Category: TIV 1

  • Կարևորվել է ՀՀ-ի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը

    Seaside Startup Summit Armenia 2026-ի շրջանակում հուլիսի 30-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հանդիպել է Չեռնոգորիայի կրթության, գիտության և նորարարության նախարար Անջելա Յակշիչ Ստոյանովիչի գլխավորած պատվիրակությանը։

    Հանդիպման ընթացքում Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը, իրականացվող բարեփոխումները, ստարտափ և նորարարական էկոհամակարգի զարգացման նախաձեռնությունները, ինչպես նաև միջազգային համագործակցության ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքները։

    Անջելա Յակշիչ Ստոյանովիչն անդրադարձել է Չեռնոգորիայում բարձր տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող պետական քաղաքականության առաջնահերթություններին, ոլորտի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին և արձանագրված ձեռքբերումներին։ Նա խոսել է բարձր տեխնոլոգիական և ստարտափ էկոհամակարգերի զարգացման, թվային ենթակառուցվածքների կատարելագործման, ինչպես նաև կրթական համակարգում թվային տեխնոլոգիաների և թվային հմտությունների զարգացմանն ուղղված ծրագրերի մասին։

    Կողմերը քննարկել են Seaside Startup Summit-ի ձևաչափը հետագայում Չեռնոգորիայում կազմակերպելու հնարավորությունը, ինչպես նաև համատեղ միջոցառումների իրականացման հեռանկարները՝ նպատակ ունենալով ընդլայնել երկկողմ համագործակցությունը, խթանել փորձի փոխանակումը և բարձրացնել երկու երկրների միջազգային ճանաչելիությունը տեխնոլոգիական ոլորտում։

    Կարևորվել է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը՝ անդրադառնալով մասնավորապես ստարտափ էկոհամակարգի զարգացման, կիբեռանվտանգության, արհեստական բանականության, կրթական և նորարարական ծրագրերի իրականացման հնարավորություններին։ Քննարկվել են նաև Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցության հեռանկարները։

    Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հետագա զարգացմանն ուղղված այլ նախաձեռնություններ։ Պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել երկխոսությունը, կազմակերպել փոխադարձ այցեր և ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման և երկկողմ համագործակցության ընդլայնման ուղղությամբ։

  • Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվել

    Հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվել։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վրաստանում ՀՀ դեսպանությունից, հուլիսի 27-ին, 29-ին և 30-ին վրացական շուկա են մուտք գործել հայկական գյուղմթերքով բեռնված առաջին խմբաքանակները։

    Դեսպանությունից հայտնել են, որ նախատեսվում է առաջիկայում ավելացնել մատակարարումների ծավալները։

    Հաջողությամբ ավարտվել են նաև հայկական ձկնարտադրանքը վրացական շուկայում իրացնելու շուրջ բանակցությունները։ Արդյունքում հայկական բարձրորակ ձկնարտադրանքը ևս հասանելի կլինի Վրաստանի սպառողներին։

    Վրաստանում ՀՀ դեսպանությունը շարունակելու է աշխատանքները՝ ուղղված հայ-վրացական առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը և հայաստանյան արտադրողների համար վրացական շուկայում նոր հնարավորությունների ստեղծմանը:

  • Խաղաղության խորհուրդը պատմական համաձայնության է հասել. Թրամփ

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կահիրեում միջնորդների և ՀԱՄԱՍ-ի առաջնորդների միջև ընթացող բանակցությունները հանգեցրել են Գազայի զինաթափման մասին փուլային համաձայնագրի։ Միաժամանակ, սակայն ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը գործարքն անվանել է նախագիծ։

    «Այսօր Խաղաղության խորհուրդը պատմական համաձայնության է հասել ՀԱՄԱՍ-ի և Գազայի բոլոր մյուս զինված խմբավորումների ամբողջական զինաթափման շուրջ»,- հայտնել է Թրամփը սոցիալական ցանցերում արված հրապարակման մեջ՝ հավելելով, որ զինաթափումը տեղի կունենա փուլ առ փուլ: «Սա մոնումենտալ քայլ է դեպի տևական խաղաղություն և անվտանգություն»:

    Թրամփը հայտարարել է, որ համաձայնագիրը կարևոր քայլ է այն բանի համար, որպեսզի Գազան կառավարվի պաղեստինյան նոր կառավարության կողմից, որը սերտորեն կհամագործակցի այսպես կոչված Խաղաղության խորհրդի հետ: «Միևնույն ժամանակ, Իսրայելը կստանա այն անվտանգությունը, որին արժանի է, քանի որ Գազան այլևս չի օգտագործվի որպես բազա՝ ահաբեկչական հարձակումների համար»,- հավելել է նա:

    Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատունը անմիջապես չի պատասխանել Թրամփի հայտարարության վերաբերյալ մեկնաբանության հարցմանը:

    ՀԱՄԱՍ-ի աղբյուրը «Reuters» գործակալությանը հայտնել է, որ «համաձայնագրի նախագծում» ամրագրված է, որ ծանր սպառազինությունը պահվելու և գտնվելու է բացառապես Պաղեստինյան վարչակազմի վերահսկողության տակ, և այդ զենքը չի կարող փոխանցվել Իսրայելին:

  • Վարչապետն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրառատ բնակավայրում գործող «Սասունցի Դավիթ» ընկերության ձկնաբուծարան:

    Վարչապետը ծանոթացել է ձկնաբուծարանի գործունեությանը: Տեղեկացվել է, որ այն զբաղվում է թառափազգի ձկնատեսակի բուծմամբ և սև խավիարի արտադրությամբ։

    Նշվել է, որ ընկերությունը համագործակցում է «Caviar Petrossian» աշխարհահռչակ գործարանի հետ և իրացման ու արտահանման խնդիրներ ներկայումս չունի: Տնտեսությունում ներդրված է ջրախնայող համակարգ և HACCP որակի համակարգ։

    Այցի ընթացքում անդրադարձ է կատարվել ձկնաբուծության ոլորտի հեռանկարներին: Վարչապետը կարևորել է Կառավարության աջակցությամբ ոլորտում ժամանակակից ստանդարտների ու տեխնոլոգիաների ներդրումն ու արտադրության որակի բարձրացումը:

  • Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան

    ԻՔՄ ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

    «Շատ հետաքրքիր հասարակություն ենք. ոչ մեկին չի հետաքրքրում, որ «Հայփոստը» միլիարդավոր դրամների մինուսով է աշխատում ու այդ գումարները մեր վճարած հարկերից է գնում։ Բայց բոլորին հետաքրքրում է, որ «Հայփոստի» տնօրենը Հայկ Կոնջորյանի կինն է, որը 3-4 միլիոն աշխատավարձ է ստանում։

    Կներեք, ինձ մեկ է, թե ով է «Հայփոստի» տնօրենը, բայց ես պահանջում եմ բացատրություններ, թե ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա։
    Հարցի հասցեատերը Կառավարությունն է, որը նշանակում է «Հայփոստի» տնօրենին ու որը միլիարդներ է հատկացնում «Հայփոստին»»։

  • Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ

    Իլոն Մասկն ուշադրություն է հրավիրել Եվրամիության երկրներում ժողովրդագրական ճգնաժամի վրա՝ զգուշացնելով Արևմուտքի երկրների բնակչության վերացման վտանգի մասին։

    «ԵՄ 27 երկրից 21-ում մահացությունը գերազանցում է ծնելիությանը։ Նրանք [Արևմուտքի երկրները] վերացման ճանապարհին են»,- գրել է Մասկը X-ի իր էջում։

    Այսպես է Մասկն արձագանքել աշխարհի խոշորագույն տնտեսություններում ծնելիության վերաբերյալ ՄԱԿ-ի վիճակագրությանը (այդ թվում՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ճապոնիայում և Հարավային Կորեայում), որը ցույց է տալիս 1950 թվականից ի վեր ծնելիության գործակցի անշեղ անկում։

  • Ինչո՞ւ է նոր թշնամի ստեղծում մեզ համար, թող պայմանավորվի, չի կարողանում. Նարեկ Կարապետյան

    Վաղ առավոտյան «ուժեղ Հայաստան» ընտրական դաշինքի ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրված Նարեկ Կարապետյանի առանձնատուն ներխուժած ուժաինները խուզարկությունների արդյունքում ինչ-որ բան չեն տարել կամ առգրավել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Նարեկ Կարապետյանը՝ նշելով, որ այլ մանրամասներ հայտնել այդ մասով չի կարող, սահմանափակված է նախաքննական գաղընիքոով։

    ՔԿ-ից հայտնել էին, որ քննչակական գործողություններն իրականացվել են «ուժեղ հայաստան» կուսակցության անդամ, կալանավորված Ալիկ Ալեքսանյանիվարույթի շրջանակում, որը վերաբերում է նյութապես շահագրգռելուն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանը։

    Նարեկ Կարապետյանը պնդեց, այս ամենը պայմանավորված է քաղաքականությամբ զբաղվելու գործոնով, չի բացառում, որ  նոր գումարման ԱԺ առաջին նիստից հետո գլխավոր դատախազը կգա իր հետևից։

    «Բայց մենք պետք է քաղաքականությամբ զբաղվենք, նա սխալ ճանապրհով է տանում երկիր, սրում է հարաբերությունները Ռուսաստանի հետ, հիշո՞ւմ եք երեկվա հայտարարությունները։ Այդպես Ադրբեջանի նախագահի մասին էր խոսում, ի՞նչ ստացանք, ի՞նչ կերանք, երեկ սրում է հարաբերությունները Ադրբեջանից 120 անգամ մեծ երկրի հետ։ Մենք դեռ չենք մարսել այն մի թշնամուն, ինչո՞ւ է նոր թշնամի ստեղծում մեզ համար, թող պայմանավորվի, չի կարողանում պայմանավորվել, անցած անգամ էլ չէր կարողանում պայմանավորվել, ինքը մեր հաշվին է դա անում, ինքն էլի իր թիկնապահներով ման է գալու»,-ասաց Կարապետյանը։

  • Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան

     ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը գրել է․

    «Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը։ Սակայն պայքարն առջևում է։
    Եվ այսօր, հետադարձ հայացք ուղղելով 2021-2026 թթ․ «Հայաստան» խմբակցության՝ իմ և գործընկերներիս անցած ճանապարհին, կարող եմ ասել՝ յուրաքանչյուր վայրկյանը ապրել եմ՝ հավատարիմ մնալով իմ կոչումին ու երդմանը՝

    ԾԱՌԱՅՈՒՄ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ,

    և պայքարել ենք, ինչպես կարող ենք,
    ու դրակա՛ն եմ գնահատում մեր կատարած աշխատանքը և՛ Ազգային ժողովում, և՛ Ազգային ժողովից դուրս․ փողոցային պայքարում՝ Դիմադրության շարժման, Սրբազան շարժման օրերին, մարզային հանդիպումների ընթացքում մեր
    հայրենակիցների հետ բաց հանդիպումների ժամանակ և՛ ոգևորվել ենք՝ նրանց անկեղծ սատարումը, գնահատանքը տեսնելով, և՛ քաջություն ենք ունեցել՝ դեպի մեզ ուղղված քննադատությունը լսելու, իսկ միջազգային ատյաններում արժանապատվորեն ներկայացրել ու պաշտպանել ենք Արցախի և Հայաստանի պետական, ազգային շահերը։

    Մեծ ցավ եմ ապրել՝ տեսնելով մեր սրբություն սրբոց Արցախի հայաթափումն ու հանձնումը. մարտի դաշտում մենք հաղթել էինք մեր ոգու ուժով և կյանքի գնով մեր հերոսների, սակայն «իրականները», խաղաղության կեղծ խոստումներով մոլորեցնելով հանրությանը, պատերազմ ու պարտություն բերեցին և լուռ էին Արցախում իրականացվող ցեղասպանության, ազգային ողբերգության օրերին։
    Մենք անցել ենք անհավանական ճանապարհ, թողել ենք ուրույն հետագիծ, և մեր ծառայության, նվիրումի պատմությունը, վստահ եմ, հետո՛ է արժևորվելու։ Մեր պայքարի ոգին ներշնչել ու համախմբել է ընդդիմադիր դաշտը։
    Ինձ համար պատիվ է եղել ղեկավարել «Հայաստան» խմբակցությունը։

    Շնորհակալ եմ բոլոր գործընկերներիս, և հատկապես «Հայաստան» դաշինքի
    առաջնորդ, Արցախի և Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

    Շնորհակալ եմ Հայ Յեղափոխական Դաշնակցության բոլոր նվիրյալներին։
    Շնորհակալ եմ նոր ուժերին, «Առաջ» կուսակցության անդամներին, որոնք
    համալրել են ինձ հարազատ և թանկ դարձած «Հայաստան» խմբակցության մարտական
    շարքերը։

    Շնորհակալ եմ մեր բոլոր համակիրներին ու աջակիցներին։

    Շնորհակալ եմ այն բոլոր իսկապես մեծանուն հայերին, ովքեր, հետապնդվելով այս

    իշխանության կողմից և ապօրինաբար կալանավորվելով, դառնալով քաղբանտարկյալ, չեն նահանջում իրենց
    ազգանվեր սկզբունքներից և շարունակում են պայքարը՝ հանուն Հայրենիքի, հանուն պատմական արդարության։

    Վաղը «Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողով կգա նոր կազմով՝ շարունակելու իր հայանպաստ առաքելությունը։ Իսկ ես կշարունակեմ լինել
    «Հայաստան» խմբակցության կողքին, դաշինքի կազմում՝ իմ փորձառությամբ, գիտելիքներով, կարողությունների ամբողջ ներուժով զորակցելով նրանց հետագա բարդ
    ծառայության մեջ։

    Ինչպես արդեն նշել եմ, ավարտվել է շրջափուլը, սակայն պայքարը շարունակվում

    է։ Եվ միայն միասին, միայն համախմբվելով կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որ շարունակում է քանդել մեր պետության հիմնասյուները, հարված հասցնում ինքնիշխանությանը, փորձում է ջնջել հայի հազարամյա ազգային ինքնությունը, հարձակվում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։ Իշխանության ղեկից պետք է օր առաջ հեռացնել այն ուժը, որը թեև դատապարտում է անհանդուրժողականությունն ու արատավոր բարքերը, սակայն հենց ի՛նքն է ատելություն սերմանում մեր հասարակության մեջ, և ի՛նքն է գերագույն հայհոյողն ու ստախոսը։
    Հաջողություն եմ մաղթում բոլորիս
    ազգանվեր պայքարի մեջ։ Եվ վստահ եմ՝
    ՄԻԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ»:

  • Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ-հնդկական համագործակցության ընթացքն ու հեռանկարները

    ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հուլիսի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։ Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից:

    Գևորգ Մանթաշյանը բարձր է գնահատել դեսպան Նիլակշի Սահա Սինհայի ներդրումը հայ-հնդկական հարաբերությունների զարգացման գործում՝ մասնավորապես բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության։

    Նախարարի առաջին տեղակալն ընդգծել է, որ համատեղ աշխատանքը մշտապես առանձնացել է արդյունավետությամբ, գործնական արդյունքներով և կոնկրետ ձեռքբերումներով՝ վստահություն հայտնելով, որ ձևավորված համագործակցությունը շարունակական բնույթ կկրի նաև ապագայում։

    Դեսպան Նիլակշի Սահա Սինհան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և պաշտոնավարման ողջ ընթացքում ձևավորված սերտ համագործակցության համար՝ նշելով, որ մեծ պատիվ է եղել դիվանագիտական առաքելություն իրականացնել Հայաստանում։ Նա անդրադարձել է նախարարության հետ համատեղ իրականացված ծրագրերին և ձեռքբերումներին՝ ընդգծելով, որ Հայաստանը մեծ ներուժ ունի բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության ուղղություններում և կարող է կարևոր դեր զբաղեցնել համաշխարհային տեխնոլոգիական քարտեզի վրա։

    Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների մասնավոր հատվածների միջև B2B ձևաչափով կապերի ակտիվացմանը, ինչպես նաև հայկական և հնդկական տեխնոլոգիական ընկերությունների մասնակցությանը Հայաստանում և Հնդկաստանում անցկացվող ոլորտային համաժողովներին և մասնագիտական միջոցառումներին։

    Հանդիպման ավարտին Գևորգ Մանթաշյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել դեսպան Նիլակշի Սահա Սինհային արդյունավետ համագործակցության համար և հաջողություններ մաղթել հետագա դիվանագիտական գործունեության ընթացքում։

  • Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերին

    Հուլիսի 30-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանում Պորտուգալական Հանրապետության նորանշանակ դեսպան Սառա Ֆերոնյա Մարտինսին (նստավայրը՝ Մոսկվա)` հավատարմագրերի պատճենը հանձնելու առիթով: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ-ից։

    Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Մարտինսին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն և հաջողություններ։ Նա նաև վստահություն է հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում Հայաստան-Պորտուգալիա հարաբերությունները կշարունակեն առավել ամրապնդվել՝ նպաստելով փոխշահավետ համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանը։

    Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ՝ կարևորելով առևտրատնտեսական համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը։ Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել նաև հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաներում ներկայության ընդլայնման և նոր հնարավորությունների բացահայտման հեռանկարներին։

    Հանդիպման ընթացքում կողմերը նաև անդրադարձ են կատարել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերին: