Category: TIV 1

  • Գործող ռեժիմի ներկայացուցիչները ԱԺ ամբիոնից շարունակում են կեղծիք տարածել․ Շարմազանով

    ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Հերիք է ԱԺ ամբիոնից կեղծիք տարածեք, Մաքսային միությանը միանալու Սերժ Սարգսյանի որոշումը ոչ թե մեկ գիշերում է կայացվել, այլ քննարկվել է ամիսներ շարունակ։

    Գործող ռեժիմի ներկայացուցիչները ԱԺ ամբիոնից շարունակում են կեղծիք տարածել։

    Նրանք նշում են,որ Սերժ Սարգսյանի որոշումը միանալու Մաքսային միությանը մեկ գիշերում է իրականացվել.դա լկտի սուտ է։ Բազմիցս նշել ենք, որ այդ որոշումը ամիսներ շարունակ քննարկվել է ու այդ թվում նաեւ ՀՀԿ ԳՄ-ում։

    2013-ի մայիս եւ հուլիս ամիսներին ՀՀԿ ԳՄ քննարկել է այդ հարցը եւ ԳՄ-ի բոլոր անդամները ,արտահայտվելով այդ հարցի շուրջ ,ՀՀ-ի Մաքսային միության հնարավոր անդամակցումը համարել են մեր պետական շահերին համահունչ։

    Այդ որոշումը բխում էր ՀՀ պետական շահերից ու սպասարկում էր մեր քաղաքացիների շահերը։

    Եթե այդ որոշումը խնդրահարույց էր, ապա ինչու՞ է ՔՊ-ի ղեկավարը 8 տարիների ընթացքում մշտապես խոսել ԵԱՏՄ-ի կարեւորության մասին։

    Իսկ ի՞չ վերաբերում է «միութենական պետության» մասին անհեթեթ թեզին ,դա կատարյալ տգիտություն է։

    Սերժ Սարգսյանի իշխանության շրջանում որեւէ անգամ ու որեւէ մեկը նույնիսկ մեզ չի ակնարկել դրա մասին։

    Դեպի «միութենական պետություն» գնացող իշխանության հետ ԵՄ-ն CEPA է ստորագրու՞մ։

    Ամոթ ե… ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հերոսը՝ «сначала подумай,потом говори»»։

  • Վիզաների մերժումները շատացել են, հերթերը մեծացել են․ Էդգար Ղազարյանը՝ ԵՄ ինտեգրման մասին

    ԱԺ-ում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը քննադատեց Հայաստանի՝ Եվրոպական միության հետ ինտեգրման գործընթացը՝ հարց բարձրացնելով, թե ինչպես է այն համատեղվում մարդու իրավունքների և ժողովրդավարության եվրոպական արժեքների հետ։

    Նրա խոսքով՝ վիզաների մերժումները շատացել են, հերթերը մեծացել, տուրքը՝ ավելացել, իսկ Հայաստանի քաղաքացիները եվրոպական երկրներից արտաքսվում են։ «Այդպիսի ինտեգրացիա չի լինում»,- հայտարարեց Ղազարյանը։

  • Ադրբեջանի տեղեկատվական դաշտում առկա են ՌԴ-ի նկատմամբ ոչ բարեկամական նարատիվներ. Զախարովա

    Ադրբեջանի տեղեկատվական տարածքում պարբերաբար հայտնվում են Մոսկվայի նկատմամբ ոչ բարեկամական հռետորաբանությամբ նյութեր: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

    Նրա խոսքով՝ Մոսկվան բազմիցս առաջարկել է Բաքվին տեղեկատվական փոխգործակցության հարցերը քննարկել պրոֆիլային խորհրդակցությունների շրջանակում։ Ռուսական կողմը հույս ունի, որ նման երկխոսությունը կհաջողվի անցկացնել առանց քաղաքականացման և ԶԼՄ-ների ավելորդ ուշադրության, հավելել է դիվանագետը:

    Զախարովան մեկնաբանել է նաև ռուս լրագրողներ Իվան Կնյազևի, Սեմյոն Ուրալովի և Ալեքսեյ Չադաևի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու Ադրբեջանի իշխանությունների որոշումը:

    «Այս անձանց հայտարարությունները ոչ մի կերպ չեն արտացոլում Ադրբեջանի նկատմամբ Մոսկվայի մոտեցումը: Կարծում ենք, որ ռուս-ադրբեջանական կապերը պետք է զարգանան առկա երկկողմ իրավապայմանագրային բազայի հիման վրա»,- նշել է ԱԳՆ ներկայացուցիչը։

    Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը, անհրաժեշտության դեպքում, կպաշտպանի իր քաղաքացիների օրինական իրավունքներն ու շահերը՝ կապված Ադրբեջանի գլխավոր դատախազության որոշման հետ։

    Ավելի վաղ՝ օգոստոսի 17-ին, Ադրբեջանը հետախուզում էր հայտարարել ռուս լրագրողներ Իվան Կնյազևի, Սեմյոն Ուրալովի և Ալեքսեյ Չադաևի նկատմամբ՝ ահաբեկչության հրապարակային կոչերի, սահմանադրական կարգի բռնի փոփոխության և երկրի տարածքային ամբողջականության խախտման մեղադրանքներով:

    Օգոստոսի 18-ին էլ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կանչել էր Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին։ Բաքուն «վճռական բողոք» է հայտնել ռուսական ԶԼՄ-ներում արված «սադրիչ, վիրավորական և սպառնալից» հայտարարությունների կապակցությամբ:

  • Մենք իրապես կողմնակից ենք հիբրիդային պատերազմին․ Արեգա Հովսեփյան |

    «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր, ԱԺ Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանը իր ելույթի ընթացքում շեշտել է, որ իրենք իրապես կողմնակից ենք հիբրիդային պատերազմին։

    «Որովհետև Հայաստանում ներքին գործերին միջամտությունը, արդար մրցակցային ընտրություններ ունենալը ժողովրդավարության հիմքերն են»,-ասել է նա։ 

  • Բռնությունը պետք է նախ ճանաչել որպես արատ, ապա ոչնչացնել. Աննա Հակոբյան |

    ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ազդարարել է ընտանեկան բռնության դեմ նոր արշավի մեկնարկը՝ հանդես գալով «Այլևս չե՛նք հանդուրժում» հստակ ուղերձով։ Տեսանյութում նա կոտրում է երևույթի վերաբերյալ հանրային կարծրատիպերը՝ շեշտելով, որ բռնությունը ոչ թե սովորական ընտանեկան վեճ է կամ սոցիալական դժվարությունների հետևանք, այլ դիմացինի նկատմամբ իշխանություն և վերահսկողություն հաստատելու գիտակցված վարքագիծ, որը հասարակությունը պետք է նախ ճանաչի որպես արատ, ապա՝ արմատախիլ անի:

    «Սիրելի՛ կանայք, այլևս չե՛նք հանդուրժում:

    Ընտանեկան բռնության դեմ պայքարում ինձ են միացել մեծ թվով պրոֆեսիոնալ կանայք, ովքեր տրամադրում են արժեքավոր նյութեր երևույթի մասին մեր ճանաչողությունը մեծացնելու նպատակով: Մասնավորապես, Անի Կոջոյանը մեզ համար մշակել է ընտանեկան բռնության շրջանակը: Անի Կոջոյանը Երևանի պետական համալսարանի դասախոս է, կանանց իրավունքների ուսումնասիրության մասնագետ, իրավապաշտպանության և կրթության հարցերով փորձագետ: 

    Ընտանեկան բռնությունը Եվրոպայի խորհրդի, ՄԱԿ-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից գնահատվում է որպես մարդու իրավունքների ամենատարածված խախտումներից մեկը և հանրային առողջապահության կարևորագույն խնդիր:

    Ընտանեկան բռնության ցանկացած ձև՝ ֆիզիկական, հոգեբանական, սեռական կամ տնտեսական, խախտում է և ոտնահարում անձի արժանապատվությունը, անվտանգությունը, ազատ կամ արտահայտման, անձնական անձեռնմխելիության և կյանքի իրավունքները:

    Ընտանեկան բռնության հիմքում ընկած են ոչ թե զայրույթը, ընտանեկան վեճը կամ հավասար երկու կողմերի միջև վիճաբանությունը, այլ մեկ անձի կողմից մյուսի նկատմամբ ուժի, իշխանության և հարկադիր վերահսկողության հաստատման և պահպանման ձգտումը:

    Բռնությունը կապված չէ բռնություն գործադրող անձի, ինչպես նաև բռնության ենթարկված անձի կրթության, մասնագիտության, սոցիալական կարգավիճակի, եկամտի կամ հանրային հեղինակության հետ: Բռնությունը վարք է՝ բռնություն գործադրող անձի վարք:

    Ընտանեկան բռնության բնորոշ առանձնահատկություններից է դրա ցիկլային բնույթը: Ժամանակի ընթացքում բռնության դրսևորումները դառնում են ավելի հաճախակի և ավելի ինտենսիվ, ինչպես նաև ավելի դաժան: Միաժամանակ, ընտանեկան բռնությունը հաճախ թաքնված երևույթ է: Այն երբեմն չի բարձրաձայնվում՝ պայմանավորված բռնության ենթարկված անձի վախով, կախվածությամբ, ամոթի կամ մեղքի զգացումով, հասարակական կարծիքով և, որ ամենակարևորն է՝ հետագա բռնությունից խուսափելու ցանկությամբ:

    Այսպիսով արձանագրենք՝ բռնությունը վարք է: Բռնության նպատակը տուժողի նկատմամբ ուժի, իշխանության և հարկադիր վերահսկողության հաստատումն ու պահպանումն է: Բռնության հիմքում անհավասար հարաբերություններն են, այլ ոչ թե զույգի միջև սովորական կոնֆլիկտը: Սովորական կոնֆլիկտները ընտանեկան բռնություն չեն:

    Ալկոհոլի օգտագործումը, աղքատությունը, գործազրկությունը կամ այլ սոցիալ-տնտեսական դժվարություններ կարող են նպաստող գործոններ լինել, սակայն չեն հանդիսանում բռնության պատճառ և չեն արդարացնում այն: Եվ, վերջապես, բռնություն գործադրող անձը կարող է հասարակական կյանքում ունենալ ընդունելի, նույնիսկ հարգված վարքագիծ, մինչդեռ ընտանիքում դրսևորել բռնի, հարկադիր, վերահսկող վարք:

    Սիրելի՛ կանայք, նկարագրված եզրույթները ոչ միայն խորթ չեն մեզ, այլև մեր ընտանեկան փոխհարաբերությունների ֆունդամենտն են: Ի՞նչ պետք է անենք. պետք է նախ երևույթը ճանաչենք որպես արատ, ապա՝ ոչնչացնենք»,- եզրափակել է նա։

    Ավելի վաղ Աննա Հակոբյանը հանդիպման էր հրավիրել Ազգային ժողովի երկու ընդդիմադիր խմբակցությունների՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ղեկավարներին:

    «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու և ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցագործություն ճանաչելու գործընթացին հրավիրում եմ միանալ նաև ընդդիմադիր կին պատգամավորներին։ Բնականաբար, իմ այս առաջարկը պետք է քննարկվի  ընդդիմադիր երկու խմբակցությունների ղեկավարների հետ, ուստի հանդիպման եմ հրավիրում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին և «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանին»,- հայտնել էր վարչապետի տիկինը։

    Ավելի վաղ Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության դեմ պայքարին նվիրված տեսաուղերձ էր հղել՝ ներկայացնելով խնդրի լուծմանն ուղղված իր մոտեցումն ու առաջիկա քայլերը։

    Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը և «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը մերժել էին վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը։ 

  • Ներգաղթի գործընթացը լինելու է ինստիտուցիոնալ․ Փաշինյանը՝ «իԳործ»-ի մասնակիցներին

    Ներգաղթի պրոցեսը լինելու է ինստիտուցիոնալ, որովհետև այսօր Հայաստանը կառավարվում է այն տրամաբանությամբ և գաղափարաբանությամբ, որը ոչ թե էլիտաների կողմից պարտադրվել է ժողովրդին, այլ ժողովրդի կողմից պարտադրվել է կառավարող ուժին: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «իԳործ» ծրագրի մասնակիցների հետ հանդիպմանը:

    Մանրամասները՝ տեսանյութում:

  • Այո, մենք գնալու ենք Եվրամիություն. Եղոյան |

    «Այո, մենք գնալու ենք Եվրամիություն»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ խբակցության պատգամավոր Արման Եղոյանը։ Հարցին, թե ի՞նչ գործնական քայլ են արել այդ ուղղությամբ, բացի նրանից, որ անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենք է ընդունվել ԱԺ կողմից, Արման Եղոյանը պատասխանեց․

    «Օրենքը նախաձեռնվել է քաղաքացիների կողմից, եղել է նախաձեռնող խումբ, այստեղ չի գրվել այդ օրենքը։ Ինչ վերաբերում է ԵՄ հետ մեր հարաբերություններին, դուք չեք հերքի, չէ՞, որ անցած 7 տարիների ընթացքում Եվրամիության հետ մեր հարաբերություններն աննախադեպ խորացել են։ Ռազմավարական գործընկերություն է, Հայաստան ուղարկվեց ԵՄ դիտորդական առաքելությունը մեր պետության համար շատ ճակատագրական պահի։ Սրան ի պատասխան` մենք միացանք նաեւ ընդհանուր անվտանգային եւ արտաքին քաղաքականության առաքելություններին միանալու, մասնակցելու համաձայնագրին»,- ասաց Արման Եղոյանը։

    ՔՊ-ական պատգանավորն ասաց, որ բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել օրենսդրական եւ ենթաօրենսդրական մակարդակում, որոնք բխել են Հայաստան-Եվրամիություն համաձայնագրից։

    «Հայաստանի Հանրապետությունում կյանքի որակը հիմա՞ է ավելի մոտ ԵՄ ստանդարտներին, թե՞ սրանից 10 տարի առաջ, ձեզ պարզ հարց։ Հիմա կյանքի որակն ավելի չի մոտեցե՞լ ԵՄ ստանդարտներին»,- հարցադրում արեց Եղոյանը:

  • Միջադեպից հետո «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը

    ԱԺ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան»  խմբակցության պատգամավորները նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպից հետո լքեցին նիստերի դահլիճը։ 

    Հիշեցնենք, որ նիստերի դահլիճում լարված իրաիճակ էր ստեղծվել։ Նիստը նախագահող ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը հայտարարեց՝ դիմելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան. «Ձեզ հայտարարվում է նախազգուշացում։…  Դուք չեք կարող ինձ հայտարարել նախազգուշացում։ Պարոն Դավիթ Ղազինյան, ձեզ ևս հայտարարվում է նախազգուշացում»։ 

    Ալեքսանյանը հայտարարեց, որ պատգամավոր Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառվում է կարգապահական տույժ, մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում։

    «Հարգելի գործընկերներ, սա ձեր խմբակցության նիստը չի, ուրեմն ձեզ պահեք կարգուկանոնով։ Պարոն Ղազինյան, մի խոսեք այլևս տեղից»։

    Պատգամավորները տեղից խոսում էին, որից հետո Վահագն Ալեքսանյանն ասաց. «Պատգամավոր Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառվում է կարգապահական պատասխանատվություն, հեռացում մինչև տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստերից՝ զրկելով այդ ընթացքում դահլիճում ներկա գտնվելու իրավունքից»։ Նա մի քանի անգամ կոչ արեց Դավիթ Ղազինյանին դուրս գալ նիստերի դահլիճից, և տեսնելով, որ դուրս չի գալիս, ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին՝ պատգամավորին դուրս հանելու համար:

  • Իսրայելը ԱՄՆ-ին տեղեկացրել է Սիրիային հարվածելու մտադրության մասին. Axios |

    Իսրայելը Թրամփի վարչակազմին հայտնել է, որ Սիրիայի հյուսիսում գտնվող ավիաբազային վերջերս հասցված հարվածի նպատակն էր կանխել այդ տարածքում Թուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը. գրում է Axios-ը։

    Իսրայելը սկզբում չէր ստանձնել հարվածի պատասխանատվությունը։ Ավելի ուշ ԱՄՆ-ի՝ Թուրքիայի և Սիրիայի հարցերով հատուկ բանագնաց Թոմ Բարաքը հայտնել է, որ հարվածը հասցրել է Իսրայելը՝ այն անվանելով «անհարկի էսկալացիա, որը չի նպաստում տարածաշրջանի կայունությանը»։ Մոտ 20 ժամ անց Իսրայելի վարչապետի գրասենյակը պաշտոնապես հաստատել է, որ հարվածել են Սիրիային։ 

    Իսրայելը հարվածից առաջ տեղեկացրել էր Սպիտակ տանը։ Իսրայելական կողմը հայտարարել էր, որ հարվածի նպատակն էր կանխել Թուրքիայի կողմից ավիաբազա ժամանակակից զինատեսակների մատակարարումը և այդ տարածքում ավելի լայն ռազմական ենթակառուցվածքի ձևավորումը։

    Թուրքիայի պաշտոնյաներից մեկը, սակայն, հերքել է այդ պնդումները՝ հայտարարելով, որ ավիաբազայում թուրքական ներկայություն չի եղել, և որ Իսրայելը «պատրվակներ է հորինում հարևան երկրներին հարվածելու և տարածաշրջանն ապակայունացնելու համար»։

    Axios-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ կարծում են, թե Իսրայելի գործողությունների վրա կարող են ազդել նաև հոկտեմբերին նախատեսված ընտրությունները։

    ԱՄՆ պաշտոնյաների խոսքով՝ Սիրիայի կառավարությունը վերջին ամիսներին Իսրայելի նկատմամբ թշնամական քայլեր չի ձեռնարկել և փորձել է հասնել սահմանային լարվածության նվազեցմանն ուղղված նոր անվտանգության համաձայնագրի։

    Նրանց խոսքով՝ Սիրիան առաջարկել էր Հորդանանում ստեղծել ԱՄՆ-ի, Իսրայելի և Սիրիայի համատեղ համակարգման կենտրոն, որը պետք է օգներ նման միջադեպերի կառավարմանը և կանխեր հետագա էսկալացիան։ Սակայն, ըստ ամերիկացի պաշտոնյաներից մեկի, Իսրայելը հրաժարվել է գործարկել այդ մեխանիզմը և շարունակել է ընդլայնել իր ռազմական ներխուժումները Սիրիայի հարավային շրջաններ։

    ԱՄՆ պաշտոնյաները նաև հայտնել են, որ Թրամփի վարչակազմը Սիրիայի իշխանություններին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել՝ նշելով, որ հարցի կարգավորմամբ ավելի հեշտ կլինի զբաղվել Իսրայելի ընտրություններից հետո։

  • Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը չեն ընդունել Աննա Հակոբյանի հանդիպման հրավերը

    ԱԺ ընդդիմադիր երկու՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները մերժել են Աննա Հակոբյանի հետ հանդիպման հրավերը:

    Նախօրեին վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ընդդիմադիր երկու խմբակցություններին հանդիպելու հրավեր էր արել. «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու, և ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցագործություն ճանաչելու գործընթացին հրավիրում եմ միանալ նաև ընդդիմադիր կին պատգամավորներին: Այս առաջարկը պետք է քննարկվի ընդդիմադիր երկու խմբակցությունների ղեկավարների հետ: Ես հանդիպման եմ հրավիրում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին, «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանին»,- հայտարարել էր Աննա Հակոբյանը:

    «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց դիրքորոշման պատճառներին ավելի ուշ կանդրադառնան: