսրայելական հատուկ ծառայությունները փորձում են պարզել Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի գտնվելու վայրը։ The Times-ի տվյալներով՝ նա լիովին անհետացել է հանրային տիրույթից հոր՝ Ալի Խամենեիի մահից հետո։

    ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ նոր առաջնորդը խուսափում է ցանկացած էլեկտրոնային սարքից․ պնդում են, որ արդեն ավելի քան 150 օր նա չի օգտվել հեռախոսից և չի բացել նոթբուքը՝ հավանաբար գտնվելով պաշտպանված բունկերում, մինչդեռ նրա հաղորդագրությունները կարող են փոխանցվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչների միջոցով։ Ըստ որոշ տվյալների՝ փետրվարի 28-ի ավիահարվածի հետևանքով նա դեմքի վնասվածք է ստացել։

    Իսրայելական «Մոսադը», ըստ ծառայության բաժանմունքի նախկին ղեկավար Ռամի Իգրայի, փորձում է օգտագործել Իրանի ներսում գործող գործակալական ցանցը՝ հետևելու հաղորդակցության այլ ուղիներին, ինչպիսիք են առաքիչների միջոցով փոխանցվող գրառումները։

    Միևնույն ժամանակ փորձագետները կարծում են, որ Խամենեիի անհետացումը կարող է ձեռնտու լինել ԻՀՊԿ-ին, քանի որ ճգնաժամային պայմաններում հանրային առաջնորդի բացակայությունը թույլ է տալիս ԻՀՊԿ-ի սահմանափակ շրջանակին ավելի մեծ ազդեցություն ստանալ և որոշումներ կայացնել նրա անունից։

  • Չանե՞նք բարեգործություն, իրա պես մարդ բռնել տա՞նք ամբողջ օրը. Նարեկ Կարապետյան

    «Երեկ բարեգործությունից էր իչ-որ բաներ խոսում, ի՞նչ անենք, չանե՞նք բարեգործություն, իրա պես մարդ բռնել տա՞նք ամբողջ օրը, երեխաներին առանց հեր մի քանի ամիս թողնե՞նք, հա՞, որ ինքը ասի՝ դա լավ ա»,-իր տանը խուզարկությունների ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» ընտրական դաշինքի ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրված Նարեկ Կարապետյանը։

    Նրա խոսքով, իրենք պետք է Փաշինյանի պես նստե՞ին «Հայկական ժամանակ»-ի գրասենյակում ու բոլորի մասին բաներ գրեի՞ն, թե՞ ինչ-որ քայլեր անեին։

    «Մարդ բռնե՞լ տանք, ի՞նչ է իր ուզածը։ Ասում է՝ մի տեղ գնացի, դարպասները վատն էին։ «Հայկական ժամանակ»-ի դարպասները տեսե՞լ եք, թող գնա «Հայկական ժամանակ»-ի դարպասներով զբաղվի։ Էն ինչ-որ իրանը չի, իրանը չի, իմն էլ չի։ Այն, ինչ ուզում է  սեփականացնի, ոչ իրանն է, ոչ պետությանը, ինչո՞ւ է սեփականազրկում մարդուն, այս ամբողջ պրոցեսի մեջ ուզո՞ւմ է՝ իր պես լինենք»,-ասաց Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով «Արարատցեմենտ»-ի ու դրա դարպասների վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններով ու գործողություններին։

    Ի՞նչ վերաբերում է ՀԷՑ-ի կողմից հավելագրումների վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններին, ապա Նարեկ Կարապետյանն ասաց, հավելագրումների ու թերգրանցումների խնդրին իրենք ծանոթ են եղել, դրանից ՀԷՑ-ը որևէ օգուտ չի ունեցել, քանի որ մեկից հավելագրում են կատարել, մյուսի օգտին թրգրանցումէ  եղել։ Այդ հարցով ծառայողական բազմաթիվ քննություններ են նշանակվել։

    «Հավելագրումների խնդրի լուծումը սմարթ հաշվիչներ են։ Այսօր էլ շատ հավելագրումներ կան, ուրեմն իր իմացությա՞մբ են հավելագրումներն արվում, եթե իր իմացությամբ է, ուրեմն գնում է այդ գումարն իր տո՞ւն»,-ասաց Նարեկ Կարապետյանը՝ արձագանքելով հարցին, արդյոք հավելագրված գումարները չեն մնացել ՀԷՑ-ին։

    Կարապետյանը նշեց, այսօր արդեն 700 հազար սպառող սմարթ հաշվիչների հիման վրա է վճարում իրականացնում, ինչի արդյունքում կորուստները նվազել են։

  • Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր

    Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Ամասիա համայնքին է վերադարձվել համայնքային սեփականություն հանդիսացող 5,03766 հա մակերեսով արոտավայր:

    Մասնավորապես՝ Շիրակի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում, ուսումնասիրելով Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով ձեռք բերված ապացույցները, համաձայն որոնց՝ Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջ.Հ.-ն, խախտելով Հողային օրենսգրքի պահանջները, 2020 թվականի հոկտեմբերի 20-ին Ամասիա համայնքի Բանդիվան բնակավայրում գտնվող՝ 5,03766 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրն օտարել է ֆիզիկական անձի, միջնորդագիր է հասցեագրել Ամասիա համայնքի ղեկավարին՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել նշված հողատարածքն Ամասիա համայնքին վերադարձնելու և դրա ապօրինի տիրապետումը դադարեցնելու ուղղությամբ:

    Միջնորդագրի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում, 2026 թվականի հուլիսի 30-ին Բանդիվան բնակավայրի 5,03766 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրի նկատմամբ Կադաստրի կոմիտեում գրանցվել է Ամասիա համայնքի սեփականության իրավունքը։

  • Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան

    ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ առավոտյան ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի՝ արդեն նախկին նախագահ Նարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ և նշել, որ մանրամասներին կանդրադառնա առաջիկա օրերին՝ առանձին հարցազրույցի ձևաչափով։ 

    «Այս պահին միայն կներկայացնեմ դրանցից նշանակալի երկուսը՝ ի հակադարձումն.

    ՈՒԺԵՂ ՍՈՒՏ 1. Նա պնդում է, որ այժմ էլ ՀԷՑ-ում իբր կան հավելագրումներ, և իրենք իրենց շրջանում 6 ամսվա ընթացքում 40-50 անձի ազատումներ են արել, 30 հոգու դեպքում՝ ծառայողական քննություն, ու ոչ մի խոսք՝ որևէ քրեաիրավական գնահատականի մասին։

    ՓԱՍՏ 1. Ժամանակավոր կառավարման շուրջ մեկ տարվա ընթացքում ՀԷՑ-ում աշխատանքից ազատումների ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 1150 անձ, որից տարաբնույթ խախտումների հետևանքով (մեծ մասամբ՝ հավելագրումների/թերգրանցումների) աշխատանքից ազատվել են շուրջ 700 աշխատակիցներ։

    Բացահայտված իրավախախտումների փաստերով նախաձեռնվել են շուրջ 30 քրեական վարույթներ. կան բազմաթիվ ձերբակալվածներ ու կալանքի որոշումներ։

    ՈՒԺԵՂ ՍՈՒՏ 2. Նա պնդում է, որ իրենց շրջանում հավելագրումներն արվել են առանց ՀԷՑ-ի սեփականատերերի (իմա՝ նաև բարձր ղեկավարության) իմացության, և բացատրում է իբր. «մեկից թերգրանցել են, մյուսին՝ հավելագրել են. ՀԷՑ-ը դրանից ոչ մի օգուտ չի ունեցել…»։

    ՓԱՍՏ 2. Հավելագրումներն ու թերգրանցումները, որպես կանոն, արվել են՝ արհեստականորեն նվազեցնելու ցանցում առկա էլէներգիայի կորուստների թիվը, ինչը զգալի աճել էր զարտուղի միացումների (գողանալու) և ստվերային վաճառքների արդյունքում. այսինքն՝ ուրիշի սպառած էլէներգիայի դիմաց վճարել է մեկ այլ քաղաքացի, պետական ու համայնքային հիմնարկ, բիզնես միավոր։

    Իսկ թերգրանցումներն արվել են հիմնականում ինքնավար էներգաարտադրողների (արևային կայաններ) արտադրած և ցանց հետ մղած էլէներգիայի քանակների վրա, որպեսզի ՀԷՑ-ը դրա դիմաց չվճարի քաղաքացուն և այդ արտադրանքով բալանսավորի «գողացված» ծավալները։

    Ելնելով վերոգրյալից՝ կարող ենք պնդել, որ բոլոր այդ մեքենայությունների (նույնն է՝ խարդախությունների) արդյունքում գոյացած էլէներգիայի ահռելի քանակների մոնետիզացիան «լավագույն» դեպքում մնացել է ՀԷՑ-ի հաշիվներին, վատագույն դեպքում՝ ուղղակիորեն մտել է տարբեր հանցավոր շրջանակների գրպանները (բնականաբար՝ ոչ պատահական անձանց)։

    Ըստ այդմ. հռետորական հարց՝ այդ ինչպե՞ս ստացվեց, որ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման առաջին իսկ շաբաթներին մեզ հայտնի դարձան տասնյակ և ավելի հավելագրման և թերգրանցումների փաստեր, որոնց անմիջապես հետևեցին ազատումներ, քրեական վարույթներ և ձերբակալություններ, իսկ իրենք՝ սեփականատերերը, շուրջ 10 տարվա կառավարման շրջանում անտեղյակ ու անհաղորդ էին այդ արգահատելի և հանցավոր մեխանիզմներից…

    Ստորև՝ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման ընթացքում բացահայտված շուրջ երկու տասնյակ «ամենախոսուն» հավելագրման փաստերն են, որոնցով քրեական վարույթներ են նախաձեռնված, և կան կալանավորվածներ.

    1. ՀՀ ՊՆ թիվ N զորամաս,

    2. ՀՀ ԱԱԾ Զինվորական պարետատուն,

    3. ՀՀ ԱԱԾ X քաղաքային բաժանմունքի շենք,

    4. ՀՀ-ում ՌԴ ԴԱԾ վարչության N զորամաս,

    5. «Եղեգնաձորի պոլիկլինիկա» ՓԲԸ,

    6. «Եղեգնաձորի փողոցային լուսավորություն» ՀՈԱԿ,

    7. «Մասիսի փողոցային լուսավորություն» ՀՈԱԿ,

    8. «Արմավիր» ՋՕԸ,

    9. «Արտաշատ» ՋՕԸ,

    10. «Շիրակ» ՋՕԸ,

    11. Ղազանչիի պոմպակայան,

    12. Թեղենիքի գյուղապետարան,

    13. Հալիձորի գյուղապետարան,

    14. «Խոյի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ,

    15. Սևանի համայնքապետարան,

    16. Եղեգիսի համայնքապետարան,

    17. Եղեգնաձորի համայնքապետարան,

    18. Վարդաձորի մշակույթի տուն,

    19. Շամբի միջնակարգ դպրոց,

    20. Գանձակի մանկապարտեզ,

    21. Վարդաշենի միջնակարգ դպրոց,

    22. Ապարանի թիվ 2 հիմնական դպրոց…

    Հ.Գ. Ահա այսպիսի ՈՒԺԵՂ կառավարում»,- գրել է Ռոմանոս Պետրոսյանը:

  • Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը

    Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը հուլիսի 14-ին Երևանի քաղաքացիական դատարան հայց էր ներկայացրել ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նա տեղեկացրել է, որ դատարանը վարույթ է ընդունել հայցը։

    «Սիրելի՛ հայրենակիցներ,

    Ինչպես նախկինում տեղեկացրել էի, հայց էի ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի՝ նրա՝ սույն թվականի հունիսի 11-ին արած հայտարարության վերաբերյալ։ Նա հայտարարել էր, որ ընդդիմության բոլոր ընտրողները, առանց բացառության, ընտրել են ընտրակաշառքով, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստացած ձայներն օրգանիկ են։

    Դատարանը վարույթ է ընդունել հայցը, և այսօր ստացա համապատասխան որոշումը։

    Շարունակելի…»։

  • Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա

     կառավարության կողմից հաստատվել է «Հայաստանի Հանրապետության տարածք ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2002 90 ծածկագրին դասվող ապրանքատեսակների ներմուծման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը /30.07.2026, N 1098-Ն/։ Որոշման ընդունումը պայմանավորված է տոմատի մածուկ ներմուծող և տեղական հումքով տոմատի մածուկ արտադրող տնտեսավարողների համար հավասար մրցակցային պայմաններ ապահովելու, ինչպես նաև լոլիկի մթերման գործընթացը կանոնակարգելու անհրաժեշտությամբ:

    Տոմատի մածուկի շուկայում ստեղծված իրավիճակը, որը պայմանավորված է ներմուծվող արտադրանքի զգալի ծավալներով և տեղական արտադրության իրացման և արտահանման դժվարություններով, հանգեցրել է լոլիկի մթերման պահանջարկի նվազմանը և շուկայի անհավասարակշռությանը՝ բացասաբար անդրադառնալով գյուղատնտեսական արտադրողների գործունեության վրա և ստեղծելով ֆորս-մաժորային իրավիճակ։ Որոշմամբ ս․թ․ օգոստոսի 3-ից 6 ամիս ժամկետով արգելք կսահմանվի Հայաստանի Հանրապետության տարածք (այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության երկրներից տեղափոխման) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2002 90 ծածկագրին դասվող (տոմատի մածուկ) ապրանքատեսակների ներմուծման վրա։

  • ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ

    Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Աղայան փողոցի 7-րդ շենքի 51,9 քմ ընդհանուր մակերեսով թիվ 97 նկուղային տարածքի և 0,08 հա մակերեսով հողամասի նկատմամբ:

    Այս մասին սոցցանցերի իր էջերում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ տարածքի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 21 միլիոն 690 հազար դրամ է:

  • Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը

    Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլա տենդով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 3,5 հազարը:

    «Գրանցվել է (վարակման) 3532 հաստատված դեպք, այդ թվում՝ 807 հիվանդ, որոնք մեկուսացման կամ հոսպիտալացման ռեժիմում են, 626 մարդ ապաքինվել է, իսկ 1556-ը՝ մահացել։

    Մահացության մակարդակը կազմում է 44,1%»,-ասվում է երկրի կապի և լրատվամիջոցների նախարարության՝ X սոցիալական ցանցում զետեղված ամփոփագրում։

    Մայիսի 17-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Կոնգոյում և Ուգանդայում Էբոլայի բռնկման հետ կապված իրադրությունը ճանաչել է որպես արտակարգ և մյուս երկրների համար սպառնալիք ներկայացնող։ ԱՀԿ-ն վիրուսի տարածման տարածաշրջանային ռիսկը գնահատում է բարձր։

  • ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP

    ԱՄՆ իշխանություններն ու վերջիններիս նախաձեռնությամբ ստեղծված «Խաղաղության խորհրդի» ներկայացուցիչները կարծում են, որ պաղեստինյան ծայրահեղական «ՀԱՄԱՍ» շարժմանը ենթակա ոստիկանական ուժերը առաջիկա երկու շաբաթվա ընթացքում սկսելու են զենք հանձնել Գազայի ժամանակավոր իշխանություններին։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է Associated Press (AP) գործակալությունը։

    Ամերիկյան ղեկավարությունը լավատեսորեն է տրամադրված Գազայի խաղաղ կարգավորման համաձայնագրի երկրորդ փուլի շուտափույթ իրականացման հարցում։ Այնուամենայնիվ, խոսքը դեռևս վերաբերում է միայն «ՀԱՄԱՍ»-ի վերահսկողության տակ գտնվող ոստիկանական ստորաբաժանումներին։ «ՀԱՄԱՍ»-ի հիմնական զինված ուժերի զինաթափման, այդ թվում՝ ծանր սպառազինության հանձնման ժամկետները դեռևս անհայտ են։ ԱՄՆ իշխանությունների և «Խաղաղության խորհրդի» որոշ ներկայացուցիչների գնահատմամբ՝ այդ գործընթացը կարող է ձգվել 200-ից 350 օր։

    Ինչպես հինգշաբթի օրը հայտնել է Axios պորտալը, Վաշինգտոնում կարծում են, որ «ՀԱՄԱՍ» շարժման զինաթափումը կսկսվի առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում։ Ձեռք բերված փոխհամաձայնության համաձայն՝ «ՀԱՄԱՍ»-ն ու Իսրայելը մոտ 7-8 ամսվա ընթացքում պետք է փոխադարձության սկզբունքով մի շարք քայլեր ձեռնարկեն, որոնց իրականացումը կհաստատվի անկախ կողմի կողմից։ Հրապարակման համաձայն՝ նախատեսվում է նաև հիմնովին ոչնչացնել «ՀԱՄԱՍ»-ի ջոկատների կողմից օգտագործվող թունելներն ու զենքի արտադրամասերը։

    Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնի նախաձեռնությամբ ստեղծված Խաղաղության խորհուրդը պայմանավորվել է Գազայում ՀԱՄԱՍ-ի և այլ զինված խմբավորումների լիակատար զինաթափման շուրջ։ ԱՄՆ նախագահը նաև հայտարարել էր, որ դրանից հետո իսրայելական ստորաբաժանումները դուրս կբերվեն Գազայից:

  • Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի

    Ռուսաստանը լայնածավալ պատերազմի սկսվելուց ի վեր կորցրել է շուրջ 700 հազար զինծառայող։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

    «Նրանց կորուստները ընդհանուր առմամբ կազմում են 1 միլիոն 600 հազար մարդ (զոհվածներ, վիրավորներ, անհետ կորածներ – խմբ․), որտեղ զոհվածների թիվը 700 հազար է»,- ասել է Զելենսկին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա գիտի Ռուսաստանի զինված ուժերի մոտավոր կորուստները։

    Այնուհետև լրագրողը հարցրել է՝ արդյոք նա կարող է նշել Ուկրաինայի պաշտպանության ուժերի կորուստների թիվը։ «Անկեղծ ասած, ես չեմ ցանկանում այս հարցում չափազանց բաց լինել, քանի որ ռուսները կհասկանան, թե ինչ է տեղի ունենում մեր բանակում։ Մենք ունենք շուրջ 50 հազար զոհված զինծառայող, ինչպես նաև մոտ 400 հազար վիրավոր»,- ասել է Ուկրաինայի առաջնորդը։ Նա նաև նշել է, որ կան մեծ թվով անհետ կորածներ: