Category: SyunyacErkir

  • Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում տեղի չի ունեցել․ վարչապետի մամուլի քարտուղար

    Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում տեղի չի ունեցել։

    Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը:

    Ավելի վաղ «Կոմմերսանտ»-ի հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը հրապարակել էր տեղեկություն, համաձայն որի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքմենստանում կայացած Կասպիական գագաթնաժողովից հետո փակ հանդիպում են ունեցել։

  • Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը Թուրքմենստանում փակ հանդիպում են անցկացրել

    Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը Թուրքմենստանում կայացած Կասպյան գագաթնաժողովից հետո փակ հանդիպում են անցկացրել, որը տևել է մոտ 15 րոպե, հաղորդում է Կոմերսանտը:

    Ըստ կայքի՝ հանդիպման մասին նախապես չէր հայտարարվել։ Հանդիպումը կազմակերպել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

    ԱՊՀ ընդլայնված գագաթնաժողովի փակ հատվածում նա այդ հարցը առանձին քննարկել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ։ Հայաստանի վարչապետը չի մասնակցել Կասպիական գագաթնաժողովին, բայց սպասել է դրա ավարտին՝ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ հանդիպելու համար։

    Վլադիմիր Պուտինի Թուրքմենստան կատարած այցից առաջ Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպում նախատեսված չէ։ Սակայն Ռուսաստանի նախագահի օգնականը չէր բացառել նրանց միջև շփումը միջոցառման ընթացքում։

  • Միջազգային ճանաչում ունեցող երգեհոնահարուհին՝ Կապանում

    Չորրորդ անգամ Կապանը հյուրընկալեց Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության փառատոնը։ Արվեստի քոլեջի երգեհոնային դահլիճի բեմահարթակում հոկտեմբերի 8-ին սերբական ծագումով, Նորվեգիայում բնակվող և միջազգային բեմերում համբավ ունեցող երգեհոնահարուհի և դաշնակահարուհի Միլկիցա Ռադովանովիչն էր։ Մինչև համերգը սկսելը Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Արմեն Սուքիասյանը նշեց, որ հայաստանյան երգեհոնային դպրոցի հիմնադիր Վահագն Ստամբոլցյանն ակտիվ գործունեություն էր ծավալում Կապանում։

    Ներկայացնելով երգեհոնահարուհուն, նա նշեց, որ Ռադովանովիչը շատ արագ սիրահարվեց հայկական երգեհոնային երաժշտությանը և իր երկացանկում ընդգրկեց հայ հոգևոր երաժշտության մի քանի նմուշ։ Ավելին, նա արդեն հասցրել է այդ ստեղծագործությունները կատարել Նորվեգիայում, իր ապրած քաղաքի եկեղեցում՝ հարուցելով ներկաների զարմանքն ու հիացմունքը։

    Երգեհոնահարուհին կապանյան բեմում հնչեցրեց Բախի, Ալբինոնիի, Մենդելսոնի, Կոմիտասի հայ և արտասահմանցի այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Համերգն եզրափակվեց նորվեգացի կոմպոզիտոր Էդվարդ Գրիգի երեք ստեղծագործության կատարմամբ՝ «Առավոտյան տրամադրություն», «Նորվեգական պար թիվ 2», «Լեռների արքայի քարանձավում»։

    Միլկիցա Ռադովանովիչը «Սյունյաց երկրին» հայտնեց, որ տպավորված էր այն բանով, որ Կապանի տարբեր հատվածներում իր համերգի ազդագրերն էին փակցված։ Մարդիկ նրան փողոցում ճանաչում և ողջունում էին, ինչից նա անչափ շոյված էր․․․

     

    Վահրամ Օրբելյան

     

  • «Հայաստանի իշխանությունները կորցնում են առողջ բանականությունը»․ ռուս քաղաքագետը՝ Երևանի քաղաքականութ

    Հայաստանի հետ հարաբերություններում որոշակի փոփոխություններ, անկասկած, կան, որքան էլ որ տխուր է։ Այս մասին հոկտեմբերի 9-ին Երևան-Մոսկվա տեսակամրջի ընթացքում հայտնել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ, տնտեսագիտության թեկնածու Ալեքսանդր Դուդչակը։

    Միևնույն ժամանակ, քաղաքագետի կարծիքով, այդ փոփոխությունների նախաձեռնողը Ռուսաստանը չէ։ Ինչպես կարծում է Դուդչակը, Ռուսաստանը շարունակում է հանդես գալ փոխշահավետ առաջարկներով։ Ընդ որում, հնարավոր համագործակցության բոլոր ոլորտներում՝ մշակութայինից մինչև էներգետիկա։

    «Սակայն Հայաստանի ներկայիս իշխանությունները, ցավոք, եվրոպական երկրների և Արևմուտքի առաջնորդներին հետևելով, պարզապես սկսել են կորցնել առողջ բանականությունը։ Մենք շատ հարցերի շարունակում ենք նայել առողջ բանականության տեսանկյունից։ Եվ մինչ օրս մեզ համար անհասկանալի է՝ ինչո՞ւ է այդպես։ Ընդ որում, սա վերաբերում է ոչ միայն Հայաստանին», – ասել է փորձագետը։

    Նրա խոսքով՝ Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն այժմ առաջնորդվում է քաղաքական նպատակահարմարությամբ, այլ ոչ թե առողջ բանականությամբ, ինչը չի բխում հայ և ռուս ժողովուրդների շահերից։

    «Նրանք առաջնորդվում են այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Այն օրակարգը, որը նրանց թելադրվում է շատ հեռվից։ Այդ օրակարգում ընդհանրապես նախատեսված չեն Ռուսաստանի հետ փոխշահավետ համագործակցությունը, հեռանկարները, Հայաստանի ինքնիշխանության ամրապնդումը, տնտեսության և հասարակության զարգացումը։ Ոչ, այս ամենը իմաստ չունի, քանի որ այլ խնդիրներ են դրված։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն», – ընդգծել է ռուս գիտնականը։

    politik.am

  • Գորիսի «Մեծ Հայք»  պարային ստուդիան՝ Շրի Լանկայում

     «Մեծ Հայք» պարային ստուդիան Շրի Լանկայում կայացած միջազգային Sri Lanka International Cultural Folk Festival – SIOFF մրցույթում՝ տարբեր երկրներից ժամանած 25 մասնակից խմբերի շարքում, զբաղեցրեց պատվավոր 2-րդ  հորիզոնականը։  

    Միջոցառումը կազմակերպվել էր Հյուսիսարևմտյան նահանգի նահանգապետի վարչակազմի կողմից՝ SIOFF-ի հետ համատեղ։ Փառատոնին մասնակցում էր նաև Գյումրիի «Տիգրանակերտ» պարային ստուդիան՝ գեղարվեստական ղեկավար՝ Տիգրան Նորատյանի գլխավորությամբ։

    Փառատոնի շրջանակներում այցելեցինք տեղի դպրոցներ, այդ թվում՝ էթիկայի դպրոց, ծանոթացանք տեղի կրթական համակարգին, մշակույթին ու ավանդույթներին։ Շրի Լանկայի երեք քաղաքներում այցելեցինք պատմամշակութային և տեսարժան վայրեր։

    Այցելեցինք Յապահուվա, Պանդուվասնուվարա և Կուրունեգալա, ինչպես նաև «Ատամի տաճար»։ Յուրաքանչյուր վայր մեզ համար դարձավ նոր բացահայտում՝ լի հետաքրքիր պատմություններով, տպավորություններով ու անմոռանալի պահերով։

    Առանձնահատուկ տպավորված ենք քաղաքապետարանի ներկայացուցիչների և տեղի բնակիչների կողմից ցուցաբերված ջերմ, բարեկամական ու անկեղծ ընդունելությունից։ Մեզ դիմավորեցին մեծ սիրով, հարգանքով ու ժպիտով, ինչն այս ճանապարհորդությունն ավելի յուրահատուկ ու հիշարժան դարձրեց։

    Փառատոնի ընթացքում ստացանք նաև հրավեր՝ 2027-ի հունվարին կայանալիք միջոցառմանը մասնակցելու համար, ինչը մեզ համար մեծ պատիվ և վստահության գեղեցիկ արտահայտություն է։

     Մեզ համար մեծ պատիվ էր ներկայացնել հայկական ազգային մշակույթն ու պարը միջազգային այս հարթակում։

    Շնորհակալություն ջերմ ընդունելության, բարձր մակարդակով կազմակերպված միջոցառման և գեղեցիկ մշակութային փոխանակման համար։

    Շնորհակալություն նաև բոլոր նրանց, ովքեր աջակցեցին «Մեծ Հայք» պարային ստուդիային՝ միջազգային մեծահամբավ այդ մրցույթին մասնակցելու համար։

       

    Համլետ Իսախանյան

    «Մեծ Հայք» պարային ստուդիայի գեղարվեստական ղեկավար

  • Ավելի ինտենսիվ գյուղատնտեսություն՝ ավելի շատ թունաքիմիկատներ․ ի՞նչ է կատարվում Հայաստանում․ «Էկոսֆեր

    Համաձայն վիճակագրական տվյալների, որոնք ներկայացրեցին «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ փորձագետները, 2020-2024 թվականներին թունաքիմիկատների ներմուծումը Հայաստան ավելացել է։

    ՀԿ էկոլոգիական առողջության փորձագետ Քնարիկ Գրիգորյանի փոխանցմամբ՝ ներմուծվել է 790 անուն միջատասպան, որոնց 90 տոկոսը վտանգ է ներկայացնում մարդու առողջության համար, ինչպես նաև ներկրվել են սնկասպան և մոլախոտասպան թունաքիմիկատներ․ «Ըստ կատեգորիաների են բաշխվում, որոնց ազդեցությունները տարբեր են՝ քաղցկեղի առաջացումից, հորմոնալ, մուտագեն խանգարումներից մինչև քրոնիկ հիվանդությունների առաջացում։ Շրջակա միջավայրի ազդեցությունը ևս գնահատված է։ Այդ թունաքիմիկատներն անձրևի միջոցով լվացվում են, աղտոտում ամբողջ ջրային համակարգն ու վնասում ջրային էկոհամակարգի կենդանական աշխարհին»։

    Թունաքիմիկատների պահանջարկը և առկա վիճակագրական տվյալները խոսում են այն մասին, որ Հայաստանում գյուղատնտեսության արտադրությունը բավականին ինտենսիվացել է․ «Մարզեր գնալիս տեսնում ենք, որ բավականին շատացել են ինտենսիվ այգիները, ջերմոցներ կան, ընդհուպ՝ 5-րդ սերնդի։ Ինտենսիվ այգիներում բերքատվությունն ապահովելու համար սեզոնի ընթացքում բավականին շատ թունաքիմիկատներ են կիրառվում։ Այդ պատճառով վնասատուների հիվանդությունների դեմ քիմիական պայքարի միջոցները գնալով ավելանում են»։

    «Հայաստանում բարձր վտանգավորության թունաքիմիկատների օգտագործման հետ կապված իրավիճակի վերլուծություն» թեմայով քննարկման ընթացքում ՀԿ էկոլոգիական առողջության բաժնի ղեկավար Էմմա Անախասյանն էլ ընդգծում է, որ ՄԱԿ-ի մակարդակով անգամ բարձր վտանգավորության թունաքիմիկատների մեկ միասնական ցանկ գոյություն չունի։ Դրանք հիմնականում նույնականացվում են ըստ վտանգավորության որոշակի չափանիշների։

    Մասնավորապես, դրանց թվում են ԱՀԿ-ի կողմից սահմանված առավել վտանգավոր դասերը, ինչպես նաև քաղցկեղածին, մուտագեն կամ վերարտադրողական թունավոր հատկություններ ունեցող նյութերը։

    Փորձագետն ընդգծում է, որ այս կատեգորիայի մեջ կարող են ներառվել նաև միջազգային կոնվենցիաներով կարգավորվող որոշ թունաքիմիկատներ։ Նրա համոզմամբ՝ բարձր վտանգավորության թունաքիմիկատներից հրաժարումը հնարավոր է այն դեպքում, եթե մենք ֆերմերներին առաջարկում ենք այլընտրանքներ․ կարևոր են նաև պայքարի կենսաբանական մեթոդները։

     

    Հիմնական էջ

  • ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք

    ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների՝ ՀՀ տարածք մտնելու մասին լուրերը։ Factor TV-ի հարցին ի պատասխան կառույցի լրատվական ծառայությունից փոխանցեցին․ «Լուրը չի համապատասխանում իրականությանը, հերքում ենք»։

    Հիշեցնենք՝ 24news.am-ն այսօր գրել էր, որ Ադրբեջանի հետ սահմանակից Մեղրիի Կուրիս գյուղում գիշերը գյուղացիները տեսել են երեք քաղաքացիական հագնված անձանց, որոնք, ըստ ականատեսների, ամենայն հավանականությամբ, ադրբեջանցիներ են եղել։ Ըստ լրատվամիջոցի՝ դրանից հետո որոնողական աշխատանքներ էին սկսվել նաև ԱԹՍ-ների ներգրավմամբ։

     

     

  • Մեղրիի մոտ գիշերվանից ԱԹՍ-ներով փնտրում են երեք ենթադրյալ ադրբեջանցիների

    Ադրբեջանի հետ սահմանակից Մեղրիի Կուրիս գյուղում գիշերը գյուղացիները տեսել են երեք քաղաքացիական հագնված անձանց, որոնք, ըստ ականատեսների, ամենայն հավանականությամբ ադրբեջանցիներ են եղել: Հետները զրուցելուց հետո այդ անձինք փախել են, գյուղում ու հարակից շրջաններում անմիջապես սկսվել են որոնողական աշխատանքները: Գյուղացիներից մեկը 24News-ին փոխանցեց, որ բացի հայկական ծառայություններից, նաև այդ անձանց փնտրելու գործին են միացել տեղի ռուսական ուղեկալի սահմանապահներն իրենց ԱԹՍ-ներով:

    24News-ի հետ զրույցում Կուրիս բնակավայրի համայնքապետ Դավիթ Օհանջանյանը դեպքի մասին հստակ տեղեկություն չտրամադրեց, սակայն չհերքեց տարածված խոսակցությունները.

    «Դա գիշերն ա կատարվել, իրավապահներին դիմեք»,- ասաց Օհանջանյանը։

    Նրա խոսքով՝ ինքն էլ է լսել այդ մասին, սակայն նշեց, որ այս պահին գյուղում խուճապ չկա։

    Հարակից գյուղերից մեկի բնակիչը մեզ հետ զրույցում հաստատեց մեր ունեցած տեղեկությունը, նշելով որ արդեն մի քանի ժամ է փնտրում են, սակայն դեռ չեն գտել։

    24News-ը փորձեց տեղեկությունը ճշտել Մեղրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Գրիգորյանից։ Վերջինս նշեց, որ դեպքի մասին տեղյակ չէ, և ուղղորդեց դիմել իրավապահ մարմիններին։

    Լեհվազ վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Պողոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ տեղեկություն չունի դեպքի մասին՝ առաջարկելով այն ճշտել իրավապահ մարմիններից։

    24news.am

  • Մեղրի, ՏԻՄ ընտրություններ. Սյունիքի մարզպետը և Մխիթար Զաքարյանը՝ ՔՊ-ի քարոզչական թիմում

    Հոկտեմբերի 25-ին Մեղրիում կայանալիք ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը թափ է հավաքում…

    «Սյունյաց երկիրը» հոկտեմբերի 8-ին Մեղրիում էր՝ նպատակ հետապնդելով հանդիպելու առաջադրված չորս քաղաքական ուժի նախընտրական ցուցակները գլխավորող անձանց հետ, շոշափելու նրանց տրամադրությունը, իմանալու քարոզարշավի ընթացքի մասին։

    Հանգամանքների բերումով առաջինը հանդիպեցինք Վարդանիձորի նախկին վարչական ղեկավար Վլադիկ Գևորգյանին. համայնքի ղեկավարի 65-ամյա թեկնածուն գլխավորում է «Հայաստանի շնորհապետական կուսակցության» ցուցակը։

    Նրա փոխանցմամբ՝ համայնքի ղեկավարի ընտրություններում՝ ի տարբերություն համապետական ընտրությունների, գործում է խնամի-ծանոթ-բարեկամ եռամիասնությունը։ Ինքը, օրինակ, դժվարություններ է ունեցել ավագանու կազմը ձևավորելու խնդրում, քանզի այն համոզմունքն ունի, որ ավագանու անդամը պետք է լինի գրագետ, պատրաստված, փորձառու, արժանապատվությամբ լի։ Բայց չի կարողացել հավաքագրել  նման մարդկանց, քանզի շատերի մեջ վախ կա՝ աշխատանքը կորցնելու, աշխատավարձից զրկվելու, ինչ-որ ճնշումների ենթարկվելու։ Նա բերեց իր և Մեղրու համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Բագրատ Զաքարյանի օրինակը։ Նրանք Ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը չսատարելու համար, ընտրություններից հետո՝ հունիսի 11-ին, զրկվեցին իրենց աշխատանքից։

    «Գիտեի, որ մի քանի ամիս հետո լինելու են ՏԻՄ ընտրություններ, այդ ժամանակ որոշում կայացրի, որ պիտի մասնակցեմ այդ ընտրություններին,  որովհետև տեսնում էի, որ Մեղրիի վիճակը խայտառակ է», – եզրակացնում է մեր զրուցակիցը և հավելում, որ առաջիկա հինգ տարում լուրջ խնդիրներ ունի լուծելու Մեղրիի նորընտիր համայնքապետը… Դեռ այսքանից հետո միջամտում են Մեղրիի ՏԻՄ ընտրություններին․ «Երկու օր առաջ ականատես էի, թե ինչպես Սյունիքի մարզպետը Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը և էլի պաշտոնյաներ գյուղական բնակավայրերում շրջում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Սերգո Գալստյանի հետ։ Դա նշան է այն բանի, որ վարչական ռեսուրսն աշխատում է իշխող ուժի թեկնածուի օգտին։ Բայց երեք թեկնածուներս մարտականորեն ենք տրամադրված և հույս ունենք, որ մեր թեկնածուներիցս մեկը հաստատ կանցնի։ Այսինքն՝ Մեղրի կունենա այնպիսի ղեկավար, ով ազնիվ է, հայրենասեր, Մեղրիի առջև ծառացած բոլոր խնդիրների լուծմանը հետամուտ»։

    Համայնքապետի ղեկավարի թեկնածուն նաև մի երևույթ է նկատել, ընտրատեղամասի հանձնաժողովներում ընդգրկվել են մարդիկ, ովքեր Կապանից կամ Քաջարանից են։ «Շուտով Կապանում էլ են լինելու ՏԻՄ ընտրություններ, արդյո՞ք, մեղրեցիներին տանելու են այդ ընտրություններին։ Մեղրիում կան ընտրություններում թրծված, հավաստագիր ունեցող մարդիկ, ովքեր միշտ ներգրավվել են ընտրական հանձնաժողովներում, բայց հիմա դրսից են մարդիկ ներմուծում։ Մի՞թե սա նորմալ է, մի՞թե տեղացիների հանդեպ վստահություն չկա»։

    Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք ընտրատեղամասերում ունենալու են լիազորված անձինք։  «Անպատճառ, մեր վստահված մարդիկ լինելու են ընտրատեղամասերում, հետևելու են ընտրությունների ընթացքին, յուրաքանչյուր խախտման օպերատիվորեն արձագանքելու ենք։ Ընտրությունների արդյունքից հետո կորոշենք մեր անելիքները։ Մինչև ընտրությունները չավարտվեն՝ միավորվելու և դաշինք կազմելու խոսակցությունները վաղաժամ են»։

    Վլադիկ Գևորգյանը մեր զրույցի ավարտին նշեց, որ իր գործելակերպը, որպես թեկնածուի, ոչ մեկին նման չէ։ Ինքը չի ընդունում «շտաբ» հասկացությունը։ Հնարավոր է՝ ինքը շտաբ չունենա էլ։ Մարդկանց հանդիպելիս մի հարց է ուղղում՝ ակնկալե՞լ նրանց աջակցությունը, թե՞ ոչ։ Եվ անկեղծորեն բավարարված է լինում, որ մարդիկ իրեն չեն խաբում, այլ ասում են, թե որ թեկնածուի օգտին պիտի քվեարկեն։

     

    Պատրաստեց Վահրամ Օրբելյանը

  • Ալմա-Աթայի հռչակագիրը հայ-ադրբեջանական խաղաղության հիմքերից է․ Փաշինյան

    Ալմա-Աթայի հռչակագիրը կարևոր դեր խաղաց Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության հաստատման գործում, այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Թուրքմենբաշիում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում։

    Նա նշել է, որ 2024 թվականին Հայաստանը և Ադրբեջանը ստորագրել և վավերացրել են երկու երկրների միջև պետական ​​սահմանների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։ Փաշինյանի խոսքով՝ կանոնակարգը անկախ Հայաստանի և անկախ Ադրբեջանի միջև ստորագրված առաջին երկկողմ իրավաբանորեն պարտադիր փաստաթուղթն է։

    «Փաստաթուղթը սահմանում է, որ Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովները երկու երկրների միջև պետական ​​սահմանի սահմանազատման գործընթացում կղեկավարվեն Ալմա-Աթայի հռչակագրով՝ որպես հիմնարար սկզբունք», — նշել է ՀՀ վարչապետը։

    Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ Ալմա-Աթայի հռչակագիրը, որը ԱՊՀ հիմնադիր փաստաթղթերից մեկն է, նաև առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ՀՀ և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագրի տեքստում։ Նրա խոսքով՝ Ալմա-Աթայի հռչակագիրը հիշատակվում է Համաձայնագրի նախաբանում։