Category: TIV 1

  • Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին

    ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, որպես բանախոս, մասնակցել է ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի՝ «Թավիթյան կրթաթոշակային» ծրագրի շրջանավարտների առցանց համաժողովի շրջանակում անցկացված «ԹՐԻՓՓ-ը և Հարավային Կովկասի ապագան. դիվանագիտություն, զարգացում և տարածաշրջանային համագործակցություն» խորագրով պանելային քննարկմանը։

    Քննարկման ընթացքում Վահան Կոստանյանը ներկայացրել է տարածաշրջանում հաստատված խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ Հայաստանի տեսլականը, անդրադարձել Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, դրա կարևոր բաղադրիչ «ԹՐԻՓՓ» նախագծի կյանքի կոչման ուղղությամբ ընթացող աշխատանքներին և տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման համատեքստում դրա նշանակալի դերին։

    Տեղի է ունեցել հարցուպատասխան «Թավիթյան կրթաթոշակային» ծրագրի շրջանավարտների մասնակցությամբ։

    Պանելային քննարկումներին մասնակցել են Ֆլեթչերի դպրոցի դեկան Քելի Սիմս Գալագերը, Թավիթյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, «Թավիթյան կրթաթոշակային» ծրագրի ղեկավար Մոնիկա Թոֆթը, Ֆլեթչերի դպրոցի պրոֆեսոր Թամիրասե Ֆախուրին և պրոֆեսորադասախոսական կազմի այլ ներկայացուցիչներ:

  • Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս չի որոշել՝ արդյոք թույլ կտա Ուկրաինային արտադրել Patriot համակարգերի համար նախատեսված հրթիռներ։ Այս մասին նա ասել է Financial Times-ին տված մեկնաբանությունում՝ կասկածի տակ դնելով Վաշինգթոնի և Կիևի միջև ավելի վաղ հայտարարված պայմանավորվածությունները։ Լրագրողների հետ հեռախոսազրույցում Թրամփը նշել է, որ ինքը «վստահ չէ», թե արդյոք ԱՄՆ-ն Ուկրաինային հրթիռների արտադրության լիցենզիա կտրամադրի, և որ Վաշինգթոնը դեռևս «քննարկում է» այդ հարցը։

    «Սա բացառիկ զենք է, և մենք պետք է մի փոքր ավելի զգույշ լինենք, թե ում ենք տրամադրում լիցենզիաներ։ Մենք ընդհանրապես չենք լիցենզավորում սպառազինությունների արտադրությունը»,- ասել է նա։

    Թրամփի խոսքով՝ այժմ իր ուշադրությունը կենտրոնացած է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մեծ պատերազմի դադարեցման վրա։

    ԱՄՆ նախագահը հավելել է, որ իր հատուկ բանագնացներ Ջարեդ Քուշները և Սթիվ Ուիթքոֆը առաջիկա օրերին առաջին անգամ կայցելեն Ուկրաինա։

  • Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա

    Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լոուրենս Վոնգը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով: Ուղերձում ասված է.

    «Հարգելի՛ վարչապետ Փաշինյան,

    Խնդրում եմ ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքներն անցյալ ամիս տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրություններում Ձեր հաղթանակի առթիվ:

    Սինգապուրը և Հայաստանը բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա։ Չնայած 2027 թվականին կլրանա երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակը, Հայաստանի ներդրումը Սինգապուրում սկսվել է դրանից ավելի քան մեկ դար առաջ։ Սինգապուրի ամենահին եկեղեցին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին, կառուցվել է Սինգապուրում 1835 թվականին և 1973 թվականին գրանցվել է որպես ազգային հուշարձան՝ ի նշան Սինգապուրի վաղ շրջանի փոքր, բայց ազդեցիկ հայ համայնքի ներդրման։ Հայկական եկեղեցին այս տարի նշում է իր 190-ամյակը։ Սինգապուրի ազգային ծաղիկը՝ Վանդա միսս Ջոակիմը, նույնպես բուծել է հայուհի տիկին Ագնես Ջոակիմը։

    Ես նաև ողջունում եմ Հայաստանի կողմից 2025 թվականի մայիսին Սինգապուրում պատվավոր հյուպատոսության բացումը։ Սա մեր երկկողմ փոխգործակցության ամրապնդմանն ուղղված ևս մեկ քայլ է։

    Որպես Փոքր Պետությունների Ֆորումի գործընկեր անդամներ, մենք նաև կիսում ենք միջազգային իրավունքի պահպանման, ազատ առևտրի խթանման և կանոնների վրա հիմնված միջազգային կարգի պահպանման ընդհանուր շահագրգռվածություն։ Հաշվի առնելով մեր ընդհանուր շահերը, դեռևս կա ներուժ ընդլայնելու մեր երկկողմ համագործակցությունը փոխշահավետ ոլորտներում, ինչպիսիք են՝ առևտուրը և մարդկանց միջև փոխանակումները։

    Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ համատեղ աշխատանքին՝ ի բարօրություն մեր երկու պետությունների և ժողովուրդների, ինչպես նաև Ձեզ հետ հանդիպմանը։ Խնդրում եմ ընդունեք իմ լավագույն մաղթանքները Ձեր առողջության և հաջողության համար»:

  • Իրանի բանակը հայտնել է Քուվեյթում ամերիկյան ավիաբազայի թիրախավորման մասին

    Իրանի բանակը հայտարարել է, որ իր ուժերն անօդաչու թռչող սարքերի միջոցով թիրախավորել են Քուվեյթի Ահմադ ալ-Ջաբեր ավիաբազայում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտները։ Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը։

    Հարձակումն իրականացվել է ի պատասխան ԱՄՆ-ի վերջին հարձակումների Իրանի, այդ թվում՝ Ղեշմ կղզու բնակելի տան վրա ավիահարվածի։

    Հայտարարության մեջ բանակը նշել է, որ հարձակումը թիրախավորել է ավիաբազայի ինքնաթիռների ապաստարանները, արբանյակային կապի համակարգերը և սարքավորումների պահեստավորման օբյեկտները։

    Քուվեյթում գտնվող ռազմական օբյեկտը ծառայում է որպես ԱՄՆ օդային և հսկողության գործողությունների հիմնական կենտրոն և ամերիկյան ուժերի լոգիստիկ աջակցության կարևոր կենտրոն։

    Ավելի վաղ Իրանի Ղեշմ կղզու բնակելի տան վրա ԱՄՆ-ի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել էր երեք մարդ։

    Իրանի բանակը դատապարտել է Ղեշմում քաղաքացիական տների վրա ԱՄՆ-ի հարվածը՝ այն անվանելով «մարդասիրական սկզբունքների ակնհայտ խախտում և թշնամու ռազմական հանցագործությունների ևս մեկ օրինակ»։

    Հայտարարության մեջ նաև նշվել է, որ բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից իրականացված «վճռական, լայնածավալ և ծանր» հարձակումները Միացյալ Նահանգների համար «շատ թանկ և դժվար» են դարձրել իրանական անօդաչու թռչող սարքերի և հրթիռների խոցելը՝ չնայած առաջադեմ հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայմանը և դրանց ամրապնդմանը։

  • Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մարզիկին Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մարզիկին

    Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ ըմբշամարտի՝ Բաքվում ընթացող Մ-17 ԱԱ․ 65 կգ քաշային Էրիկ Պապիկյանը մեկնարկում 9-1 հաշվով հաղթեց ադրբեջանցի Ռաշիդ Նազարովին։

  • Թրամփը հայտնել է Զելենսկու և Նեթանյահուի հետ լավ հանդիպումների մասին

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 28-ին Սպիտակ տանը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ առանձին հանդիպումներից հետո հայտարարել է, որ բանակցությունները երկու ղեկավարների հետ լավ են անցել: Այս մասին նա գրառումներ է արել Truth Social հարթակում:

    «Մեծ պատիվ էր հանդիպել Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ: Քննարկվել են բազմաթիվ հարցեր: Հանդիպումը շատ լավ է անցել», – նշել է Թրամփը:

    Ավելի վաղ Զելենսկին նույնպես հայտարարել էր, որ լավ հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահի հետ: Ըստ X հարթակում Զելենսկու գրառման՝ կողմերը քննարկել են Patriot համակարգերի համար բաղադրիչների արտադրության լիցենզիաների հարցը և «մի քանի այլ գաղափար, որոնք կարող են օգնել»:

    Չնայած հարաբերություններում լարվածության մասին լուրերին՝ Թրամփը նաև շատ դրական է գնահատել Նեթանյահուի հետ հանդիպումը:

    «Շատ լավ հանդիպում ունեցանք: Անշուշտ, քննարկվեցին բազմաթիվ կարևոր հարցեր», – նշել է նա:

    Երկու հանդիպումներն էլ տեղի են ունեցել մամուլի համար փակ ռեժիմով:

    Նեթանյահուն իր հերթին Թրամփի հետ հանդիպումը որակել է «գերազանց» և երբևէ տեղի ունեցած հանդիպումներից «լավագույններից մեկը»:

  • Վաշինգտոնը պատրաստ է կրկին հզոր հարվածներ հասցնել Իրանին. Թրամփ

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է կրկին հզոր հարվածներ հասցնել Իրանին։

    Նա այս հայտարարությունն արել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում:

    Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն միաժամանակ ուսումնասիրում է Թեհրանի հետ համաձայնության հասնելու հնարավորությունը։

    «Կտեսնենք, թե երբևէ կկարողանանք համաձայնության գալ։ Բայց մենք նրանց շատ հզոր հարված կհասցնենք», – ընդգծել է ԱՄՆ նախագահը։

    Թրամփի հայտարարությունից կարճ ժամանակ անց Իրանի ուղղությամբ հրթիռային հարվածներ են եղել:

    ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության տվյալներով՝ հուլիսի 29-ին ԱՄՆ զինված ուժերը լայնածավալ հարվածներ են հասցրել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) պատկանող թիրախներին։

    Գործողությունը իրականացվել է ի պատասխան նախորդ օրը Իրանի կողմից Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ուժերի դեմ արձակված հրթիռային հարձակման։

  • Վաղուց աճեցված ձուկ չեմ օգտագործում, քանի որ ակնհայտ է՝ խնդիր կա. վարչապետ

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, խոսելով տնտեսության տարբեր ճյուղերի աջակցության ծրագրերի մասին, շեշտել է դիվերսիֆիկացնելու անհրաժեշտությունը։

    «Մենք այսօր ասում ենք, որ աշխարհի ծովերի և օվկիանոսների ջրային ռեսուրսների կեսին տիրապետող երկրին մենք ձուկ ենք արտահանում։ Սա ի՞նչ է նշանակում։ Չէ, գոհ եմ։ Մենք ինչքան ջուր ենք վատնում և ինչքան ձուկ ենք արտահանում»,- ասել է վարչապետը և հավելել, որ պետք է ստանդարտի մեջ գնել։

    «Էլ չեմ ասում որակի հետ կապված խնդիրները։ Անձնական փորձս ասեմ, կրքեր կբորբոքեմ, բայց վաղուց այդ աճեցված ձուկ չեմ օգտագործում, քանի որ ակնհայտ է՝ խնդիր կա։ Պատահում է, որ ձկան հետ առնչվում ես և տեսնում ես՝ ճարպերը հոսում են»,- շեշտել է վարչապետը և նշել՝ սրանք հարցեր են, որոնց պետք է անդրադառնալ։

    Նրա խոսքով՝ Հայաստանում սննդի որակի խնդիրներին պետք է անդրադառնալ։

  • Տնտեսական ակտիվությունը բավականին լավ է․ վարչապետ

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ 2025 թ․ հունիսի համեմատ այս տարվա հունիսին ՏԱՑ-ն աճել է 7,7%-ով․

    «Տնտեսական ակտիվությունը բավականին լավ է ՀՀ-ում։ Պետք է արձանագրել, որ նաև զբոսաշրջության տեսակետից ռեկորդային ուղեծրի մեջ ենք, և, հաշվի առնելով առաջիկայում սպասվող COP17 համաժողովը, մեծ է հավանականությունը, որ 2026-ին զբոսաշրջության թվերը կլինեն բացարձակ առավելագույնը մեր պատմության մեջ»,- նշել է վարչապետը։

    Նրա խոսքով՝ 2026 թ․ հունվար-հունիսի կտրվածքով ՏԱՑ-ն աճել է 7,9%-ով։

  • ՀՀ-ից ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանման համար կառավարությունն աջակցություն կտրամադրի նաև օգոստոսին

    ՀՀ տարածքից ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանման համար կառավարությունն աջակցություն կտրամադրի նաև օգոստոսին

    ▫️ելակի յուրաքանչյուր 1 կգ համար` 770 դրամ

    ▫️լոլիկի յուրաքանչյուր 1 կգ համար` 275 դրամ

    ▫️չերրի տեսակի լոլիկի յուրաքանչյուր 1 կգ համար` 400 դրամ

    ▫️պղպեղի յուրաքանչյուր 1 կգ համար` 400 դրամ

    ▫️պալերմո տեսակի պղպեղի յուրաքանչյուր 1 կգ համար` 500 դրամ

    ▫️սմբուկի յուրաքանչյուր1 կգ համար` 200 դրամ
    ծաղիկի յուրաքանչյուր 1 հատի համար` 37 դրամ

    ▫️ԵՄ անդամ երկրներ, Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կամ Շվեյցարիա արտահանված ծաղիկի յուրաքանչյուր 1 հատի համար` 50 դրամ։

    Կանխատեսվում է, որ արտահանման ծավալներն այս ամիս կկազմեն շուրջ 150 տոննա ելակ, շուրջ 4100 տոննա բանջարեղեն և շուրջ 5․2 մլն հատ ծաղիկ։