Category: TIV 1

  • Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը

    Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին և Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի (ESTDEV) պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են Կառավարությունից:

    Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանում Էստոնիայի համագործակցությանը հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում։

    Փոխվարչապետը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև առկա փոխշահավետ համագործակցության ու գործարար կապերի առավել խորացման առթիվ։

  • Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

    Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել։ 2025 թվականին հանրապետությունում գրանցվել է 32 հազար 42 ծնունդ՝ 2024 թվականի 33 հազար 593-ի և 2023 թվականի 36 հազար 590-ի դիմա: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի նիստում այս մասին ահազանգեց նախարար Արսեն Թորոսյանը։

    Նախարարի խոսքով՝ նվազում է նաև պտղաբերության գործակիցը՝ մեկ վերարտադրողական տարիքի կնոջ հաշվով ծնվող երեխաների միջին թիվը։

    «Ծնելիության անկումը շարունակվում է։ Նվազում է նաև պտղաբերության ցուցանիշը, այսինքն՝ մեկ վերարտադրողական տարիքի կնոջ հաշվով ծնվող երեխաների թիվը։ Կան գործոններ, օրինակ՝ ամուսնության տարիքը, որոնք պետությունը չի կարող ուղղակիորեն փոխել, սակայն, եթե պտղաբերության ցուցանիշն ավելի նվազի, դա ցանկացած երկրի համար լուրջ խնդիր կլինի»,- ասաց Թորոսյանը։

    Թորոսյանն ընդգծեց, որ  ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար անհրաժեշտ է փոխել հանրային մտածողությունը և պետական աջակցության ծրագրերի միջոցով խրախուսել ծնելիության աճը։

    «Պետք է մտածողության փոփոխության և պետական ծրագրերի միջոցով փորձենք փոխել այս իրավիճակը»,- նշեց նախարարը։

  • Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով

    Բաքվի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում տարբերվում է Մոսկվայից և անհամաձայնության առարկա է, սակայն այն ստվեր չի գցում երկկողմ հարաբերությունների վրա․ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

    «Կան մի շարք պետություններ, որոնց հետ մենք սերտ հարաբերություններ ունենք, և որոնք կիսում են այս դիրքորոշումը։ Դիրքորոշում, որի հետ մենք կտրականապես համաձայն չենք, և դա անհամաձայնության առարկա է», – մեկնաբանել է նա։

    Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Մոսկվան հավատարիմ է պրագմատիկ մոտեցմանը և դա չի համարում Ադրբեջանի հետ հարաբերությունները վատթարացնելու պատճառ։

  • Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան

    Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը սոցցանցի իր էջում գրել է.

    «Հուլիսի 13-ին, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ նշանակվել եմ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար։

    Վստահ եմ, որ միասնական աշխատանքի, փոխադարձ հարգանքի և համագործակցության շնորհիվ կկարողանանք կյանքի կոչել բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված Շենգավիթ վարչական շրջանի զարգացմանը, բարեկարգմանը և բնակիչների կյանքի որակի շարունակական բարելավմանը։

    Մեր առջև կանգնած են բազմաթիվ կարևոր անելիքներ։ Յուրաքանչյուր նախաձեռնության հիմքում լինելու է բնակչի շահը, իսկ աշխատանքի գլխավոր սկզբունքները՝ պատասխանատվությունը, թափանցիկությունն ու արդյունավետությունը։

    Սիրելի՛ շենգավիթցիներ, վստահեցնում եմ, որ իմ ամբողջ փորձն ու կարողությունները ներդնելու եմ մեր վարչական շրջանի զարգացման և յուրաքանչյուր բնակչի վստահությունն արդարացնելու համար։

    Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ և հարմարավետ Շենգավիթ»։

  • Միջազգային միջնորդները պաշտպանել են Արցախի ինքնորոշումը, Փաշինյանի իշխանությունը հրաժարվել է այդ մոտեցումից

    Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ երկար տարիներ ղարաբաղյան հակամարտության բանակցությունների հիմքում նախկին ԼՂԻՄ-ի, Քարվաճառի և Լաչինի շրջանի՝ ՀՀ-ին հանձնումն է եղել: Ըստ Ալիևի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ ի դեմս ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Ֆրանսիայի, ևս պնդել են լուծման այդ ճանապարհը:

    ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ի դեպ, այդ գաղափարն ու դիրքորոշումները երևում են նաև Փաշինյանի՝ նախորդ տարի հրապարակված արցախյան բանակցային գործընթացի փաթեթներից:

    Փաստացի, միջազգային հիմնական դերակատարները պաշտպանել են Արցախի ինքնորոշման իրավունքը, երկար տարիներ այդ ուղղությամբ բանակցություններ են տարվել, իսկ փաշինյանական իշխանությունը մերժել է այդ մոտեցումը և Արցախը հանձնել Ադրբեջանին»։ 

  • Ծառուկյանին պատկանող բիզնեսներին խոչընդոտելը բացառապես քաղաքական հետապնդման դրսևորում է․ Առաքելյան

    Գագիկ Ծառուկյանին պատկանող բիզնեսների գործունեությանը խոչընդոտելը բացառապես քաղաքական հետապնդման դրսևորում է և չունի որևէ իրավական և տնտեսական հիմնավորում։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

    «Ենթադրյալ չարաշահումները վերաբերում են բացառապես հարկերից խուսափելուն, որոնք չեն կարող հիմք հանդիսանալ բիզնես գործունեության փակման համար։ Հարկերից խուսափելու դեպքում, ընկերությունները պետք է վճարեն հարկերը՝ համաձայն օրենսդրության, իսկ համապատասխան աշխատակիցները կրեն օրենքով սահմանված պատիժ, եթե կատարել են հանցագործություն։

    Բիզնես գործունեությունը կարող է փակվել, եթե չունեն ոլորտային թույլտվություններ, կամ խախտումներ են արել, որոնք կարող են վնասել սպառողներին և այլն, բայց կրկին ու կրկին՝ ենթադրյալ հարկ չվճարելու համար բիզնես փակելը դասական խուլիգանություն է պետական կառույցների կողմից»,-գրել է  նա։

  • Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

    Իրանի մի քանի քաղաքում նոր պայթյուններ են լսվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են իրանական լրատվամիջոցները։

    Ըստ IRNA գործակալության՝ Բուշերում արկերը հարվածել են չորս վայրի։ Fars գործակալությունը նշում է, որ բնակիչները հայտնել են մի քանի պայթյուն լսելու մասին։

    Բուշերն Իրանի հարավ-արևմուտքում՝ Պարսից ծոցի ափին գտնվող նավահանգստային քաղաք է, որտեղ գործում է նաև ռուսական «Ռոսատոմ»-ի կողմից գործարկվող ատոմակայանը։

    Ըստ Fars գործակալության՝ նաև պայթյուններ են լսվել Չողադակ քաղաքում։ Իրանական ԶԼՄ-ները հաղորդում են նաև Բանդար Աբբասում մի քանի պայթյունի մասին։

    ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունն Իրանին նոր հարվածներ հասցնելու մասին չի հայտնել։ Առավոտյան ժամը 6։20-ին X-ում գրառման մեջ հրամանատարությունը հայտնել էր, որ ավարտել է Իրանին հարվածները, որոնք տևել են հինգ ժամ։

  • Փաշինյանը բարձր է գնահատել հանգուցյալ էմիրի ավանդը հայ-կատարական հարաբերությունների զարգացման մեջ

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիին՝  Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ:

    «Խոր վշտով տեղեկացա Կատարի Պետության հայր էմիր շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան մասին։

    Նորին վսեմության նշանակալի դերն ու ներդրումը Կատարի զարգացման, բարօրության և միջազգային հեղինակության ամրապնդման, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային երկխոսության ու համագործակցության առաջմղման գործում հավերժ կմնա պատմության էջերում:

    Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում հանգուցյալ էմիրի մեծ ավանդը նաև Հայաստանի և Կատարի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման ևզարգացման գործում, ինչի մասին է վկայում Հայաստանի Հանրապետության կողմից հայր էմիրին շնորհված «Բարեկամության» շքանշանը:

    Այս ծանր պահին Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձերդ վսեմությանը, Կատարի ղեկավարությանը և բարեկամ ժողովրդին, հանգուցյալ Էմիրի հարազատներին և մերձավորներին՝ կորստի այս դժվարին պահին մաղթելով ուժ և տոկունություն»,-նշված է հեռագրում:

  • ՌԴ-ն կարող է նոր պատերազմ սանձազերծել Եվրոպայում. Պուտինը չի թաքցրել իր ախորժակը. Զելենսկի

    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ֆրանսիական BFM հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջողության հասնի Ուկրաինայում, նա կանգ չի առնի և կշարունակի առաջ շարժվել։ Զելենսկին լիովին իրական է համարում սցենարը, որ Ռուսաստանը կարող է նոր պատերազմ սանձազերծել Եվրոպայում, քանի որ երկիրն արդեն իսկ զարգացնում է իր բալիստիկ հրթիռների պոտենցիալը՝ մինչև 5000 կիլոմետր գործողությունների շառավղով։

    Զելենսկին Ուկրաինայում հրադադարը անվանել է «հնարավոր», բայց նաև ընդունել է, որ դրան հասնելը «շատ դժվար է», քանի որ «Պուտինը ձգտում է ոչ թե խաղաղության, այլ հաղթանակի»։

    Զելենսկու խոսքով՝ Պուտինի հաղթանակը սպառնալիք է ոչ միայն Ուկրաինայի համար։ «Պուտինը կփորձի գրավել նոր երկրներ և կսպանի ավելի շատ մարդկանց, եթե հաջողության հասնի Ուկրաինայի դեմ պատերազմում»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

    Նա նաև նշել է պատերազմի իրական արժեքը Ռուսաստանի համար։ Ռազմաճակատի մոտ 50 կիլոմետր երկարությամբ մի հատվածում ռուսական բանակը կորցրել է 150 հազարզինվոր։

    «Ահա թե որն է իսկական պատերազմը»,- հայտարարել է Զելենսկին։

    Ինչ վերաբերում է Ուկրաինայի պաշտպանական պոտենցիալին, Զելենսկին ընդգծել է, որ չորս տարուց ավելի լայնածավալ ներխուժման ընթացքում երկիրը ստեղծել է սեփական արտադրության անօդաչուներ, հրթիռներ, հրետանի, զրահատեխնիկա և այլ սպառազինություն։ Սա, նրա խոսքով, Ուկրաինայի զինված ուժերը վերածել է աշխարհի ամենաուժեղ բանակներից մեկի։

    Զելենսկին նշել է, որ Ռուսաստանի բալիստիկ զենքերը, որոնց գործողության շառավիղը 5000 կիլոմետր է, կարող են ծածկել Եվրասիայի մեծ մասը՝ Եվրոպայի Ատլանտյան ափից մինչև Կենտրոնական Ասիա: Նրա խոսքով՝ սա նշանակում է, որ Ռուսաստանի ագրեսիայի պոտենցիալ ընդլայնումը Ուկրաինայից հետո չի սահմանափակվի միայն հարևան պետություններով:

    «Պուտինը չի թաքցրել իր ախորժակը. պատերազմի ողջ ընթացքում նա հայտարարել է նախկին հետխորհրդային տարածքում «Ռուսաստանի շահերի պաշտպանության» մասին։ Ուկրաինայում ագրեսիայի դադարեցումն է հենց այն, ինչը կարող է խզել այդ շղթան»,- պնդել է Զելենսկին։

  • «Մուլտի Վելնես» ՍՊԸ-ն վերադարձվել է Երևանին

    Երևանի կենտրոնում գտնվող խոշոր և արժեքավոր անշարժ գույքը վերադարձվել է Երևան քաղաքին։

    Radar Armenia-ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» ՍՊԸ-ի՝ Ալեք Մանուկյան 11 հասցեում գտնվող գույքը վերադարձվել է Երևանի քաղաքապետարանին։