Category: TIV 1

  • Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգ

    Հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանը ադրբեջանական բանտում պայքարում է իր կյանքի համար, ահազանգում է փաստաբան Լուսիանա Մինասյանը։

    Մկրտչյանի մոտ լեյկոցիտների քանակը 14.27 է՝ նորմայից գրեթե կրկնակի բարձր, որն ուղեկցվում է զանգվածային բորբոքմամբ։

    «Սրտի ծանր վնաս. ձախ փորոքի հիպերտրոֆիա+դիաստոլիկ դիսֆունկցիա+աորտայի անբավարարություն, կրկնվող գլխացավեր, գլխապտույտ, կրծքավանդակի ցավ և արյան բարձր ճնշում. այս ամենը թաքնված է պաշտոնական «կայուն վիճակի» մասին զեկույցում։ Սա 2020 թվականի ռազմագերու նկատմամբ դիտավորյալ բժշկական անփութություն է»,- գրել է Մինասյանը։

    Նա նշել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեից չեն կարող տեսակցել Լյուդվիգ Մկրտչյանին։

    «Խնդրում եմ՝ գործեք հիմա։ Պահանջեք անկախ բժիշկներ և անհապաղ խնամք»,- ընդգծել է փաստաբանը։

    Հիշեցնենք՝ Բաքվի ռազմական դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել գերեվարված Լյուդվիգ Մկրտչյանին։ Ըստ «մեղադրանքի»՝ ղարաբաղյան առաջին պատերազմում նա կտտանքների է ենթարկել ադրբեջանցիներին, ինչպես նաև այլ հանցագործություններ կատարել ադրբեջանական բանակի դեմ։

  • 2025 թ-ի համար եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն ՀՀ ռեզիդենտ հանդիսացող բոլոր քաղաքացիները

    Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2025 թվականի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնում են 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ բոլոր քաղաքացիները։ Միաժամանակ, եկամուտների հայտարարագիրը պետք է ներկայացնել «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգում»։

    Տեղեկատվական հոլովակում ծանոթացեք եկամուտների տարեկան հայտարարագրի լրացման և ներկայացման մանրամասներին, մասնավորապես.

    ովքեր են ներկայացնում եկամուտների տարեկան հայտարարագիր,
    ինչպես ներկայացնել հայտարարագիր,
    որոնք են հայտարարագրման ենթակա եկամուտները,
    հայտարարագրվող եկամուտներից որոնք են լրացվում ինքնաշխատ, որոնք՝ ինքնուրույն քաղաքացիների կողմից,
    երբ ներկայացնել հայտարարագիր:
    Եղե՛ք իրազեկ, ներկայացրե՛ք հայտարարագիրը ժամանակին

  • Իրանը կմնա Հորմուզի նեղուցի իրական պաշտպան. Արաղչի

    Հորմուզի նեղուցի շրջափակման վերաբերյալ Թրամփի հայտարարություններից հետո Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին X-ում գրառում է կատարել՝ հերքելով ԱՄՆ նախագահի պնդումը, թե Վաշինգոնը հայտնի է դառնալու որպես «Հորմուզի նեղուցի պաշտպան»:

    Նա հայտարարել է, որ Իրանն ընդմիշտ կմնա նեղուցի իրական պաշտպանը:

    Նա նաև նշել է, որ նեղուցով տեղափոխվող բեռների համար 20 տոկոս հարկ սահմանելու Թրամփի ծրագիրը «չափազանց շատ է»:

  • Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիում կայացած մեդիաֆորումի ժամանակ հայտնել է, որ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից և Ղազախստանից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 40 հազար տոննա տարբեր բեռներ։ Բացի այդ, Ադրբեջանն ինքն է սկսել նավթամթերք մատակարարել Հայաստան։

    Նրա խոսքով՝ հանձին Ադրբեջանի՝ Հայաստանը ստացել է մատակարարումների հուսալի աղբյուր․ «Եթե նման հնարավորություն չլիներ, Երևանը ստիպված կլիներ անհրաժեշտ ռեսուրսները փնտրել ամբողջ աշխարհում»։

    Անդրադառնալով 907-րդ ուղղմանը՝ Ալիևը հայտարարել է, որ այն հնացած է և պետք է չեղարկվի։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով կասեցրել է դրա գործողությունը, սակայն քաղաքական իմաստով այն դեռևս պահպանվում է։

    Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ որքան շուտ ԱՄՆ Կոնգրեսը լիովին չեղարկի ուղղումը, այնքան ավելի օգտակար կլինի բոլոր կողմերի համար։ Նա հույս է հայտնել, որ նման որոշում կկայացվի։ Միևնույն ժամանակ, Ալիևը նշել է, որ ամերիկյան ներկայիս վարչակազմի օրոք ուղղումը փաստացիորեն ոչ մի դեր չի խաղում։

  • Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում

    Շուշիում անցկացվող մեդիաֆորումի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփն ու նրա վարչակազմը էական դեր են խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացում։ 

    Ալիևի խոսքով՝ երբ բանակցությունները գտնվել են եզրափակիչ փուլում, հենց նրանց ջանքերն են թույլ տվել իրականություն դարձնել խաղաղության համաձայնագիրը։

    Ադրբեջանի նախագահը նշել է, որ այդ խաղաղությունը նոր հնարավորություններ է բացում տարածաշրջանի համար, և հայտարարել է TRIPP երթուղու մեկնարկի մասին։

    Ըստ նրա՝ նախագծի գործնական աշխատանքները կսկսվեն արդեն այս տարի, ինչը, Ալիևի համոզմամբ, կամրապնդի անվտանգությունը Հարավային Կովկասում։ Նա իր շնորհակալությունն է հայտնել Դոնալդ Թրամփին, Սթիվ Ուիթքոֆին և ամբողջ թիմին՝ արդյունավետ համագործակցության համար։

  • «Լուսավոր Հայաստան»-ում իմ առաքելությունը համարում եմ ավարտված. Դավիթ Խաժակյան

    Դավիթ Խաժակյանը հայտնել է«Լուսավոր Հայաստան» կուսակցությունում իր առաքելությունն ավարտված համարելու մասին։ 

    «21 տարեկանում հեշտ չէր որոշել դառնալ կուսակցական և զբաղվել քաղաքականությամբ: Գիտակցված և բարդ ընտրություն էր, որի համար ափսոսանք չունեմ:

    Այս տարիներն ինձ համար եղել են քաղաքական հասունացման և զարգացման կարևոր շրջան։ Հումորի էր վերածվել այն, որ ամեն հաջորդ ընտրությանը իմ տարիքը չէր բավականացնում թեկնածու առաջադրվել: Բարեբախտաբար այդ «խոչընդոտները» ևս հաղթահարվեցին:

    Փորձել եմ լինել թիմային խաղացող՝ հպարտանալով մեր համատեղ ձեռքբերումներով և պատասխանատվություն կրել ձախողումների համար։

    Շնորհակալ եմ բոլոր նրանց, ում հետ այս ճանապարհը միասին անցել ենք՝ գործընկերներիս, նախկին և ներկա թիմակիցներիս, ինչպես նաև կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին, ում վստահել եմ, ումից սովորել և ում հետ միասին ծառայել եմ մեր պետությանն ու ժողովրդին։

    Խորհրդարանական ընտրություններին չմասնակցելը իմ ընտրությունն էր, իսկ այժմ նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում իմ առաքելությունը համարում եմ ավարտված՝ թողնելով ջերմեռանդ երիտասարդական ջանքս և ինձ հետ վերցնելով մեծ փորձառություն, ջերմ հիշողություններ և բազմաթիվ լավ ընկերներ:

    «Ես հեռանում եմ, որ դառնամ, հազար փակված դռներ բանամ։ Հիմա գնամ, բարով մնաք…» – Մեսչյանական այս խոսքերով ավարտում եմ հաղորդագրությունս՝ անցած ճանապարհը վերարժևորելով և շարժվելով առաջ՝ Նոր Շնչով»,- գրել է Դավիթ Խաժակյանը։ 

  • Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև

    «Առանց հարևանների հետ հարաբերություններ կառուցելու հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր»,– հայտարարել է Իլհամ Ալիևը:

    Նա նշել է, որ Ադրբեջանին հաջողվել է հարաբերություններ հաստատել հարևան երկրների հետ և լայն միջազգային համագործակցություն կառուցել Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ ուղղություններով:

    «Մենք կանգնեցինք գործընթացի գլխին: Այդ նույն ժամանակահատվածում իրականացվեցին էներգետիկ նախագծեր: Ադրբեջանը կառուցեց բազմակողմ միջազգային համագործակցություն»,- ասել է պետության ղեկավարը:

  • Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր

    ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ շինանյութի արտադրության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների կողմից հնարավոր են հարկերից խուսափելու, իրացման շրջանառությունները թերհայտարարագրելու և անապրանք գործարքների միջոցով հարկային պարտավորությունները նվազեցնելու դեպքեր։

    Ստացված տեղեկություններն իրացնելու նպատակով Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից մշակվել, ձեռնարկվել և իրականացվել են բազմափուլ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

    Միջոցառումների շրջանակում ծածկագրված եղանակով իրականացվել է արտաքին դիտման օպերատիվ-հետախուզական միջոցառումը, որի ընթացքում քարտեզագրվել են Արարատի մարզում ցեմենտ արտադրող գործարանից դուրս եկող բեռնատարների երթուղիները, նույնականացվել են հաշվառման համարանիշերը, մատակարարումների ուղղությունները։ Այնուհետև, ստացված տվյալները համադրվել են ընկերության կողմից դուրս գրված հարկային հաշիվների և հարկային մարմնի տեղեկատվական բազաներում առկա տվյալների հետ։ Հենց այս համադրման շնորհիվ  բացահայտվել է իրավախախտումների իրական ծավալը։ Մասնավորապես,  արտաքին դիտման ընթացքում արձանագրվել է, որ նույն օրվա ընթացքում գործարանի տարածքից դուրս է եկել 101 բեռնատար մեքենա, որի 35-ի իրականացրած մատակարարումների մասով հարկային հաշիվներ դուրս գրված չեն եղել։ Եվ միայն մեկ օրվա ընթացքում առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթերի մատակարարվել է շուրջ 43.2 միլիոն դրամի ցեմենտ, ինչի հետևանքով պետական բյուջե պակաս է հաշվարկվել շուրջ 7.2 միլիոն դրամի ավելացված արժեքի հարկ։

    Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվել են ընկերության մատակարարման ամբողջ շղթայի ուսումնասիրությամբ։ Ձեռք բերված փաստական տվյալների վերլուծության և համադրման արդյունքում առաջացել են հիմնավոր կասկածներ նաև, որ շուրջ 1.2 միլիարդ դրամի դիզելային վառելիքի ձեռքբերումները ձևակերպվել են հնարավոր անապրանք հարկային հաշիվներով։ Այնուհետև, այդ փաստաթղթերն օգտագործվել են ավելացված արժեքի հարկի հաշվանցման և շահութահարկի հարկման բազայի նվազեցման նպատակով։ Նշված գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 442 միլիոն դրամի վնաս։ Համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում բացահայտվել են նաև միևնույն սեփականատիրոջը պատկանող՝ Երևան քաղաքում և Կոտայքի մարզում գործող բետոնի արտադրությամբ զբաղվող մեկ այլ ընկերության գործունեության մեջ առկա հնարավոր հարկային իրավախախտումներ։

    Պարզվել է, որ ընկերությունը շուրջ 73 միլիոն դրամի բետոնի իրացում չի արտացոլել հարկային հաշվառումներում, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 23 միլիոն դրամի վնաս։ Բացի այդ, ձեռք են բերվել տվյալներ, որ ընկերության կողմից ձևակերպվել են շուրջ 49 միլիոն դրամի հնարավոր անապրանք ձեռքբերումներ, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, պետությանը պատճառվել է ևս շուրջ 23 միլիոն դրամի վնաս։ Բացահայտված փաստերի հիման վրա հանցագործությունների մասին հաղորդումներ են ներկայացվել վարույթ իրականացնող մարմին, որտեղ նախաձեռնվել են քրեական վարույթներ և իրականացվում է նախաքննություն։

    ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հետևողականորեն շարունակում է պայքարը ստվերային տնտեսության, հարկային իրավախախտումների և հարկերից խուսափելու բոլոր դրսևորումների դեմ՝ կիրառելով օրենսդրությամբ նախատեսված օպերատիվ-հետախուզական գործիքակազմը, բացահայտելով հարկերից խուսափելու մեխանիզմները և ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ՝ պետական բյուջեի եկամուտների լիարժեք հավաքագրումն ու պետության ֆինանսական շահերի արդյունավետ պաշտպանությունն ապահովելու նպատակով։