Category: TIV 1

  • Հրապարակվել է Ադրբեջանից Հայաստան արտահանման վեց ամսվա ընդհանուր արժեքը

    Այս տարվա հունվարից մինչև հունիս ամիսները Ադրբեջանը Հայաստան է արտահանել 17,128,640 դոլարի ապրանքներ։

    APA-Economics-ի տվյալներով՝ հղում անելով Պետական ​​մաքսային կոմիտեին, այս ցուցանիշը կազմել է Ադրբեջանի ընդհանուր արտահանման 0.10%-ը։

    Այս տարվա հունվար-հունիսին Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 24 միլիարդ 661,35 միլիոն ԱՄՆ դոլար։

  • Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի

    Ուկրաինան ներկայում տարեկան արտադրում է 10 միլիոն անօդաչու թռչող սարք և նախատեսում է կրկնապատկել այդ թիվը։ Այս մասին Կիևում Ուկրաինայի պետականության օրվան նվիրված տոնակատարությունների ժամանակ հայտարարել է երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

    Նա հիշեցրել է, որ երբ հայտարարել է տարեկան 1 միլիոն անօդաչու թռչող սարք արտադրելու իր ծրագրի մասին, այդ հայտարարության նկատմամբ զգալի կասկածամտություն է նկատվել։

    «Հիշում եմ, թե ինչպես առաջին անգամ հրապարակավ հայտարարեցի պետության ծրագրի մասին՝ տարեկան 1 միլիոն անօդաչու թռչող սարք։ Ամենուրեք մեծ կասկածամտություն կար՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին։ Եվ հիմա մենք կարող ենք հաստատել. մենք տարեկան արտադրում ենք 10 միլիոն անօդաչու թռչող սարք։ 10, և կլինի 20», – նշել է Զելենսկին։

    Պետության ղեկավարը վստահեցրել է, որ Ուկրաինան դա կանի իր գործընկերների հետ համատեղ։

    Euronews-ի փոխանցմամբ՝ Կիևում հանդիպման ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել են, որ Եվրամիությունը և Ուկրաինան համաձայնագիր են ստորագրել անօդաչու թռչող սարքերի արտադրությունը համատեղ խթանելու շուրջ։

    Կարևոր նորամուծություն է այն, որ այդ ԱԹՍ-ները ԵՄ-ի տարածքում արտադրելու և պահելու հնարավորություն է ստեղծվել։ Այս դեպքում դրանք չեն դառնա թիրախ ռուսական հարվածների համար՝ ի տարբերություն Ուկրաինայում պահման դեպքում։

    Սակայն պահպանումը կարճաժամկետ կլինի՝ տեխնոլոգիայի արագ զարգացման պատճառով։ Երկու-երեք ամիս անց ԱԹՍ-ները կտեղափոխվեն Ուկրաինա կամ անդամ պետություններ, որոնք հետաքրքրված են իրենց կարողությունները հզորացնելով, մասնավորապես՝ ԵՄ արևելյան թևում։

    Ֆոն դեր Լայենի խոսքով՝ Եվրոպայում առկա են հսկայական տեխնոլոգիական և արդյունաբերական հզորություններ, սակայն կա փորձի պակաս։

    «Մենք չունենք այն մարտական ​​փորձություն անցած գիտելիքներն ու փորձը, որ Ուկրաինան ստեղծել է։ Այսպիսով, ես ուզում եմ ասել, որ մենք պետք է համատեղենք մեր ուժեղ կողմերը։ Միասին մենք կարող ենք աշխատել համատեղ արտադրության վրա», – նշել է նա։

    Մինչ օրս ԵՄ մի քանի երկիր առանձին համաձայնագրեր են ստորագրել Ուկրաինայի հետ՝ նրա տեխնոլոգիական կարողություններն օգտագործելու համար։ Հուլիսի 15-ի համաձայնագիրն ավելի է ընդլայնում այս հնարավորությունները՝ գործընկերությունը հասանելի դարձնելով ԵՄ բոլոր 27 անդամ պետությունների համար։

    Որպես երկրորդ քայլ՝ Եվրահանձնաժողովը մտադիր է ընդլայնել Ուկրաինայի հետ համաձայնությունը՝ ներառելով բալիստիկ և հակաբալիստիկ հրթիռային համակարգերի արտադրությունը, սակայն դա դեռևս հեռու ապագայում է, նշում է Euronews-ը։

  • Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

    Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 10-ին մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցն ընդդեմ Գոռ Վլադիմիրի Վարդանյանի (քրեական հետապնդում է հարուցվել 18.04.2003 թվականին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ)` մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը) և նրան փոխկապակցված անձանց:

    Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման՝

    • 128 միլիոն դրամ,
    • «HYUNDAI SONATA 2.0» մակնիշի տրանսպորտային միջոց,
    • «KIA SPORTAGE 2.0 I» մակնիշի տրանսպորտային միջոց,
    • «TOYOTA CAMRY 3.5» մակնիշի տրանսպորտային միջոց,
    • «VAZ 21121» մակնիշի տրանսպորտային միջոց:

  • ՀՀ նախագահն ու Կատարի շեյխը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 14-ին Դոհայում առանձնազրույց է ունեցել Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ։

    Հանրապետության նախագահն իր խորին ցավակցությունն է հայտնել Ալ Թանի ընտանիքին և Կատարի ժողովրդին՝ Կատարի Հայր էմիր շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ՝ մաղթելով տոկունություն և ուժ ծանր կորստի պահին։

    Հանդիպման ընթացքում նախագահն արձանագրել է, որ շեյխ Համադ Ալ Թանիի հմուտ առաջնորդությամբ իրականացված մեծածավալ բարեփոխումների արդյունքում Կատարի Պետությունը սրընթաց վերելք է ապրել։ Նախագահ Խաչատուրյանը մեծապես արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման և խորացման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ունեցած ավանդը։

    Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության օրակարգի հարցերին և տարածաշրջանային զարգացումներին։

  • Թե բա՝ Պուտինը ուզում էր պատերազմը կանգնեցնել, բայց Փաշինյանը հրաժարվեց

    Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը գրել է․

    Հայրենական “ադրբեջանագետները չեն նկատել”, բայց Իլհամ Ալիեւը այսօր Շուշիում բացահայտել է, որ քառասունչորսօրյա պատերազմում ՌԴ ՏԱՍՍ պետական գործակալությունը ծառայել է Ադրբեջանի շահերին։

    Որեւէ երկիր մյուսին տեղեկատվա-քարոզչական աջակցություն է ցուցաբերում միայն այն դեպքում, երբ երկուսի շահերը եւ նպատակները
    համընկնում են։ Թե բա՝ Պուտինը ուզում էր պատերազմը կանգնեցնել, բայց Փաշինյանը հրաժարվեց։

  • Հայաստանում 643 բազմազավակ ընտանիք կարող է օգտվել նոր բնակարանային աջակցության ծրագրից

    Համայնքներից ստացված տեղեկատվության համաձայն՝ Հայաստանում բնակարանային աջակցության նոր ծրագրի պոտենցիալ շահառու է 643 բազմազավակ ընտանիք։ Նրանցից 390-ը 6, 143-ը՝ 7, 76-ը՝ 8, 26-ը՝ 9, 5-ը՝ 10, 2-ը՝ 11, իսկ մեկ ընտանիք՝ 12 անչափահաս երեխա ունի։

    ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի նիստում նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը տեղեկացրեց, որ 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար նախատեսված բնակարանային աջակցության ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2027 թվականի մարտին։

    Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակում ընտանիքները պետության 100 տոկոս սուբսիդավորմամբ կկարողանան Հայաստանի Հանրապետության ցանկացած մարզային բնակավայրում ձեռք բերել անշարժ գույք կամ կառուցել անհատական բնակելի տուն։

    «Ծրագրի նպատակն է աջակցել բազմազավակ ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը, քանի որ մինչ օրս այս ընտանիքների համար առանձին բնակարանային աջակցության ծրագիր չի իրականացվել։ Այն հնարավորություն կտա նաև նվազեցնել այդ ընտանիքների աղքատացման ռիսկը՝ հաշվի առնելով, որ բազմազավակ ընտանիքների ֆինանսական բեռը զգալի է։ Բացի այդ, ծրագիրը կարող է խրախուսել նաև ավելի քիչ երեխաներ ունեցող ընտանիքներին ունենալ ավելի շատ երեխաներ»,- նշեց Ղարագյոզյանը՝ հավելելով, որ ծրագրով Երևանում բնակարան ձեռք բերելը չի նախատեսվում։

    «Մեր բնակարանային ծրագրերում Երևանը որպես շահառու ուղղություն չի խրախուսվում։ Մենք տարածքային համաչափ զարգացման կողմնակից ենք, ուստի ծրագիրը նախատեսված է բացառապես մարզային բնակավայրերի համար»,-ասաց նա։

  • Տարածաշրջանային տուրբուլենտության նոր փուլ է սկսվում. Արտակ Զաքարյան

    ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել է, որ այսօրվանից վերսկսելու են Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը։ Նշվել է, որ շրջափակման մեջ կպահեն դեպի Իրանի նավահանգիստներ ուղևորվող և այնտեղից դուրս եկող նավերի մուտքն ու ելքը։ Կապահովվի միայն այն նավերի անվտանգ նավարկությունը, որոնք չեն խախտի շրջափակման պահանջները (բնականաբար՝ փող, վճար)։

    Զուգահեռաբար, ըստ The New York Times-ի, նախագահ Թրամփը պաշտոնապես տեղեկացրել է Կոնգրեսին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսման մասին:

    ԱՄՆ նախագահի և ԶՈւ այս հայտարարություններից հետո, նավթի գներն աճել են 8%-ով:
    Իրանը ևս ունի դիմադրության ու շահերի պաշտպանությանն ուղղված գործողությունների իր ծրագրերը: Արդեն, իսկ օրինական թիրախներ են հայտարարվել այն երկրները, որոնք իր դեմ կհամագործակցեն ԱՄՆ-ի հետ: Թիրախավորված են հարակից երկրների ամերիկյան պատկանելիություն ունեցող օբյեկտները:

    Ֆրանսիայի և Անգլիայի նախաձեռնությամբ, 25 երկրների ղեկավարներ, «վճռականների կոալիցիայի» շրջանակներում հավաքվել և քննարկում են Ռուսաստանի դեմ Ուկրաինային աջակցելու, հետագա գործողություններին դիմակայելու, բալիստիկ և ռազմավարական ավելի հզոր հարվածներից պաշտպանվելու հարցերը:

    ՌԴ նախագահը խոստանում է մի քանի անգամ ավելի հզոր հարվածներ հասցնել Ուկրաինային: 
    Տարածաշրջանային նոր սրացումներին զուգահեռ, Հարավային Կովկասում իր դիրքերն ամրապնդելու հավակնոտ ու ավելի կոշտ դիրքորոշումներով է հանդես եկել Ալիևը: Վերջինիս հայտարարությունների տողատակերից երևում է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը նրան այդքան էլ հետաքրքիր չէ: Ադրբեջանն այլ կերպ է տեսնում զարգացումներն ու դրանում իր դերակատարկումը:
    Ակնհայտորեն, տարածաշրջանային տուրբուլենտության նոր փուլ է սկսվում…

    Հ.Գ.
    Խուստուփի լանջերով աննպատակ մագլցող՝ ամբողջովին ձախողված կառավարության ղեկավարն ու՞նի արդյոք սպասվող նոր տուրբուլենտությանը դիմակայելու մասին նվազագույն պատկերացում»:

  • Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ

    Եմենի հութիները հուլիսի 13-ին հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ այն բանից հետո, երբ մեղադրել էին թագավորությանը Սանայի օդանավակայանին հարվածելու համար և հակահարված էին խոստացել։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

    Եմենում գտնվող Սաուդյան Արաբիայի գլխավորած ռազմական կոալիցիայի խոսնակն X-ում գրել է, որ հրթիռները խոցվել են։ Նրա խոսքով՝ դրանք արձակվել են «ահաբեկչական հութի աշխարհազորայինների կողմից հարավային շրջանների ուղղությամբ»

    Իրանի կողմից աջակցվող հութիների ռազմական խոսնակ Յահյա Սարին հայտարարել է, որ իրենք թիրախավորել են Սաուդյան Արաբիայի Աբհայի միջազգային օդանավակայանը։ Աբհան Եմենին սահմանակից լեռնային հարավային շրջանի մայրաքաղաքն է։

    Սրանք Սաուդյան Արաբիայի դեմ առաջին հարվածներն են, որոնց համար հութիները պատասխանատվություն են ստանձնում 2022 թ. մարտին թագավորության էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումներից հետո հաստատված ոչ պաշտոնական հրադադարից ի վեր։

    Եմենի հյուսիսը վերահսկող հութիները հուլիսի 13-ին մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի միջազգային օդանավակայանին օդային հարվածներ հասցնելու համար։ Յահյա Սարին հայտարարել էր, որ Սաուդյան Արաբիան կկրի հետևանքները, և որ հարձակումն անպատասխան չի մնա։ Միևնույն ժամանակ, հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր երկրի հարավում գտնվող Եմենի՝ միջազգայնորեն ճանաչված կառավարության պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ զինված ուժերը թիրախավորել է Սանայի միջազգային օդանավակայանի թռիչքուղին՝ իրանական ինքնաթիռի վայրէջքը կանխելու համար։

    Եմենն ավելի քան մեկ տասնամյակ բախվում է քաղաքացիական պատերազմի. հութիները գրավել են մայրաքաղաքը և ստիպել միջազգայնորեն ճանաչված կառավարությանը տեղափոխվել հարավ։ Ադենի հարավային նավահանգստից գործող կառավարությունը վայելում է Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի այլ պետությունների աջակցությունը։

  • Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահեցրել է, որ չի հրաժարվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին աջակցելուց, չնայած որոշ հարցերի շուրջ իրենց միջև առկա  տարաձայնություններին։ Այս մասին նա ասել է հաղորդավար Հյու Հյուիթի հետ հարցազրույցում՝ մեկնաբանելով զանգվածային լրատվամիջոցների այն հաղորդագրությունները, թե նա որոշել է այլևս չաջակցել Նեթանյահուին։

    «Ոչ, բնավ ոչ։ Մենք շատ հաշտ ենք, – ասել է ԱՄՆ ղեկավարը։ – Երբեմն ես համաձայն չեմ լինում նրա հետ։ Եվ ես բացահայտորեն ասում եմ այդ մասին։ Եվ ես ճիշտ եմ լինում»:

    «Նա պատերազմական ժամանակների վարչապետ է։ Նա լավ է կատարում իր գործը», – ընդգծել է Միացյալ Նահանգների ղեկավարը։

    Թրամփի խոսքով՝ եթե ինքը կամ Նեթանյահուն չզբաղեցնեին իրենց պաշտոնները, «Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա» Իրանի գործողությունների պատճառով։