Category: TIV 1

  • Արամ Վարդևանյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու

    «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրել է Արամ Վարդևանյանի թեկնածությունը։ Խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը լրագրողներին հայտնել է, որ որոշումը կայացվել է՝ հիմնվելով Վարդևանյանի մասնագիտական փորձի վրա։

    Միևնույն ժամանակ, խմբակցությունն ԱԺ նախագահի պաշտոնում սեփական թեկնածու չի առաջադրի՝ պատճառաբանելով, թե դրանում «իմաստ չկա»։

  • Նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը

    Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է կառավարության հրաժարականը՝ ստորագրելով համապատասխան հրամանագիրը։

    «Հիմք ընդունելով Սահմանադրության 130-րդ հոդվածը. ընդունել Կառավարության հրաժարականը»:

  • Սեպտեմբերին պատերազմ չի սպասվում․ Ռուբեն Ռուբինյան

    ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ սեպտեմբերին պատերազմ չի սպասվում, քանի որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կառավարություն կազմելու և խաղաղության գործընթացը շարունակելու վստահ մանդատ է ստացել։

    Պատասխանելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի հարցին՝ նա նշել է, որ սահմանադրական մեծամասնություն չստանալը կարող է մի փոքր բարդացնել խաղաղության ապահովման գործը, սակայն ստացած մանդատը լիովին բավարար է խաղաղությունն անշրջելի դարձնելու համար։

    Ռուբինյանի խոսքով՝ պատերազմ անխուսափելիորեն կլիներ այն դեպքում, եթե իշխանության գար ընդդիմությունը և իրագործեր խաղաղության պայմանագիրն ու TRIPP-ի շուրջ պայմանավորվածությունը վերանայելու իր խոստումները։

  • Չենք նահանջելու մեր պայքարից և հետ չենք կանգնելու մեր նպատակներից. Լևոն Քոչարյան

    «Ամենակարևորն ու առաջնայինը խոստանում ենք չնահանջել, հետ չկանգնել մեր պայքարից, այն, ինչով զբաղվում ենք արդեն երկար տարիներ՝ չնայած բոլոր ճնշումներին, հալածանքներին և մնացած այն ամենին, ինչ տարիներ շարունակ տեսել ենք»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով ընդդիմության հետագա անելիքներին և առաջնահերթություններին։

    Պատգամավորը շեշտեց, որ անձամբ իր համար սկզբունքային է չընկրկել և չհրաժարվել որդեգրած պայքարից։

    «Ես իմ մասով առաջին հերթին խոստանում եմ հետ չկանգնել այս ամեն ինչից, չընկրկել, տեղի չտալ։ Սա է իմ համոզմունքը, և վստահ եմ, որ մեր գործընկերներն էլ նույն տրամադրվածությունն ունեն»,- նշեց նա։

    Անդրադառնալով ընդդիմության նպատակներին՝ Քոչարյանը նկատեց, որ վերջնական արդյունքը կախված է ոչ միայն իրենց աշխատանքից, այլև բազմաթիվ այլ հանգամանքներից։

    «Եթե մենք խոսում ենք մեր վերջնական ու հիմնական նպատակից, սա շատ տարբեր գործոններից է կախված՝ թե մեզնից, մեր լավ աշխատանքից, թե շատ այլ գործոններից, որոնք միշտ չէ, որ մեզնից են կախված լինում»,- նշեց Քոչարյանը՝ ընդգծելով, որ պատասխանատվությունը մեծ է։

    Խոսելով հանրության սպասելիքների մասին՝ Քոչարյանը նշեց, որ հասկանում է ընդդիմադիր տրամադրված քաղաքացիների պահանջները։

     «Գիտեք, կան տեղեր, երբ ես շատ լավ հասկանում եմ մեր ընդդիմադիր զանգվածին, ովքեր մեզնից պահանջ ունեն։ Սա շատ բնական է և ընդունելի է։ Ուղղակի ամեն տեղ չէ, որ այն, ինչ իրենք համարում են հնարավոր, իսկապես հնարավոր է լինում»,- ասաց նա՝ հավելելով, որ հնարավորության դեպքում երբեք չեն հապաղի ավելի արագ լուծումներ տալու հարցում։ գործոններից և հանգամանքներից»,- ընդգծեց պատգամավորը։

    Լևոն Քոչարյանը նաև անդրադարձավ Հայ առաքելական եկեղեցու շուրջ զարգացումներին՝ նշելով, որ այդ հարցը եղել և մնում է իրենց առաջնահերթություններից մեկը։

  • Վենդետա լինելու է իրավական և քաղաքական իմաստով. Ռուբինյան

    Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, դիմելով ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանին, հիշեցրել է վենդետա չանելու նախկին հայտարարությունների մասին՝ նկատելով, որ վենդետան միակողմանի չի լինում և շարունակվում է անընդհատ:

    Ռուբեն Ռուբինյանն արձագանքել է, որ 2018-ին իշխանության գալով՝ բացառել էին վենդետան, քանի որ ցանկացածն ուղղվելու իրավունք ունի, սակայն, նրա արձանագրմամբ, նախկին իշխանությունները և նրանց հետ կապակցված շատ ուժեր չօգտագործեցին այդ հնարավորությունը:

    Ռուբինյանը հայտարարել է, որ վենդետա լինելու է թե՛ իրավական, թե՛ քաղաքական իմաստով՝ բնականաբար օրենքի շրջանակում. հանցագործություն կատարած բոլոր անձինք պիտի պատժվեն, իսկ քաղաքական ուժերը պիտի պատասխանատու լինեն իրենց գործողությունների համար:

  • Նարեկ Կարապետյանի առանձնատանը կատարվում են քննչական գործողություններ

    Ըստ ԶԼՄ-ների՝  Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանի առանձնատանը խուզարկություններ են իրականացվում։

    Քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական գործողություններ. Radar Armenia-ն տեղեկացավ քննչական կոմիտեից։

  • ՀՀ ԱԳ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության արդյունքները

    Հուլիսի 30-ին ՀՀ ԱԳ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ 

    Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են վերջին տարիներին համատեղ իրականացված ծավալուն աշխատանքի արդյունքները, որոնց շնորհիվ հնարավոր է դարձավ Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության հաստատումն ու զարգացումը: 

    Նախարար Միրզոյանն ընդգծել է դեսպան Դըկոտինյիի անձնական ներդրումը երկկողմ օրակարգի ընդլայնման և Հայաստան-Ֆրանսիա գործընկերության խորացման ուղղությամբ իրականացված աշխատանքներում՝ նրան հաջողություն մաղթելով հետագա գործունեության մեջ:

  • Հայաստանի երկաթուղիները РЖД-ի է հանձնվել նախագահական ընտրությունների քվեարկությունից վեց օր առաջ

    Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

    Հայաստանի երկաթուղիները РЖД-ի կառավարմանն են հանձնվել 2008թ․ փետրվարի 13-ին, նախագահական ընտրությունների քվեարկությունից վեց օր առաջ։ Միայն այս փաստը բավական է, որպեսզի այդ գործարքը գնահատվի որպես իշխանության տրանզիտի հարցում լոյալության դիմաց երկրի ազգային սեփականության, այն տնօրինելու ինքնիշխան իրավունքի օտարում այլ երկրի, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի Դաշնությանը։

    Ընդ որում, դա տեղի է ունեցել ղարաբաղյան կարգավորման փուլային տարբերակը մերժելուց, նախագահ Տեր-Պետրոսյանի հրաժարականից ուղիղ տասը տարի հետո։ Երկաթուղու կառավարումը Ռուսաստանին հանձնելով՝ Երեւանը Բաքվին եւ միջազգային հանրությանը հստակ ուղերձ է հղել, որ ղարաբաղյան կարգավորում չի լինելու։ Ամենեւին պատահական չէ, որ արդեն Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում երկաթուղու Մեղրիի հատվածը ապամոնտաժվել է։ Դա Հայաստանը տարածաշրջանի “կույր աղիք” դարձնելու “ուղերձ” էր։ Իսկ “կույր աղիքը” ինչ-որ հանգամանքներում կարող է “բորբոքվել եւ հեռացվել”։ Քառասունչորսօրյա պատերազմը մեծ հաշվով այդ մասին էր։

  • Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի պակասը. Ծառուկյան

    ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ուղերձ է հղել գրելով. 

    «Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի (Առաջարկ Հայաստանին) պակասը։ Պատճառը գրագետ և պատրաստված գործիչների քչությունը չէ. նման պատգամավորներ բոլոր խմբակցություններում էլ կան։ Խնդիրը այլ տեսանկյունների, այլընտրանքային արդյունավետ լուծումների, առաջարկվող ծրագրային այլ մոտեցումների և դրանց կրող ամբողջական ուժի բացակայությունն է։ Մեծ հաշվով, ես իմ թիմին նախապատրաստել էի հենց խորքային ծրագրային պայքարի, որը ցավոք չստացվեց ու ամենևին՝ ոչ մեր մեղքով։ Ինչպես գիտեք, վերջին 10-15 տարում ես չեմ առնչվել որևէ բիզնեսի միկրոկառավարմանը, ընթացիկ կառավարման պրոցեսներին (և´ օրենքը թույլ չէր տալիս, և´ իրականում դա ինձ արդեն հետաքրքիր չէր), և դա ինձ թույլ էր տալիս Հայաստանի տնտեսությանը, նրա զարգացման ռիսկերին և պոտենցիալին նայել մակրոտեսանկյունից։ Հիմա էլ, կտրված լինելով ինֆորմացիոն շատ հոսքերից, քաղաքական-հանրային միկրոպրոցեսներից, միկրոհարաբերություններից, ես հնարավորություն ունեմ խնդիրներին մակրոտեսանկյունից նայելու։ Չեմ օգտագործում «կողքից նայել» ձևակերպումը, որովհետև իմ կենսագրությամբ, որպես Ծառուկյան, ես չեմ կարող և երբեք չեմ կարողացել կողքից նայել իմ երկրում տեղի ունեցող պրոցեսներին։ Եթե կարողանայի, եթե ունենայի իմ երկրի հանդեպ որոշակի անտարբերության ունակություն, ապա լրիվ ուրիշ պայմաններում կլինեի։ Դա էլ իմ տեսակն է։ Ինչ եմ տեսնում ես հիմա՝ այդ հայացքով Ես տեսնում եմ, որ Հայաստանը կանգնած է ցնցումների մեծ հավանականության առաջ։ Ընդ որում, խոսքը ոչ թե տեսական ապագայի, այլ՝ շատ իրական, ամիսների հեռանկարի մասին է։ Աչք չենք թարթի՝ կհայտնվենք բարդագույն վիճակում։ Միայն ռուս-ուկրաինական հակամարտության և Իրան-ԱՄՆ առճակատման բերած ռիսկերը հերիք են սա հասկանալու համար։

    Ինձ չափազանց մտահոգում են մեր երկրի տնտեսական պրոբլեմները, և արհեստականորեն մեզ պարտադրված ընտրության հարցը՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։ Մեր առաջ նման սուր ընտրության հարց դնում են թե´ Արևմուտքը, թե´ Ռուսաստանը, բայց խնդիրն այն է, որ մենք ինքներս ենք մեզ հասցրել նման կոշտ, արհեստական ջրբաժանի։ Իրավիճակին գումարեք ադրբեջանական պահանջները, թուրքական հորդորները։ Սա արդեն երկու աթոռի վրա նստելու խնդիր չէ, ինչպես միամտորեն կարծում են շատերը։ Երկու աթոռն ամեն դեպքում ընտրության հնարավորություն տալիս է։ Սա մի վիճակ է, որտեղ ցանկացած որոշում, ցանկացած քայլ կարող է հակառակ կողմից լուրջ ռիսկերի, լուրջ հակազդեցության բերել։ Հիմա ի՞նչ ենք անելու, որ մեր փոքր Հայաստանը չմտնի խոշոր աշխարհաքաղաքական ցնցումների մեջ։ Սա է այսօրվա համապետական ամենաիրական օրակարգը։ Ես չգիտեմ՝ այս խորհրդարանը ինչքան կաշխատի, տարբեր վարկածներ եմ լսում, բայց քանի դեռ կա իմ քաղաքական ուժը, ես՝ որպես ղեկավար, և իմ գործընկերների նեղ թիմը, որոնց հետ միշտ քննարկում ենք նման հարցերը, մենք այս գիծն ենք տանելու. Հայաստանը աշխարհաքաղաքական մոտիվացիաներով չպետք է մտնի ցնցումների մեջ։ Ձևեր կան, քայլեր կան՝ սրությունը հանելու, ուժեղների բախումների ժամանակ «ոտնատակ» չլինելու համար։ Մենք պարտավոր ենք մեր երկիրը հանել այս վերջնագրային բանաձևերից։ Սա արդեն իշխանություն-ընդդիմություն պայքարի խնդիր չի։ Վնասները կրելու են բոլորը, առանց բացառության։ Ինձ սա շատ է մտահոգում։ Լուծումներ կան, գուցե հեշտ չեն, գուցե բարդ են, գուցե մեծ ջանք են պահանջում, բայց դրանք կան։

  • Հայաստանի երկաթուղին ազգային ռազմավարական սեփականություն է. «Հանուն Հանրապետության» կուսակցություն

    «Հանուն Հանրապետության» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.

    ««Հանուն Հանրապետության» կուսակցությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության՝ սեփական երկաթուղային ենթակառուցվածքը լիարժեք տնօրինելու անբեկանելի իրավունքի վերահաստատումը։ Հայաստանի երկաթուղին ազգային ռազմավարական սեփականություն է և պետք է կառավարվի բացառապես Հայաստանի ինքնիշխանության, տնտեսական զարգացման և անվտանգության առաջնահերթություններից ելնելով։

    Խոսքը պարզապես ենթակառուցվածքի կառավարման մասին չէ․ սա Հայաստանի ինքնիշխանության, ռազմավարական ինքնուրույնության և սեփական երկրի նկատմամբ լիակատար վերահսկողության սկզբունքային հարց է։ Հայաստանի կենսական նշանակության ենթակառուցվածքների ճակատագիրը չի կարող որոշվել որևէ օտար պետության կամ ընկերության քաղաքական շահերով կամ տնտեսական նպատակահարմարությամբ: Որևէ կոնցեսիոն համաձայնագիր չի կարող վերածվել Հայաստանի սեփականության և ինքնիշխան իրավունքների սահմանափակման գործիքի․ պետությունը պետք է անարգել տնօրինի իր գույքը և այն ծառայեցնի բացառապես Հայաստանի ազգային շահերին։

    Տասնամյակներ շարունակ Հայաստանը ռազմավարական նշանակության ակտիվների նկատմամբ վերահսկողությունը զիջել է անհավասար, ոչ թափանցիկ և պետական շահի տեսանկյունից կասկածելի պայմաններով։ Այդ ծանր ժառանգությունը պետք է վերագնահատվի և շտկվի՝ վերականգնելով պետության լիարժեք վերահսկողությունն ու պատասխանատվությունը։

    Անհրաժեշտ է իրականացնել երկաթուղային համակարգի իրավական, ֆինանսական և տեխնիկական համապարփակ աուդիտ, հրապարակայնորեն գնահատել ստանձնած պարտավորությունների կատարումը և, անհրաժեշտության դեպքում, վերանայել կամ դադարեցնել գործող պայմանագրերը՝ ներպետական և միջազգային իրավունքի բոլոր գործիքների կիրառմամբ։

    Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման պայմաններում Հայաստանը պետք է հանդես գա որպես սեփական տարածքի, սահմանների և ենթակառուցվածքների լիիրավ ու ինքնիշխան տնօրինող։

    Հայաստանի տարածքով անցնող յուրաքանչյուր ճանապարհ և երկաթուղի պետք է գործի մեր պետության իրավազորության, օրենսդրության, սահմանային ու մաքսային վերահսկողության ներքո։

    Հայաստանի սեփականությունը սակարկության առարկա չէ։ Հայաստանի երկաթուղին պետք է ծառայի Հայաստանի Հանրապետությանը և նրա քաղաքացիներին»։