Category: TIV 1

  • ԵՄ-ը չի կարողանում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

    Եվրամիությունը դեռևս վերջնական համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ, սակայն ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալլասը հայտարարել է, որ հուլիսի 13-ին նախատեսվում է ցուցակներում ներառել ևս 250 ֆիզիկական և իրավաբանական անձանց։

    Սա կլինի պատժամիջոցների ենթարկվողների ամենամեծ խումբը պատմության ընթացքում։

    Միաժամանակ, ըստ «Եվրոպեյսկայա պրավդա»-ի, Բուլղարիայի պահանջով նախագծից հանվել են Ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարք Կիրիլի և «Լուկօյլ»-ի հիմնադիր Վագիթ Ալեկպերովի անունները։

    21-րդ փաթեթով նախատեսվում է նաև մուտքի արգելք կիրառել պատերազմի մասնակիցների նկատմամբ։ Ֆրանսիայի և Իտալիայի դիրքորոշման արդյունքում որոշվել է մեղմացնել նախնական առաջարկը՝ սահմանափակումները տարածելով միայն կարճաժամկետ վիզաների և մարտական գործողություններին անմիջականորեն մասնակցած անձանց վրա։

  • «Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունները լիովին կարգավորվել են». Ալիև

    Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունները լիովին կարգավորվել են, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիի 4-րդ գլոբալ մեդիաֆորումում։

    «Ցանկանում եմ ևս մեկ անգամ նշել, որ մենք մեծ նշանակություն ենք տալիս Ռուսաստանի հետ հարաբերություններին։ Մենք նաև տեսել ենք ՌԴ պաշտոնատար անձանց, այդ թվում՝ նախագահ Պուտինի հայտարարությունները առայն, որ մեր երկրների միջև հարաբերությունները դրական դինամիկայովեն զարգանում։ Դուք հիշատակեցիք որոշակի դժվարություններ։ Այո, մենք երկուսս էլ տեղյակ ենք դրանց բոլորից։ Բայց գլխավորն այն է, որ այդ փուլն արդեն անցյալում է։ Ես կասեի, որ հարաբերությունները լիովին կարգավորվել են»,- ասել է Ալիևը։

  • ԵՄ-ը Հայաստանում նոր առաքելություն է սկսում

    Եվրամիությունը Հայաստանում նոր գործընկերային առաքելություն կստեղծի։ Ինչպես հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը, համապատասխան որոշումը Բրյուսելում կհամաձայնեցնեն ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները։

    Առաքելության հիմնական նպատակը լինելու է Հայաստանին օգնություն ցուցաբերելը հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու, ինչպես նաև տեղեկատվական մանիպուլյացիաների ու արտաքին միջամտությունների դեմ պայքարում։

  • ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին Հորմուզի նեղուցի շրջանում

    Հուլիսի 12-ի լույս 13-ի գիշերը, ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է Իրանի դեմ նոր հարվածների մասին։ Նպատակն է շարունակել խաթարել Իսլամական Հանրապետության կարողությունը՝ անարգել հարձակվելու «Հորմուզի նեղուցով անցնող քաղաքացիական նավաստիների և առևտրային նավերի վրա»,- գրել է ԱՄՆ զինված ուժերը սոցիալական ցանցերում։

    Իրանական պետական ​​հեռուստատեսությունը՝ IRIB-ը, հաղորդել է, որ պայթյուններ են տեղի ունեցել Բանդար Աբբաս նավահանգստից արևմուտք, Սիրիկ քաղաքի մոտ և Ղեշմ կղզում, ինչպես նաև Հորմուզի նեղուցի մոտ գտնվող Ջասկ քաղաքում։ Կառավարամետ Mehr լրատվական գործակալությունը հաղորդել է Ղեշմ կղզում մեկ զոհի և երկու վիրավորի մասին։

    Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը, որով Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմից առաջ անցնում էր համաշխարհային նավթային առևտրի մոտ 20 տոկոսը, «փակ կմնա մինչև հետագա ծանուցում և տարածաշրջանում ամերիկյան միջամտությունների ավարտը»։ ԱՄՆ բանակը հերքել է այդ հայտարարությունը։ «Իրանը չի վերահսկում նեղուցը։ Նավագնացությունը շարունակվում է»,- հայտարարել է CENTCOM-ը։ Նախագահ Դոնալդ Թրամփը նույն հայտարարությունն արել է հուլիսի 12-ին։

  • Վանաձորի տիրապետմանն է վերադարձվել ևս 2 հողատարածք

    Լոռու մարզի դատախազությունում, Լոռու մարզպետարանի միջնորդությամբ կատարված ուսումնասիրությունների արդյունքում, պարզվել է, որ Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքները վարձակալած և փաստացի տիրապետող 22 սուբյեկտների կողմից դրանք օգտագործվում են պայմանագրերի խախտումներով ու ոչ նպատակային: Արդյունքում՝ այգին հայտնվել է անբարեկարգ վիճակում:

    Լոռու մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությունների արդյունքում՝ միջնորդագիր է ուղարկվել Վանաձորի համայնքապետարան՝ վերոնշյալ 22 սուբյեկտների հետ կնքված վարձակալության և անհատույց օգտագործման պայմանագրերը խզելու նպատակով:

    Միջնորդագրի արդյունքում՝ 2026 թվականի հուլիսի 2-ին դադարեցվել են այգու տարածքում՝ Կ.Դեմիրճյան փողոց 25-1/6 և 25-1/3 հասցեներում գտնվող՝ համապատասխանաբար՝ 434 քմ և 48 քմ մակերեսով, 4 միլիոն 562 հազար և 504 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով ևս երկու հողամասի նկատմամբ իրավաբանական անձի վարձակալության իրավունքը. հողատարածքները վերադարձվել են համայնքի տիրապետմանը:

  • Չենք հրաժարվում դիվանագիտական ​​միջոցներից. Բաղայի

    Իրանը Միացյալ Նահանգների հետ իր խնդիրները լուծելու համար չի հրաժարվում դիվանագիտական ​​միջոցներից․ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

    «Երկրի շահերը ապահովելու համար, անհրաժեշտության դեպքում, մենք կօգտագործենք ռազմական միջոցներ, կօգտագործենք նաև դիվանագիտություն», – ասել է Բաղային։

    Իրանը շարունակում է միջնորդների օգնությամբ երկխոսել Միացյալ Նահանգների հետ․ հայտարարել է Բաղային։

    «Վերջին մի քանի օրերի ընթացքում մենք կապի մեջ ենք եղել Կատարի, Օմանի և Պակիստանի հետ, և այդ շփումները շարունակվում են», – ասել է նա։

    Դիվանագետի խոսքով՝ միջնորդների նպատակն է կանխել Իրանի և Միացյալ Նահանգների միջև հակամարտության հետագա սրումը։

  • Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով

    Երևանում հուլիսի 13-ի ցերեկը, 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-18-ի առավելապես երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 13-18-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ ՝ 13-16մ/վ։

    Հանրապետության տարածքում հուլիսի 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսիս 15-16-ին առավելապես կեսօրից հետո և 17-18-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 13-17-ին առավելապես երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-18-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։

  • TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո. Պետդեպ

    Սահմանային անվտանգության և մաքսային բոլոր գործառույթները մնում են Հայաստանի վերահսկողության ներքո․ TRIPP երթուղում ԵԱՏՄ կարգավորումների մասին «Ազատության» հարցմանն ի պատասխան նշել են ԱՄՆ պետդեպարտամենտից: Օրերս Հայաստանի փոխարտգործնախարարը հայտարարել էր, որ Սյունիքի մարզով Ադրբեջանը Նախիջևանին կապող TRIPP-ը գործելու է ԵԱՏՄ տարանցման կանոնակարգերին համապատասխան: Լրատվամիջոցը պետդեպարտամենտից մասնավորապես հետաքրքրվել էր, թե արդյոք Միացյալ Նահանգները, որպես TRIPP-ի մասնակից, համաձայնե՞լ է, որ տարանցիկ երթուղին գործի ԵԱՏՄ կարգավորող շրջանակի ներքո և արդյոք TRIPP-ի շրջանակներում մաքսային տարանցման ընթացակարգերը կարգավորվելու են ԵԱՏՄ կանոնակարգերով, և եթե այո, ապա այս հարցի շուրջ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև արդեն իսկ կա՞ փոխըմբռնում կամ համաձայնություն:

    Պետդեպից շատ հակիրճ են պատասխանել էին հարցերին՝ միայն նշելով. «TRIPP-ը պահպանում է Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և իրավազորությունը: Սահմանային անվտանգության և մաքսային բոլոր գործառույթները մնում են Հայաստանի վերահսկողության ներքո, Հայաստանի իշխանություններն են իրականացնում վերահսկողությունն ու կայացնում առանցքային որոշումները»:

  • ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

    Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ հուլիսի 13-ին Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։

    ՄԻՊ-ից հայտնում են, որ այցի շրջանակում պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հետ։

    «Այցի ընթացքում դիտարկվել է ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակը։

    Նրանց բարձրացրած հարցերը քննարկվել են նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչների հետ։

    Ազատությունից զրկման վայրերում մարդու իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում։

    Այցի շրջանակում ազատությունից զրկված անձանց ներկայացրած հանգամանքները, ինչպես նաև վերհանված խնդիրները, մանրամասն կամփոփվեն և կհասցեագրվեն իրավասու մարմիններին»,- ասվում է ՄԻՊ գրասենյակի տարածած հայտարարության մեջ: