Իսրայելը ԱՄՆ-ին տեղեկացրել է Սիրիային հարվածելու մտադրության մասին. Axios |

Written by

in

Իսրայելը Թրամփի վարչակազմին հայտնել է, որ Սիրիայի հյուսիսում գտնվող ավիաբազային վերջերս հասցված հարվածի նպատակն էր կանխել այդ տարածքում Թուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը. գրում է Axios-ը։

Իսրայելը սկզբում չէր ստանձնել հարվածի պատասխանատվությունը։ Ավելի ուշ ԱՄՆ-ի՝ Թուրքիայի և Սիրիայի հարցերով հատուկ բանագնաց Թոմ Բարաքը հայտնել է, որ հարվածը հասցրել է Իսրայելը՝ այն անվանելով «անհարկի էսկալացիա, որը չի նպաստում տարածաշրջանի կայունությանը»։ Մոտ 20 ժամ անց Իսրայելի վարչապետի գրասենյակը պաշտոնապես հաստատել է, որ հարվածել են Սիրիային։ 

Իսրայելը հարվածից առաջ տեղեկացրել էր Սպիտակ տանը։ Իսրայելական կողմը հայտարարել էր, որ հարվածի նպատակն էր կանխել Թուրքիայի կողմից ավիաբազա ժամանակակից զինատեսակների մատակարարումը և այդ տարածքում ավելի լայն ռազմական ենթակառուցվածքի ձևավորումը։

Թուրքիայի պաշտոնյաներից մեկը, սակայն, հերքել է այդ պնդումները՝ հայտարարելով, որ ավիաբազայում թուրքական ներկայություն չի եղել, և որ Իսրայելը «պատրվակներ է հորինում հարևան երկրներին հարվածելու և տարածաշրջանն ապակայունացնելու համար»։

Axios-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ կարծում են, թե Իսրայելի գործողությունների վրա կարող են ազդել նաև հոկտեմբերին նախատեսված ընտրությունները։

ԱՄՆ պաշտոնյաների խոսքով՝ Սիրիայի կառավարությունը վերջին ամիսներին Իսրայելի նկատմամբ թշնամական քայլեր չի ձեռնարկել և փորձել է հասնել սահմանային լարվածության նվազեցմանն ուղղված նոր անվտանգության համաձայնագրի։

Նրանց խոսքով՝ Սիրիան առաջարկել էր Հորդանանում ստեղծել ԱՄՆ-ի, Իսրայելի և Սիրիայի համատեղ համակարգման կենտրոն, որը պետք է օգներ նման միջադեպերի կառավարմանը և կանխեր հետագա էսկալացիան։ Սակայն, ըստ ամերիկացի պաշտոնյաներից մեկի, Իսրայելը հրաժարվել է գործարկել այդ մեխանիզմը և շարունակել է ընդլայնել իր ռազմական ներխուժումները Սիրիայի հարավային շրջաններ։

ԱՄՆ պաշտոնյաները նաև հայտնել են, որ Թրամփի վարչակազմը Սիրիայի իշխանություններին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել՝ նշելով, որ հարցի կարգավորմամբ ավելի հեշտ կլինի զբաղվել Իսրայելի ընտրություններից հետո։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *