Category: SyunyacErkir

  • Հիշողությունը կորցրած ժողովուրդը չի կարող ապագա ունենալ

    Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն անդրադարձել է Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի կողմից կատարված պարսավելի արարքին. վերջինը  ցուցահանդես-մրցույթում «Մենք ենք մեր սարերը»՝ Արցախի խորհրդանիշ «Տատիկ-պապիկ» հուշարձանի նկարը հեռացրել էր տաղավարից՝  դրա առկայությունը որակելով «հակապետական քայլ»։

    «Անկախ նրանից, թե Երևանի երաժշտական դպրոցում տեղի ունեցած միջադեպը եղել է մեկ պաշտոնյայի անձնական որոշման հետևանք, թե ոչ, այն բացահայտում է շատ ավելի խորքային խնդիր։

    Երբ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը՝ Արցախի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը, կարող է ընկալվել որպես «հակապետական», դա արդեն ոչ թե մեկ նկարի, այլ մեր հավաքական հիշողության նկատմամբ ձևավորված վտանգավոր վերաբերմունքի մասին է։

    Մշակութային ինքնությունը քաղաքական իրավիճակից կախված արժեք չէ։ Այն ժողովրդի պատմական հիշողությունն է, մշակույթը, խորհրդանիշներն ու ինքնաճանաչումը։ Եթե ոմանք վախենում են Արցախի անունից, խորհրդանիշներից կամ մշակութային ժառանգությունից, ապա հրաժարվում են մեր պատմական հիշողությունից։

    Եթե Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի մշակութային ժառանգության նյութական մասը, ապա Հայաստանում չպետք է վտանգվի դրա ոչ նյութական բաղադրիչը՝ հիշողությունը, անվանումները, խորհրդանիշներն ու մշակութային ինքնությունը։

    Սա քաղաքական հայացքների մասին չէ։ Սա պատմական հիշողության, մշակութային իրավունքների և ազգային արժանապատվության մասին է։ Պետությունը, կրթական հաստատություններն ու մշակութային կառույցները պարտավոր են պահպանել այդ հիշողությունը, ոչ թե ստեղծել միջավայր, որտեղ մարդիկ սկսում են ինքնագրաքննության ենթարկել սեփական պատմությունն ու ինքնությունը։

    Հիշողությունը կորցրած ժողովուրդը չի կարող ապագա ունենալ։

    Հ.Գ. Եթե այս պատմությունն ունի հաղթող, ապա դա Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենը չէ։ Հաղթողը երեխան է, որը նկարով պատմում է իր հիշողության մասին, և այն ուսուցչուհին, որը չդավաճանեց իր արժեքներին։ Նկարը կարելի է հանել պատից, բայց անհնար է ջնջել այն հիշողությունը, որը մարդիկ պատրաստ են պաշտպանել նույնիսկ անձնական կորուստների գնով»,- ընդգծել է Մետաքսե Հակոբյանը։

    Նկարը՝ «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջից   

  • Լևոն Արոնյանը հաղթել է «Biel Chess Festival 2026»-ի արագ շախմատի մրցաշարում

    Լևոն Արոնյանը «Biel Chess Festival 2026»-ի արագ շախմատի մրցաշարում զբաղեցրել է առաջին հորիզոնականը․ գրում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

    Մրցաշարն անցկացվում է հուլիսի 12-23-ը` Շվեյցարիայի Բիլ քաղաքում։

    «Masters» խմբում մասնակցում է վեց գրոսմայստեր՝ Լևոն Արոնյան, Լե Քուանգ Լիեմ, Այդին Սուլեյմանլի, Մաթիաս Բլյուբաում, Յաղըզ Քաան Էրդողմուշ, Խոսե Էդուարդո Մարտինես Ալկանտարա։

    Մասնակիցները կմրցեն արագ, դասական և կայծակնային շախմատի ձևաչափերով, իսկ հաղթողը կորոշվի երեք մրցաշարերի արդյունքների հանրագումարով:

  • Վարդան Ղուկասյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով. կիրառվել է 15 միլիոն դրամ գրավ

    Լիազորությունները կասեցված Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի նկատմամբ կիրառված կալանքը դատարանը փոխարինել է տնային կալանքով՝ այն համակցելով 15 միլիոն դրամ գրավի հետ։

    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստն ավարտվել է հուլիսի 17-ին։

    Դատարանը Ղուկասյանին արգելել է շփվել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։

    Հանրային մեղադրողը միջնորդել էր Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամսով, սակայն դատարանը որոշել է կիրառել տնային կալանք և գրավ։

    Վարդան Ղուկասյանը կալանավորվել էր 2025 թվականի հոկտեմբերին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ Գյումրիի քաղաքապետի և ևս յոթ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ տվյալներ էին ստացվել քաղաքապետի և քաղաքի գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք պահանջելու և ստանալու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ։

    Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի հոկտեմբերի 21-ին Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառել կալանքը։

     

  • Ակնկալվում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև մի շարք ուղղություններով ուղիղ չվերթների վերսկսում. Բայրամո

    Մոտ ապագայում ակնկալվում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև մի շարք ուղղություններով ուղիղ չվերթների վերսկսում։ Այս մասին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է Մոսկվայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

    «Մոտ ապագայում ակնկալվում է երկու երկրների միջև մի շարք ուղղություններով ուղիղ չվերթների վերսկսում։ Սա կվերաբերի այն երթուղիներին, որոնցով թռիչքները սահմանափակվել էին 2024 թվականի դեկտեմբերին ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռի հետ տեղի ունեցած ողբերգական միջադեպից հետո»,- նշել է նախարարը։

    Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Բաքու-Գրոզնի չվերթն իրականացնող օդանավը բախվել էր թռչունների երամին, ինչի հետևանքով խախտվել էր ղեկի կառավարումը: Միջադեպից հետո «Ադրբեջանական ավիաուղիները» դադարեցրել էր Բաքվից Գրոզնի և Մախաչկալա ուղղությամբ թռիչքները։

  • «Հայաստան» դաշինքը մանդատները կվերցնի ըստ հերթական համարների, բացի ՀՀ 2-րդ նախագահից

    «Հայաստան» դաշինքը մանդատները կվերցնի ըստ հերթական համարների, բացի ՀՀ 2-րդ նախագահից:

    Այս մասին ArmeniaSputnik-ին ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր թեկնածու Ագնեսա Խամոյանը:

    9-րդ գումարման ԱԺ-ում դաշինքն ունի 12 տեղ, այսպիսով պատգամավոր կդառնա նաև ցուցակի 13-րդ համարը՝ Մեսրոպ Մանուկյանը։

  • Իրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի

    Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, ԶՈՒ էլիտար ստորաբաժանումներ) հայտարարել է Հորդանանում ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազայում մի քանի ամերիկյան լիցքավորող ինքնաթիռի և կործանիչի ոչնչացման մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

    «Անցյալ գիշեր ամերիկյան բանակը կրկին թշնամական գործողություններ է ձեռնարկել՝ օգտագործելով Հորդանանում իր բազաները խոշոր ռազմական հանցագործություն կատարելու և քաղաքացիական օբյեկտների, այդ թվում՝ Իրանի հարավում գտնվող Բենդեր-Աբբաս քաղաքի մի քանի կամուրջների, բնակելի թաղամասերի և ջրամղիչ կայանի վրա հարվածներ հասցնելու համար։ Ի պատասխան այդ գործողությունների՝ ԻՀՊԿ-ի մարտիկները «Նասր-2» գործողության 14-րդ ալիքի շրջանակներում հարվածներ են հասցրել Հորդանանում տեղակայված ամերիկյան կործանիչներին և լիցքավորող ինքնաթիռներին», – ասվում է ԻՀՊԿ-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ։

    Փաստաթղթում նշվում է, որ Իրանի ԶՈւ-ի հարձակման արդյունքում հաջողվել է ոչնչացնել մի քանի ամերիկյան լիցքավորող ինքնաթիռ և կործանիչ, ինչպես նաև լուրջ վնաս հասցնել մի շարք այլ ինքնաթիռի։

  • Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հ

    Հուլիսի 18-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակը։

    Այս առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մոմավառության աղոթասրահի Սուրբ Թադեոս մատուռում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։

    Սրբազան արարողության սկիզբը՝ ժամը 10:30-ին։

    Սիրով հրավիրում ենք բարեպաշտ մեր ժողովրդին՝ իր աղոթական մասնակցությունը բերելու մատուցվելիք Սուրբ և Անմահ Պատարագին և հաղորդ դառնալու մատուռում զետեղված Սուրբ Թադեոս առաքյալի սրբազան մասունքի օրհնությանը։

  • 1993 թ․ հուլիսի 16-ին՝ ժամը 23․40-ին, երկրային կյանքին հրաժեշտ տվեց Համո Սահյանը

    ԿԳԱՄ

     

    Եթե մինչեւ անգամ

    Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ,

    Միեւնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,

    Ուր էլ լինեմ, կգամ:

    Եթե մինչեւ անգամ ես կուրացած լինեմ,

    Եթե մինչեւ անգամ լույսդ մարած լինի,

    Վերջին հույսդ քամին առած-տարած լինի,

    Առանց լույսի կգամ, ես այս անգամ կգամ

    Մենության մեջ լացող երգիդ վրա:

     

    Եթե մինչեւ անգամ

    Քո հավատի հանդեպ դու մեղք արած լինես

    Եվ համարած լինես, որ աշխարհում չկամ,

    Եթե մինչեւ անգամ հողս մաղած լինես,

    Եթե մինչեւ անգամ մտքով թաղած լինես

    Եթե մինչեւ անգամ ինձ վտարած լինես

    Վերհուշերիդ վերջին խոնավ քարանձավից,

    Միեւնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,

    Եվ կճչաս հանկարծ տարօրինակ ցավից…

    Կգամ, գլուխ-գլխի ու ձեռք-ձեռքի կտանք,

    Լաց կլինենք մեռած մեղքիդ վրա:

     

    Եթե մինչեւ անգամ հազար սարի ետեւ

    Հազար կապով կապված, խաչով խաչված լինեմ,

    Տքնած-տանջված լինեմ, միեւնույն է, կգամ:

    Ինչ էլ լինի, կգամ, չկանչես էլ, կգամ,

    Եվ կբերեմ ես քեզ ուրախություն մի մեծ

    Անակնկալ դարձիս իրողությամբ

    Քո տան ու քո հոգու տարողությամբ,

    Երազներիդ, կյանքիդ տեւողությամբ:

    Կգամ եւ կդառնամ գտած բախտի ժպիտ

    Եվ հավատի ժպիտ` տառապանքից մաշված,

    Արտասուքից խաշված դեմքիդ վրա:

     

    Եթե մինչեւ անգամ մեջքս ծալված լինի,

    Եթե մինչեւ անգամ ոտքս վառված լինի,

    Եվ ճակատիս հազար հողմի հարված լինի,

    Միեւնույն է, կգամ, ուր էլ լինեմ, կգամ:

    Գետնի տակից կգամ,

    Մի հեռավոր, անհայտ մոլորակից կգամ:

    Կգամ ու թափ կտամ

    Հարդագողի փոշին շեմքիդ վրա:

    Համո  Սահյանը

  • Իրանը հարվածներ է հասցրել Սիրիայում ԱՄՆ հատուկ գործողությունների կառավարման կենտրոնին

    Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԿՍԻՐ) հայտարարել է, որ հարված է հասցրել Սիրիայում ԱՄՆ-ի հատուկ գործողությունների կառավարման կենտրոնին։

    Tasnim գործակալության տվյալներով՝ հարձակման հետևանքով ոչնչացվել են ամերիկյան ուժերի ռադիոլոկացիոն կայանը և ուղղաթիռներ։

    Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները նաև հայտնել էին Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմական բազաների նկատմամբ իրականացված հարվածների մասին՝ դրանք ներկայացնելով որպես ԱՄՆ-ի գործողություններին տրված պատասխան։

  • Ռուսաստանի բանակը գիշերը խմբային հարվածներ է հասցրել Ուկրաինային ԱԹՍ-ներով. ՌԴ ՊՆ

    Ռուսաստանի բանակը գիշերը խմբային հարվածներ է հասցնել մեծ հեռահարության գերճշգրիտ զենքով և հարվածային ԱԹՍ-ներով: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

    Խոցվել են Կիևի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները, որոնք ներգրավված են մեծ և միջին հեռահարության ԱԹՍ-ների արտադրության և պահպանման մեջ: «Օդեսա» և «Յուժնի» նավահանգիստների ենթակառուցվածքային օբյեկտները, որոնք օգտագործվում են ռազմական նշանակության բեռների և վառելիքաքսուքային նյութերի տեղափոխման ու պահպանման համար։ Օդեսայի մարզի նավահանգիստներ ծովային անցման ժամանակ խոցվել են ծովային նավ և Ուկրաինայի ԶՈւ–ի հատուկ գործողությունների ուժերի արագընթաց նավ։